Իվան Վասիլիի Ուդոդով (ռուս.՝ Иван Ваильевич Удодов, մայիսի 20, 1924(1924-05-20), Գլուբոկի, Ռուսաստան - հոկտեմբերի 16, 1981(1981-10-16), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)՝ խորհրդային ծանրամարտիկ, 1952-1956 թթ. աշխարհի ռեկորդակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ քառակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ[1]։ Խորհրդային ծանրամարտիկներից առաջինն է նվաճել օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը։ Հանդես է եկել որպես Ռոստովի «Դինամո» թիմի անդամ։

Իվան Ուդոդով
Ծնվել էմայիսի 20, 1924(1924-05-20)
ԾննդավայրԳլուբոկի, Ռուսաստան
Մահացել էհոկտեմբերի 16, 1981(1981-10-16) (57 տարեկան)
Մահվան վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնի Ռոստովի հյուսիսային գերեզման
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունծանրամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

Կենսագրություն խմբագրել

1941 թվականի աշնանը գերմանացիները, որ հարձակվելով ԽՍՀՄ-ի վրա՝ մի քանի ամսում հասել էին Ռոստով, տասնյոթամյա Իվան Ուդոդովին նետեցին Գերմանիայում՝ Բուխենվալդում հիմնադրած համակենտրոնացման դաժան ճամբարը, որտեղ նա տառապեց շուրջ չորս տարի՝ մինչև ամերիկացիների կողմից ճամբարի ազատագրումը։ Այն աստիճան հյուծված էր, որ ի վիճակի չէր առանց օգնության տեղաշարժվելու. կշռում էր հազիվ երեսուն կիլոգրամ։

Առողջությունը վերականգնելու նպատակով նա 1947 թվականից, հետևելով բժիշկների խորհրդին, սկսեց զբաղվել ծանրամարտով։ Ցերեկները ավտովարորդների դասընթացներին էր հաճախում, երեկոյան պարապում էր ծանրամարտի մարզասրահում՝ մարզիչ Մարկ Բաևի ղեկավարությամբ, որը ոչ միայն պատանի մարզիկի տեխնիկական զինանոցն էր հարստացնում ու հղկում, այլև հայրաբար օգնում էր կենսական շատ հարցեր լուծելիս։

Եռանդուն, հետևողական, տքնաջան աշխատանքի արդյունքում Իվանը դարձավ Ռոստովի ուժեղագույն թեթևքաշային ծանրամարտիկը։ 1948 թվականին Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում անցկացված Ռուսաստանի Հարավի սպարտակիադայում նա թեթևագույն քաշում գրավեց երկրորդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի՝ եռամարտում ցույց տալով 252,5 կիլոգրամ արդյունք։ Հաջորդ տարի, մասնակցելով ԽՍՀՄ առաջնությանը, 277,5 կիլոգրամ արդյունքով զբաղեցրեց հինգերորդ տեղը։

1951 թվականին Ռոստովի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումի շրջանավարտը հաղթահարեց թեթևագույն քաշի ծանրամարտիկների համար նվիրական դարձած՝ եռամարտում երեք հարյուր կիլոգրամ բարձրացնելու սահմանագիծը։ Հենց այդպիսի արդյունք ցուցադրեց նա ԽՍՀՄ առաջնությունում, նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը և ընդգրկվեց հավաքական թիմի կազմում։ Կարճ ժամանակ անց Բաքվում մասնակցելով ԽՍՀՄ միջգերատեսչական առաջնությանը՝ ցույց տվեց 310 կիլոգրամ արդյունք և դարձյալ հռչակվեց չեմպիոն։

ԽՍՀՄ հավաքական թիմի կազմում մարզվելով Նիկոլայ Լուչկինի ղեկավարությամբ, Ուդոդովը լավագույն ձևով նախապատրաստվեց 1952 թվականի ամառային օլիմպիական խաղերին և Հելսինկիում անցկացված մրցումներում նվաճեց ոչ միայն իր մարզական կարիերայում, այլև Խարհրդային Միության ծանր աթլետիկայի պատմության մեջ օլիմպիական առաջին ոսկե մեդալը։ Հաջորդ տարի՝ 1953 թվականին Շվեդիայում անցկացված մրցումներում ոսկե մեդալներ նա նվաճեց աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ Հետագա տարիներին Իվան Ուդոդովը ևս երեք անգամ հռչակվեց ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ դարձավ աշխարհի փոխչեմպիոն, առաջին տեղը գրավեց երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնում,,, 1956 թվականի ամառային օլիմպիական խաղերին նա, դժբախտաբար, վնասվածք ունենալու պատճառով չկարողացավ մասնակցել։

Մարզական իր կարիերան ավարտելով՝ որոշ ժամանակ աշխատել է որպես բեռնատար ավտոմեքենայի վարորդ, այնուհետև անցել է մարզչական աշխատանքի իր հայրենի մարզի կենտրոնում՝Դոնի Ռոստով քաղաքում։ Մահացել է 1981 թվականին։ Թաղվել է Դոնի Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը։

Հիշատակի հավերժացումը խմբագրել

2002 թվականին Իվան Ուդոդովի ծննդավայր Գլուբոկի ավանում կազմակերպվեց մեծ տոնակատարություն՝ ծանրամարտում ԽՍՀՄ սպորտի պատմության մեջ օլիմպիական առաջին ոսկե մեդալը նվաճելու 50-ամյակի կապակցությամբ։

1982 թվականից սկսած՝ Ռոստովի մարզային և քաղաքային սպորտկոմիտեների նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի անց է կացվում Իվան Ուդոդովի հիշատակին նվիրված ծանրամարտի մրցաշար, որին մասնակցում են ոչ միայն Դոնի Ռոստովի ու մարզի, այլև Ռուսաստանի բազմաթիվ քաղաքների ուժեղագույն ծանրամարտիկներ։ Այս մրցաշարի կազմակերպիչների թվում է նաև անվանի մարզիկի որդին՝ սպորտի վարպետ, նույնպես ծանրամարտիկ Անատոլի Ուդոդովը։

2013 թվականի հունիսի 1-ին Դոնի Ռոստովի «Աստղերի պողոտայում» հանդիսավոր պայմաններում տեղի ոնեցավ Իվան Վասիլիի Ուդոդովի անվանական աստղի տեղադրման արարողությունը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Иван Удодов — наш первый олимпийский чемпион
  2. «Победил донской атлет!». «Проспект звезд Ростова-на-Дону». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել