Բացել գլխավոր ցանկը

Լյումիեր եղբայրներ

բազմիմաստության փարատման էջ
Լյումիեր եղբայրներ (Օգյուստը աջից, ձախից Լուին)

Լյումիեր եղբայրներ, կինեմատոգրաֆիայի գյուտարարները՝

Կինեմատոգրաֆիայի ստեղծումԽմբագրել

1883 թվականից Լուի և Օգյուստ Լյումիերներն իրենց հոր՝ Անտուանի հետ Լիոնում ստեղծեցին ժելատինային ֆոտոթանթիկների արտադրությունը՝ տեխնոլոգիայի հիմքում ունենալով արծաթի բրոմիդը՝ ստեղծված Լուիի կողմից: Առաջին տարում նրանց գործարանն արտադրեց 216 հազար ֆոտոթանթիկ, իսկ 1890 թվականին այնտեղ աշխատում էր 200 մարդ, որոնք օրական արտադրում էին 4 միլիոն ֆոտոթանթիկ: 1892 թվականին Լյումիերների ընկերությունը արտադրում էր նաև բրոմիդային թուղթ, և նրա կապիտալն այդ ժամանակ կազմում էր 3 միլիոն ֆրանկ[1]:

«Սինեմատոգրաֆ» (ֆր.՝ Cinématographe, հին հուն․՝ κίνημα - շարժում և γράφειν - գրել բառերից) անվանված տեխնիկայի գյուտարարը փոքր եղբայր Լուին էր, որն այդ պահին ընտանեկան գործարանի սեփականատերն էր[2]: Նրա նախագիծը մասնակիորեն ֆինանսավորեց ավագ եղբայր Օգյուստը, իսկ նկարահանող սարքի ստեղծումից հետո երկու եղբայրներն էլ ակտիվորեն մասնակցում էին առաջին ֆիլմերի ստեղծմանը: Լյումիերների հետ նոր տեխնիկայի հետ աշխատում էր ինժեներ Ժյուլ Կարպանտիեն[fr], որը նրաց ժապավենների ցուցադրման համար նախագծել էր առաջին երևակող սարքը[3]:

Սինեմատոգրաֆի հայտնագործման արտոնագրման հայտարարագիրը տրվեց 1895 թվականի փետրվարի 13-ին՝ համարյա մեկ տարի անց նրանից, երբ ԱՄՆ-ում արտոնագրվեց Էդիսոնի կինետոսկոպը, որը, սակայն, նախատեսված էր առանձնակի դիտման համար: Ինչպես նշվում է «Կրուգոսվետ» հանրագիտարանում, չնայած Լյումիերները ծանոթ էին Էդիսոնի, և, հավանաբար, օգտագործել են նրա որոշ մտքեր, սակայն այն փաստը, որ նրանց սինեմատոգրաֆը նախատեսված էր զանգվածային դիտման համար, թույլ է տալիս հենց նրանց համարել ժամանակակից կինոյի ստեղծողներ: Առաջին զանգվածային դիտումը տեղի ունեցավ 1895 թվականի մարտի 22-ին Փարիզում, բայց պաշտոնապես կինոյի ծննդյան օր է համարվում նույն թվականի դեկտեմբերի 28-ը, երբ Կապուցինների ճեմուղու «Գրան կաֆե»-ում տեղի ունեցավ Լյումիերների ֆիլմերի առաջին կոմերցիոն ցուցադրությունը[4]: Մամուլում լայն լուսաբանումը հանգեցրեց նրան, որ արդեն 1895 թվականին Լյումիերները սկսեցին առաջարկներ ստանալ երկրի այլ քաղաքներում սեանսներ անցկացնելու համար: Որպեսզի հաղթահարեն աճող հայտերի ծավալները, նրանք դիմեցին կոնցեսիայի համակարգին, որի դեպքում պատվիրատուները վարձույթով վերցնում էին երևակող ապարատները, իսկ Լյումիերների ընկերության ներկայացուցիչները տեղում տեղադրում էին դրանք և կազմակերպում ցուցադրություններ՝ «Սինեմատոգրաֆի» հեղինակներին փոխանցելով շահույթի 60 %-ը: 1896 թվականի առաջին կիսամյակում նոր տեխնոլոգիայի ցուցադրություններ կազմակերպվեցին Լոնդոնում, Հռոմում, Քյոլնում, Ժնևում, Մադրիդում, Սանկտ Պետերբուրգում և Նյու Յորքում, սեպտեմբերին՝ Մելբուրնում, իսկ 1897 թվականի հունվարին՝ Ճապոնիայում[1]:

Լյումիերների առաջին 50-վայրկյանանոց ժապավենները դրեցին կինեմատոգրաֆիայի ժանրային բազմազանության հիմքերը՝ ներառյալ ինչպես վավերագրականի («Աշխատավորների ելքը ֆաբրիկայից», «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան», ինչպես նաև կինոքրոնիկոն «Պատվիրակների ժամանումը Լիոնի ֆոտոկոնգրես» Ֆրանսիական լուսանկարչական միության[fr][2] կոնգրեսից), այնպես էլ խաղարկային (որի նմուշներից է հանդիսատեսի շրջանում մեծ հաջողություն ունեցած «Ջրված ջրողը» կատակերգությունը)[4]: Լյումիերների կողմից փորձարկվեցին մի շարք հնարքներ, որոնք հետագայում վերցրեցին այլ կինեմատոգրաֆիստներ, մասնավորապես՝ թրավելինգը, կամ շարժվող պլատֆորմից նկարահանումը. պլատֆորմի դերում այս դեպքում օգտագործվեց գոնդոլը, որով նրանք նավարկեցին վենետիկյան ջրանցքով[3]:

