Լյուսի Փևենսի, Ք.Ս. Լյուիսի «Նարնիայի ժամանակագրություններ» վիպաշարի գեղարվեստական կերպար։ Լյուսին չորս Փևենսի երեխաներից ամենակրտսերն է և առաջինն է, ով գտնում է պահարանի միջով մուտքը դեպի Նարնիա «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում։ Բոլոր Փևենսի երեխաներից Լյուսին է ամենասերտ շփումն ունենում Ասլանի հետ։ Բացի այդ, բոլոր մարդկանցից, ովքեր երբևէ այցելել են Նարնիան, Լյուսիի հավատը Նարնիայի վերաբերյալ հավանաբար ամենամեծն է։ Նա թագադրվում է որպես թագուհի Լյուսի Քաջարի և իշխանակցում է Նարնիայում իր երկու եղբայրների և քրոջ հետ։ Վեպերում Փևենսիներից Լյուսին է կենտրոնական կերպարը։ Լյուսին գլխավոր կերպարն է յոթ գրքերից երեքում («Առյուծը, կախարդը և զգեստապահարանը», «Արքայազն Կասպիանը» և «Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը»), ինչպես նաև երկրորդական կերպար է երկու այլ գրքերում («Ձին և իր տղան» և «Վերջին ճակատամարտը»

Լյուսի Փևենսի
Նարնիայի ժամանակագրությունների հերոս
ՍտեղծողՔ.Ս. Լյուիս
Տեղեկություններ
Սեռիգական
ԿոչումԹագուհի Լյուսի Քաջարի
Ազգությունանգլիացի

2005 թվականի «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ֆիլմում Լյուսիի կերպարը մարմնավորում է Ջորջի Հենլին, նա նորից է կատարում այդ դերը նաև «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» 2008 թվականի ֆիլմում[1]։ Ջորջիի ավագ քույր Ռեյչել Հենլին մարմնավորում է ավելի մեծ տարիքով Լյուսիի կերպարը առաջին ֆիլմի վերջում։ Ջորջի Հենլին Լյուսիի դերը խաղում է նաև ֆիլմաշարի երրորդ ֆիլմում՝ 2010 թվականի «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը»։

Լյուսի Փևենսիի կերպարը ոգեշնչված էր Ջուն Ֆլյուեթթով[2]։ Նա լոնդոնցի բարեպաշտ մի աղջիկ էր, որը 1942 թվականին իր մենաստանի կողմից տարհանվել էր Քիլնս՝ Լյուիսի առանձնատուն[3]։ Լյուիսը Լյուսիին անվանել է Լյուսի Բարֆիլդի պատվին, ում կնքահայրն էր Լյուիսը և ում նվիրված է «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գիրքը։ Լյուսին գրքերում նկարագրվում է շիկահեր. «Ինչ վերաբերում է Լյուսիին, նա միշտ զվարթ էր ու ոսկեմազիկ էր, և տարածաշրջանի բոլոր արքայազները ցանկանում էին, որ նա իրենց թագուհին լինի, իսկ իր ժողովուրդը կոչում էր նրան թագուհի Լյուսի Քաջարի»[4]։

Լյուսին չորսից ամենահավատարիմն էր և ամենամոտն էր Ասլանին։ Նա երբեք չէր դադարում հավատալ Նարնիային։ Անգլիայում գնացքի վթարի արդյունքում մահանալուց հետո Լյուսին իր եղբայրների՝ Փիթերի և Էդմունդի, ինչպես նաև Նարնիայի այլ բնակիչների հետ տեղափոխվում է Ասլանի երկիր։

Կերպար

խմբագրել

Լյուսին Փևենսիներից ամենազգայունն է ու անձնվերը։ Հենց այդ պատճառով է նա տեսնում Ասլանին կիրճից այն կողմ «Արքայազն Կասպիան» գրքում, մինչդեռ իր եղբայրներն ու քույրը ավելի թերահավատ են և պակաս հակված կույր հավատքի։ «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում Լյուսին փոքր երեխա էր և գտնվում էր անծանոթ տանը առանց իր մորը։ Նա նաև չափազանց խոցելի էր ու զգում էր անվտանգության, հրաշքի և որևէ բանի կարիք, ինչին կարելի էր հավատալ։ Իր եղբայր Էդմունդը անգթորեն ծաղրում էր նրան Նարնիային հավատալու և «մանկական խաղեր» խաղալու պատճառով։ Երբ Լյուսին բացահայտում է, որ Էդմունդը ևս այցելել է պահարանում գտնվող աշխարհը, սակայն միևնույն է շարունակում է պնդել, որ նրանք խաղում էին, նա անչափ վիրավորվում է, քանի որ նրա հավատը մարդկայնության և իր եղբայրների ու քրոջ նկատմամբ սեփական համոզմունքների հանդեպ տատանվում է։

Լյուսին սիրում է կենդանիներին և ընկերանում է բազմաթիվ արարածների հետ։ Նա շատ է հուզվում «Արքայազն Կասպիանում», երբ բացահայտում է, որ թելմարինները ոչ միայն ներխուժել են Նարնիա, այլ նաև ճնշել են այնտեղի արարածներին, աստվածային և կիսաստվածային էակներին, որոնց շնորհիվ Նարնիան այդպիսի յուրահատուկ վայր էր։ Նրա գիշերային թափառումը անտառի միջով, նրա փափագը տեսնելու, թե ինչպես են պարում անտառային ոգիների և նորից մաս կազմում բնության և կյանքի հետ նրանց շփմանը, սիրո, հույսի ու հիասթափության այն խորը պահերից մեկն է, որին մենք մասնակից ենք լինում Լյուսիի հետ միասին իր հոգևոր ճանապարհորդության ընթացքում։ Լյուսին երբեք չի դադարում հավատալ Նարնիային, և այդ հավատը նրան քաջություն է փոխանցում։ Այդ իսկ պատճառով նա ավելի արկածախնդիր է, քան իր քույր Սյուզընը։ Լյուսին ունի մեծ ցանկություն օգնելու մյուսներին, ինչը խորհրդանշում է այն բուժիչ խմիչքը, որը նրան նվիրել էր Ձմեռ պապը և որը նախատեսված էր դրա կարիքն ունեցողների համար։ Այդ խմիչքը սակայն հարկավոր էր օգտագործել խնայողաբար։ «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում ռազմի դաշտում Ասլանի դասն էր օգտագործել այդ ուժը առանց կողմնակալության և չկառչել իր կողմից ամենաշատը սիրվածների կարիքներից։

«Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում

խմբագրել

Լյուսիի եղբայրներ Փիթերը ու Էդմունդը և քույր Սյուզընը սկզբում չեն հավատում նրան Նարնիայի վերաբերյալ, սակայն ավելի ուշ բոլորը գտնում են դեպի Նարնիա իրենց ճանապարհը։

Լյուսին Փևենսիներից առաջինն է հայտնվում Նարնիայում՝ անցնելով պրոֆեսորի հին առանձնատանը գտնվող կախարդական զգեստապահարանի միջով։ Լյուսիի գտած Նարնիայում հարյուրամյա ձմեռ է, և այնտեղ իշխում է Սպիտակ կախարդը՝ Նարնիայի չար ու ինքնահռչակ թագուհին։ Այնտեղ նա հանդիպում է պարոն Թումնուսին, իսկ ավելի ուշ կուղբերին։ Սակայն Նարնիա Լյուսիի երկրորդ այցելության ժամանակ, երբ նա հյուրընկալվում էր պարոն Թումնուսի տանը, այնտեղ է սողոսկում նաև իր եղբայր Էդմունդը, ում պատահաբար հանդիպում է Սպիտակ կախարդը։ Էդմունդը, ով մինչ այդ արդեն ծաղրում էր Լյուսիին «կախարդական» երկրի գոյությանը հավատալու պատճառով, շարունակեց նույն չարությամբ վերաբերվել Լյուսիին՝ ժխտելով այն փաստը, որ իրենցից որևէ մեկը եղել է Նարնիայում։ Երբ բոլոր երեխաները մտնում են Նարնիա, Էդմունդը ճողոպրում է կուղբերի տնից և գնում Սպիտակ կախարդի մոտ։

