Իրանում ամերիկյան դեսպանատան պատանդներ

Իրանում ամերիկյան դեսպանատան պատանդներ (անգլ.՝ Iran hostage crisis), ԱՄՆ դիվանագետների 444 օր տևած պատանդավորում (1979 թվականի նոյեմբերի 4-1981 թվականի հունվարի 20Իմամի հետևորդ իսալամադավան ուսանողների խմբավորումը, որը սատարում էր Իրանի իսլամական հեղափոխությանը, գրավեցին ԱՄՆ դեսպանատունը Թեհրանում[1]։ Սա պատմության մեջ ամենաերկարտև պատանդավորման գործողությունն է[2]։ Նախագահ Ջիմի Կարտերը պատանդներին կոչեց «ահաբեկչության և անարխիայի զոհեր»[3]։ Իրանում այն դիտարկվեց որպես հարված ընդդեմ ԱՄՆ ազդեցությանը։ Իրանի իսլամական հեղափոխությունը ուղղված էր շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի հեռացմանը, ով առաջնորդում էր ավտորիտար ռեժիմը։ Պատանդների ճգնաժամը հասավ լարվածության գագաթնակետին, երբ բանակցելու անհաջող փորձերից հետո ԱՄՆ զինված ուժերը փորձեցին իրականացնել փրկարար գործողությունը։

Իրանում ամերիկյան դեսպանատան պատանդներ
Տեսակպատանդների գերեվարում և international crisis?
Երկիր Իրան
ՏեղադրանքԹեհրան
Տարեթիվնոյեմբերի 4, 1979-հունվարի 20, 1981 նոյեմբերի 4, 1979
 Iran hostage crisis Վիքիպահեստում
Թեհրանում ԱՄՆ դեսպանատան պատանդներ

1980 թվականի ապրիլի 24-ին ձեռնարկված հարձակման փորձը ձախողվեց․ զոհվեցին 8 ամերիկյան ծառայողներ և մեկ Իրանի քաղաքացի։ Հեղափոխության արդյունքում շահը տեղափոխվեց նախ ԱՄՆ, ապա Եգիպտոս, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն։ 1980 թվականի սեպտեմբերին Իրաքի զինված ուժերը ներխուժեցին Իրան, սկսվեց Իրան-իրաքյան պատերազմը։ Այս իրադարձությունները ստիպեցին Իրանի կառավարությանը բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ իշխանությունների հետ Ալժիրի միջնորդությամբ։ Պատանդները պաշտոնապես արձակվեցին Ալժիրյան համաձայանգրի ստորագրումից հետո․ նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության արարողությունից րոպեներ անց։ Պատանդների ճգնաժամը (անգլ.՝ hostage crisis) Իրան-ԱՄՆ հարաբերությունների պատմության դրամատիկ իրադարձություններից է[4]։

