Լեզվի կոմիտե, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ենթակա պետական մարմին, որը մասնակցում է լեզվական քաղաքականության մշակմանը, ապահովում է այդ քաղաքականության իրականացումը։

Լեզվի կոմիտե
Լեզվի կոմիտե
Տեսակկազմակերպություն
ԵրկիրՀայաստան
ՀապավումԼԿ
Ստեղծման թվական1993
Կայքlangcom.am

Լեզվի կոմիտեն (նախկինում՝ Հայաստանի Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն) ստեղծվել է 1993 թվականի հոկտեմբերի 19-ին Հայաստանի Կառավարության հմ. 531 որոշմամբ[1]։

2002 թվականին Հայաստանի Լեզվի պետական տեսչությունը վերակազմակերպվել է և Հայաստանի կրթության և գիտության նախարարության կազմում դարձել առանձնացված ստորաբաժանում։

2018 թվականի մարտի 23-ին ընդունվել է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի օրենքը, որի ուժով Հայաստանի կրթության և գիտության նախա­րարության լեզվի պետական տեսչությունը գործում է որպես Լեզվի կոմիտե՝ նախարարությանը ենթակա պետական մարմնի կարգավիճակով[2]։

Վերոգրյալի հիմքով Լեզվի կոմիտեն իրականացնում է նաև օրենքով Լեզվի պետական տեսչությանը վերապահված գործառույթները։

Հայաստանի Կառավարության 2018 թվականի 580-Ա որոշմամբ Լեզվի կոմիտեն գործում է որպես Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը  ենթակա պետական մարմին[3]։

Կոմիտեն ունի երկու բաժին՝ Լեզվական վերահսկողության և Վարչական իրավախախտումների։

Պատմություն խմբագրել

Նորագույն պատմության մեջ հայկական պետական լեզվաքաղաքականության սկզբնավորումը պիտի համարել Առաջին հանրապետության կարճատև շրջանը (1918-1920)։ Այս պատմափուլի ամենանշանակալից իրադարձություններից մեկը հայերենին պետական լեզվի կարգավիճակ շնորհելն էր[4]։

Անկախության սկզբնական շրջանում Հայաստանի պետական մարմիններում գործավարության լեզուն գրեթե համատարած ռուսերենն էր, պաշտոնյաների և զինվորականների զգալի մասը հայերեն չգիտեր կամ ուղղակի չէր ուզում գրել կամ խոսել երկրի լեզվով։

1919 թ․ գարնանը Հայաստանում սկիզբ է առնում մի շարժում, որը հայտնի էր «Հայացում» անունով (սա պետք է հասկանալ որպես «հայերենացում»)։ Կազմվում է «Հայացման կոմիտե», որը օգնելու էր հիմնարկություններին արագ հայացվել և լուծել գործնական խնդիրներ։ Հայացման կոմիտեն հանուն հայերենի իրավունքների հաստատման Հայաստանի քաղաքացիներին կազմակերպվելու և անդուլ պայքարի բաց կոչ է ուղղում[5]։

  Քաղաքացինե՛ր, պահանջեցէ՛ք, որ հայերէնը պետական լեզու ճանաչւի։ Պահանջեցէ՛ք, որ ձեզ հետ խօսեն ձեզ հասկանալի լեզւով  

(«Հայաստանի աշխատաւոր», ապրիլի 27, 1919)

Երկարատև քննարկումներից հետո 1919 թ. դեկտեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանի 52-րդ նիստում ընդունվում է երկու հոդվածից բաղկացած օրենքը․ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հռչակվում է հայերենը։ «Լեզվի մասին» օրենքը հրապարակվում է դեկտեմբերի 26-ին[5]։

Հայերենը պարտադիր է դառնում պետական ու հասարակական հաստատություններում ու բանակում։ Հիմնարկությունները պարտավոր էին վեց ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկել հայերենը պետական գործավարության պաշտոնական լեզու դարձնելու ուղղությամբ։ Այլ լեզուների գործածությունը պիտի սահմանվեր հատուկ օրենքով։

  Լեզուն անկախ Հայաստանի հիմնաքարերից մեկն է, և քանի որ կառավարությունը ժողովրդի հետ չի խոսում մայրենի լեզվով, անկախությունը չի կարող իրական լինել  

