Լարավոր կամուրջ (եբրայերեն՝ גשר המיתרים‎, Gesher HaMeitarim), հայտնի է որպես Լարերի կամուրջ կամ Երուսաղեմի թեթևաքաշ փոխադրամիջոցի կամուրջ, Դավթի տավիղ, երկաթուղային-հետիոտնային կայմապարաններով կամուրջ Երուսաղեմում։ Կառույցը նախագծել է իսպանացի ճարտարապետ և ինժեներ Սանտիագո Կալատրավան։ Կամրջով է անցնում Երուսաղեմի թեթևաքաշ փոխադրամիջոցի կարմիր գիծը, որը ծառայություն սկսել է մատուցել 2011 թվականի օգոստոսի 19-ից։ Կամրջի մեջ ներառված է ապակեպատ հետիոտնային կամուրջ, որը հնարավորություն է տալիս հետիոտնին անցնել Կիրյաթ մոշեից դեպի Երուսաղեմի կենտրոնական ավտոբուսային կայարան։ Շուրջ 70 միլիոն ԱՄՆ դոլար (246 միլիոն շեքել) արժողությամբ կամուրջը բացվել է 2008 թվականի հունիսի 25-ին[1]։

Լարավոր կամուրջ
Երկիր Իսրայել
ՏեղանքԵրուսաղեմ
Տեսակհետիոտնային կամուրջ, տրամվայի կամուրջ և կայմապարաններային կամուրջ
Նյութպողպատ
ՃարտարապետՍանտիագո Կալատրավա
Երկարություն360 մետր
Բացման տարեթիվհունիսի 25, 2008
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կալատրավան առաջին անգամ Իսրայել այցելել է 1997 թվականին Հայֆայում անցկացվելիք իր աշխատանքների ցուցահանդեսի բացման համար։ Այդ այցի ընթացքում նրան հրավիրել են նախագծելու Պետախ Տիկվայի հետիոտնային կամուրջը, որը բացվել է 2005 թվականին։ Կալատրավային Երուսաղեմ հրավիրել է քաղաքային ինժեներ Ուրի Շեթրիթը և նախկին քաղաքապետ Էհուդ Օլմերթը[2], որը, ըստ Կալատրավայի, կոչ է արել իրեն ստեղծելու «ամենագեղեցիկ ժամանակակից կամուրջը»[3]։

 
Կամրջի օդային տեսքը գիշերով

Լարավոր կամրջի կառուցումը սկսվել է 2005 թվականին՝ 129 միլիոն շեքել գնահատման արժեքով, որը գերազանցել է 80 միլիոն շեքելի նախնական կանխատեսումը[4]։

Դիզայն և խորհրդանիշ խմբագրել

Կամուրջը նախատեսվել է Երուսաղեմի տեսանելի հորիզոնին քաղաքի մուտքի մոտ վիզուալ տարր ավելացնելու և թեթևաքաշ փոխադրամիջոցի համակարգ իրականացնելու համար՝ որոշակի ճանապարհային երթևեկության խնդիրների լուծման ակնկալիքով[5]։

Իսպանիայի Սևիլյա քաղաքում գտնվող Կալատրավայի կառուցած Ալամիլյոյի նմանությամբ կամուրջն օգտագործում է անկյունագծային բարձակային աշտարակը կլանելու ծանրությունը և նվազեցնելու անհրաժեշտ նեցուկ ճոպանների թիվը։ Կամուրջը բաղկացած է մեկ հենասյունից, որը հակակշռում է 160 մետր երկարությամբ մալուխներին։ Թեև սա Կալատրավայի 40-րդ կամուրջն է, նա առաջին անգամ է նախագծել ինչպես երկաթուղային, այնպես էլ հետիոտների երթևեկության համար[6]։

Կամրջի զարմանալի առանձնահատկությունը 118 մետր բարձրությամբ կայմ է, որն աջակցում է խճուղուն 66 պողպատե մալուխների միջոցով[7]՝ եռանկյունաձև դասավորությամբ[5]՝ այն դարձնելով կառուցման պահին Երուսաղեմի ամենաբարձր շինությունը։ Կամուրջն արտաքինից պատված է Երուսաղեմի քարով՝ պողպատե, ապակե և բետոնե տարրերով։ Time ամսագիրը տպագրել է «Երուսաղեմի ժամանակակից դիզայնով առաջին սրբարանը»[6] հոդված, և կամուրջը դարձել է զբոսաշրջային գրավչության վայր։

Կամրջի տեսքը հիշեցնում է վրան անապատում կամ տավիղ, մալուխները՝ որպես լարեր, որոնք խորհրդանշում են Դավիթ թագավորի տավիղը, ըստ Կալատրավայի[8], ոմանք նշմարվող կայմը մեկնաբանում են որպես երկարավիզ թռչուն, մարդու ձեռք կամ աղեղի մեջ գտնվող նետ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lefkovits, Etgar (2008 թ․ հունիսի 25). «Jerusalem landmark inaugurated with gala». Jerusalem Post.
  2. Zandberg, Esther (2004 թ․ հունիսի 17). «The builder of bridges». Haaretz.
  3. Kershner, Isabel (2008 թ․ ապրիլի 4). «Grand bridge for a drab Jerusalem neighborhood». New York Times.
  4. Kedmi, Sharon (2005 թ․ հունվարի 20). «Shapir, Eiffel win tender to build Calatrava bridge project». Haaretz.
  5. 5,0 5,1 «Santiago Calatrava, Light Rail Train Bridge, Jerusalem, Israel». arcspace.com. 2008 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. 6,0 6,1 «Striking Chords in Jerusalem». Time Magazine. 2007 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. «Discord at opening of Chords Bridge - Haaretz - Israel News». Վերցված է 2008 թ․ հուլիսի 2-ին.
  8. The Associated Press (2008 թ․ հունիսի 25). «Jerusalem's Bridge of Chords - a new addition to city of ancient symbols». Haaretz.
  9. Volner, Ian (2008 թ․ հուլիսի 9). «A Bridge, Yes, But to Where?». The Jewish Daily Forward.

Արտաքին հղումներ խմբագրել