Պատմություն խմբագրել

1979 թվականի փետրվարին՝ պատանդների ճգնաժամից կես տարի առաջ, Իրանի իսլամական հեղափոխության արդյունքում Փահլավի դինաստիան հեռացվեց գահից[5]։ Տասնամյակներ շարունակ ԱՄՆ կառավարությունը դինաստիայի աջակիցն էր եղել և շահերի պաշտպանը։ Մինչև 1950-ական թվականները Ռեզա Փահլավին իշխանության պայքարի մեջ էր գտնվում Քաջարների դինաստիայի հետևորդ Մոհամմադ Մոսադեղի հետ[6]։ 1953 թվականին բրիտանական և ամերիկյան լրտեսական ծառայությունները օգնեցին Ռեզա Փահլավիին կազմակերպել ռազմական հեղաշրջում Մոսադեղին ճնշելու համար[7][8][9]։ Արդյունքում շահը հռչակեց իրեն բացարձակ միապետ։ Հետագայում ԱՄՆ-ը շարունակեց սատարել և հովանավորել շահին։ Նախագահ Կարտերի՝ Փահլավիին ուղղված հեռուստատեսային ողջույնը, որում նշվում էր շահի մեծ ժողովրդականություն վայելելու մասին, բորբոքեց շահին հակընդդեմ ուժերին։ 1979 թվականի փետրվարին Այաթոլլահ Խոմեյնին վերադարձավ Ֆրանսիայից և հեղափոխությունը հասավ գագաթնակետին․ ամերիկյան դեսպանատունը շրջապատվեց և անձնակազմը գերի վերցվեց։ Այդ դեպքից հետո դեսպանատան անձնակազմը կրճատեցին՝ ավելի քան հազար հոգուց թողնելով 60-ին։ Կարտերի վարչակազմը փորձեց ցրել հակաամերիկյան տրամադրությունները՝ Իրանի դե ֆակտո կառավարության հետ հարաբերությունները զարգացնելու միջոցով։ Բայց ԱՄՆ-ում շահին ընդունելը՝ Նյու Յորքի հիվանդանոցում բուժվելու նպատակով, վատթարացրեց իրավիճակը։ Այաթոլլահ Խոմեյնին հանդես եկավ հակաամերիկյան կոչերով։ 1979 թվականի փետրավարի 4-ին դեսպանատան գրավումը միտված էր ծառայեցնելու որպես լծակ՝ շահի վերադարձը պահանջելու և օրինական կարգով դատելու համար։

Դեսպանատան գրավման փորձեր խմբագրել

Առաջին փորձ խմբագրել

 
Նախկին դեսպանատան վնասված ԱՄՆ-ի զինանշան, Թեհրան, Իրան

1979 թվականի փետրվարի 14-ին՝ իսլամիստ ծայրահեղականների կողմից Աֆղանստանում ամերիկյան դեսպանի առևանգման և սպանության օրը[10], զինյալները գրոհեցին Թեհրանի ամերիկյան դեսպանատունը։ Դեսպան Սուլիվանը զոհեր չտալու համար հանձնեց դեսպանատան մերձակա տարածքը։ Բայց Իրանի արտգործնախարարի միջնորդությամբ երեք ժամում այն վերադարձվեց[11]։ Այս պատահարը հայտնի է որպես «Վալենտինի օրվա բաց տունը» անունով։

Փորձ երկրորդ խմբագրել

Ամերիկյան դեսպանատունը գրավելու երկրորդ փորձը ծրագրված էր իրականացնել 1979 թվականի սեպտեմբերին Իբրահիմ Ասղարզադեի կողմից։ Նա խորհրդակցել էր Թեհրանի գլխավոր համալսարանների ղեկավարության հետ։ Նրանք էլ ձևավորված խմբին անվանեցին իմամի հետևորդների մահմադեկական ուսանողներ։ Հետագայում Ասղարզադեն նշել է, որ առաջին հանդիպման ժամանակ 5 ուսանողներ առաջարկում էին հարձակվել Թեհրանում ԽՍՀՄ դեսպանատան վրա, քանի որ վերջինս ուներ «մարքսիստական և աթեիստական ռեժիմ»։ Երկու այլ ուսանողներ պաշտպանում էին Ասղարզադեի ԱՄՆ դեսպանատան վրա հարձակվելու նախաձեռնությունը․

  Մեր նպատակն էր Ամերիկյան դեսպանատուն գնալով և մի քանի ժամով այն գրավելով ընդդիմանալ ԱՄՆ կառավարությանը[12]։  