 
Կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին կինոցուցանակը (1895)

Կինոյի նկարահանումներով եղբայրները ակտիվորեն զբաղվեցին մինչև 1898 թվականը, երբ «Հիսուսի չարչարանքները» ֆիլմի աշխատանքներն ավարտելուց հետո Լուի Լյումիերը հրաժարվեց հետագա կինոկարիերայից[3]՝ կենտրոնանալով գունավոր լուսանկարչության տեխնոլոգիայի բարելավման վրա: Կինոստուդիայից հեռանալը պայմանավորված էր նաև աճող մրցակցության հետ: Եթե Լյումիերների ապարատի շահագործման առաջին տարիներին նրանք բազմաթիվ պատվերներ էին ստանում և 1896 թվականի հուլիսին կոնցեսիաների շնորհիվ արդեն վաստակել մոտավորապես միլիոն ֆրանկ, իսկ 1897 թվականին իրենց «Սինեմատոգրաֆով» բազմաթիվ հեղինակներ նկարահանել էին ավելի քան 500 ֆիլմ, ապա հետագայում սկզբնական կառուցվածքում բարելավումների բացակայությունը ստիպեց հանդիսատեսին անցնել այլ մոդելներին: «Սինեմատոգրաֆի» կիրառմամբ հանրային ցուցադրությունները շարունակվեցին մինչ 1902 թվականը, իսկ Լյումիերների գործարանի կատալոգում երևաց մինչ 1907 թվականը: Հետագայում Լյումիերները շարունակեցին արտադրել 35 մմ կինոժապավեն, որն օգտագործվեց ավելի նոր կինոապարատներում (1900-ականների սկզբից մինև 1940-ականների սկիզբը Société des pellicules françaises դուստր ընկերության միջոցով), բայց տեսախցիկների արտադրությունը կասեցվեց: Ընդհանուր առմամբ ցուցադրությոններից և տեսախցիկներից վաճառքի եկամուտները կազմում էին ընկերության եկամուտների 15 %-ը նույնիսկ շռնդալից հաջողության տարիներին՝ 1896 և 1900 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[1]:

Ընդհանուր առմամբ 1895 թվականից 1898 թվականը Լյումիեր եղբայրները նկարահանեցին մոտավորապես1800 ֆիլմ, որոնք 1946 թվականին Լուի կողմից հանձնվեցին Ֆրանսիական սինեմատիկային[3]:

Լյումիեր եղբայրների հետ է կապված աշխարհում առաջին կինոցուցանակը: Դա 1895 թվականի «Ջրված ջրողը» ֆիլմը գովազդող ցուցանակն է[5]: Տվյալ կինոցուցանակը դրվել է աճուրդի 2018 թվականի օգոստոսի 28-ին[6] և վաճառվել 160000 ֆունտ ստեռլինգով[7]:

Ծառայությունների գնահատականԽմբագրել

Լյումիեր եղբայրների աստղերը Հոլիվուդում
Լուի Լյումիերի աստղը
Օգյուստ Լյումիերի աստղը

1909 թվականին Լյումիեր եղբայրները պարգևատրվեցին Էլիոթ Կրեսոնի շքանշանով:

Լյումիեր եղբայրների պատվին է կոչվել (775) Լյումիեր աստերոիդը, որ հայտնաբերվել է 1914 թվականին։ 1960 թվականին եղբայրների պատվին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեցին աստղեր[8]: Լյումիեր եղբայրների պատվին հուշարձաններ են կանգնեցվել մասնավորապես Լիոնում՝ նրանց նախկին տան կողքին (ավարտվել է 1962 թվականին)[9], Լա Սիոտայում 1958 թվականին, որտեղ նկարահանվել են նրանց առաջին ֆիլմերը[10] և Եկատերինբուրգում 2012 թվականին: 2017 թվականին Էկիբաստուզ քաղաքի (Ղազախստան) միակ կինոթատրոնն անվանեցին եղբայրների պատվին:

Լյումիեր եղբայրների հուշարձաններ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Jean-Marc Lamotte. Lumière et fils // Encyclopedia of Early Cinema / Richard Abel (Ed.). — Routledge, 2005. — P. 396-398. — ISBN 0-415-23440-9.
  2. 2,0 2,1 Lumière brothers՝ հոդվածը Բրիտանիկա հանրագիտարանից
  3. 3,0 3,1 3,2 3,3 Люмьер (братья)՝ հոդվածը Կիրիլի և Մեֆոդիի մեծ հանրագիտարանից
  4. 4,0 4,1 Кино история՝ հոդվածը Кругосвет
  5. «Краткая история кинопостера»։ Վերցված է 2018-08-21 
  6. «Первый в истории кинопостер выставили на аукцион»։ Վերցված է 2018-08-21 
  7. «Продан первый в истории кинопостер.»։ domkino-ekb.ru։ Վերցված է 2018-12-28 
  8. Звёзды Луи и Огюста Люмьера на сайте «Аллеи славы» Голливуда(անգլ.)
  9. «Vue générale du monument en hommage aux frères Lumière (1958-1962 inauguration)» (ֆրանսերեն)։ Patrimoine de Rhône-Alpes։ Վերցված է 2015-08-08 
  10. «La Ciotat, Cinema and the Lumières»։ Marvellous Provence։ Վերցված է 2015-08-08 

Արտաքին հղումներԽմբագրել