Լայկա (տիեզերագնաց շուն)

Լայկա (մոտ 1954, Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 3, 1957(1957-11-03)[2], Sputnik 2[3]), տիեզերագնաց շուն, Երկրի ուղեծիր դուրս բերված առաջին կենդանին։ Տիեզերք է ուղարկվել 1957 թվականի նոյեմբերի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 6։30-ին, խորհրդային «Սպուտնիկ 2» արբանյակով։ Այդ ժամանակ Լայկան մոտավորապես երկու տարեկան էր։

Լայկա
ՏեսակSoviet space dog? և առանձնյակ
Սեռիգական[1]
Ծնվել էմոտ 1954
ԾննդավայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Սատկել էնոյեմբերի 3, 1957(1957-11-03)[2]
Սատկելու վայրSputnik 2[3]
Անվանված էbark?
 Laika Վիքիպահեստում

Տիեզերական սարքավորումով Լայկայի վերադարձը Երկիր նախատեսված չէր։ Շունը մահացել է թռիչքի ժամանակ՝ հրթիռի մեկնարկից 5-7 ժամ անց, գերտաքացումից, չնայած ենթադրվում էր, որ նա տիեզերական ուղեծրում կապրեր մոտ մեկ շաբաթ[4][5]։

Սպուտնիկ 2 խմբագրել

«Սպուտնիկ 2» տիեզերական սարքավորման (որով Լայկան պետք է թռչեր) հերմետիկ խցիկի նախագծմանը կոնստրուկտորներից բացի մասնակցել են բժիշկներ և ինժեներներ Վ. Ի. Դանիլեյկոն, Լ. Ա. Գրեբենևը, Վ. Ս. Գեորգիևսկին, Բ. Գ. Բույլովը և Ա. Ի. Աֆանասևը[6]։ Հերմետիկ խցիկը նման էր հատակն ուռուցիկ գլանի։ Խցիկն ուներ ավտոմատ սնուցում, օդորակիչ համակարգ, որը ռեգեներացիոն տեղակայանք էր։

Օդի վերականգնման սարքը, որ նախատեսված էր 7 օրվա աշխատանքի համար, բաղկացած էր բարձրակտիվ քիմիական միացությունների թիթեղներից, որոնց միջոցով օդն անցնում էր թթվածնով հարստանալու և ջրային գոլորշիների ու ածխաթթու գազի հեռացման համար։ Վերականգնման սարքերը տեղադրված էին աջից հատուկ պատյանների մեջ և շնից ձախ։ Դրանց մշակմամբ զբաղվել էին Ա. Դ. Սերյապինը և Զ. Ս. Սկուրիդինը[7]։

Կենդանու ֆիզիոլոգիական տվյալները գրանցելու համար «Կենսֆիզսարք» միությունն զբաղվել է «КМА-01» սարքավորման մշակմամբ։ «КМА-01» կարող էր գրանցել զարկերակը, շնչառությունը, արյան ճնշումը, կատարել էլեկտրասրտագրություն և որոշել մարմնի ջերմաստիճանը[7]։

Սնուցման մեքենան ավտոմատ բեռնարկղ էր, որի հերմետիկ արկղերում ժելեանման սննդային խառնուրդն էր։ Օրական երկու անգամ մեքենան բացում էր սպիտակուցներով, ճարպերով, ածխաջրածիններով, վիտամիններով և ջրով հարուստ սննդի բեռնարկղի կափարիչ։ Սնման մեքենայի ստեղծման հետ միաժամանակ մշակվել է շան կերակրման օպտիմալ օրաբաժին[8]։

Նախապատրաստում խմբագրել

 
Р-2А հրթիռը 2 շուն-փորձարկիչների հետ (Պալմա և Կուսաչկա), Կապուստին Յար հրաձգարան
 
Р-5А հրթիռի գլխամասն ու Պեստրա շունը վայրէջքից հետո, 1957 թվական, Կապուստին Յար հրաձգարան

