Լիբիական Արաբական Հանրապետություն, պետություն Հյուսիսային Աֆրիկայի կենտրոնական մասում։ Սահմանակից է Թունիսին, Ալժիրին, Նիգերին, Չադին, Սուդանին և Եգիպտոսին։ Հյուսիսում ողողվում է Միջերկրական ծովով։ Տարածությունը 1759,5 հզ. կմ² է, բնակչությունը՝ 7,131,872[6] մլն (2015)։ Մայրաքաղաքը՝ Տրիպոլի։ Վարչականորեն բաժանվում է 10 մուհաֆազայի։

دولة ليبيا
Դաուլետ Լիբիա
Լիբիա Պետություն
Լիբիայի դրոշ
Դրոշ
Լիբիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Լիբիա, Լիբիա, Լիբիա
Լիբիայի դիրքը
Լիբիայի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Տրիպոլի
32°54′N, 13°11′E
Պետական լեզուներ արաբերեն
Կառավարում Խորհրդարանական Հանրապետություն
 -  Խորհրդարանի Նախագահ Ագուիլա Սալեհ Իսսա
 -  Վարչապետ Աբդուլլահ Ալ-Թանի
Անկախություն
 -  Իտալիայից փետրվարի 10 1947 
 -  Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից
դեկտեմբերի 24 1951 
Տարածք
 -  Ընդհանուր 1,759,541 կմ²  (17րդ)
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 7,131,872[1]  (100րդ)
 -  2006 մարդահամարը 5,670,688 
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $87.040 միլիարդ[2] 
 -  Մեկ շնչի հաշվով $13,804[3] (82-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $83.825 միլիարդ[4] 
 -  Մեկ շնչի հաշվով $13,294[5] (62-րդ)
ՄՆԶԻ (2008) 0.840 (բարձր) (52րդ)
Արժույթ դինար (LYD)
Ժամային գոտի EET (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն .ly
Հեռախոսային կոդ +218

Անվանում խմբագրել

Հնում Լիբիա կոչվում էր ամբողջ Աֆրիկան։ Բառի նշանակությունը բացատրում են երկու կերպ․ ոմանք գտնում են, որ այն առաջացել է Եգիպտոսից արևմուտք բնակվող lbu ժողովրդի անունից, իսկ ուրիշներն այն կապում են հին հունարեն Լիբա կամ Լիպս կոչվող հարավարևմտյան, խոնավաբեր քամու անվան հետ։ Այսինքն ըստ երկրորդ տեսակետի «Լիբիա» անվանումը պարզապես նշանակում է հարավարևմտյան երկիր (Հունաստանի նկատմամբ)[7]։

