Իվան Լոբկովի տուն (ռուս.՝ Дом Ивана Лобкова), առանձնատուն Մոսկվայի կենտրոնում (Սոֆիյսկայա առափնյա փողոց, տուն 22)։ Կառուցվել է մոտ 1816 թվականին ամպիր ոճով։ Վերակառուցվել է 2003 թվականին՝ ձեղնահարկի կառուցումով։ Իվան Լոբկովի տունն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Իվան Լոբկովի տուն
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՅակիմանկա
ՎայրՍոֆիյսկայա առափնյա փողոց
Ճարտարապետական ոճամպիր
Հիմնադրված է1816
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Վաճառական Իվան Լոբկովի տունը կառուցվել է մոտ 1816 թվականին ամպիր ոճով` ավելի հին տան հիման վրա, որը, ենթադրաբար, այրվել էր 1812 թվականի հրդեհի ժամանակ։ Ըստ 1826 թվականի տվյալների` տունը պատկանել է վաճառականուհի Նախոդկինային։ 1849-1918 թվականներին առանձնատան տերերը եղել են վաճառական Վերյովկինները[3]։

XIX դարի կեսերին բակի կողմից տանը կցակառուցվել է կլորացված անկյունով երկհարկանի սրահ[3]։ 1914 թվականի վերանորոգումից հետո ճակատը զարդարեցին նեոդասականություն ոճի դեկորատիվ տարրերով[4]։

XIX դարի վերջին - XX դարի սկզբին առաջին հարկում գործում էր «Նեդելյա» («Շաբաթ») թերթի խմբագրությունը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո շենքն ազգայնացվեց, և այնտեղ տեղակայվեցին կոմունալ բնակարաններ, իսկ ավելի ուշ` տարբեր հաստատություններ։ 1970-ական թվականներին տունը վերակառուցվել է, որի ընթացքում փոխվել է ներսույթը, իսկ պատերի մեջ ներկառուցվել է մետաղյա կմախք[3]։

XXI դարի սկզբին տունը գտնվում է «Էլադի» ընկերության երկարաժամկետ վարձակալության տակ և եղել է վթարային վիճակում։ 2002-2003 թվականներին այն վերակառուցվել է «ճակատային պատերը պահպանելու» եղանակով. ծածկն ու հետևի պատը քանդվել են, ավելացվել է ձեղնահարկ[3]։

Ճարտարապետություն խմբագրել

Երկհարկանի առանձնատունը կառուցված է ամպիր ոճով, սակայն ունի մի քանի ծանրաքաշ համամասնություն[3]։ Նրա ձևավորման մեջ օգտագործվել են դեկորատիվ տարրեր, որոնք բնորոշ են հետհրդեհային շինություններին` ծաղկեպսակներ, վահանազարդեր, առյուծի դիմակներ, ռելիեֆային մեծանկարներ։ Ճակատի կենտրոնական մասն առանձնացված է ճակտոնով դորիական օրդերի որմնասյուներով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. Дом, начало XIX в. Արխիվացված 2018-05-12 Wayback Machine // data.mos.ru
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Константин Михайлов (2003 թ․ օգոստոսի 5). «Арифметика дома Лобкова». «Известия». Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  4. 4,0 4,1 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 219. — 512 с. — ISBN 5-274-01624-3