Լոտոսի տաճար

Բահայական կրոնի գլխավոր տաճարը Հնդկաստանում և հարևան երկրներում, որը կառուցվել է 1986 թվականին Նյու Դելի քաղաքում

Լոտոսի տաճար (անգլ.՝ Lotus Temple), բահայի հավատքի՝ Հնդկաստանի և որոշակի տարածքների գլխավոր սրբավայր։ Կառուցվել է 1986 թվականին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում[3]։ Պենդելիկոնի սպիտակ մարմարից կառուցված հսկայական շինությունը բացվող ծաղկի տեսք ունի։ Այն զբոսաշրջիկների շրջանում Դելիի ամենահանրաճանաչ վայրերից է։ Լոտոսի տաճարը Հնդկական ենթամայրցամաքի գլխավոր տաճարն է և քաղաքի ամենակարևոր տեսարժան վայրը։ Տաճարն արժանացել է ճարտարապետական մի քանի մրցանակների, բազմիցս հիշատակվել ամսագրերի ու թերթերի հոդվածներում։

Լոտոսի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և շենք
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՏեղագրությունԴելի
ՀասցեLotus Temple Road, Bahapur, Kalkaji, Delhi 110019
ԴավանանքԲահաի[1]
Հիմնական ամսաթվերը1986
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ[2]
ՃարտարապետFariborz Sahba?
ՃարտարագետFlint & Neill?
Ճարտարապետական ոճԷքսպրեսիոնիզմ (ճարտարապետություն)
Հիմնադրված1986
Քարտեզ
Քարտեզ
 Lotus Temple Վիքիպահեստում
bahaihouseofworship.in(անգլ.)(հինդի)

1921 թվականին Բոմբեյի բահայի համայնքը խնդրել է Աբդուլ-Բահային Բոմբեյում Բահայի հավատքի տաճարի կառուցման թույլտվություն հատկացնել, որին վերջինս պատասխանել է. «Աստծո կամոք հոյակերտ տաճարը կկառուցվի Հնդկաստանի կենտրոնական քաղաքներից մեկում»։

Ժամերգություն խմբագրել

Ինչպես Բահայի հավատքի բոլոր տաճարները, այնպես էլ Լոտոսի տաճարը բաց է բոլոր հավատների ներկայացուցիչների համար։ Բահայի ուսմունքը վկայում է, որ տաճարի ոգին գտնվում է այնտեղ, որտեղ բոլոր հավատքների մարդիկ կարող են խոնարհվել Աստծուն՝ առանց սահմանափակության։ Ուսմունքը նաև հռչակում է, որ Բահայի հավատքի կամ կրոնական այլ ուղղությունների բոլոր տեքստերը կարող են հասկանալի լինել ցանկացած լեզվով, եթե երգչախումբն այն մատուցում է առանց երաժշտական գործիքների նվագակցության։ Քարոզի և ծիսական արարողությունների անցկացում տաճարում նախատեսված չէ։

Շինություն խմբագրել

Տաճարի շինարարությունը սկսվել է 1978 թվականին Նյու Դելիի մերձակայքում և ավարտին հասցվել 1986 թվականի դեկտեմբերի 22-ին։ Կենտրոնական սրահն ունի 75 մ տրամագիծ, 31 մ բարձրություն և նախատեսված է 1.300 մարդու համար[4]։

Իրանական ծագումով կանադացի ճարտարապետ Ֆարիբորզ Սահբան ոգեշնչվել է Սիդնեյի՝ համաշխարհային ճանաչում ունեցող օպերային թատրոնի շենքով (ստրուկտուրալ էքսպրեսիոնիզմ ուղղություն)։ Բահայի հավատի բոլոր տաճարները, այդ թվում՝ Լոտոսի տաճարը, ունեն որոշ ճարտարապետական նմանություններ։ Հավատի հիմնադրի որդին՝ Աբդուլ-Բահան նշել է, որ տաճարների ճարտարապետության գլխավոր գիծը կլորավուն տեսքի իննանկյունն է։ Բոլոր տաճարներն ունեն գմբեթներ, սակայն դրանք չեն համարվում տաճարի գլխավոր մաս։ Բահայի հավատի սրբազան գրվածքներում ասվում է, որ տաճարների պատերին նկարներ, իսկ տաճարի տարածքում քանդակներ չպիտի լինեն։ Չպետք է լինեն նաև խորաններ։

Ոգեշնչվելով լոտոսի ծաղիկներով՝ ճարտարապետը կառույցում ընդգրկել է ծաղկի 27 «թերթիկներ», որոնք պատված են մարմարով և միավորված են եռյակներով, ինչի շնորհիվ տաճարը ստացել է բոլորակ իննանկյուն ձև[5]։ Լոտոսի տաճարի ինը դռները տանում են դեպի 40 մ բարձրությամբ գլխավոր սրահ, որտեղ կարող է տեղավորվել 2.500 մարդ։ Տաճարը սալիկապատված է Հունաստանի Պենդելիկոն լեռան սպիտակ մարմարով։ Նման մարմարից են կառուցվել բահայի հավատի այլ տաճարներ ևս։ Տաճարի տարածքը, որը ներառում է գլխավոր շենքը և այգին, ունի 26 ակր մակերես, ինչը մոտավորապես հավասար է 105.000 մ² կամ 10.50 հա-ի։ Լոտոսը ծառայում է որպես մաքրության խորհրդանիշ։ Լոտոսը ծնվում է տղմուտ ճահճաջրերում, սակայն նա լույս աշխարհ է գալիս մաքուր և անբասիր։

Տաճարը գտնվում է Բահապուր գյուղում, որը մտնում է Դելիի մայրաքաղաքային շրջանի մեջ։ Նախագծի մշակման սկիզբը դրվել է 1976 թվականին, իսկ ավելի ուշ Ֆարիբորզ Սահբան ներկայացրել է այն։ Ընդհանուր նախագիծը մշակել է բրիտանական «Flint & Neill» ընկերությունը։ Տաճարի կառուցման համար հող գնելու գործում հիմնական ներդրումը կատարել է Արդիշիր Ռուստամպուրը Հայդարաբադից. նա դրա համար 1953 թվականին նվիրաբերել է իր ողջ խնայողությունը։ Հավաքված միջոցների մի մասը խնայվել է և ուղղվել ջերմոցների կառուցմանը, որտեղ պետք է ուսումնասիրվեին տեղական բույսերը, որոնք հետագայում տնկվել են տաճարի շրջակայքում։

Զբոսաշրջություն խմբագրել

Հնդկաստանի զբոսաշրջության ազգային ընկերության տվյալներով ամեն տարի տաճար է այցելում մոտ 4 միլիոն մարդ, ինչի շնորհիվ Լոտոսի տաճարը կրոնական բնույթի շինություններից ամենաշատ այցելություններ ունեցողներից մեկն է ամբողջ աշխարհում։ Հնդկաստանում Դուրգա պուջա տոնակատարության ժամանակ Լոտոսի տաճարի կառույցը համարվել է գլխավոր վայր, որտեղ Դուրգա աստվածության խոնարհում պետք է լիներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.bahai.in/house-of-worship
  2. https://whc.unesco.org/en/tentativelists/5921
  3. «Achievements of the Seven Year Plan» (PDF). Baháʼí News. 1987 թ․ հուլիս. էջ 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. «Baháʼí Houses of Worship». Baháʼí International Community. 2006. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 9-ին.
  5. «Architecture of the Baháʼí House of Worship». National Spiritual Assembly of the Baháʼís of India. 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոտոսի տաճար» հոդվածին։