Պատմություն խմբագրել

Լիբիայի տարածքը եղել է մարդու բնակության հնագույն վայրերից մեկը։ Հին Լիբիայում բնակվող քոչվոր ցեղերը՝ բերբերների նախնիները, զբաղվել են որսորդությամբ, անասնապահությամբ։ Մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կեսին, Լիբիայի արևմուտքում (Տրիպոլիտանիա) հիմնվել են փյունիկյան, մ. թ. ա. VII դ., Լիբիայի արևելքում (Կիրենաիկա)՝ հունական քաղաք-գաղութներ։ Մ. թ. ա. V դ. կեսին Լիբիայի տարածքի զգալի մասը անցել է Կարթագենին։ Կիրենաիկայի մի մասը դեռևս մ. թ. ա. VI դ. վերջին —V դ. սկզբին գրավել էին Աքեմենյանները, ավելի ուշ՝ Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը։ Կարթագենի անկումից (մ. թ. ա. 146) հետո Լիբիայի տարածքը զավթեց Հռոմը։ Մ. թ. V դ. այն գրավեցին վանդալները։ 546-ին բյուզանդական հայազգի զորավար Արտավան Արշակունին գրավել է Լիբիան և դարձել նրա բյուզանդական առաջին կառավարիչը։ VII դ. մտել է արաբական խալիֆայության կազմի մեջ։ Հետագայում, ամբողջովին կամ մասամբ, ընկել է իսլամադավան ֆեոդալական դինաստիաների (Աղլաբիներ, Ֆաթիմյաններ, Ալմոհադներ և այլն) իշխանության տակ։ Արաբական ցեղերի զանգվածային վերաբնակության հետևանքով բնիկներն աստիճանաբար արաբացան։ Տարածվեց իսլամը։ XVI դ. Լիբիայի տարածքը մտավ Օսմանյան կայսրության կազմի մեջ (Տրիպոլիի փաշայություն)։ 1711—1835-ին երկիրը կառավարում էր Կարամանլիների դինաստիան։ 1835-ին թուրքերը վերականգնեցին իրենց գերիշխանությունը Լիբիայի վրա, թեև փաստորեն իշխում էին միայն առափնյա մասերում։ Լիբիացիները բազմիցս ապստամբել են թուրքական տիրապետության դեմ։ XIX դ. կեսից այդ պայքարը գլխավորեց Սենուսիտների օրդենը։ XIX դ. վերջից Լիբիան դարձավ իմպերիալիստական տերությունների պայքարի առարկա։ 1911 թվականին Իտալիան պատերազմ սկսեց Թուրքիայի դեմ Լիբիայի համար։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914—1918) Իտալիան ստիպված իր զորքերի մի մասը դուրս բերեց Լիբիայից, և նրա ձեռքին մնացին միայն Հոմսը, Տրիպոլին և Բենգազին։ Կիրենաիկայի տարածքը գտնվում էր սենուսիտների իշխանության տակ։ 1918 թվականին Տրիպոլիտանիայում հռչակվեց հանրապետություն։ Ամբողջ գաղութը կորցնելու վտանգը Իտալիային ստիպեց զիջումներ անել։ Մենուսիտների միաբանության ղեկավար Իդրիս աս-Մենուսին ճանաչվեց Կիրենաիկայի չգրավված մասի կառավարիչ։ 1919-ին համաձայնություն ստորագրվեց Տրիպոլիտանիայի հանրապետության հետ՝ նրան ներքին ինքնավարություն տալու և սահմանադրություն մտցնելու վերաբերյալ։ 1922հունվարին Իդրիս-աս Մենուսիի և Տրիպոլիտանիայի կառավարության միջև ստորագրվեց ազգային պակտ, որը նախատեսում էր Կիրենաիկայի և Տրիպոլիտանիայի համագործակցությունը իտալացի զավթիչների դեմ։ Իդրիսաս-Մենուսին ճանաչվեց այդ երկու մարզերի ամիրա։ 1922-ին Իտալիան վերսկսեց ռազմական գործողությունները Լիբիայում։ Իտալացի զավթիչները զանգվածաբար կոտորում և տեղահանում էին տեղական բնակչությանը։ Ծավալվեց ազատագրական շարժում։ 1939-ին Կիրենաիկան, Տրիպոլիտանիան և Ֆեցցանը մտցվեցին Իտալիայի կազմի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իտալիան Լիբիայում ստեղծեց գաղութային զորքեր, կառուցեց ռազմական բազաներ և այլն։ 1941-ին անգլիական զորքերը գրավեցին Կիրենաիկան, սակայն իտալացիները գերմանական զորքերի օգնությամբ վերագրավեցին այն։ Ստալինգրադի մոտ գերմանական զորքերի ջախջախումից հետո իտալա-գերմանական զորքերը դուրս եկան Լիբիայի տարածքից։ 1942-ի վերջին — 1943-ի սկզբին ֆրանսիական զորքերը գրավեցին Ֆեցցանը, անգլիական զորքերը՝ Կիրենաիկան և Տրիպոլիտանիան։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ Լիբիայի տարածքում ստեղծեցին ռազմական բազաներ։ Լիբիայի ճակատագրի հարցը քննարկվեց սկզբում Արտաքին գործերի մինիստրների խորհրդում, ապա՝ ՄԱԿ-ում (1945—1948)։ Իմպերիալիստական տերությունները ձգտում էին մասնատել Լիբիան։ 1949նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց Լիբիային անկախություն տալ մինչև 1952հունվարի 1-ը։ 1950-ին հրավիրվեց Ազգային սահմանադիր ժողով, որն ընդունեց Լիբիայի սահմանադրությունը։ 1951դեկտեմբերի 25-ին հռչակվեց Լիբիայի Միացյալ Թագավորությունիը (Կիրենաիկայի, Տրիպոլիտանիայի, Ֆեցցանի ֆեդերացիա), թագավոր՝ Իդրիսաս-Աենուսին (Իդրիս I)։ 50-ական թթ. Լիբիայում բացվեցին նավթի հարուստ հանքավայրեր, և երկիրը դարձավ արտասահմանյան կապիտալի ներթափանցման օբյեկտ։

