Իշխան Գելոյան

ռուս ֆուտբոլիստ

Իշխան Մախարի Գելոյան (օգոստոսի 31, 1992(1992-08-31)[1], Ռանչպար, Մասիսի շրջան, Հայաստան), ռուսաստանցի և հայ ֆուտբոլիստ, Կալինինգրադի «Բալթիկա» ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Իշխան Գելոյան
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 31, 1992(1992-08-31)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Ռանչպար, Մասիսի շրջան, Հայաստան
Հասակ 179 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Զվեզդա (Լյուբերցի)
Ռուսաստան Լոկոմոտիվ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2012 Ռուսաստան Լոկոմոտիվ-2-երիտասարդական Սիրողական լիգա
2012 Ռուսաստան Սլավյանսկի 19 (4)
2013 Ռուսաստան Գոռնյակ (Ուչալի) 12 (0)
2013-2014 Ռուսաստան Խիմիկ (Ձերժինսկ) 32 (0)
2014 Ռուսաստան Բալթիկա 20 (0)
2015 Ռուսաստան Վիտյազ (Կրիմսկ) 13 (5)
2015-2016 Ռուսաստան Բալթիկա 34 (3)
2016 Ռուսաստան Ենիսեյ 6 (0)
2017 Ռուսաստան Նեֆտեխիմիկ 12 (0)
2017-2018 Ռուսաստան Լուչ 30 (7)
2018-2019 Ռուսաստան Շիննիկ 30 (7)
2019-2020 Ռուսաստան Տամբով 0 (0)
2020-ներկա Ռուսաստան Բալթիկա 23 (2)
Ազգային հավաքական
2021-ներկա Հայաստան Հայաստան 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Իշխան Գելոյանը ծնվել է Հայաստանի Ռանչպար գյուղում, բայց մեծացել է Ռուսաստանում։ 6 տարեկանից նա զբաղվել է թեկվոնդոյով Մոսկվայի դպրոցներից մեկում, բայց հետո ընտանիքը տեղափոխվել է Լյուբերցի, և 10-ամյա Գելոյանը սկսել է ֆուտբոլ պարապել տեղի դպրոցում մարզիչ Ալեքսեյ Բեսալիի մոտ, որը խորհուրդ է տվել դիտում անցնել Մոսկվայի դպրոցներում։ 13 տարեկանում նա մոտ մեկ ամիս անցկացրել է «Դինամոյի» դպրոցում, սակայն չի կարողացել ամրապնդվել այնտեղ և տեղափոխվել է «Լոկոմոտիվ-Պերովոյի» դպրոց[2]։

Մեծահասակների մակարդակում նա սկսել է խաղալ «Լոկոմոտիվ-2-երիտասարդական» թիմում՝ սիրողական լիգայում։ Պրոֆեսիոնալ մակարդակում նորամուտը նշել է 2012 թվականին Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի «Սլավյանսկի» ակումբում, որտեղ վեց ամսում անցկացրել է 19 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ։ 2013 թվականի ձմռանը նա տեղափոխվել է Ուչալիի «Գոռնյակ»։ 2013/14 մրցաշրջանում նա խաղացել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում (ФНЛ)՝ Ձերժինսկի «Խիմիկի» կազմում։ Հետագայում Գելոյանը փոխել է մեծ թվով թիմեր, որոնց թվում են «Բալթիկան», «Վիտյազը» (Կրիմսկ), «Ենիսեյը», «Նեֆտեխիմիկը», «Լուչը» (Վլադիվոստոկ) և «Շիննիկը», բայց նրանցից ոչ մեկում չի մնացել մեկ մրցաշրջանից ավելի։

2019 թվականին Գելոյանը պայմանագիր է կնքել Պրեմիեր լիգայի նորեկ «Տամբով» ակումբի հետ, սակայն մարզման ժամանակ խաչաձև կապանների վնասվածք է ստացել[3] և ոչ մի հանդիպում չի անցկացրել այդ թիմի կազմում։ 2020 թվականի հոկտեմբերին նա վերադարձել է «Բալթիկա»[4]։

Կարիերա ազգային հավաքականի կազմում խմբագրել

2021 թվականի օգոստոսի 25-ին Գելոյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի սեպտեմբերյան խաղերին[5][6]։ Նորամուտը թիմում նա նշել է սեպտեմբերի 5-ին Գերմանիայի հավաքականի հետ արտագնա հանդիպման (0:6) ժամանակ՝ փոխարինման դուրս գալով ընդմիջումից հետո[7]։

Ծանոթագրություններ խմբագրել