Լազարյան ճեմարանի տպարան

Լազարյան ճեմարանի տպարան, հիմնադրվել է 1829 թվականին, Մոսկվայում, Լազարյան ճեմարանին կից։

Լազարյան ճեմարանի շենքը ՀՀ փոստային նամականիշի վրա

Ուներ 13 լեզվով տառատեսակ։ 1830 թվականին տպագրվել են «Կարգադրութիւնք կայսերական հովանավորութեամբ պաշտպանեալ Հայկական ճեմարանին», Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը (12 լեզվով), Շուշիի բողոքականների 2 աշխարհաբար գրքույկներ։ Հետագայում տպագրվել են քերականական, ճարտասանական և այլ ձեռնարկներ, նաև՝ «Նկարագիր գաղթականութեան հայոց ի Պարսկաստանէ ի Ռուսաստան» (1832), Ռասինի «Գոթողիւս»-ն (1834), Ալեքսանդր Խուդաբաշյանի երկհատոր հայ-ռուսերեն բառարանը (1838), «Թարգմանութիւնք... ի ժուկովսկիոյ, Պուշկինէ, Լերմոնտովայ, Բարատինսկիոյ, Գնեդիչէ» (1843), Մկրտիչ էմինի «Ընտիր հւստուածք» (1848)։ Ռուսաց լեզվով տպագրություններից նշանավոր են եռահատոր «Հայ ժողովրդի պատմության տեսության վերաբերյալ փաստաթղթերի ժողովածու»-ն (1833—1838), Սաադիի «Գուլիստան»-ը (1858), Մովսես խորենացու «Հայոց պատմություն» (1858) և այլն։ Գրական հայագիտական հրատարակություններով աչքի է ընկել հատկապես իր գործունեության վերջին շրջանում։

Լույս են տեսել գուսան Աբգար Ադամի երգերը (1855), Մսեր Մսերյանցի «Հիշատակարան կենաց և գործոց մեծանուն պայագատաց Լազարյան տոհմի» (1856), Ստեփանոս Նազարյանցի «Հանդես նոր հայախոսության» (1857) գործերը։ 1859—1863 թվականին տպարանը վարձակալել է Մկրտիչ էմինը և հրատարակել Մովսես Կաղանկատվացու, Մխիթար Այրիվանեցու, Վարդան Բարձրբերդցու, Ստեփանոս Օրբելյանցի պատմությունները, Ա. Մխիթարյանցի «Անուշաաւն ի գերեվարս» (1860) պատմավեպը ևն։ 1863—1866 թվականներին տպարանը վարձակալել է Ա. Մամոնտովը։ Այդ տարիների կարևորագույն տպագրություններից են Ռափայել Պատկանյանի «Բանաստեղծություններ»՝ը (1864), «Լազարյան ինստիտուտի հանդիսավոր ժողովում կարդացված ճառերն ու հաշվետվությունը» ռուս, ժողովածուն, Սմբատ Շահազիզի «Լևոնի վիշտը» (1865)։ Լազարյան ճեմարանի տպարանում են հրատարակվել «Հյուսիսափայլ», «ճռաքաղ» և «Համբավաբեր Ռուսիո» պարբերականները։ 1866 թվականին տպարանը գնել է Ա. Մամոնտովը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 471