Համաձայն այլ վկայությունների նախապես որոշված է եղել դիվանագետներին պատանդավորել ոչ ավելին, քան մեկ շաբաթ։ Ուսանողները ուսումնասիրել էին Ծովային անվտանգության պահակախմբի գործողությունները։ Նրանք նաև հետևություններ էին արել դեսպանատան գրավման նախորդ փորձից[13]։ Ըստ հաղորդված տեղեկությունների Այաթոլլահ Խոմեյնին նախօրոք չի իմացել գործողության մասին[14], քանի որ մասնակիցները ունեին մտավախություն, որ ծրագիրը կարող է արգելվել և իրենք անգամ կարող են մեղադրվել դեսպանատան գրավման նախորդ փորձին մասնակից լինելու համար։ Ժամանակավոր կառավարությունը հաստատվել էր Խոմեյնիի կողմից, և վերջինս ջանքեր էր գործադրում երկրում կայունություն հաստատելու համար։ Գործողության կողմնակիցները նշում էին, որ իրենց շարժառիթը ամերիկյան հովանավորությամբ նոր հեղափողության հավանականության բացառումն էր։ Նրանք պնդում էին, որ 1953 թվականին ԱՄՆ դեսպանատունը գործել է որպես «լրտեսների որջ», որտեղից էլ կազմակերպվել է հեղաշրջումը։ Հետագայում դեսպանատանը հայտնաբերված փաստաթղթերը հավաստում են, որ աշխատակիցների որոշ մասը եղել է ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալներ։ Շահի ԱՄՆ մուտքից հետո Այաթոլլահ Խոմեյնին հանդես եկավ փողոցային ցույցերի դուրս գալու կոչով։

 
«Իսլամական հեղափոխություն» թերթի 1979 թվականի նեյեմբերի 5-ի համարը, որում ներկայացնում է դեսպանատան գրավումը

Դեսպանատան գրավում խմբագրել

1979 թվականի նոյեմբերի 4-ին Խոմեյնիին հավատարիմ Իրանական ուսանողների միության կազմակերպած ցույցը վերածվեց մասշտաբային կոնֆլիկտի ԱՄՆ դեսպանատան մասնաշենքերից մեկի անմիջական հարևանությամբ։ Առավոտյան 6։30-ին պարագլուխնեը հավաքեցին 300-500 ուսանողների և տեղեկացրեցին հարձակման պլանի մանրամասները։ Մի ուսանողուհու տրվեց մետաղ կտրող գործիք դեսպանատան դարպասները փակող շղթան կտրելու համար, որը նա թաքցրեց չադրայի հետևում[15]։ Սկզբում որոշված էր իրականացնել խորհրդանշական գրավում, որի ժամանակ պետք է արվեին հայտարարություններ և լքեին տարածքը կառավարական անվտանգության ուժերի ժամանելուն պես։ Դա արտացոլվեց նաև պաստառների միջոցով․ «Մի՛ վախեցեք։ Մենք պարզապես նստացույց ենք անում»։ Երբ դեսպանատան պահակախումբը սկսեց հրաձգություն, ցուցարարները «Մենք չենք ուզում ոչ ոքի վնասել[16]» բղավելով նահանջեցին։ Բայց երբ պարզվեց, որ պահակախումբը չէր օգտագործում մասշտաբային մահացու զենքեր, կատաղած ամբոխը շարժվեց առաջ զինյալներին աջակցելու համար․ հարձակման պլանը փոխվեց[17]։ Համաձայն դեսպանատան անձնակազմի անդամներից մեկի՝ ցուցարարներով լի ավտոբուսները շատ արագ հայտնվեցին դեսպանատան հարակից տարածքում, երբ Իմամի հետևորդ մուսուլման ուսանողների միությունը դարպասներից ներս թափանցեց[18]։ Չնայած նախապես տեղեկացված չլինելուն Խոմեյնին խրախուսեց գրավումը։ Երբ արտգործնախարարը նրան տեղեկացրել էր գրավման մասին, վերջինս պատասխանել էր գնալ և դուրս շպրտել գրոհայիններին։ Սակայն ժամեր անց Խոմեյնին ռադիոյով քաջալերեց գրոհայիններին՝ գործողությունը կոչելով «երկրորդ հեղափոխություն», իսկ դեսպանատունը «Թեհրանում ամերիկյան լրտեսական որջ»[19]։ Գրոհայինները ձեռնաշղթայված և աչքերը կապած պատանդերին ստիպեցին քայելել լուանկարիչների առջևով։ Առաջին երկու օրվա ընթացքում, այն աշխատակիցները, որոնց հաջողվել էր խուսափել գերեվարվելուց, կամ դեսպանատանը չէին եղել, շրջապատվեցին իսլամիստների կողմից և տարվեցին դեսպանատուն որպես պատանդներ[20]։ 6 ամերիկյան դիվանագետներ կարողացան խուսաափել գերեվարվելուց և ապաստան գտան Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, մինչ կփոխադրվեին Կանադայի դեսպանատուն։ Մյուս մասը ապաստան գտավ Շվեյցարիայի դեսպանատանը։ Համատեղ գործողության արդյունքում հանրավոր դարձավ նրանց տարհանել երկրից 1980 թվականի հունվարի 28-ին կանադական անձնագրերի և նույնականացման քարտերի օգտագործման շնորհիվ[21]։

