Լճաշենի կիկլոպյան ամրոց

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լճաշեն (այլ կիրառումներ)

Լճաշեն կիկլոպյան ամրոց, որը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղից 1,5 կմ հարավ-արևելք, Սևան-Գավառ հին ճանապարհի ձախ կողմում։

Լճաշենի կիկլոպյան ամրոց
ՏեղագրությունՀայաստան Հայաստան
ՀասցեԳեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղից 1,5 կմ հվ-աե
ԿառուցվածՔ.Ա. 3-րդ հազարամյակ
Բաց է հանրության համարայո

Նկարագրություն խմբագրել

Լճաշենի կիկլոպյան ամրոցը զբաղեցրել է ավելի քան 50 հա տարածություն։ Այն ներառել է տասնյակ մեծ ու փոքր բլուրներ, ձորակներ, ժայռեր ու քարակույտեր, շրջափակվել է մի քանի պարիսպներով, որոնց ընդհանուր երկարությունը հասնում էր շուրջ 5 կմ[1], իսկ արտաքին պարսպինը՝ 3 կմ-ի։ Միջնաբերդը գրավում էր 1 հա տարածք և արտաքին բնակավայրերի հետ կապված էր երկու գլխավոր, երեք երկրորդական ճանապարհներով։ Միջնաբերդի արևելյան և հարավ-արևմտյան կողմերն ունեցել են կրկնակի և եռակի պարիսպներ, որոնց կանգուն մնացած մասերի բարձրությունը հասնում է 3 մետրից 4 մետրի, տեղ-տեղ 5-7 մետրի։

Ամրոցը բարդ կառուցվածքի է, հատկապես իր «թակարդ» պարիսպների համակարգով։ Միջնաբերդից բացի, ամրոցն ունեցել է 22 մեծ և փոքր քարաբուրգեր և աշտարակներ։ Պարիսպները շարված են բազալտե անտաշ զանգվածեղ քարերով, որոնցից շատերը կշռում են 3.5-ից 6 տոննա Այն մասերում, որտեղիդ սպասվել է թշնամին, շարվել են կրկնակի հաստ պարիսպներ, որոնց լայնութունը հասնում է 5-6 մ։ Ամրոցի պաշտպանությունն ավելի հուսալի դարձնելու համար ամենաբարձր բլուրների վրա կառուցվել են հզոր քարաբուրգեր և առանձին դիտակետեր, որոնց շուրջը գոգավորող պարիսպները տեղ-տեղ կրկնակի են։

Լճաշենի կիկլոպյան ամրոցը Սևանի ավազանի մյուս ամրոցների նախատիպն է և ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն։

Լճաշենի ամրոցի պարսպապատերի մնացորդները և ամրոցից պեղված նյութերը որոշակի հիմք են տալիս դատելու այդ պաշտպանական համալիրի կառուցման և անկման ժամանակի մասին։ Ամրոցի արևելյան և հարավ- արևերան կողմերում մինչև այժմ պահպանված են պատերի նախնական չարքերը, որոնց բարձրությունը տեղ-տեղ հասնում է 3 մետրի։ Սրանք միաշար ահռելի ժայռաբեկորներ են, որ իրար վրա դնելու և դրսից չհարդարելու հետևանքով հսկայական խոռոչներ են առաջացել։ Խոռոչների բացվածքր հաճախ անցնում է 70 սմ-ից։ Դրանք խցանված չեն մանր քարերով։ Անկախ դրանց դիրքից՝ վերև են բարձրացած թե թեքված, չեն ուղղվել տակը մանր քարեր դնելու եղանակով։ Քարը սկզբից ինչպես հաջողվել է դնել, այդ դիրքով էլ թողել են, հավանաբար ծանրության պատճառով ուղղել չկարողանալով։

Ք.ա. 2-րդ հազարամյակի կեսերին ամրոցի պարիսպն ընդարձակվել է և օղակել ամենաբարձր բլուրը, որի վրա գտնվում է միջնաբերդը։ Այս փուլի որմնաշինության մնացորդները պահպանված են միջնաբերդի արևմտյան կողմում՝ հատվածաբար, մեկը մյուսից շուրջ 20 մետր հեռավորության վրա, միջնաբերդի մոտակա հատվածը հարավից հյուսիս ձգվում է շուրջ 20 մետր երկարությամբ, իսկ մյուս հատվածը՝ արևմոլտքից-արևելք 15 մետր երկարությամբ, 4-5 մետր բարձրությամբ։

Պարսպապատերի քարերը նույնպես խոշոր են, անտաշ, բայց նախորդի համեմատությամբ ավելի «հարթ» մակերեսներով։ Պատաշարի դրսի երեսներին առաջացած խոռոչները տեղ-տեղ խցանված են մանր քարերով։ Պատերը կառուցված են թեք լանջերին, իրար վրա դարսված ժայռաբեկորներով, որոնք միաշար են և լիցք չունեն։

