Ինվարիանտություն
Ինվարիանտություն (լատին․՝ inva- rians (invariantis)- չփոփոխվող), որոշակի պայմանների փոփոխման և ձևափոխությունների ժամանակ մաթեմատիկական և ֆիզիկական մեծությունների անփոփոխ մնալու հատկությունը։
Ինվարիանտության հետ է կապված բնության այս կամ այն սիմետրիան, իսկ դա, իր հերթին, հանգեցնում է ինվարիանտների, այսինքն՝ պահպանման օրենքների գոյությանը (Նյոթերի թեորեմ)։
Այսպես, զուգահեռ տեղափոխության (տրանսլյացիայի) նկատմամբ ֆիզիկական օրենքների ինվարիանտություն, որը կապված է եռաչափ տարածության համասեռության հետ, հանգեցնում է մեկուսացված համակարգի շարժման քանակի պահպանման օրենքին։ ժամանակի հաշվարկման սկզբնապահի փոփոխության նկատմամբ ինվարիանտություն, որը կապված է ժամանակի համասեռության հետ, հանգեցնում է մեկուսացված համակարգի էներգիայի պահպանման օրենքին։ Ճիշտ նույն ձևով եռաչափ տարածության իզոտրոպությունը (ինվարիանտության պտույտի նկատմամբ) կապված է շարժման քանակի մոմենտի պահպանման օրենքի հետ։
Ֆիզիկական օրենքներ
խմբագրելՖիզիկական օրենքներն ինվարիանտ են Լորենցի ձևափոխությունների նկատմամբ։ Ինվարիանտության հասկացության մեջ կարևոր դեր է կատարում ձևափոխությունների խումբը։ Տարբերում են անընդհատ (տրանսլյացիայի ձևափոխություններ) և ընդհատ (կոորդինատների համակարգի հայելային անդրադարձում) խմբեր ու դրանց համապատասխան սիմետրիաներ։ 20-րդ դարի կեսերին տարրական մասնիկների ֆիզիկայում հայտնաբերվել է սիմետրիայի ընդհատ ձևափոխությունների հետ կապված պահպանման օրենքների խախտում (տարածական և կոմբինացված զույգության խախտումը թույլ փոխազդեցությունում)։
Ինվարիանտ շատ մեծությունների պահպանումը և դրանց համապատասխանող սիմետրիաները մոտավոր բնույթ ունեն (օրինակ, իզոտոպ սպինը և համապատասխան իզոտոպ ինվարիանտությունը, մի շարք այլ սիմետրիաներ, որոնք կապված են տարրական մասնիկների ներքին հատկությունների հետ)։ Այդ «խախտված» սիմետրիաների բնույթը հասկանալը տարրական մասնիկների ֆիզիկայի համար կարևոր խնդիր է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 350)։ |