Դրդապատճառներ խմբագրել

Իմամի հետևորդ մուսուլման ուսանողները պահանջում էին շահ Մոհամմադ ՌԵզա Փահլավիի արտահանձնումը՝ նրան դատելու և մահապատժի ենթարկելու համար։ Ամերիկյան աղբյուրները նշեցին, որ շահը ԱՄՆ-ում է բուժման նպատակով։ Խմբավորումը պահանջում էր նաև, որ ԱՄՆ կառավարությունը ներողություն խնդրի Իրանի ներքին գործերին միջամտելու և վարչապետ Մոսադեղի 1953 թվականի հեռացման համար։ Նախնական պլանի համաձայն գրավումը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, սակայն գործողության մեծ հնչեղություն ունենալուց և Այաթոլլահ Խոմեյնիի աջակցությունը ստանալուց հետո այդ պլանը փոխվեց[18]։ Որոշները կողմ էին բաց չթողնել պատանդներին ի պատասխան նախագահ Կարտերի ուլտիմատումին[22]։ Վերջինս նախ փորձում էր արդյունքի հասնել մարդասիրական արժեքներ վկայակոչելով և հակակոմունիստական ստրատեգիական դաշինք կազմելու վերաբերյալ հույս հայտնելով[23]։ Ինչպես ուսանողները ակնկալում էին Իրանի զուսպ քաղաքականություն վարող վարչապետ Բազարգանը և իր կառավարությունը պատանդավորումից օրեր անց միջազգային ճնշումների ներքո հրաժարական տվեցին։ Գործողությունը նպաստում էր նաև Իրանի ներքին հեղափոխական քաղաքականության իրականացմանը։ Այաթոլլահ Խոմեյնիի խոսքերով․

  Սա միավորեց մեր ժողովրդին։ Մեր հակառակորդները չեն համարձակվում մեր դեմ հանդես գալ։ Մենք կարող ենք սահմանադրությունը ներկայացնել ժողովրդի քվեարկությանը առանց դժվարության և կազամկերպել նախագահական և պառլամանետական ընտրություներ[24]։  

Հեղափոխական խմբավորումները հանրությանը ներկայացրեցին դեսպանատանը պահվող գաղտնի փաստաթղթեր ապացուցելու համար, որ «Մեծագույն չարիքը[25]»՝ ԱՄՆ-ը, փորձում էր ապակայունացնել Իրանի պետական նոր կարգը։ Այս փաստաղթերը, որոնք ԱՄՆ Պետդեպարտամենտի և Կենտրոնական հետախուզական վարչության հեռագրեր էին, զեկույցներ, ցուցումներ, տպագրվեցին «Փաստաթղթեր ԱՄՆ լրտեսկան որջից» (պարս.՝ اسناد لانه جاسوسی امریكا‎‎) խորագրով[26]։ Խրախուսելով գրոհայիններին «Ամերիկան ոչինչ անել չի կարող» կարգախոսով[27]՝ Խոմեյնին ստանում էր աջակցություն և վանում էր քննադատությունը վիճահարույց կրոնական սահամդրության նկատմամբ, որը պետք է քվեարկության դրվեր մեկ ամիս անց։ Հանրաքվեն ավարտվեց հաջողությամբ։

444-օրյա ճգնաժամ խմբագրել

Պատանդներ խմբագրել

Սկզբնապես պատանդավորվել էին 66 անձ. 63-ը պատանդավորվել էին դեսպանատանը, իսկ 3-ը՝ Արտաքին գործերի նախարարության գրասենյակներում։ Պանադներից երեքը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (անգլ.՝ CIA) գործակալներ էին։ Տասներեք պատանդներ արձակվեցին 1979 թվականի նոյեմբերի 19-20-ին։ Մեկ պատանդ էլ արձակվեց 1980 թվականի հուլիսի 11-ին։

Պատանդների կարգավիճակ խմբագրել

Պատանդառուները, հայտարարելով «ճնշված փոքրամասնությունների» հետ իրենց միասնության և «իսլամում կանանց առանձնահատուկ դերի» մասին նոյեմբերի 19-ին ազատ արձակեցին մեկ կնոջ և երկու աֆրոամերկացու[28]։ Մեկ այլ պատանդ՝ Ռիչարդ Քուինը ազատ արձակվեց 1980 թվականի հուլիսին լուրջ հիվանդության պատճառով։ Մնացած 52 պատանդները ազատվեցին 1981 թվականի հունվարին 444-օրյա պատանդությունից հետո։ Նախապես պատանդները պահվում էին դեսպանատանը, սակայն փրկարար գործողության ձախողումից հետո տեղափոխեցին տարբեր վայրեր, որպեսզի մեկ գործողությամբ հնարավոր չլինի բոլորին ազատել։ Բարձրաստիճան երեք պաշտոնյաները պահվում էին դեսպանատանը և սկզբում ստանում էին դիվանագետին վայել վերաբերմունք։ Բայց ժամանակավոր կառավարության անկումից հետո վերաբերումքը վատթարացավ[29]։ Մինչև 1980 թվականի ամռան կեսերը պատանդները տեղափոխվեցին Թեհրանի տարբեր բանտեր[30]։ Վերջնական պահման վայրը 1980 թվականի նոյեմբերից մինչև ազատ արձակման օրը Թեյմուր Բախիթար առանձնատունն էր, որտեղ պատանդները վերջապես ունեցան կենցաղային բավարար պայմաններ[31]։ Միաժամանակ իրանական պրոպագանդան փաստում էր, որ պատանդների հետ վերաբերվում են որպես հյուրերի[32]։ Նման կերպ հանդես եկավ նաև ԱՄՆ-ում իրանական գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ նշելով․ «Մենք պատանդներին վատ չենք վերաբերվում։ Նրանց մասին հոգ է տարվում։ Նրանք մեր հյուրերն են[33]»։ Իրականում պատանդների նկատմամբ վերաբերմունքն այլ էր։ Նրանք ենթարկվում էին ծեծի, խոշտանգումների և ապրում էին վախի մթնոլորտում[34]։ Ըստ վկայությունների օրեր շարունակ կապված էին մնում նրանց ձեռքերը, թույլ չէին տալիս խոսել միմյանց հետ, արգելում էին կանգնել, քայլել, առանց թույլտվության գնալ լոգարան։ Բոլոր պատանդներին ասված էր, որ նրանց մահապատժի են ենթարկելու։ Պատանդների ամենասարսափելի գիշերը 1980 թվականի փետրվարի 5-ն էր, երբ դիմակավորված պահակները արթնացրեցին նրանց և աչքերը կապած տարան այլ սենյակներ։ Նրանց մերկացրեցին, ստիպեցին ծնկի գալ։ Ապա պահակները լիցքավորեցին զենքերը և պատրաստվեցին կրակել, բայց վերջին պահին չկրակեցին և հրամայեցին հագնել հագուստները․ դա պարզապես չար կատակ էր[35]։ Իրանական բանտի պահակների դաժանությունը դարձավ դանդաղ տաժանակրություն պատանդների համար։