Լճաշենի համալիրի պարսպապատերը և ամրոցի տարածքը շաա ավելի մեծ ծավալի են հասնում ու ընդարձակվում Վանի թագավորության շրջանում։ Բիայնացիների նվաճումից հետո Սևանի ավազանի համար կարևորվել Է այս ամրոցի ռազմավարական դերն ու նշանակությունը։ Ամրոցն ընդարձակվում է, նրա նոր պարիսպները հնի համեմատությամբ ձգվում են հարյուրավոր մետրերով։ Պատաշարերի մեջ հանդիպում են հարդարված ճակատներ։ Պարսպապատերը երկշարք են (որսից և ներսից), պատի մեջ կա անշաղախ լիցք (ավելի մանր քարերով)։ Պատերը լարաշար են, ուղիղ ձգված, ունեն ուղիղ անկյուններ և կարևոր տեղերում՝ աշտարակներ։ Պատերի հաստությունը տեղ-տեղ հասնում Է 3 մետրի, իսկ աշտարակներինը՝ 5-5.5 մետրի։ Որոշ տեղերում, առանձնապես հարավային կողմում, կանգուն մնացած պարսպապատերի բարձրությունը հասնում է 7 մ-ի, ամենացածր տեղերում՝ 0.3-1 մետրից ոչ պակաս։

Ամրոցի պարսպապատերի այժմյան պահպանված մնացորդները պարզորոշ գաղափար են տալիս, դրանց հսկայական ծավալի մասին։ Քարերը վերցված են տեղի հրաբխային բազալտի անսպառ պաշարներից, որոնք սփռված են հենց պարսպապատերի տակ ու դրանցից ոչ հեռու։ Ահռելի չափերի հասնող այս քարակույտերը նույնպես, լուրջ արգելք են եղել ամրոցի վրա հարձակվող թշնամու համար։ Դրանք տեղ-տեղ մինչև 300 մ փռվածք ունեն և դժվարանցանելի են։

Ամրոցի պարսպապատերի համեմատությամբ միջնաբերդի պատերի քարերը ավելի փոքր ծավալ ունեն, որոշ չափով մշակված են, իսկ միջնաբերդի գլխավոր մուտքի անկյունաքարերից շատերի ճակատները կանոնավոր տաշված ու հարթված են։

Միջնաբերդն ունեցել Է երկու գլխավոր մուտք, որոնցից արևմտյանը փակվել է, իսկ հյուսիս-արևմտյանը՝ պահպանվել։ Դեպի միջնաբերդ բերող հատուկ լայն ճանապարհը կառուցվել Է ելումուտ անող ռազմակառքերի ու հեծյալների համար։ Գլխավոր մուտքերի աջ և ձախ կողմերում միջնաբերդն ուևեցել է աշտարակներ։

Ամրոցի գոյության բոլոր շրջաններում պարսպի ներսում և դրանից դուրս անընդհատ բնակություն է եղել՝ պարսպի հարավային, հարավ-արևմտյան և առավելապես արևմտյան կողմերում մինչև այժմ մնացել են հնագույն շենքերի հիմքեր։ Դրանցում պահպանված հիմնապատերի բարձրությունները հասնում են 0.2-1.5 մետրի։ Թեև կացարանների ավերակները երբեմն մեկուսացված են շրջապատից, բայց ընդհանուր առմամբ իրար մոտ են և տեղավորված են մանր ու մեծ բլուրների գագաթներին, սարալանջերին և որոշ չափով հարթ տարածությունների վրա։ Երբեմն իրար մոտ հանդիպում են ավելի մեծ կացարաններ՝ անկանոն անկյուններով։

Ամրոցի ներսում պահպանված կացարանները երեք հիմնական ձևի են՝ շրջանաձև (հինը), անկանոն անկյուններով (միջին զարգացման շրջան) և թառակող (ուշ շրջան), բայց նշված տիպերը հաճախ խախտվում են։ Կառուցապատման քարերը նույնպես միատեսակ չեն։ Վաղ շրջաններին պատկանող շրջանաձև կացարանների պատաքարերը անհամեմատ մեծ են ու վատ շարված, միջին շրջաններին պատկանող պատերինը, առաջինի համեմատությամբ՝ փոքր, ուշ շրջանների կացարանների պատերի քարերը շատ ավելի փոքր են, հարթ մակերեսով, սենյակներն ուղիղ անկյուններ ունեն և փոքր ծավալ։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Վ. Վ. Ավետյան, Լճաշենի կիկլոպյան ամրոցը (Սովետական մանկավարժ, 1967, թիվ 6, էջ 44-48)
  • Հ. Հ. Մնացականյան, Լճաշենի նյութական մշակույթի զարգացման հիմնական էտապները (Պատմա-բանասիրական հանգես, 1965, թիվ 2, Էջ 99-115)
  • Մ. Սմբատյանց, Տեղադիր Գեղարքունի Ծովագարդ գավառի, որ այժմ Նոր Բայազետի գավառ կկոչե, Վաղարշապատ, 1895։
  • Գ. Հ. Միքայելյան, Սևանի ավագանի կիկլոպյան ամրոցները, Երևան, 1968
  • С. А. Есаян, Древняя культура племен северо-восточной Армении, Ереван, 1976, с. 15

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վ. Վ. Ավետյան, Լճաշենի կիկլոպյան ամրոցը, Սովետական մանկավարժ, 1967, թիվ 6, էջ 44