Լիբիան որպես անկախ պետություն խմբագրել

Ձևավորվեց բանվոր դասակարգը, ամրապնդվեց ազգային բուրժուազիան։ 1960—1963-ին ստեղծվեց տնտեսական զարգացման խորհուրդ, կազմակերպվեց լիբիական ձեռնարկությունները օտարերկրյա ֆիրմաների մրցակցությունից պաշտպանելու հատուկ կոմիտե, ստեղծվեցին ազգային մի շարք ընկերություններ և այլն, որոնք նպաստեցին ազգային տնտեսության զարգացմանը։ 1963-ին Լիբիան հայտարարվեց միացյալ պետություն։ Երկրի տնտեսական և քաղաքական կյանքում տիրապետող դիրք գրավում Էին խոշոր ֆեոդալները և շեյխերը։ Ճնշվում Էր դեմոկրատական շարժում ը։ Լիբիայի տնտեսակամ ծանր վիճակը, օտարերկրյա մոնոպոլիաներից կախվածությունը ևս դժգոհություն առաջացրին երկրում։ 1969սեպտեմբերի 1-ին «Ազատ սպաներ» կազմակերպության անդամների մի խումբ պետական հեղաշրջում կատարեց, տապալվեց թագավորական վարչակարգը։ Երկիրը հռչակվեց Լիբիայի Արաբական Հանրապետություն (ԼԱՀ)։ Երկրի կառավարումն անցավ հեղափոխական հրամանատարության խորհրդին (ՀՀԽ)՝ կապիտան (հետագայում՝ գնդապետ) Մուամար Քադաֆիի գլխավորությամբ։ ՀՀԽ մերժեց զարգացման կապիտալիստական ուղին և հռչակեց, որ ԼԱՀ-ը կառուցելու է «լիբիական իսլամական սոցիալիզմ»։ 1969—1972-ին միջոցառումներ ձեռնարկվեցին ազգային տնտեսության ամրապնդման ուղղությամբ։ 1970-ին վերացվեցին օտարերկրյա ռազմական բազաները։ 1972-ին հիմնվեց երկրի միակ քաղաքական կազմակերպությունը՝ Արաբական սոցիալիստական միությունը (ԱԱՄ)։ Նրա գաղափարախոսության հիմքում ընկած է այսպես կոչված «երրորդ տեսությունը», որի առանցքն են կազմում կրոնը և նացիոնալիզմը։ 1976նոյեմբերին երկիրը վերանվանվեց Լիբիական Արաբական ժողովրդական Հանրապետություն (ԼԱԺՀ), իսկ 1977մարտին՝ Լիբիական Արաբական Սոցիալիստական ժողովրդական Ջամահարիա։ Արտաքին քաղաքականության մեջ ԼԱՍԺԶ վարում է «դրական չեզոքության» գիծ, պայքարում իմպերիալիզմի և Իսրայելի ագրեսիայի դեմ։ 1971սեպտեմբերի 1-ին Լիբիան Եգիպտոսի և Սիրիայի հետ կազմեց Արաբական Ֆեդերատիվ Հանրապետություն (ԱՖՀ)։ 1972-ին Լիբիայյի և Եգիպտոսի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց ապագայում երկու երկրների պետական միավորման մասին։ 1974-ին Լիբիան Թունիսի հետ համաձայնագիր ստորագրեց միացյալ պետություն՝ Իսլամական Արաբական Հանրապետություն ստեղծելու վերաբերյալ, որը չիրագործվեց։

Քաղաքացիական Պատերազմ 2011 խմբագրել

2011 թվականին Լիբիայում տեղի ունեցավ քաղաքացիական պատերազմ։ Երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի կառավարության և ընդիմադիր և նրանց աջակցող օտար երկրների (Ֆրանսիա, Եգիպտոս, ԱՄԷ, Կատար, Հորդանան, ՆԱՏՈ) միջև։ Քաղաքացիական պատերազմի արդյունքում Մուամար Քադաֆին և իր կառավարությունը հեռացվեցին իշխանությունից։ Իշխանափոխությունից որոշ ժամանակ անց 2011 թվականի հոկտեմբերի 20-ին Լիբիայի Սիրտ քաղաքում Մուամար Քադաֆին սպանվեց[8]։

Պետական կարգ խմբագրել

Լիբիան հանրապետություն է։ Որպես ժամանակավոր սահմանադրություն 1969-ից գործում է Սահմանադրական դեկլարացիան։ Օրենսդրական, ինչպես նաև պետական իշխանության բարձրագույն մարմինը հեղափոխական հրամանատարության խորհուրդն է, որի նախագահը պետության գլուխն է ու զինված ուժերի գերագույն Գլխավոր հրամանատարը։ Խորհուրդը նշանակում է կառավարություն և որոշում նրա ընդհանուր քաղաքականությունը։ 1969սեպտեմբերից պառլամենտն արձակված է, սակայն 2011 թվականի իշխանափոխությունից հետո երկրի օրենսդիր մարմին հռչակվեց խորհրդարանը, իսկ երկրի ղեկավար դարձավ խորհրդարանի ղեկավարը։ Տեղական կառավարման մարմինները տեղական և մունիցիպալ խորհուրդներն են։ Գավառները գլխավորում են գավառային կառավարիչները (մուտասարիֆները), շրջաններում՝ մուդիրները։ Դատական համակարգը կազմում են՝ գերագույն դատարանը, ապելյացիոն, I ատյանի և հանրագումարային (արագընթաց) իրավասության դատարանները։ Տեղափոխական հրամանատարության խորհրդի դեկրետով ստեղծվել է ժողովրդական դատարան։ Կան նաև շարիաթի դատարաններ։

Աշխարհագրություն խմբագրել

Լիբիայի տարածքի 98%-ը կիսաանապատներ ու անապատներ են։ Ռելիեֆում տիրապետում են 200—600 մ բարձրությամբ սարավանդները։ Հարավում Տիբեստի բարձրավանդակն է (բարձրությունը մինչե 2286 մ), արևելքում՝ Լիբիական անապատը։

Կլիմա խմբագրել

Կլիման արևադարձային, անապատային է, հյուսիսում՝ մերձարևադարձային։ Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիում 11—12 °C է, հարավում՝ 15—18 °C, հուլիսինը հյուսիսում՝ 27,29 °C, հարավում՝ 32—35 °C, Լիբիական անապատի կենտրոնական մասում՝ ավելի քան 50 °C: Տեղումներն առավել շատ են հյուսիսային շրջաններում (տարեկան 250-350 մմ Տրիպոլիում, 400—625 մմ Կիրենաիկայում), Լիբիական անապատում՝ 25 մմ։

Ներքին Ջրեր և Հողեր խմբագրել

Լիբիայի տարածքով հաճախ անցնում են տաք, չորացնող գիբլի և խամսին քամիները։ Մշտապես հոսող գետեր չկան, սակայն կան ստորերկրյա ջրերի զգալի պաշարներ։ Ծովեզերքի գորշ-դարչնագույն հողերի վրա գերակշռում է մերձարևադարձային կիսաանապատային բուսականությունը (հազվադեպ՝ ակացիաներ, ժանտաթզենի, կարմրան)։ Անապատների հսկայական տարածություններ համարյա բուսազուրկ են։ Կան օազիսներ։

Կենդանական Աշխարհ խմբագրել

Կենդանական աշխարհին բնորոշ են օձերն ու մողեսները, կան նաև շնագայլեր, աղվեսներ, վարազներ և այլն։

Բնակչություն խմբագրել

97%-ը բերբերներն ու արաբներն են[9]։ Ապրում են նաև հաուսա, տուբու ժողովուրդների փոքր խմբեր։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, պետական կրոնը՝ իսլամը։ Բնակչության մոտ 90%-ը ապրում է ծովամերձ շրջաններում։ Առավել խիստ է բնակեցված Տրիպոլիի մուհաֆազան (բնակչության մոտ 1/4-ը)։ Հյուսիսային Լիբիայի արևմտյան մասում գերակշռում է նստակյաց բնակչությունը, արևելյան մասում և երկրի հարավ-արևմուտքում մի շարք ցեղեր վարում են կիսաքոչվորական և քոչվորական կյանք։ Առավել խոշոր քաղաքներն են Տրիպոլին, Բենգազին։