Տիեզերական թռիչքների անվտանգությունը հաստատելու նպատակով կատարվող փորձարարական թռիչքների համար առաջարկվում էին մկներ, առնետներ և շներ։ Քննարկվում էր նաև կապիկներով արբանյակի արձակման եղանակը, բայց ընտրությունը կանգ առավ շների վրա, քանի որ դրանք ավելի լավ են վարժեցվում և ավելի հանգիստ են, քան կապիկները։

Կոնստրուկտորները շների քաշի սահմանը որոշել էին 6-7 կգ, սակայն փոքր տոհմային շները թռչելու համար հարմար չէին. առավել հաճախ նրանք փափկակյաց էին, սննդի նկատմամբ պահանջկոտ և ոչ բավականաչափ դիմացկուն։ Այդ պատճառով էլ շներին ընտրում էին անտուն շների բուծարաններից։ Կինոյի, լուսանկարչական և հեռուստատեսության սարքավորումների մասնագետների խորհրդով ընտրում էին սպիտակ շներ, որովհետև սպիտակը կադրում լավ էր երևում։ Հետո բոլոր սպիտակներից ընտրում էին ըստ ցենտրիֆուգով, վիբրոստենդով մարզումների արդյունքների[9]։

10 շներից[8] երեքը՝ Ալբինան, Լայկան և Մուխան, հավակնում էին մասնակցելու կենդանի արարածի մասնակցությամբ տիեզերական առաջին թռիչքին։ Ալբինան արդեն իրականացրել էր ենթաուղեծրային 2 թռիչք, բայց նրան խղճացին, քանի որ հղի էր, և որոշեցին, որ նա կլինի փոխարինող։ Մուխային թաթերի մի փոքր թեքության պատճառով չընտրեցին[10], որովհետև նկարներում գեղեցիկ չէր լինի, նրան դարձրին «տեխնոլոգիական շուն»։ Նրանով փորձարկեցին սարքավորումների և տարբեր համակարգերի աշխատանքը։

Թռիչքից առաջ Լայկային վիրահատել են, որի ընթացքում շնչառական տվիչներ են դրել կողերում և անոթազարկի տվիչ՝ քներակի մոտ։

Վերջին փուլում շանը երկար ժամանակ վարժեցրել են բեռնարկղի մանրակերտում։ Երբ Լայկան արդեն Բայկոնուրում էր, նրան մի քանի ժամ նստեցրել են խցիկում, որտեղ վարժվել է կերամանին, տվիչ, կոմբինեզոն կրելուն, աղբահանման միջոցներին և սահմանափակ տարածությունում գտնվելուն։

Լայկայի կոմբինեզոնը բեռնարկղին ամրացրել էին փոքր մալուխներով։ Դրանց երկարությունը Լայկային թույլ էին տալիս պառկել և նստել, ինչպես նաև մի փոքր շարժվել առաջ և հետ։ Ձախից երրորդ մալուխով ամրացված էին հաղորդման-ռեոստատ սենսորներ, որոնց նպատակը շարժողական ակտիվության գրանցումն էր։

1957 թվականի հոկտեմբերի 31-ի առավոտյան սկսվել են արբանյակ իջեցնելու նախապատրաստական աշխատանքները։ Լայկայի մաշկը մշակել են թույլ սպիրտով, տվիչների հաղորդալարերի անցկացման տեղերը՝ յոդով։ Կեսօրին Լայկային նստեցրել են հերմետիկ խցում, իսկ գիշերվա ժամը մեկին տեղավորել հրթիռի մեջ։ Թռիչքից կարճ ժամանակ առաջ անհրաժեշտ է եղել խցիկը վերահերմետիկացնել և շանը ջուր տալ. բժշկական անձնակազմին թվացել է, որ շունը խմել է ուզում[9]։

Լայկայի թռիչք խմբագրել

 
Լայկան նամականիշի վրա

«Սպուտնիկ 2»-ը բաց է թողնվել 1957 թվականի նոյեմբերի 3-ին[11]։

Հեռաչափական տվյալները ցույց են տվել, որ վերբեռնման գործողություններից հետո, երբ Լայկան արդեն անկշռության մեջ էր, անոթազարկի հաճախականությունը գրեթե նորմալացել է, շարժողական ակտիվությունը դարձել է չափավոր, շարժումներ՝ կարճատև և սահուն։ Բայց անոթազարկի կարգավորման համար անհարժեշտ է եղել 3 անգամ ավելի շատ ժամանակ, քան Երկրում կատարված գիտափորձերի ընթացքում։ Էլեկտրասրտագրությունը պաթոլոգիական ոչ մի փոփոխություն չի գրանցել[8]։