Ազդեցություն ԱՄՆ-ում խմբագրել

Պատանդների ճգնաժամը ամերիկացիներին դարձրեց առավել համերաշխ[36]։ Պատանդառությունը դիտարկվում էր ոչ միայն որպես դիվանագիտական հարված, այլ նաև դիվանագիտական պատերազմ[37]։ Լրատվամիջոցները ամեն օր անդրադառնում էին այդ թեմային։ Նախագահ Կարտերը իրականացնում էր տնտեսական և դիվանագիտկան ճնշումներ․ դադարեցվեց նավթի արտահանումը Իրանից, 8 մլրդ արժեք ունեցող իրանյան ակտիվները սառեցվեցին։ Բնակչության շրջանում ձևավորվեց խիստ անբարեհաճ վերաբերմունք իրանցիների նկատմամբ։ Նրանք ստիպված էին թաքցնել իրենց ինքնությունը բռնությունների չենթարկվելու համար։

Փրկարար փորձեր խմբագրել

Առաջին փրկակար փորձ խմբագրել

Իրանական պահանջները մերժելուց հետո նախագահ Կարտերը հրամայեց իրականցնել գաղտնի պլանավորված փրկարար գործողությունը, որը կրում էր «Արծվի ճանկ» անունը։ 1980 թվականի ապրիլի 24-ին ութ ուղղաթիռներ վեր բարձրացան ավիակիր նավից և թռան դեպի արևելյան Իրան։ Դրանցից երկուսը փոշու փոթորիկի պատճառով դարձան անմարտունակ։ Մյուս վեցը հարկադրված սպասում էին լիցաքավորման կետում։ Այդ վայրում պարզվեց, որ երրորդ ուղղաթիռն էլ է շարքից դուրս եկած։ Դրանից հետո գործողության ղեկավարը նախագահ Կարտերի համաձայնությամբ հրամայեց դադարեցնել։ Երբ ուղղաթիռները վերադասավորվում էին լիցքավորման համար, նրանցից մեկը կործանվեց, որի հետևանքով 8 մարդ զոհվեց և բազմաթիվ վիրավորներ եղան։ Գործողության ձախողման վերլուծությունը ցույց տվեց, որ թույլ էին տրվել 23 սխալ, որոնցին ինը շատ լուրջ էին[38]։

Երկրորդ փրկարար փորձ խմբագրել

Երկրորդ փրկարար փորձը պլանավորվեց, բայց այդպես էլ չիրականացվեց։ Պետք է օգտագործվեին գերժամանակակից «Հերկուլես» ինքնաթիռներ։ Երեք ինքնաթիռները պետք է վայրէջք կատարեին դեսպանատանը հարակից ֆուտբոլի դաշտում, որտեղից պետք է սկսվեր «Հուսալի սպորտ» գործողությունը։ Բայց ինքնաթիռներից մեկի աղետը կանխորոշեց գործողության չեղարկումը։

Ազատ արձակում խմբագրել

Ի վերջո, 1981 թվականի հունվարի 20-ին պատանդներն ազատ արձակվեցին բանակցությունների արդյունքում։ Ամերիկյան 52 պատանդները արձակվեցին, երբ նախագահ Ռոնալդ Ռեյգանը երդմնակլության իր ուղերձն էր հղում[39][40]։ Ազատ արձագման ձգձգման վերաբերյալ կան տարբեր տեսակետներ, այդ թվում նաև դավադրության տեսություններ[41][42][43] (անգլ.՝ conspiracy theories): Նրանք մեկնեցին նախ Ալժիր, որը խորհրդանշում էր Ալժիրի կառավարության աջակցությունը ճգնաժամը հարթելու համար։ Ապա տեղափոխվեցին Արևմտյան Գերմանիա, որտեղ նրանց դիմավորեց արդեն նախկին նախագահ Կարտերը։ Միայն դրանից հետո պատանդները տեղափոխվեցին ԱՄՆ։

