Ինուիտներ, բնիկ ժողովուրդներ, որոնք բնակվել են Ինուիտ Նունանգատում[1][2], այսինքն Հյուսիսարևմտյան տարածքների Ինուվիալուիտ և Հյուսիսային Կանադայի Նունավուտ բնակավայրերում, Քվեբեկի Նունավիկ և Լաբրադորի Նունատսիավուտ բնակավայրերում, ինչպես նաև Գրենլանդիայում։ Ինուիտների մշակույթ տերմինը հետևաբար վերաբերում է հենց այս տարածաշրջաններին, չնայած զուգահեռներ են տարվում ինուիտների և էսկիմոսների միջև։

Ինուիտներ
Ընդհանուր քանակ

135,991

Բնակեցում
Կանադա Կանադա 50,480 (2006)
Գրենլադիա (վարչական միավոր) Գրենլանդիա 51,365 (2010)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 16,581 (2010)
Ռուսաստան Ռուսաստան 1,750 (2010)
Դանիա Դանիա 15,815 (2015)
Լեզու(ներ)
Գրենլանդերեն, Ինուկտիտուտ և այլ Ինուիտական լեզուներ, Դանիերեն, Անգլերեն, Ֆրանսերեն, Ինուիուկ և այլ լեզուներ
Հավատք(ներ)
Քրիստոնեություն, Ինուիտական կրոն

Ինուիտները ապրում են էքստրեմալ կլիմայական պայմաններում։ Նրանց գոյատևման հիմնական հմտություններն են որսորդությունը և կենդանիների համար թակարդներ լարելը։ Սիբիրի, Հյուսիսային Ամերիկայի և Գրենլանդիայի տունդրաներում և սառցադաշտերում երբեք հնարավոր չի եղել զարգացնել գյուղատնտեսությունը։ Հետևաբար, Ինուիտների մշակույթի և մշակութային պատմության առանցքը եղել է որսորդությունը։ Այսպիսով, ժամանակակից Ինուիտական բնակավայրերում, որոնք հիմնադրվել են միայն տասնամյակներ առաջ, կենսակերպն արտացոլում է հազարամյակների պատմություն ունեցող որսորդության մշակույթը, որը Ինուիտներին և նրանց նախնիներին թույլ է տվել հասնել մարդկության ամենամեծ ձեռքբերումներից մեկին՝ Արկտիկայում բնակության հաստատմանը։

Անվան ստուգաբանություն խմբագրել

 
1999 թվականի Ապրիլի 1-ին Նունավիտ տարածաշրջանի ստեղծման տոնումը

Հյուսիսային Ամերիկայում բնակվող Եվրոպացիները Ինուիտներին կոչեl են էսկիմոսներ, սակայն ժողովուրդն այս տերմինը նվաստացուցիչ է համարում, քանի որ Էսկիմո բառը Ալգոնկինյան լեզուներում նշանակում է «հում միս ուտող»[3][4][5][6] Ըստ Կրի լեզվով խոսող մի մարդու՝ էսկիմո բառը առաջացել է askamiciw բառից, որը նշանակում է «Նա այն հում է ուտում», և Կրի լեվով գրված տեքստերում ինուիտներին անվանում են askipiw:[7][8][9]։

Ինուիտ բառը ինքնանվանում է, այսինքն անուն է, որը ժողովուրդը տվել է ինքն իրեն։ Այն նշանակում է «ժողովուրդ», եզակի թվով՝ ինուկ[10][11][12]։

Մշակութային պատմության վաղ փուլեր խմբագրել

Փուլ I (մ.թ.ա. 9000 - 5000 թթ.)

  • Արևմտյան Արկտիկա
    • Պալեոարկտիկական ավանդույթներ
    • Անանգուլա ավանդույթներ

Փուլ II (մ.թ.ա. 5000 - 2000 թթ.)