Լայկան կենդանի է եղել Երկրի շուրջ կատարված 4 պտույտների ընթացքում։ Արբանյակի մակերեսի սխալ հաշվարկի և ջերմային հսկողության համակարգի բացակայության պատճառով ջերմաստիճանն այդ ժամանակ հասել է մինչև 40 °C[12]: Շունը մահացել է գերտաքացումից[13]։ Արբանյակը Երկրի շուրջ կատարել է 2370 պտույտ, հետո՝ 1958 թվականի ապրիլի 14-ին, այրվել է մթնոլորտում[14]։

Կենտրոնական կոմիտեի և Նախարարների խորհրդի հատուկ հանձնաժողովը չի հավատացել, որ Լայկան մահացել է նախագծային սխալից, և պատվիրել է նման պայմաններում գիտափորձ անցկացնել Երկրի վրա, որի արդյունքում զոհվել է ևս 2 շուն[12]։

Հակազդում խմբագրել

ԽՍՀՄ-ում մամուլը միանգամից չգիտակցեց տեղի ունեցածի կարևորությունը։ ԽՄՀԳ-ն այդ օրը պաշտոնապես հաղորդեց «Սպուտնիկ 2» տիեզերական սարքավորումը գործարկելու մասին, բայդ հոդվածում սկզբում թվարկված էին բոլոր գիտա-հետազոտական սարքավորումները և միայն վերջում էր գրված, որ այնտեղ գտնվում էր Լայկա անունով շունը։ Արևմտյան մամուլում դա դարձավ սենսացիա։ Հոդվածներն արտահայտում էին նրանց հիացմունք ու միաժամանակ ապրումները։ «Աշխարհի ամենագզգզված, ամենից միայնակ, ամենից դժբախտ շունը»,– այսպես էր գրել «The New York Times» օրաթերթը 1957 թվականի նոյեմբերի 5-ի իր համարում։

7 օրվա ընթացքում ԽՍՀՄ-ը տվյալներ հաղորդեց արդեն մահացած շան ինքնազգացողության մասին[12]։ Միայն մեկնարկից 1 շաբաթ անց ԽՍՀՄ-ը հաղորդեց այն մասին, թե իբր Լայկային անզգայացրել են։ Դա արևմտյան երկրների կենդանիների պաշտպանների շրջանում քննադատության աննախընթաց ալիք բարձրացրեց։ Կրեմլն ստացավ բազմաթիվ նամակներ՝ ի նշան կենդանիների նկատմամբ ունեցած դաժան վերաբերմունքի, և նույնիսկ հեգնանքով առաջարկել էին, որ շան փոխարեն տիեզերք ուղարկեն Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովին[12]։

Անգլիացի մանկաբարձ-գինեկոլոգ Գրենթլի Դիկ-Ռիդն իր «Ծնունդ առանց սարսափի» գրքում նկարագրել է Եվրոպայի ռեակցիան։

  Ես պատահաբար թերթում տեսա մի լուսանկար, որը ռուսների դաժանությունը դատապարտող նամակների ու արձագանքների տարափ էր առաջացրել։ Նրանց դատապարտում էին այն բանում, որ գիտության անունից պղծում են կյանքը։ Դա փոքրիկ շան լուսանկար էր, որին ռուսները արբանյակի կողամասում ուղարկել էին տիեզերք։ Շան առջևի և հետևի ոտքերը շղթաներով կապված էին, մռութին սառել էր զոհի արտահայտություն։ Նա կապանքների մեջ էր, բայց ապահովված էր արհեստական սննդի և թթվածնի պաշարով։  

Լայկային նախապատրաստելու աշխատանքներում ներգրավված որոշ աշխատակիցներ հոգեբանորեն դժվար են տարել շան մահը։ Խորհրդային ֆիզիոլոգ Օլեգ Գազենկոն այսպես է ներկայացրել հոգեբանական իր վիճակը Լայկայի թռիչքից հետո[15].