Հետևանքներ խմբագրել

Իրան-իրաքյան պատերազմ խմբագրել

Իրան-իրաքյան պատերազմը սկսվեց 1980 թվականի սեպտեմբերի 22-ին Իրաքի Իրան ներխուժումով։ Լրագրող Ստեֆեն Կինզերը դա բացատրում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների փոփոխությամբ, որն էլ առիթ տվեց Իրաքի առաջնորդ Սադդամ Հուսեյնին հարձակվել Իրանի վրա սեփական խնդիրները լուծելու համար[44]։ ԱՄՆ-ը աջակցում էր Իրաքին՝ տրամադրելով ռազմական տեխնիկա։ Այս օգնությունը «ավելի խորացրեց Իրանի հակաամերիկյան տրամադրվածությունը[44]»։

Հետևանքներ Իրանի համար խմբագրել

Պատանդառության գործողությունը վատ հետևանքներ ունեցավ Իրանի համար մի քանի առումներով։ Իրաքի դեմ պատերազմում այն կորցրեց միջազգային աջակցությունը, և պայմանագիրը կնքվեց ոչ շահավետ պայմաններով[45]։ Այնուամենայնիվ իրանյան միլիարդավոր դոլլարների ակտիվները ստիպված եղան վերադարձնել պատանդների հետ փոխանակման համար։ Իրանում հակաամերիկյան տրամադրությունները հասան գագաթնակետին[46]։ Բավական էր որևէ գործչի կպցնել ամերիկամետ պիտակը, և նա ստիպված կլիներ լքել քաղաքական դաշտը[47]։ Խոմեյնիի կենսագրի խոսքերով, վերջինս վերածվեց զգուշավոր, պրագմատիկ գործչից դոգմաների հետևորդ ժամանակից հեղափոխականի։ Խոմեյնին իր հայտարարություններում նշել է, որ իմպերիալիզմը և լիբերալիզմը բացասական երանգավորում ունեցող բառեր էին դարձել, իսկ հեղափոխությունը դարձել էր սրբազան արժեք[48]։ Որոշները դրական էին համարում դեսպանատան գրագրության բացահայտումը, որը կօգներ հասկանալու տեղեկատվության արտահոսքերի ուղիները, գտնելու դավաճաններին։ Իրանի կառավարությունն ամեն տարի նշում է այդ իրադարձությունը դեսպանատան մոտ կազմակերպված ցույցերով և ԱՄՆ դրոշը այրելով։ Սակայն, 2009 թվականի նոյեմբերի 4-ին պրոդեմոկրատական ցուցարարները և բարենորոգիչները ցույցեր կազամկերպեցին Թեհրանում։ Երբ իշխանությունները խրախուսեցին նրանց վանկարկել «մահ Ամերիկային», ցուցարարները փոխարենը վանկարկեցին «մահ դիկտատորին»՝ նկատի ունենալով Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խոմեյնիին[49]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The History Guy: Iran-U.S. Hostage Crisis (1979–1981)». historyguy.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  2. Köhler, Michael; ‘Two Nations, a Treaty, and the World Court - An Analysis of United States-Iranian Relations under the Treaty of Amity before the International Court of Justice’; Wisconsin International Law Journal, 18 (Winter 2000), p. 287
  3. «Air Force Magazine» (PDF). Air Force Magazine. 2016 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  4. «History, Travel, Arts, Science, People, Places | Smithsonian». Smithsonianmag.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  5. Abrahamian, Iran Between Two Revolutions, (1982), p. 164
  6. (p. 52 poverty p. 54 Postwar Brit, -p. 63 acceptance of 50:50 split, demand for $50 million in damages & back revenues, The Persian Puzzle, Kenneth M. Pollack. New York: Random House, 2004.)
  7. O'Reilly, Kevin (2007). Decision Making in U.S. History. The Cold War & the 1950s. Social Studies. էջ 108. ISBN 1-56004-293-1.
  8. Mohammed Amjad. Iran: From Royal Dictatorship to Theocracy(չաշխատող հղում). Greenwood Press, 1989. p. 62 “the United States had decided to save the ‘free world’ by overthrowing the democratically elected government of Mosaddegh.”
  9. Iran by Andrew Burke, Mark Elliott, p. 37
  10. Lord, Jeffrey (2012 թ․ հոկտեմբերի 23). «Jimmy Carter's Dead Ambassador». The American Spectator. The American Spectator. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  11. Houghton, David Patrick (2001). US foreign policy and the Iran hostage crisis ([Online-Ausg.]. ed.). Cambridge [u.a.]: Cambridge University Press. էջ 77. ISBN 978-0521805094.