  • Արևմտյան Արկտիկա
    • Օվկիանոսի ծոց 1( Կոդիակ կղզու)
    • Հյուսիսային արխայիկ ավանդույթ

Փուլ III (մ.թ.ա. 2000 - 1000 թթ.)

  • Արևմտյան Արկտիկա
    • Տակլի մշակույթ
    • Արկտիկական փոքր գործիքների ավանդույթ
  • Արևելյան Արկտիկա
    • Հյուսիսային Արկտիկայի փոքր գործիքների ավանդույթ մ.թ.ա. 3000 - 500 թթ.

Մշակույթի պատմության ամփոփում խմբագրել

Հնագետները վստահ են, որ ներկայիս ինուիտների նախահայրերը ծագել են Բերինգի նեղուցի տարածքում, որը բաժանում է Ասիան և Հյուսիսային Ամերիկան։

 
Ինուիտ կին

Ինուիտների առաջին խումբը, որը հայտնի էր պալեոէսկիմոսներ անվանվամբ, հատել է նեղուցը մ.թ.ա. 3000 թվականին։ Դա տեղի է ունեցել հնդկացիների՝ նեղուցը հատելուց շատ ավելի ուշ։ Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ պալեոէսկիմոսները մ.թ.ա. 2300 տեղափոխվել են Հյուսիսային Կանադա, Արկտիկա՝ կլիմայական փոփոխությունների պատճառով։ Այնտեղից նրանք, հետևելով որսի կենդանիների տեղաշարժմանը, աստիճանաբար վերածվել են առանձին քոչվոր ցեղերի։

Ասում են, որ նախադորսեթյան մշակույթը առաջացել է այն ժամանակ, երբ պալեոէսկիմոսները հաստատվել են Կանադական Արկտիկական կղզեխմբում և Հյուսիսային Գրենլանդիայում։ «Դորսեթյան» և «Նախադորսեթյան» նկարագրությունը ծագում է Բաֆինի երկրում գտնվող Դորսեթ հրվանդանի անունից։ 1925 թվականին հնագետ Դայմոնդ Ջենեսը հայտնաբերեց, որ այստեղ Ինուիտներից առաջ բնակվել է մեկ այլ մշակույթ՝ Դորսեթյան մշակույթը։ Պալեոէսկիմոսներին ավելի դժվարությամբ է հաջողվել հաղթահարել ցուրտ կլիման, քան նրանց հաջորդներին, որոնք օգտագործում էին նոր տեխնոլոգիաներ՝ նավեր, ձկնորսական եռաժանիներ, սահնակներ, նոր կացարաններ և ջերմություն ստանալու նոր եղանակներ։

  • Ինդիփենդենս 1 մշակույթ մ.թ.ա. 2300 -1500 թթ.

Պալեոէսկիմոսյան այս մշակույթն անվանվել է Ինդիփենդենս ֆյորդի անունով։ Այնտեղ գտնվել ենմեծ բնակավայրերի հետքեր։ Այստեղ կացարանները կառուցված են եղել էլիպսաձև հիմքերի վրա, որոնց կենտրոնում գտնվել է հարթ քարերից պատրաստված օջախը։ Դրա մեջ գցում էին փայտ, աթար և ոսկորներ։

  • Սակկակ մշակույթ մ.թ.ա. 2400-900 թթ.
 
Տուլե մշակույթի կացարանի մնացորդներ

Գրենլանդիայի արևելյան ափի արևմտյան և հարավային մասերում է զարգացել Սակկակ մշակույթը։ Այն գոյատևել է մոտ 1500 տարի։ Սակկակ մշակույթը բնակվել է Դիսկո ծովածոցում՝ Սակկակ կոչվող վայրի մոտ։ Այդտեղից էլ ստացել է իր անունը։ Ժողովուրդը բնակվել է ափամերձ տարածքներում և ֆյորդերում։ Սակկակ ժողովրդի մշակույթը նման է Նախադորսեթյան մշակույթին։ Այդ երկու մշակույթներն էլ գոյություն են ունեցել միևնույն ժամանակաշրջանում։ Որոշ գիտնականներ կարծում են, որ Սակկակ ժողովուրդը առանձնացել է Նախադորսեթյան մշակույթից, ապա Էլսմիր կղզուց գաղթել է Գրենլանդիա, իսկ ավելի ուշ գաղթել է հարավային ափ։