Տնտեսություն խմբագրել

Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը Լիբիայի տնտեսությունը հիմնված էր քոչվորական անասնապահության, մասամբ՝ հողագործության վրա։ 1950-ական թթ. նավթի խոշոր հանքավայրեր հայտնաբերելուց հետո երկրի էկոնոմիկայի հիմքը դարձավ նավթարդյունահանումը, որը տալիս է ազգային եկամտի 90%-ը։ Լիբիայի տնտեսության զարգացման կարևոր առանձնահատկություններն են՝ ֆինանսավորման համար սեփական ամուր բազայի առկայությունը և պետական սեկտորի մենաշնորհ դիրքը։ Տնտեսական և սոցիալական զարգացման 3-ամյա ծրագրից (1973—1975) հետո (գլխավոր խնդիրն էր տնտեսության ինդուստրիալ-ագրարային կառուցվածքի հիմքերի ստեղծումը) ընդունվել է տնտեսության զարգացման 5-ամյա (1976—1980) պլան, որի գլխավոր խնդիրներն են՝ սեփական արդյունաբերական բազայի ստեղծումը, ինֆրակառուցվածքի հետագա զարգացումը, ազգային որակյալ կադրերի պատրաստումը։

Արդյունաբերություն խմբագրել

Արդյունաբերության առաջատար ճյուղը նավթարդյունահանումն է, որն իրականացնում է ԼԻՆՕԿՈ պետական կորպորացիան։ Նավթի արդյունահանումը 2014-ին կազմել է օրական 310,000 բարրել[10]։ Արդյունահանում են նաև բնական գազ (12,19 մլրդ մ3, 2012[10])։ 2014-ին արտադրվել է 25,96 մլ8d կվտ/ժ էլեկտրաէներգիա[10]։ Վերամշակող արդյունաբերության հիմնական ճյուղերն են՝ նավթագազավերամշակումը, սննդի (բուսական յուղի, պահածոների), տեքստիլ (բրդյա գործվածքների) արդյունաբերությունը, ծխախոտի, օճառի, կաշվի, ցեմենտի արտադրությունը։ Արդյունաբերական ձեռնարկությունների մոտ 75%-ը կենտրոնացած է Տրիպոլիում։ Մարսա-Բրեգա նավահանգստում կառուցվել են նավթավերամշակման և հեղուկ գազի, Ինտիսար հանքավայրի շրջանում՝ ամոնիակի, հեղուկ գազի և բենզինի գործարաններ։ Զարգացած է տնայնագործական և կիսատնայնագործական արտադրությունը, գորգագործությունը։

Գյուղատնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսության մեջ խրախուսվում է կոոպերատիվ շարժումը։ Գերակշռում է անջրդի հողագործությունը։ Ցանքատարածությունների մեծ մասը զբաղեցնում են գարին և ցորենը։ Մշակում են նաև ձիթենի, ցիտրուսներ, փյունիկյան արմավենի, գետնընկույզ, ծխախոտ, բանջարեղեն։ Կարևոր նշանակություն ունի էքստենսիվ անասնապահությունը։ Ծովափին զբաղվում են ձկնորսությամբ։

Տրանսպորտ խմբագրել

Ցամաքային տրանսպորտի հիմնական տեսակը ավտոմոբիլայինն է։ Ավտոճանապարհների երկարությունը մոտ 100,000 կմ է (2014)[11], նավթամուղներինը՝ 7005 կմ[11]։ Նավթատար նավատորմի տոննաժը 0,3 մլն տ է (1974)։ Ատեղծվել է ազգային «Լիբիա էյրուեյս» ավիաընկերությունը։ Միջազգային օդանավակայաններ կան Տրիպոլի, Բենգազի, Սեբհա քաղաքներում։

Արտաքին Առևտուր խմբագրել

2014-ին արտահանումը կազմել է 17.49, ներմուծումը՝ 16,08 մլն ԱՄՆ Դոլար[12]։ Արտահանման հիմնական մասը նավթն ու գազն է։ Ներմուծում է մեքենաներ և սարքավորում, տրանսպորտի միջոցներ, սննդամթերք, հանքային պարարտանյութեր և այլն։ Արտաքին առևտրում հիմնական գործընկերներն են Իտալիան, Չինաստանը, Գերմանիան, Եգիպտոսը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը։ Դրամական միավորը լիբիական դինարն Է։

