Լարիսա Լազուտինա

ռուս դահուկորդուհի

Լարիսա Եվգենևնա Լազուտինա (ռուս.՝ Лариса Евгеньевна Лазутина, օրիորդական ազգանունը՝ Պտիցինա (Птицына), հունիսի 1, 1965(1965-06-01), Կոնդոպոգա, Կարելիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դահուկորդուհի, Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1987), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1994)։ Ռուսաստանի Դաշնության հերոս (1998)։

Լարիսա Լազուտինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Лариса Лазутина
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 1, 1965(1965-06-01) (58 տարեկան)
Ծննդավայր՝Կոնդոպոգա, Կարելիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
167 սմ
Քաշ՝57 կգ

Կենսագրություն խմբագրել

Լարիսա Լազուտինան ծնվել է 1965 թվականի հունիսի 1-ին Կարելական ԻԽՍՀ Կոնդոպոգա քաղաքում, բանվորի ընտանիքում։

1972 թվականին ընդունվել է Կոնդոպոգայի № 1 միջնակարգ դպրոց։ Հինգերորդ դասարանում սկսել է զբաղվել դահուկային սպորտով Կոնդոպոգայի մանկապատանեկան մարզադպրոցում (նրա առաջին մարզիչներն են եղել Լ. Մելնիկովան, Լ. Յակովլևան և Յու. Յակովլևը)։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Խաբարովսկի ֆիզկուլտուրայի ինստիտուտ, որն ավարտելիս ստացել է մարզիչ-ուսուցչի որակավորում։ Լարիսա Լազուտինան սովորել է նաև Կարելիայի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետում։

1985 թվականին Լարիսա Լազուտինան հաղթել է Շվեյցարիայում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնության 3х5 կմ փոխանցավազքում։ 1986 թվականին նա արժանացել է ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետի կոչման։

1989 թվականին Լարիսա Լազուտինան, լինելով ԽՍՀՄ դահուկավազքի հավաքականի անդամ, տեղափոխվել է Օդինցովո։

1990-1998 թվականների ընթացքում Լարիսա Լազուտինան հինգ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, 11 անգամ ճանաչվել է աշխարհի չեմպիոն, երկու անգամ հաղթել է Աշխարհի գավաթի առաջնությունում, բազմիցս ճանաչվել է ԽՍՀՄ ու Ռուսաստանի չեմպիոն, ինչպես նաև արժանացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչման։ 1994 թվականին Լիլեհամերեում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ հաջող ելույթներից հետո Լարիսա Լազուտինան պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով, իսկ 1998 թվականին Նագանոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ հինգ մեդալ (երեք ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալներ) վաստակելուց հետո նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում։

2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Լարիսա Լազուտինան որակազրկվել է խթանիչ օգտագործելու պատճառով։ Նա ստացել էր երկու մեդալ, սակայն զրկվել է 30 կմ մրցատարածությունում վաստակած ոսկե մեդալից խթանիչի օգտագործման վերաբերյալ թեստի դրական արդյունքի պատճառով։ 2003 թվականի հունիսի 29-ին Պրահայում (Չեխիա) Միջազգային օլիմպիական կոմիտեի նիստում որոշվել է չեղյալ համարել 2001 թվականից հետո Լազուտինայի մարզական բոլոր ձեռքբերումները, որ նա ունեցել է միջազգային մրցություններում։

2002 թվականին Լարիսա Լազուտինային շնորհվել է Ռուսական բանակի մայորի կոչում։

2003-2007 և 2007-2011 թվականներին Լարիսա Լազուտինան ընտրվել է Մոսկվայի մարզային Դումայի պատգամավոր, եղել է Մոսկվայի մարզային Դումայի՝ Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ու զբոսաշրջության հարցերով հանձնաժողովի նախագահ։

2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիան։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։

Եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի անդամ։

2011 թվականին Լարիսա Լազուտինան ընտրվել է Մոսկվայի մարզային Դումայի Օդինցովոյի № 14 շրջանի պատգամավոր «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից, դարձել է Մոսկվայի մարզային Դումայի՝ Կրթության և մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ։

2002 թվականի սեպտեմբերի 6-ին Օդինցովոյի հիմնադրման 45-ին ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում բացվել է Լարիսա Լազուտինայի անունը կրող դահուկային վազքուղին։ Հետագայում այն վերանորոգվել է և ընդգրկվել Ռուսաստանի հերոս Լարիսա Լազուտինայի անվան մարզական հանգստավայրի մեջ։

Ընտանիք խմբագրել

Լարիսա Լազուտինան ամուսնացած է Գենադի Նիկոլաևիչ Լազուտինի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Ալիսան ու Դանիիլիը։

Պարգևներ խմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության հերոս (27 փետրվարի, 1998 թվական) - սպորտում ունեցած առանձնակի ձեռքբերումների, 1998 թվականի XVIII Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ցուցաբերած արիության ու հերոսության համար[1]
  • Պատվո շքանշան (3 փետրվարի, 2015 թվական) - օրինաստեղծման ակտիվ գործունեության ու բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[2]
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (22 ապրիլի, 1994 թվական) - 1994 թվականի XVII Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ունեցած մարզական մեծ ձեռքբերումների համար[3]
  • Կարելիայի Հանրապետության ֆիզկուլտուրայի վաստակավոր աշխատող (1995)
  • Կարելիայի Հանրապետության պատվավոր քաղաքացի (1999)[4]
  • «Մոսկվայի մարզին մատուցած ծառայությունների համար» գերազանցության նշան (15 դեկտեմբերի, 2008 թվական)[5]
  • Օդինցովոյի պատվավոր քաղաքացի (1999)։ Օդինցովոյի պատվավոր քաղաքացիների ծառուղում տեղադրվել է Լարիսա Լազուտինայի կիսանդրին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 27 февраля 1998 года № 206 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта по итогам XVIII зимних Олимпийских игр 1998 года»(չաշխատող հղում)
  2. Указ Президента Российской Федерации от 03.02.2015 № 48 «О награждении государственными наградами Российской Федерации»
  3. «Указ Президента Российской Федерации от 22 апреля 1994 года № 808 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта Российской Федерации по итогам XVII зимних Олимпийских игр 1994 года»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  4. Лучшим людям Карелии
  5. Постановление губернатора Московской области от 15 декабря 2008 года № 170-ПГ «О награждении наградами Московской области»(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 2: К — П. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2009. С. 134—464 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0125-4 (т. 2)

Արտաքին հղումներ խմբագրել

  Լարիսա Լազուտինա «Երկրի հերոսներ» կայքում

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարիսա Լազուտինա» հոդվածին։