  Ինքնուրույն մեկնարկ և տեղեկության ստացում... ամեն ինչ հաջող է։ Բայց երբ հասկանում ես, որ չես կարող վերադարձնել Լայկային, որ նա այնտեղ մահանում է, և դու ոչինչ չես կարող անել, և որ ոչ մեկը, ոչ միայն ես, ոչ մեկը չի կարող նրան վերադարձնել, որովհետև չկա համակարգ վերադարձնելու համար, դա ինչ-որ շատ ծանր զգացողություն է։ Գիտե՞ք։ Երբ ես տիեզերակայանի հետ վերադարձա Մոսկվա, որոշ ժամանակ նույնիսկ ցնծություն կար. ելույթներ ռադիոյով, թերթերով, ես մեկնեցի քաղաքից։ Հասկանո՞ւմ եք։ Ցանկանում էի առանձնացում։
- Օ. Գ. Գազենկո
 

Թռիչքի նշանակություն խմբագրել

Գիտափորձը հաստատեց, որ կենդանի էակը կարող է ապրել ուղեծիր արձակելիս և անկշռության մեջ։ Տիեզերական թռիչքից բարեհաջող վերադարձած առաջին կենդանիները Բելկա և Ստրելկա շներն էին։ Հատկանշական է, որ այդ տարիներին տիեզերական փորձարկումների համար խորհրդային գիտնականներն ընտրում էին շներ, իսկ ամերիկացիները՝ շիմպանզեներ։

2008 թվականի ապրիլի 11-ին Մոսկվայում Պետրով-Ռազումովյան պողոտայում՝ Ռազմաբժշկական ինստիտուտի տարածքում, որտեղ տիեզերական գիտափորձի պատրաստական աշխատանքներն էին կատարվում, տեղադրվել է Լայկային նվիրված հուշարձան (քանդակագործ՝ Պավել Մեդվեդև)։ Երկու մետր բարձրություն ունեցող հուշարձանն ունի տիեզերական հրթիռի տեսք, որը վերածվում է ձեռքի ափի, որի վրա հպարտորեն կանգնած է Լայկան[16]։

Լայկան զանգվածային մշակույթում խմբագրել

 
Լայկային նվիրված հուշարձանը Կրետեում
  • 2000 թվականին շվեդ գրող Սվեն Նուրդկվիստի «Փեթսոն և Ֆինդուս» գրքի հիման վրա թողարկվում է «Kattonauten» ֆիլմը, ինչպես նաև համակարգչային խաղ։ Ըստ սյուժեի՝ Ֆինդուս կատուն, Լայկայի քաջագործությամբ ոգեշնչված, երազում է թռչել տիեզերք։
  • «Gunnm: Last Order» մանգայի 12-րդ հատորի 72-րդ գլուխն սկսվում է Լայկայի (այդտեղ անունը «Կուդրյավկա» է) հուշարձանով, որի տեքստը հաղորդում է, որ այն նվիրված է 1957 թվականի նոյեմբերի 3-ին «Սպուտնիկ 2» արբանյակով թռած շանը։
  • «Տիեզերական Դենդի» (8-րդ սերիա) անիմեն Լայկայի հետագա ճակատագրի այլընտրանքային տարբերակն է։
  • «Hyouka» անիմեում (16-րդ սերիա) «Կուդրյավկան» հիշատակվում է որպես առանց վերադառնալու հնարավորությամբ տիեզերք ուղարկված շուն։
  • Hatsune Miku համար գրվել է երգ, որն այդպես էլ կոչվում է՝ Laika:
  • «powder! go away!» ռուսական փոսթ-ռոք խմբի առաջին ալբոմը կրում է Laika Still Wants Go Home անվանումը, այն ներառում է համանուն կոմպոզիցիա։
  • Ռոման Ռյաբցևի «Օրացույցի կարմիր օրը» ալբոմով (1997) թողարկվել է «Լայկա» տրանս-կոմպոզիցիան՝ անանուն հեղինակի «Լայկան տիեզերք է թռչում…» հայտնի բանաստեղծության հիման վրա[17]։
  • «7 Seconds Of Love» անգլիական սկա խումբը ձայնագրել է Լայկային նվիրված «Rocket Dog» ստեղծագործությունը։ Այդ խմբի առաջնորդ Ջոել Վեյտչը հայտնի անիմատոր է և նկարահանել է այդ երգի ֆլեշ-տեսահոլովակը[18].
  • Դանիացի դիջեյ և երաժիշտ Անդերս Թրենթեմյոլլերը 2007 թվականին իր հայրենակից Անե Թրյոլեի հետ համատեղ թողարկել է «Moan» երգի ռեմիքսը[19], որը միանգամից դարձել է հիթ և ներառվել դանիական սինգլների թոփ-30-ում[20]։ Այդ ռեմիքսի տեսահոլովակում ներկայացվում է Լայկա շան պատմությունը մինչև տիեզերք ուղարկելն ու ուղեծրում։
  • Կանադական Arcade Fire ինդի ռոք խմբի «Neighborhood #2 (Laïka)» երգում Լայկան փոխաբերաբար օգտագործվել է որպես դիտավորյալ կործանման գնացած մարդ։
  • Անգլիական միանգամից 2 ռոք խմբեր՝ Laika և Laika Dog, անվանվել են Լայկա շան պատվին։
  • Անգլիացի հիփ հոփ երաժիշտ ICE MC ձայնագրել է «Laika» ստեղծագործությունը, որը պատմվում է Լայկայի անունից՝ մարդկանց նախատելով նրա համար, որ իրեն դատապարտել են մահվան՝ ուղարկելով տիեզերք[21]։
  • «Լայկա» ծխախոտները ԽՍՀՄ-ում թողարկվել են շուն տիեզերագնացի կործանման առթիվ մարդկանց ունեցած անսպասելիորեն ուժեղ բացասական արձագանքից հետո[22]։
  • Գոյություն ունի ֆիննական Laika & The Cosmonauts սյորֆ խումբը։
  • Gorillaz վիրտուալ նախագծի ռեմիքսների հավաքածուներից մեկը կոչվում է Laika Come Home:
  • 80-ական թվականներին հայտնի Mecano իսպանական խումբը 1988 թվականին իր «Descanso dominical» ալբոմով թողարկել է Լայկային նվիրված «Laika» երգը։
  • Կրետեում (Հունաստան) Լայկայի հուշարձանը տեղադրված է Homo Sapiens թանգարանում։ Այնտեղ կա կանգնեցված են նաև Յուրի Գագարինի, Ապոլոնի, Միության, Շաթլի զոհված անձնակազմի (միասին 21 հոգի) և Նիլ Արմստրոնգի արձանները։ Կոորդինատներն են 35°12’55"N, 25°27’38"E[23]:
  • Շանն է նվիրված LAIKA անիմացիոն ֆիլմը[24], որն ազգային կինոյի և հեռուստատեսության դպրոցի շրջանավարտ Ավգուստա Զոուրելիդի դիպլոմային աշխատանքն էր և հաղթել է Կաննի կինոփառատոնում։
  • Գերմանական ծագմամբ բրիտանացի կոմպոզիտոր Մաքս Ռիչթերը ձայնագրել է «Laika’s Journey» ստեղծագործությունը («Memoryhouse» ալբոմ, 2002 թվական), որում օգտագործել է սրտի բաբախյունի ձայնը՝ որպես միայնակ ուղեծիր թռչող Լայկայի կերպար։ Ստեղծագործության վերջում սրտի բաբախյունը կտրուկ ուժեղանում է, այնուհետև սկսվում է ճնշող լռություն։