Կրթություն խմբագրել

1968-ին անգրագետ էր Լիբիայի բնակչության 73%-ը։ 1969-ին մտցվել է պարտադիր տարրական կրթություն։ Ուսուցումը անվճար է բոլոր ուսումնական հաստատություններում։ Կրթական համակարգի մեջ մտնում են մանկապարտեզները (4—6 տարեկան երեխաների համար), տարրական (ուսման տևողությունը 6 տարի), միշնակարգ (երկաստիճան՝ յուրաքանչյուրը 3 տարի) դպրոցները։ Պրոֆտեխնիկական կրթությունը իրականացվում է տարրական կամ միշնակարգ դպրոցի առաջին աստիճանի հիմքի վրա (ուսման տևողությունը 4 տարի)։ Բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Լիբիական համալսարանը, հիմնվել է 1955-ին, Բենգագիում։ 1957-ից ֆակուլտետներ ունի Տրիպոլիում։ Խոշորագույն գրադարաններն են՝ Լիբիական համալսարանի (ավելի քան 77,6 եզ. կտոր գիրք), Տրիպոլիի պետական (ավելի քան 35,5 հզ. կտոր գիրք) գրադարանները։ Թանգարաններն են՝ Հնագիտական և բնապատմականը Տրիպոլիում, Հնագիտական թանգարաններ Մագնեում և Սաբրատում։

Մշակույթ խմբագրել

Գրականություն խմբագրել

VII դ.—VIII դ. սկզբին արաբական նվաճումներից հետո Լիբիայում գրականությունը զարգացել է համաարաբական մշակույթի հունով։ XVI դարից սկսած, երբ Լիբիան ընկել է թուրքական տիրապետության տակ, գրականությունը անկում է ապրել։ Այնուամենայնիվ, XVII—XVIII դդ. հանդես են եկել սուֆի բանաստեղծներ Օմար բեն ալ-Ֆարիդը, Ահմեդ ալ-Բախլյուլին (մահ. 1701), որոնք հետևել են արաբական հնագույն պոեզիայի ավանդույթներին։ Իրենց քասիդներում գաղութարարների դեմ պայքարի կոչ են արել բանաստեղծներ Ահմեդ աշ-Շարիֆը (1864—1918), Մուսթաֆա բեն Զիրին (1853—1918), Սուլեյման ալ-Բարունին (մահ. 1914)։ Իտալական գաղութակալության (1912—1943) շրջանի պոեզիային բնորոշ են հայրենասիրական, ազատագրական մոտիվները (Ահմեդ Ռաֆիկ ալ-Մախդաուի, մահ. 1961, Իբրահիմ ալ-Ուստ Ումառ, 1907—1950 և այլք)։ Անկախության հռչակումից (1951) հետո բանաստեղծներ Ալի Սիդկի Աբդ ալ-Քադերը, Ահմեդ Ֆուադ Շիննիբը, Ալի առ-Ռուկեյնը և ուրիշներ հրաժարվեցին արաբական տաղաչափության դասական ձևերից, հետաքրքրություն ցուցաբերեցին հասարակական խնդիրների, մասամբ՝ հասարակ մարդու կյանքի նկատմամբ։ Արձակը ծնունդ է առել 40—50-ական թթ.: Գլխավոր թեմաներն են՝ լիակատար անկախությունը, սոցիալական հավասարությունը, նախապաշարումների դատապարտումը։ Մուսթաֆա ալ-Միսուրատայի, Մուհամեդ Աբու Խարրուսի, Ռիշատ ալ-Խունի, Մուհամեդ Աֆիֆի և ուրիշների նովելների հերոսները բեդվիններ են, ձկնորսներ, արհեստավորներ։ 1960—1970-ական թվականների սկզբին գրականություն եկան երիտասարդ բանաստեղծներ ու արձակագիրներ Ջումա ալ-Ֆարանին, Ահմեդ ան-Նուեյրին, Ֆուազիա Բարիյուունը և Աբդել Հաֆեզ ալ-Մայարը։