  12. «Among the Hostage-Takers». The Atlantic. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  13. Bowden 2006, pp. 8, 13
  14. Scott Macleod (1999 թ․ նոյեմբերի 15). «Radicals Reborn». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
  15. Macleod, Scott (1999 թ․ նոյեմբերի 15). «Radicals Reborn». TIME. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  16. Bowden 2006, pp. 40, 77
  17. Bowden 2006, pp. 127–8
  18. 18,0 18,1 Bowden 2006
  19. Bowden 2006, p. 93
  20. Bowden 2006, p. 50, 132–4
  21. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2004 թ․ նոյեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  22. Moin, Khomeini (2001), p. 226
  23. Moin, Khomeini, (2000), p. 221; “America Can’t do a *** Thing” by Amir Taheri New York Post, November 2, 2004
  24. Moin, Khomeini, (2000), p. 228
  25. «Iran, 1977-1980/Document». Gwu.edu. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  26. «Secrecy & Government Bulletin, Issue 70». Fas.org. 1997 թ․ մայիսի 29. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  27. Arjomand, Said Amir, Turban for the Crown: The Islamic Revolution in Iran by Said Amir Arjomand, Oxford University Press, 1988 p. 139
  28. Efty, Alex; ‘If Shah Not Returned, Khomeini Sets Trial for Other Hostages’; Kentucky New Era, November 20, 1979, pp. 1-2
  29. Bowden 2006, pp. 151, 219, 372
  30. Bowden 2006, p. 528
  31. Bowden 2006, p. 565
  32. Bowden 2006, p. 128
  33. Bowden 2006, p. 403
  34. (Rick Kupke in Bowden 2006, p. 81, Charles Jones, Colonel Dave Roeder, Metrinko, Tom Ahern (in Bowden 2006, p. 295)
  35. Bowden 2006, pp. 346–350
  36. «Man of the Year: The Mystic Who Lit The Fires of Hatred». Time. 1980 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
  37. “Doing Satan’s Work in Iran”, New York Times, November 6, 1979.
  38. Holloway, J. L., III; Special Operations Review Group (1980). «[Iran Hostage] Mission Rescue Report». U.S. Joint Chiefs of Staff. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  39. Weisman, Steven R. (1981 թ․ հունվարի 21). «Reagan Takes Oath as 40th President; Promises an "Era of National Renewal'—Minutes Later, 52 U.S. Hostages in Iran Fly to Freedom After 444-Day Ordeal». The New York Times. էջ A1.
  40. «Iranian Hostages Released - 1981 Year in Review - Audio». UPI.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  41. «The Republican myth of Ronald Reagan and the Iran hostages, debunked». Vox. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  42. «Did Iran Delay Hostages Release To Ensure Reagan's Election?». WRMEA. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  43. Lewis, Neil A. (1991 թ․ ապրիլի 15). «New Reports Say 1980 Reagan Campaign Tried to Delay Hostage Release». NYTimes.com. IRAN. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  44. 44,0 44,1 Kinzer, Stephen. «Inside Iran's Fury». Smithsonian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  45. Modern Iran: Roots and Results of Revolution, Keddie, Nikki, Yale University Press, 2003, p. 252
  46. Bakhash, Reign of the Ayatollahs, (1984), p. 236
  47. Brumberg, Daniel Reinventing Khomeini, University of Chicago Press (2001), p. 118
  48. Moin, Khomeini, (2000) p. 229
  49. «Iran's pro-democracy protesters to Obama: With us or against us? What a difference 30 years makes». Los Angeles Times. 2009 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել