Լելե Թեփեի օպերացիա (կամ Ջաբրայիլի օպերացիա), ռազմագործողություն, որը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Վարազաթումբ (Լելթ Թեփե) բլրի ուղղությամբ[1]։ Ըստ մի շարք պնդումների՝ այս օպերացիան արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում հայկական կողմի ամենից շատ զոհեր տված ռազմագործողությունն է։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ հայկական կողմից եղել է ավելի քան 700 զոհ, մարտի դաշտում է թողնվել 44 տանկից 42-ը[2]։ Ռազմական փորձագետների կարծիքով՝ Լելե-Թեփեի օպերացիայի տապալումը կործանարար է դարձել Արցախի Պաշտպանության բանակի համար՝ կոտրելով հայկական պաշտպանական ուժերի ողնաշարը[3]։

Լելե Թեփեի օպերացիա
Արցախյան երկրորդ պատերազմ
Ա
Թվական հոկտեմբերի 8, 2020
Վայր Վարազաթումբ,
Հադրութի շրջան
Արդյունք Գործողության տապալում
Ավելի քան 700 զոհ հայկական կողմից
Հակառակորդներ
Արցախ Արցախ Ադրբեջան Ադրբեջան,
Թուրքիա Թուրքիա,
Սիրացի թուրքամետ վարձկաններ
Հրամանատարներ

Ըստ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի՝ «Լելե Թեփեի օպերացիա» ընդհանրապես չի եղել, իսկ ասոցացվող Քյանդ Հորադիս օպերացիայի ժամանակ եղել է ընդամենը 2 զոհ[4]։

Նախապատմություն խմբագրել

Վարազաթումբը, կամ առավել հայտնի Լելե Թեփե բարձունքը Արցախի Հանրապետության վերահսկողության տակ է եղել 1994 թվականի փետրվարի 12-ից[5]։ 2016 թվականի ապրիլին արցախաադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում բլուրը օկուպացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից[6]։

Գործողություն խմբագրել

Պատերազմի առաջին օրերին, սկսած հոկտեմբերի 3-ից, թուրք-ադրբեջանական ուժերը Լելե Թեփեի ուղղությամբ 6-8 կիլոմետրանոց հատվածում ճեղքել են հայկական կողմի պաշտպանությունը և առաջխաղացում ունեցել դեպի Ջաբրայիլ։ Քննարկման արդյունքում գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը գործողությունների պլան է առաջարկել, որի նպատակն էր գրոհել Լելե Թեփեի ուղղությամբ՝ նպատակ ունենալով գրավել բլուրը և փակել դեպի Ջաբրայիլ ադրբեջանական զորքի ճանապարհը։ Հայկական ուժերը հոկտեմբերի 7-ին անցել են գրոհի, իսկ գործողությունները ղեկավարել է գեներալ-լեյտենտանտ Ջալալ Հարությունյանը։

Գործողությունը սկսելուց մի քանի ժամ հետո մի քանի հարյուր մարդկային կորուստներ տալով հայկական կողմը 44 տանկից 42-ը թողել է ռազմի դաշտում և հեռացել։ Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գործողությունը առաջարկել է գեներալ, իսկ ինքը պարզապես մոդերացիա է արել և որևէ պատասխանատվություն չի կրում որոշման համար։ Հավանաբական է համարվում, որ այդ գեներալը Սամվել Բաբայանն է[7]։

Հայկական ուժերի հակահարձակման գործողությունների մասին գործողություններից առաջ կամ, ենթադրաբար դրա ընթացքում, ռուսական «РБК» ալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը հայտնել է, որ արցախցի զորահրամանատարները հարավում իրագործել են մի մտահղացում, որի արդյունքում միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Գործողությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բառացիորեն այդ վայրկյաններին ադրբեջանական կորպուսը ստանում է ջախջախիչ հարվածներ և, ըստ նրա՝ այդ պահին դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը[8][9]։

Գործողությունների մասին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

  Այս օրը հայոց պատմության փառավոր հաղթանակներից մեկի օրն է։ Փառք Հայոց Բանակին[10]։  

Քննադատություններ խմբագրել

Գործողության իրականացման հավանական պատճառներից նշվում է Նիկոլ Փաշինյանի անձնական ամբիցիաները՝ քաղաքական նպատակներով հետ բերել մի բլուր, որն Արցախը կորցրել է Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում[11]։ Այս քննադատությանը ԱԺ ամբիոնից անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը[12]։

Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում ասել է.

  ... Էդ օպերացիան առաջարկի հեղինակը եղել ա գեներալ, այդ առաջարկը ընդունելի ա համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության իրականացումը գնահատել ա գեներալ և որոշումը կայացրել ա գեներալ։ Ընդ որում՝ այնպիսի գեներալ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են։ Այո, այդ քննարկման խոսակցությունների մի հատվածին ես ներկա եմ եղել, ես մոդերացիա եմ արել խոսակցությունը և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել՝ դա լավ տարբերակ է, թե՝ վատ։ Ես ասել եմ՝ դու ի՞նչ կարծիքի ես, դու ի՞նչ կարծիքի ես և ամենաբարձրաստիճանին եմ հարցրել՝ դու ի՞նչ կարծիքի ես, ասել ա՝ «լավ միտք ա», որից հետո տվել ա հանձնարարական, հանձնարարականով ասել ա՝ գնահատեմ իրադրությունը, զեկուցեմ, գնացել ա իրադրությունը զեկուցել ա, ասել ա, որ այո, դա պետք ա ու կարելի ա անել։  

Ըստ ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի՝ ռազմական ոլորտում չկա «մոդերացիա» հասկացությունը։ Կա հրամանատարական կազմ, որն առաջարկություն է անում՝ որոշում ընդունելու համար, իսկ գերագույն գլխավոր հրամանատարը կայացնում է վերջնական որոշումը։

Քրեական գործ խմբագրել

2022 թվականի սեպտեմբերի 2-ին մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին։ Գեներալ-լեյտենանտը մեղադրվում է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ։ Երկու մեղադրանքներից առաջինով Ջալալ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերի 7-ին ղեկավարել է հայկական կողմի ձեռնարկած հակահարվածի գործողությունը, երբ հայկական կողմը 1։5 հարաբերակցությամբ զիջել է հակառակորդին, մինչդեռ նման հարձակողական գործողության համար անհրաժեշտ էր հակառակորդին գերազանցել 1:3 հարաբերակցությամբ։ Հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև բացակայել է փոխգործակցությունը։ Ըստ իրավապահների՝ Ջալալ Հարությունյանի գործողությունների հետևանքով հայկական ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, պահեստային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։

Ավելի ուշ Հարությունյանը ձևավորել է նոր զրահախումբ և նրանց առջև դրել նույն մարտական խնդիրը, այն դեպքում, որ այս նոր զրախումբը էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները։ Հոկտեմբերի 8-ի այդ մարտական առաջադրանքը ևս ձախողվել է, առաջացնելով ծանր հետևանքներ[13][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լելե Թեփեի օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ. Նիկոլ Փաշինյան». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  2. «ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լելե Թեփեի գործողության ընթացքում 650 զոհ ենք ունեցել, 44 տանկից 42-ը թողել ենք մարտի դաշտում |». 2021 թ․ ապրիլի 1. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  3. Luiza. «Գեներալը, որն առաջարկել է 700 զինվորի կյանք խլած Լելե Թեփեի օպերացիան Սամվել Բաբայանն է․ Մեդիապորտ». www.yerevantoday.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  4. Technologies, Peyotto. «Լելե-Թեփեի օպերացիա չի եղել․ Սամվել Բաբայան». iravaban.net. Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
  5. «Ordumuzun ələ keçirdiyi "Lələ təpə" haradadı və strateji əhəmiyyəti nədən ibarətdir?» (ադրբեջաներեն). Politika.az. 2016 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
  6. «Nagorno-Karabakh Stalemate Flares Into Violence». Stratfor. 2016 թ․ ապրիլի 3. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  7. Technologies, Peyotto. «Որ գեներալն է Լելե թեփեի գրավումը նախաձեռնել ու ձախողել. ընդդիմադիրները մեղադրում են Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ». factor.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  8. «Նիկոլ Փաշինյան. «Այս պահին դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը»». Hetq.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. «Ջաբրայիլի անկումը. պատերազմի երկրորդ շաբաթը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. «Այս օրը հայոց պատմության փառավոր հաղթանակներից մեկի օրն է». Արծրուն Հովհաննիսյան
  11. «Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, Հայաստանի իշխանությունները՝ հունական կղզիներում հողեր. Փաշինյան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  12. «Գեներալը, որն առաջարկել է 700 զինվորի կյանք խլած Լելե Թեփեի օպերացիան Սամվել Բաբայանն է. Mediaport». news.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  13. «Մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.
  14. «Մեղադրանք է ներկայացվել Ջալալ Հարությունյանին. վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է». news.am. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 11-ին.