(Հ. Մանուկյան, դեկտեմբերի 24, 1919)

Ընդունված օրենքը ՀԱՅԵՐԵՆԻ մասին էր, չկար որևէ տարբերակում՝ արևելահայերեն/արևմտահայերեն։ Այս մոտեցումը հետագայում որդեգրվեց Խորհրդային Հայաստանի, ապա և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ, նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքում (1993)։

Խորհրդային շրջանում (1920-1991) ևս հայերենը պետական լեզվի կարգավիճակ է ունեցել։ Այդ փաստն ամրագրված էր հանրապետության 1922, 1936, 1978 թվականների Սահմանադրության մեջ, սակայն լեզվական հարցերը կարգավորված չեն եղել առանձին օրենքով։ Հայաստանն ինքնուրույն լեզվական քաղաքականություն չէր վարում, բայցև լիովին զրկված չէր այդ հնարավորությունից[4]։

1991 թ․ անկախացած Հայաստանի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմինը՝ Գերագույն խորհուրդը, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունել է 1993 թ. մարտի 30-ին[1]։    Հոդվածում ներկայացված են ՀՀ լեզվական քաղաքականության հիմնական դրույթները՝

  •   «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները»,
  •   «Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է»,
  •   «Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը և տարածմանը»,
  •   «Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը» և այլն[1]։

Կառուցվածք խմբագրել

Բաժիններ խմբագրել

Լեզվական վերահսկողության բաժինը ապահովում է  հայերեն հատուկ անունների, աշխարհագրական անունների՝ օտար լեզուներով և օտար անունների՝ հայերեն տառադարձման և ուղղախոսության կանոնարկման աշխատանքների իրականացումը, կատարում է լեզվական փորձաքննություն, լեզվաքարոզչություն (լեզվական քաղաքականությանը վերաբերող հարցերին նվիրված համաժողովների, հանդիպումների, խորհրդակցությունների, մամուլի ասուլիսների կազմակերպում, հանրային / սոցիալական ցանցերում Լեզվի կոմիտեի ներկայություն, հանրության հետ կապեր), աջակցում է ազգային փոքրամասնություններին` իրացնելու իրենց լեզվական իրավունքներն ու կատարելու պարտականությունները, հայերենը կանոնարկող բառարանների, տեղեկատուների ու ձեռնարկների ստեղծման և հրատարակման աշխատանքներին, իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ[6]։

Վարչական իրավախախտումների բաժինը վերահսկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենը լինելու պահանջի կատարումը,  համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը ապահովելու պահանջի կատարումը,  Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործավարությունը գրական հայերենով կատարելու պահանջի կատարումը, գովազդի բոլոր միջոցները հայերեն ձևավորելու պահանջի կատարումը և իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ[7]։

Նախկին ղեկավարներ խմբագրել

Դավիթ Գյուրջինյան 2018-2023
Սերգո Երիցյան 2010-2018 թթ․
Լավրենտի Միրզոյան 2004-2010 թթ․
Լևոն Գալստյան 1998-2004 թթ․
Վալերի Միրզոյան 1993-1998 թթ․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  2. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  3. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  4. 4,0 4,1 Դ․, Գյուրջինյան (-). ««Լեզվաքաղաքականություն» եզրույթի ընդհանուր բնութագիրը». Հանրապետական գիտաժողովի նյութեր, Երևան, 2020, էջ 48.
  5. 5,0 5,1 Դ․, Գյուրջինյան (-). «Հայոց լեզվի նկատմամբ պետական վերաբերմունքի դրսևորումները Հայաստանի Հանրապետությունում 1918-1920 թթ․». Վէմ համահայկական հանդես, թիվ 4 (64), Երևան, 2018, էջ 247։.
  6. «ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ» (PDF).
  7. «ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ» (PDF).

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Կոմիտեի պաշտոնական կայք
  2. Կոմիտեի ֆեյսբուքյան էջ
  3. Կոմիտեի ինստագրամյան էջ
  4. Կոմիտեի Թվիթեր
  5. Կոմիտեի տելեգրամյան ալիք
  6. Կոմիտեի յութուբյան ալիք
  7. Կոմիտեի տիկտոկյան ալիք