  • Լորենս Մայլզի «Ութերորդ բժշկի արկածները» շարքի «Այլմոլորակային մարմին» գրքում բժիշկը թաղում է Լայկայի դին։
  • 2013 թվականին The Drones ավստրալիական խումբը «I See Seaweed» ալբոմով թողարկել է «Laika» երգը՝ նվիրված Լայկա շանը։
  • Marvel կոմիքսներում Կոսմո շան նախատիպը, անկասկած, Լայկան է։
  • «Գալակտիկայի պահապանները» ֆիլմում (2014 թվական) ներկայացվել է Լայկայի ճակատագրի այլընտրանքային տարբերակը մերձերկրային ճանապարհորդությունից հետո։
  • «Օմոն Ռա» վեպում հիշատակված Լայկա շունն ապրել է մինչև խոր ծերություն։
  • 2010 թվականին թողարկվել է Maybeshewill բրիտանական խմբի «To The Skies From A Hillside» սինգլը, որում ներառված էր «Սպուտնիկ 2» ստեղծագործությունը՝ իր խորագիր հղելով Լայկայի թռիչքին։
  • 2007 թվականին նկարահանվել է դանիացի երաժիշտ Trentemøller 'Moan' սինգլի տեսահոլովակը՝ նվիրված Լայկային։ Այն նկարահանվել է 2007 թվականի հունվարին Մոսկվայում։
  • Լայկայի պատվին է անվանվել Sd Laika խումբը։
  • Լայկան դարձել է «Barking Up The Wrong Tree» ռուսական տեղայնացված սեղանի խաղի ամենաուժեղ հերոսի (Պոպուտալ շուն) նախատիպը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.espace-sciences.org/planetarium/article/l-extraordinaire-histoire-de-laika
  2. 2,0 2,1 2,2 https://www.abc.es/historia/abci-calor-estres-y-deshidratacion-dolorosa-muerte-laika-urss-convirtio-exito-espacial-201903112113_noticia.html?ref=https%3A%2F%2Fwww.google.com%2F
  3. 3,0 3,1 3,2 http://news.bbc.co.uk/2/hi/sci/tech/2367681.stm
  4. Д. Карпицкая «Рассекреченная Лайка»(չաշխատող հղում)
  5. Л. Розовская «Животные в космосе: проложить путь человеку»
  6. James J. Harford (1997). «Korolev's Triple Play: Sputniks 1, 2, and 3». NASA. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. 7,0 7,1 Sven Grahn. «Sputnik-2, more news from distant history». Վերցված է 2004 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. 8,0 8,1 8,2 Лайка — первый космонавт планеты Космическая энциклопедия ASTROnote
  9. 9,0 9,1 Я. Голованов. Королёв: факты и мифы. — М.: Наука. — 1994 — Гл. 58.
  10. Утро космической эры Аэрокосмическое движение в КБР «Космос во имя будущего»
  11. «Sputnik-2». Russianspaceweb.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 23-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Ирина Тин (Автор), Андрей Владимиров (Режиссёр). Белка, Стрелка и другие… (Документальный фильм). Россия, Москва: Студия Андрея Семенова. Վերցված է 17.04.2010-ին.
  13. Siddiqi, Asif A.. Sputnik and the Soviet Space Challenge, Gainesville, Florida. The University of Florida Press, 2003, p. 174. ISBN 0-8130-2627-X
  14. Первушин А. И. 108 минут, изменившие мир. М.: Эксмо, 2011. — 528 с.: ил. ISBN 978-5-699-48001-2. Стр. 179
  15. Полеты на кораблях-спутниках Космическая энциклопедия ASTROnote.
  16. Памятник Лайке
  17. Страница альбома на сайте «Discogs»
  18. Rocket Dog Արխիվացված 2009-08-13 Wayback Machine RaherGood.com
  19. Андерс Трентемёллер — Moan на YouTube.com
  20. Топ-30 синглов Дании
  21. Перевод текста песни Laika исполнителя Ice MC
  22. Черток Б. Е. Ракеты и люди. Фили — Подлипки — Тюратам. 2-е изд. — М.: Машиностроение, 1999. — 448 с.: ил. ISBN 5-217-02935-8
  23. Фото памятника
  24. «LAIKA on Vimeo». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.

Արտքաին հղումներ խմբագրել