Լոռու չեզոք գոտի, դաշնակցական Հայաստանի և մենշևիկյան Վրաստանի միջև ծագած հակասությունների պատճառով Լոռու ժամանակավոր անջատում (9.01.1919 - 16.02.1921) Հայաստանից։ 1918 թվականի մայիսին, Հայաստան ներխուժած թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Վրաստան կանխելու պատրվակով, Վրաստանի մենշևիկյան կառավարությունը զորքեր մտցրեց Լոռի։ Թուրքական բանակի նահանջից հետո մենշևիկները շարունակեցին իրենց ձեռքում պահել Լոռին։ 1918 թվականի դեկտեմբերի 9-ին բռնկվեց հայ-վրացական պատերազմ Լոռու համար։ Դաշնակցական բանակը գրավեց Բորչալուի գավառը։ Անտանտի երկրների միջնորդությամբ 1918 թվականի դեկտեմբերի 31-ին նախ զինադադար կնքվեց, ապա 1919 թվականի հունվարի 9—17-ին Թիֆլիսում կայացած հայ-վրացական կոնֆերանսը նախկին Բորչալուի գավառի Ալավերդու, Ուզունլարի և Վորոնցովկայի շրջանները «Չեզոք գոտի» ճանաչեց։ Լոռին վերածվեց անգլո-ամերիկյան ռազմական գաղութի։ Փաստական իշխանությունը պատկանում էր Անտանտի երկրներից նշանակվող գեներալ-նահանգապետին։ Հայ-վրացական կոմիսարիատն իր վարչական ապարատով և միլիցիայով ենթարկվում էր նրան։ Շրջաններում, ենթաշրջաններում և գյուղերում տեղական իշխանությունը հայերից կամ վրացիներից ընտրված կոմիսարների ձեռքում էր։ 1920 թվականի նոյեմբերի 13-ին, օգտվելով Հայաստանի ծանր վիճակից (քեմալական Թուրքիան հարձակվել էր Հայաստանի վրա), Վրաստանի մենշևիկյան կառավարությունը դաշնակցական կառավարությունից ստացավ «Չեզոք գոտի» զորք մտցնելու համաձայնություն։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո Վրաստանի մենշևիկյան կառավարությունը մերժեց զորքերը «Չեզոք գոտուց» հանելու Հայաստանի Հեղկոմի պահանջը և զավթեց այլ բնակավայրեր (Զալակկնբբ կլօղլի, Լորուտ, Աթան և այլն)։ Շահալի կայարանի գրավումով Հայաստանը կտրվեց Սովետական Ռուսաստանից և Ադրբեջանից։ Հայաստանում սովետական կարգերի հաղթանակը նպաստավոր պայմաններ ստեղծեց «Չեզոք գոտում» զինված ապստամբության նախապատրաստման և անցկացման համար։ 1920 թվականի դեկտեմբերին Լոռու մի շարք գյուղերում հրավիրված համագումարներում աշխատավորները պահանջեցին Լոռին միացնել Խորհրդային Հայաստանին։ Նրանք օգնության համար դիմեցին Խորհրդային Ռուսաստանին, Հայաստանին ու Ադրբեջանին: ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի ցուցումով ՀԿ(բ)Կ Կենտկոմը 1920 թվականի դեկտեմբերի 20-ին Ղարաքիլիսայում կազմակերպեց ապստամբության շտաբ։ Ապստամբության նախապատրաստմանն էր նվիրված 1921 թվականի հունվարի 2-ին հրավիրված Լոռու բոլշևիկների կոնֆերանսը, որը ղեկավարում էր Հայաստանի Հեղկոմի անդամ Ա. Մռավյանը։ 1921 թվականի փետրվարի 7-ին ստեղծվեց Լոռու ռազմահեղափոխական կոմիտե։ Ապստամբության պատասխանատու ղեկավար նշանակվեց Հ. Լազյանը։ Փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերն ապստամբությունն սկսվեց։ Մենշևիկյան բանակի միայն ընտրովի զորամասերը ցույց տվեցին կատաղի դիմադրություն։ Ապստամբության շտաբի խնդրանքով փետրվարի 12-ին «Չեզոք գոտի» մտան Խորհրդային Ռուսաստանի 11-րդ բանակի զորամասերը։ Փետրվարի 16-ին ապստամբությունը հաղթանակեց։ Լոռին միացավ Սովետական Հայաստանին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 665 CC-BY-SA-icon-80x15.png