Ճարտարապետություն և Կերպարվեստ խմբագրել

Լիբիայի տարածքում պահպանվել են նոր քարի դարի ժայռապատկերներ (փղերի, բիզոնների որսի տեսարաններ, քաղաք Էլ-Ուվեյնաթ), փյունիկյան արվեստի հուշարձաններ (կավե քանդակներ, նախշազարդ խեցեղեն, ապակյա անոթներ, մանյակներ, մ. թ. ա. I հազարամյակ, Լեպտիս-Մագնա), հին հունական, հին հռոմեական և բյուգանդական խճանկարված և քանդակազարդ կառույցների մնացորդներ (Մաբրւաոայի թատրոնը, II—III դդ.), անտիկ կիրառական արվեստի նմուշներ։ Արաբների նվաճումից հետո (VII դ.—VIII դ. սկիզբ) Լիբիայի տարածքում ձևավորվել է արաբա-բերբերական մշակույթը, երևան են եկել քաղաքներ՝ նեղ, ոլորուն փողոցներով, մզկիթներով, մինարեթներով, ներքնաբակեր ունեցող 1—2-հարկանի կավածեփ տներով։ XVIII—XIX դդ. բնորոշ են բազմագմբեթ մզկիթները, որոնք ներքուստ պատված են քանդակազարդերով, որմնանախշերով, բազմագույն մայոլիկայով (Գերնա քաղաքի մզկիթը), հեռավոր շրջաններում մզկիթները կավածեփ, հատակագծում ուղղանկյուն, ամրոցային բնույթի կառույցներ են։ Իտալական տիրապետության շրջանում (1912—1943) քաղաքներում ստեղծվել են եվրոպական թաղամասեր։ Անկախության նվաճումից հետո կառուցվում են ժամանակակից դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի և վարչական շենքեր։ ժողովրդական արվեստի գործերից են վառ երկրաչափական նախշերով գորգերը, դրոշմված կամ ասեղնագործված զարդերով կաշվե իրերը, դրվագված պղնձե անոթները, ոսկերչական առարկաները, արմավենու տերևներից հյուսված խսիրներն ու պայուսակները։

Թատրոն խմբագրել

Լիբիայի ժամանակակից թատրոնի ձևավորմանը նպաստել են ժողովրդական ներկայացումների («Ղարագյոզ» և այլն) ավանդույթները, ինչպես և եգիպտական ու եվրոպական թատերախմբերը։ Առաջին թատերախումբը ստեղծել է Մուհամեդ Աբդել Հադին (1935, քաղաք Գերնա)։ Անկախության հռչակումից հետո ստեղծվել են մի քանի սիրողական և պրոֆեսիոնալ թատերախմբեր։ 1951-ին Մուստաֆա Մուհամեդ Լամիրը հիմնել է Ազգային թատերական ասոցիացիա, որը լիբիական առաջին թատրոնն էր՝ մշտական թատերախմբով և խաղացանկով (բեմադրվել են Մոլիերի, Ն. Գոգոլի, եգիպտական և ազգային ժամանակակից դրամատուրգների պիեսներ)։ 1963-ին Տրիպոլիում բացվել է երաժշտա-դրամատիկական ուսումնարան։ Գործում են մի շարք ժողովրդական երաժշտապարային անսամբլներ՝ Տրիպոլիում (1963-ից), Բենգազիում (1968-ից), Դերնայում (1969-ից), շրջիկ թատերական կոլեկտիվներ՝ Բենգազիի ժողովրդական թատրոնը, Գերնա և Տրիպոլի քաղաքների ազգային թատրոնները։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լիբիայի բնակչությունը 2015 թվականին
  2. Լիբիայի ՀՆԱ-ն
  3. Լիբիայի Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն
  4. Լիբիայի անվանական ՀՆԱ-ն
  5. Լիբիայի Մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն
  6. Լիբիայի Բնակչություն
  7. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  8. Լիբիայի Քաղաքացիական Պատերազմ
  9. «Լիբիայի Բնակչություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Լիբիայի Էներգետիկան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  11. 11,0 11,1 «Լիբիայի Տրանսպորտային Համակարգ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  12. «Լիիայի Տնտեսություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիբիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 607