Արցախի Հանրապետության տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում

ԱՀ տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում։ Տարածքային կառավարումը վարչական շրջաններում իրականացվում է շրջանների վարչակազմերի միջոցով, վարչակազմի ղեկավարին նշանակում է վարչապետը։ Տեղական ինքնակառավարումն իրականացնում են համայնքներում, որոնք մեկ կամ մի քանի բնակավայրերի հանրությունն են՝ 4 տարի ժամկետով ընտրված համայնքի ավագանու և ղեկավարի (քաղաքապետ, գյուղապետ) միջոցով։ Համայնքի ավագանին տնօրինում է համայնքի սեփականությունը, հաստատում է ղեկավարի ներկայացրած բյուջեն, վերահսկում դրա կատարումը, սահմանում տեղական հարկեր, տուրքեր և վճարներ, ընդունում պարտադիր կատարման ենթակա իրավաբանական ակտեր։ Կառավարությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին։ Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միավորվել, բաժանվել կամ ստեղծել միջհամայնքային միավորումներ։ Պատերազմի ժամանակ կամ արտակարգ դրության պայմաններում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն չի անցկացվում։ Մայրաքաղաք Ստեփանակերտն ունի համայնքի կարգավիճակ, որտեղ տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։