Փիթերի, Սյուզընի, պարոն և տիկին Կուղբերի հետ դեպի Քարե սեղանը ճանապարհորդության ժամանակ, նրանք հանդիպում են Ձմեռ Պապին, ով նրանց նվերներ է բաժանում։ Լյուսին ստանում է մի սրվակ լցված կախարդական հեղուկով, որը կարող է բուժել գրեթե ցանկացած վնասվածք, և փոքր դաշույն, որի օգնությամբ նա կարող է պաշտպանվել «ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»։ Իսկ այդ ժամանակ Էդմունդը դավաճանեց կուղբերին և միացավ սպիտակ կախարդին։ Իրենց առաջին հանդիպման ժամանակ, երբ Էդմունդը մտավ զգեստապահարան հետևելով Լյուսիին, նա գայթակղվեց կախարդի տված իշխանության խոստումներով։

Լյուսին իր ուղեկիցների հետ ժամանում է Ասլանի ճամբար, իսկ ավելի ուշ՝ նույն գիշերը, նա Սյուզընի հետ մխիթարում է Ասլանին դեպի մահը տանող նրա ճանապարհին, թեև ողջ ընթացքում նրանք չգիտեին Ասլանիմ սպասվող ճակատագրի մասին։ Երկու աղջիկները նաև ականատես են լիոնւմ նրա զոհաբերության տեսարանին։ Քանի դեռ իրենց եղբայրները գնում են պատերազմի, Լյուսին և իր քույրը տեսնում են, թե ինչպես Ասլանը կյանքի է վերադառնում, և օգնում են նրան արթնացնել Սպիտակ կախարդի դղյակում քարի վերածված արարածներին։ Նրանք հանդիպում են եղբայրներին ճակատամարտի վերջում։

Քեր Փարավելում նա թագադրվում է Ասլանի կողմից որպես Նորին Մեծություն Թագուհի Լյուսի և այսպիսով դառնում Նարնիայի իշխանակիցը։ Դրանով իսկ նշանավորվում է հնադարյան մարգարեության իրականացումը և Սպիտակ կախարդի թագավորության ավարտը։ Լյուսիին կոչում են թագուհի Լյուսի Քաջարի, և Փևենսիների թագավորության ժամանակը դառնում է Նարնիայի ոսկե դարի ժամանակաշրջան։

Տարիներ անց սպիտակ եղնիկի որսի ժամանակ Լապտերային հովտում Փևենսիները նկատում են այն ճրագասյունը, որտեղ Լյուսին հանդիպել էր պարոն Թումնուսին։ Նրանք զգեստապահարանի միջով վերադառնում են Անգլիա, որտեղ գեթ մեկ րոպե չի անցել և նրանք նորից երեխաներ են։

«Ձին և իր տղան» գրքում

խմբագրել

«Ձին և իր տղան» գրքի իրադարձությունները զարգանում են Փևենսիների թագադրությունից հետո և «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում Անգլիա իրենց վերադարձից առաջ։ Լյուսին այստեղ երիտասարդ կին է, որն օգնության է հասնում Արչենլենդին։ Արքայազն Քորինը նրան նկարագրում է որպես չարաճճի և ոչ նույնքան կանացի օրիորդի, որքան իր քույրն է՝ թագուհի Սյուզընը, որն «իսկական լեդի» է։ Նա օգնում է թագավոր Լյունին ողջունել Արավիսին Անվարդ և օգնում է պատրաստել Արավիսի սենյակը և հագուստները։

«Արքայազն Կասպիանը» գրքում

խմբագրել

Լյուսին (որն ասյտեղ 9 տարեկան է) «Արքայազն Կասպիանը» գրքում կրկին ճանապարհորդում է Նարնիա Փիթերի, Սյուզընի և Էդմունդի հետ։ Այս գրքում Լյուսին սկզբում միակն է, ով տեսնում է Ասլանին և նա դժվարությամբ փորձում է համոզել եղբայրներին և քրոջը, ինչպես նաև թզուկ Թրամփկինին, որ Ասլանը վերադարձել է` այսպիսով կրկնելով առաջին գրքում իր անցած փորձությունը։ Սակայն Էդմունդը հավատում է Լյուսիին և սատարում նրան, քանի որ Լյուսին ճիշտ էր նաև Նարնիայի գոյության մասին։ Ասլանը ասում է Լյուսիին, որ նա նորից փորձի և հետևի նրան միայնակ, եթե մնացածը հրաժարվեն գալ իր հետ։ Լյուսին նշում է, որ Ասլանը մեծացել է, չնայած իրականում մեծացել է ինքը։

«Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը» գրքում

խմբագրել

Մինչ Սյուզընը ճանապարհ է ընկնում դեպի Ամերիկա պարոն և տիկին Փևենսիների հետ, իսկ Փիթերը պարապում է պրոֆեսոր Քիրքի հետ, Լյուսին (11 տարեկան), Էդմունդը և նրանց զարմիկ Յուսթըսը հայտնվում են Նարնիայում կախարդական նկարի միջոցով։ Այս գիրքը գլխավորապես գրված է Լյուսիի տեսանկյունից։ Գրքի վերջում Ասլանը պնդում է, որ նա և Էդմունդը Սյուզընի և Փիթերի նման մեծացել են Նարնիայի հրաշքների համար։

«Վերջին ճակատամարտը» գրքում

խմբագրել

«Վերջին ճակատամարտը» գրքում Լյուսին երկրորդական դեր է խաղում և կրկին վերադառնում է Նարնիա իր եղբայրներ՝ գերագույն թագավոր Փիթերի և թագավոր Էդմունդի, ինչպես նաև Յուսթըս Սքրաբի, Ջիլլ Փոլլի, Փոլլի Փլամերի և Դիգորի Քիրքի հետ։ Այստեղ նա դառնում է Նարնիայի ոչնչացման ականատեսը և շարունակում է ապրել Ասլանի կողմից ստեղծված նոր Նարնիայում։ Նոր Նարնիայում վերամիավորվում են բոլոր մարդիկ և կենդանիները, որոնք ապրել էին Նարնիայում իր գոյության ժամանակ։ Լյուսին նորից հանդիպում է իր հին ընկեր ֆավն Թումնուսին, և Ասլանը պատմում է նրան Անգլիայում տեղի ունեցած երկաթուղային վթարի մասին, որի արդյունքում զոհվել են Լյուսին, իր եղբայրները, ծնողները, Փոլլին, Դիգորին, Յուսթըսը և Ջիլլը։ Լյուսին, Դիգորին, Փոլլին, Փիթերը, Էդմունդը, Յուսթասը և Ջիլլը հավերժ մնում են Ասլանի հայրենիքում, իսկ Սյուզընը մնում է Երկրի վրա. նրա վերջնական ճակատագիրըն անորոշ է։

Կերպարի մարմնավորումը ֆիլմերում

խմբագրել
  • 1967 թվականի հեռուստասերիալում Լյուսիին մարմանվորում է Լիզ Քրաութերը։
  • 1980 թվականի BBC հեռուստասերիալում Լյուսիին մարմնավորում է անգլիացի դերասանուհի Սոֆի Ուիլքոքսը։
  • Walden Media «Նարնիայի ժամանակագրություններ» ֆիլմաշարում փոքր տարիքում Լյուսիին մարմնավորում է անգլիացի դերասանուհի Ջորջի Հենլին, իսկ մեծ տարիքում՝ իր քույր Ռեյչել Հենլին։

Այլ հիշատակումներ

խմբագրել

Չնայած այն փաստին, որ «Օզ/ Հրաշքների աշխարհի ժամանակագրությունների» (անգլ.՝ The Oz/Wonderland Chronicles) 0 հրապարակման մեջ ենթադրվում է, որ Ալիսայի, Ուենդի Դարլինգը և Դորոթի Գեյլի հետ մեկ սենյակում ապրում էր նաև Սյուզըն Փևենսին, նոր հրապարակված 1 ակնարկից հետո շատ երկրպագուների կարծիքով՝ այնտեղ պետք է լիներ Լյուսին։

Նա հայտնվում է նաև 2007 թվականի «Էպիկական ֆիլմում»։ Նրան մարմնավորել է Ջեյմա Մեյսը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Caspian to be second Narnia movie». BBC. 2006 թ․ հունվարի 18. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. The Daily Telegraph Արխիվացված 2007-12-03 Wayback Machine, 11 December 2005.
  3. Wilson, A.N. (2002). C.S.Lewis: A Biography. London: W. W. Norton & Company. ISBN 978-0-393-32340-5.
  4. Lewis, C.S. "The Lion, the Witch, and the Wardrobe", p. 201

Աղբյուրներ

խմբագրել
  • Ford, Paul (2005), Lucy Pevensie (in The Companion to Narnia: A Complete Guide to the Magical World of C.S. Lewis' The Chronicles of Narnia), HarperSanFrancisco, ISBN 0-06-079127-6

Արտաքին հղումներ

խմբագրել