Իոնային բյուրեղացանց

Իոնային բյուրեղացանց, Այն միացությունները, որոնցում գոյություն ունի իոնային կապ , առաջացնում են իոնային բյուրեղացանց։ Օրինակ նատրիումի քլորիդի բյուրեղացանցն իոնային է, որում յուրաքանչյուր Na+ իոնը շրջապատված է 6 Cl– իոնով, և նույն ձևով յուրաքանչյուր Cl – իոնը 6 Na+ իոնով։ Նատրիումի քլորիդի բյուրեղացանցի երկրաչափական պատկերը խորանարդ է։ Իոնային կապի կարևոր առանձնահատկությունն է ուղղորդվածություն և հագեցվածություն չունենալը։ Սրանք պայմանավորված են հենց իոնի բնույթով։

Իոնի լիցքը գնդային մակերևույթի վրա բաշխված է հավասարաչափ, այդ պատճառով իր էլեկտրական դաշտի ազդեցությունը հավասարապես է տարածում բոլոր ուղղություններով։ Գոյություն չունի որևէ արտոնյալ ուղղություն, որով իոնը կապվի միայն մեկ իոնի հետ։ Իոնը միևնույն ուժով կարող է ձգել հակառակ լիցք կրող իոններ բոլոր ուղղություններով։ Ուրեմն իոնային կապը ուղղորդվածություն չունի։ Դա հանգեցնում է այն բանին, որ իոնային կապը չունի նաև հագեցվածություն։ Նատրիումի և ցեզիումի քլորիդների բյուրեղացանցերի օրինակը դրա վկայությունն է։ Իոնային բյուրեղացանց ունեցող նյութերը, շնորհիվ իոնային կապի մեծ ամրության, բնութագրվում են հալման բարձր ջերմաստիճանով։ Դրանց բնորոշ է նաև որոշ կարծրություն[1]։

ԾանոթագրություններԽմբագրել