Փուլ IV (մ.թ.ա. 1000-մ.թ.1000 թթ.) խմբագրել

Արևմտյան Արկտիկա

  • Կաչեմակ ավանդույթ
  • Նորթոն ավանդույթ
  • Չորիս, Նորթոն, Իպիուտակ
 
Տուլե մշակույթի կացարանի հիմք

Արևելյան Արկտիկա

  • Ինդիփենդենս II մշակույթ մ.թ.ա. 800/600-1 թթ.

Հավանաբար կլիմայի պատճառով Հյուսիսային Գրենլանդիան մոտ 500 տարի բնակեցված չի եղել։ Հարավային Գրենլանդիայում Սակկակ մշակույթի անհետացումից առաջ Կանադական Արկտիկական կղզեխմբից մեկ ուրիշ մշակույթ է եկել։ Հնագիտական տեսանկյունից՝ նոր ժողովուրդն ավելի զարգացած է եղել, քան այդ տարածքում բնակվող ժողովուրդը։ Այդ մշակույթը կոչվում է Ինդիփենդենս II մշակույթ։ Այն կարծես զարգացել է Կանադական նախադորսեթյան մշակույթից։ Հավանաբար Ինդիփենդենս և Սակկակ մշակույթները սերտ կապեր են ունեցել։

 
Դիսկո ծովածոց

Գրենլանդիայում տարվում են հետազոտական աշխատանքներ՝ Ինդիփենդենս II մշակույթի հետքերը գտնելու նպատակով։ 1987 թվականին Իլ դը Ֆրանսում հայտնաբերվել են Ինդիփենդենս II մշակույթի մեծ բնակավայրերի մնացորդներ։ Այս մշակույթի կառույցները նման են Ինդիփենդենս I մշակույթի կառայցներին, միայն թե՝ ավելի բարդ հորինվածք ունեն։ Մինչ այսօր այս երկու մշակույթների միջև կապը չի ապացուցվել։ Ինդիփենդենս II մշակույթի գործիքները ավելի շատ են հիշեցնում նախադորսեթյան և ավելի ուշ դորսեթյան մշակույթը։ Այժմ դեռևս անհայտ է, թե հետագայում ինչ է պատահել Ինդիփենդենս II մշակույթի հետ։ Այն հավանաբար ձուլվել է Դորսեթյան մշակույթին։

  • Դորսեթյան մշակույթ (մ.թ.ա.500 թ. - մ.թ. 1000 թ.)Մ.թ.ա. 500 թվականից մինչև մ.թ. 500 թվականը Հյուսիսային Կանադայում և Գրենլանդիայում տեղի են ունեցել մշակութային և տեխնոլոգիական մեծ փոփոխություններ։ Այժմ այդ ժամանակաշրջանը անվանվում է Դորսեթ I: Դորսեթյան ժողովուրդը նույնացվում է Տունիիտ (եզակի թվով՝ Տունիք, Տորնիտ կամ Տունիրխուատ) ժողովրդի հետ, որոնք Ինուիտական դիցաբանության մեջ նկարագրվում են որպես հզոր հսկաներ, որոնք ապրել են քարե տներում։
 
Արտեֆակտներ Դորսեթ հրվանդանի մոտակայքում

Հնարավոր է, որ Դորսեթյան մշակույթն է հայտնագործել Իգլուները[13], սակայն դժվար է սա ապացուցել, քանի որ իգլուները ժամանակավոր բնույթ են կրում և չեն թողնում հնագիտական որևէ փաստարկ։ Ժողովուրդը ձմեռներն անց է կացրել ավելի մնայուն կացարաններում, որոնք պատրաստվել են քարից և խոտից։ Սրանք հանդիսացել են կարմակ կոչվող կացարանների նախատիպը։

Հաջորդ 500 տարիների ընթացքում՝ Դորսեթ II ժամանակաշրջանում, Դորսեթյան մշակույթը տարածվել է մինչև Վիկտորիա կղզու, Գրենլանդիայի և Նյուֆաունդլենդի միջև ընկած տարածք։ Սրա պատճառը հավանաբար եղել են կլիմայական փոփոխությունները։ Ուշագրավ է, որ, չնայած տարածքի կտրուկ ընդարձակմանը, Դորսեթ II մշակույթը իրեն է վերագրել Դորսեթ I մշակույթի ոճական առանձնահատկույթունները։

 
Իգլու

Փղոսկրի վրա արված քանդակները թվագրվում են Դորսեթ I ժամանակաշրջանին, բայց արվեստը ավելի շատ զարգացել է Դորսեթ II ժամանակաշրջանում։ Այս մշակույթը ունեցել է շամանիստական բնույթ, որը երևում է կենդանիների դիմագծերով մարդու փոքր դիմակներից, ոգու նմանությամբ արջերի քանդակներից և ծիսական բնույթ ունեցող այլ առարկաներից։

Փուլ V (մ.թ.1000թ. -այսօր) խմբագրել

Արևմտյան Արկտիկա խմբագրել

  • Կոնիաք
  • Հին Բերինգի ծով
    • Օկվիկ
    • Բիրնիրկ
    • Պունուկ
    • Բերինգի ծովի Տուլե մշակույթ
      • Հյուսիսային Ալյասկայի Արևմտյան Տուլե մշակույթ
      • Կանադական Տուլե մշակույթ
        • Գրենլանդիայի Իգունսուկ Տուլե մշակույթ
  • Տուլե մշակույթ (մ.թ.1000-1800 թթ.)

Ալյասկայի համեմատաբար բարեխառն կլիմայի շնորհիվ նախադորսեթյան ժողովուրդների հեռանալուց հետո հետագա 3000 տարիների ընթացքում այս շրջանում ապրած ժողովուրդների մշակույթն ավելի արագ է զարգացել։

Մշակութային և տեխնոլոգիական առաջընթաց խմբագրել

 
Կետի ոսկորներից կառուցված կացարան

Ալյասկայի ափերին ապրող զանազան ժողովուրդներ այդ ժամանակաշրջանում ստեղծել էին որսորդության և ձկնորսության լիովին նոր տեխնոլոգիաներ, որոնք հիմնահատակ փոփոխել էին նրանց կյանքը և մշակույթը։ Նրանք ստեղծել էին նավակներ՝ պատրաստված անջրանցիկ կաշվից։ Այդպիսի նավերից էին օրինակ կայակները, որոնք օգտագործվում էին որսորդների կողմից, ումիակը՝ մի մեծ նավ, որի մեջ տեղավորվում էր մոտ 20 մարդ։ Այս տեխնոլոգիաների շնորհիվ Ալյասկայի ժողովուրդներին հաջողվել է որսալ կետերի, որոնք ուտելիքի մեծ պաշար էին ապահովում և հարուստ էին վիտամիններով։ Կետի կաշին և ոսկորներն օգտագործվում էին շինարարության մեջ։

Տուլե ժողովուրդների ներգաղթ խմբագրել

Մ.թ. 1000 թվականին Հյուսիսային Ամերիկայի տաք կլիմայի շնորհիվ Արկտիկայի բնակելի տարածքներն ընդարձակվեցին և ավելացավ բնակչության քանակը։ Ենթադրաբար այս զարգացումը, ինչպես նաև քարհանքերի և երկաթի փնտրտուքը ավելի բարձր լայնություններում Ալյասկայի Տուլե ժողովրդի՝ Հյուսիսային Կանադա և Գրենլանդիա գաղթի պատճառն է։ Այսպես կոչված «երկրորդ միգրացիայի» ժամանակաշրջանում, տեղահանված խմբերի մի մասը գաղթել է հարավ՝ բնակություն հաստատելով Հուդզոնի ծոցի տարածքում։ Ինչպես բացատրում են Ինուիտական առասպելները՝ շատ տարածքներում տեխնոլոգիապես ավելի զարգացած Տուլե մշակույթը ընդունել է Դորսեթյան ժողովրդին, սակայն որոշ վայրերում նրանց կոտորել են։

Ավելի ուշ՝ մոտ մ.թ.1000 թվականին, կարճ ժամանակամիջոցում Արկտիկայի Դորսեթյան մշակույթը վերացել է։ Նրանք ավելի երկար են գոյատևել Հյուսիսային Լաբրադորում և Ունգավա շրջանում (մինչև 1300 թ.): Ինուիտների մի խումբ՝ Սադլերմիուտները Սաութհեմփթոն, Վալրուս և Քոթս կղզիներում, գոյատևել են մինչև 20-րդ դարի սկզբները։

Նոր ժամանած ժողովուրդները ներկայիս ինուիտների նախնիներն են եղել։ Նրանք առաջացել են Բերինգի նեղուցի շրջանում, բայց անվանվում են Տուլե, քանի որ նրանց առաջւն բնակավայրերի մնացորդները հայտնաբերվել են Գրենլանդիայի Տուլե քաղաքում։

 
Իննունգուակ՝ մարդու տեսքով

Տուլե ժողովրդի կացարաններ խմբագրել

Տուլե ժողովրդի կացարանները հիմնականում կառուցվում էին կետի ծնոտի ոսկորներից և խարսխված էին տունդրայի հողի մեջ կողոսկրերի և քարերի միջոցով։ Փեղկերը ծածկված էին կենդանիների կաշվով և պատված էին ճիմով։

Արվեստ խմբագրել

Չնայած Դորսեթյան մշակույթում մեծ դեր են ունեցել շամանիստական ծեսերն ու առասպելները, դրանք արվեստում քիչ են արտացոլվել։ Տուլե ժողովրդի կացարաններում հայտնաբերված իրերի վրա հիմնականում դեկորատիվ զարդանախշեր էին։ Այս պարագաները ընդհանրապես չեն ունեցել ծիսական ոչ մի նշանակություն։ Տուլե մշակույթի կացարաններում հայտնաբերվել են նաև փղոսկրի վրա կանացի պատկերավոր փորագրություններ, ջրային թռչունների, կետերի պատկերներ։ Երբեմն ջրային թռչունների պատկերներն ունենում են կանանց գլուխներ և հակառակը՝ կանայք պատկերված են ջրային թռչունների գլուխներով։

Տուլե ժողովրդի արվեստում արջերի պատկերները հակադրվում են Դորսեթյան արվեստի արջերի պատկերներին։ Դորսեթյան մշակույթում արջերը իրատեսականորեն են պատկերված։ Ներկայումս այդ պատկերները համարվում են որսորդության ժամանակ փորձանքները ետ մղող հմայիլներ և թալիսմաններ։

Անցումային շրջան (մ.թ.1300-19-րդ դար) խմբագրել

14-րդ դարի սկզբից Կանադական Արկտիկական կղզեխմբից և ցամաքի Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափամերձ շրջանում կլիման սկսել է աստիճանաբար սառել։ 1550-1880 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում՝ «Փոքր սառցե դարաշրջանում», ջերմաստիճանը զգալիորեն ցածր էր Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ներկայիս ջերմաստիճանից։ Այս կտրուկ փոփոխությունները մեծ ազդեցություն են թողել Տուլե մշակույթի վրա, որի ապրուստի միջոցը որսորդությունն էր։ Արկտիկայի շատ շրջաններ ամայացել են կամ արտագաղթի կամ էլ սովի պատճառով։ Ավանդական կենսակերպ վարում էին միայն Արկտիկայի համեմատաբար հյուրընկալ շրջանները՝ Բաֆինի երկիրը, Լաբրադորի և Գրենլանդիայի հարավային մասը։ Գրենլանդիայում Տուլե մշակույթում առաջացան սոցիալական տարբեր դասեր և նոր բնակավայրեր, և առաջացավ Ինուգսուկ մշակույթը։

17-րդ դարի սկզբում Գրենլանդիա եկան եվրոպական առաջին կետորսանավերը։ Հաջորդող 150 տարիների ընթացքում մոտ 10.000 կետորսներ ամեն տարի անցնում էին Գրենլանդիայի ափով և ազդեցություն թողնում Տուլե ժողովրդի մշակույթի վրա։ Առևտրային հարաբերությունների զարգացման ժամանակ եվրոպացիների և կանադացիների կամ եվրոպացիների և ամերիկացիների միջև տեղի էին ունենում խառն ամուսնություններ։ Այդ պատճառով մի քանի սերունդ հետո գենետիկորեն շատ քիչ մաքուր ինուգսուկ մարդիկ էին մնացել։

Ինուիտների պատմական շրջան (սկսած 1800թ.-ից) խմբագրել

19-րդ դարը համարվում է «Ինուիտական մշակույթի» սկիզբը։ Չնայած Տուլե մշակույթի շատ քիչ ավանդույթներ են գոյատևել, Ինուիտների կենսապայմանները պատմական շրջանում համեմատաբար ավելի լավ էին քան նրանց նախնիներինը 1000 տարի առաջ։ Հետևաբար տեխնիկական ստանդարտները և արվեստի գործեր ստեղծելու ոգին սկսել են տեղի տալ։ Օրինակ՝ փորագրությունը և դեկորատիվ քանդակագործությունը ավելի հազվագյուտ են դարձել։ Այս ժամանակաշրջանի ցուրտ կլիման և որսի կենդանիների պակասությունը նշանակում էին, որ Ինուիտները ստիպված էին լքել իրենց բնակավայրերը և վերածվել քոչվորների։ Այսպիսով Ինուիտները սկսել են կառուցել ժամանակավոր բնույթ ունեցող կացարաններ ձմռան համար։ Վերջիններս վրանանման տնակներ էին՝ կառուցված քարից, խոտից և ձնից։ Ինուիտները դրանք անվանում էին կարմակներ։ Իգլուներ կառուցելու տեխնիկան ավելի է զարգացել և տարածում գտել։

Շփում Եվրոպացիների հետ խմբագրել

Ինուիտների մշակույթի մեջ նոր փոփոխությունների խթան էր եվրոպացիների հետ շփումը։ Վաղ շրջանում շփումը վիկինգների, այնուհետև ձկնորսների, հետազոտողների, կետորսների հետ ավելի քիչ ազդեցություն է ունեցել Կանադայի Ինուիտների վրա։ Նոր ժամանած եվրոպացիները մտադրություն չունեին բնակություն հաստատելու։ Այսպիսի հարաբերությունների արդյունքում Ինուիտները ձեռք են բերել զանազան հիվանդություններ՝ ծաղիկ, սեռական ճանապարհով փոխանցվող և վարակիչ հիվանդություններ։

Ի տարբերություն եվրոպացիների՝ կանադացի վաճառականները, միսիոներները և Կանադական վարչակազմի անդամները հաստատվել են այս շրջանում և սկսել ուղղակի ազդեցություն ունենալ բնիկ ժողովրդի վրա։ Կանադացիները 1993 թվականին Հուդզոնի ծոցի Ֆուլլերտոն հրվանդանի մի կարևոր կետորսական բազայի մոտ և Հերշել կղզու վրա կառուցել են վարչական և ոստիկանական առաջին կայանները։ Այդ նույն տարում նորվեգացի Ռուալ Ամունդսենը սկսել է իր Յոա նավով նավարկել Հյուսիսարևմտյան անցումով։

20-րդ դարի սկզբից Արկտիկայի ժողովուրդների համար արմատական փոփոխություններ են կատարվեցին։ Շատ մարդիկ սկսել են այցելել Գրենլանդիա։ 1912-1913 թթ. Ալֆրեդ Վեգեները գիտարշավ է իրականացրել, իսկ 1915-1924 թթ. տեղի է ունեցել Կնուս Ռասմուսսենի՝ Տուլե մշակույթի գիտարշավը։ 1933 թվականին Միջազգային արդարադատության մշտական պալատը հաստատել է Գրենլանդիայում Դանիայի իշխանությունը, որը քաղաքական և կառուցվածքային մեծ ազդեցություն է թողել ինուիտների վրա։

Կանադայում Հուդզոն ծոցի ընկերությունը առևտրի համար ձեռք է բերել Հուդզոն ծոցի արևմտյան մասում գտնվող նախկինում չուսումնասիրված Կիվալիկ մարզը։ Այդ ժամանակ Ինուիտները որս էին անում ոչ թե հագուստ և ուտելիք պատրաստելու, այլ հիմնականում Եվրոպայի և հարավի շուկաներում ապրանքներ փոխանակելու համար։ Պահանջված էին հատկապես բևեռաղվեսի մորթին, ինչպես նաև մորթու այլ տեսակներ, ծովափղի ոսկորները և Կենտեղջյուրը։ Աղվեսների համար սկզբում թակարդներ էին լարում կանայք, սակայն երբ աղվեսի մորթու պահանջարկն աճել է, աղվեսների որսով սկսել են զբաղվել տղամարդիկ։ Առևտրի շնորհիվ ինուիտները կարողանում էին ձեռք բերել եվրոպական և կանադական ապրանքներ՝ զենք, ծխախոտ, սուրճ, թեյ, շաքարավազ և ալյուր։ Կախվածություն ձեռք բերելով՝ բնիկ ժողովուրդը սկսել է կորցնել իր ինքնիշխանությունը, որի պատճառով էլ փոխվել է մշակութային զարգացումը։

 
Ինուիտների ավանդական հագուստ

Հասարակական կառուցվածքը և կենսակերպը 19-րդ դարում խմբագրել

19-րդ դարում ինուիտների հասարակությունը կազմված էր մոտ 50 խմբերից, որոնցից յուրաքանչյուրն ուներ 200-800 անդամ։ Անդամակցությունը հիմնված էր մեծ և փոքր տոհմերի կամավորական միությունից։ Տոհմերն իրենց հերթին բաղկացած էին մեծ ընտանիքներից։ Հասարակական կառուցվածքի այսպիսի ազատությունը, որը թույլ էր տալիս ընտանիքներին ինքնիշխան և ինքնակառավարվող լինել, մեծացնում էր ճգնաժամի ժամանակ գոյատևելու շանսերը։ Որսորդության շնորհիվ ինուիտները ապահովված էին սնունդով և հումքով հագուստի, տնային պարագաների, շինարարության և այլնի համար։ Հատուկ ընտրված ու զարդարված քարերն օգտագործվում էին նետ ու աղեղ, կացիններ, դանակներ պատրաստելու համար։ Ճարպաքարը, որը համեմատաբար փափուկ քար է, օգտագործվում էր խոհարարական սպասք պատրաստելու համար։

Տնկանյութերը այդքան էլ չէին օգտագործվում ինուիտների մշակույթում։ Արկտիկայում փայտը քիչ է, երբեմն այն հանդիպում է միայն լողարկափայտի տեսքով։ Փայտի փոխարեն օգտագործվում էին կենդանիների ոսկորներ, ժանիքներ և եղջյուրներ։ Ուշ ամռանը ինուիտները հավաքում էին տարբեր հատապտուղներ, սակայն դրանց վիտամինները բավարար չէին։ Վիտամինների պակասը լրացնելու համար ինուիտները ուտում էին հում միս և ձուկ։

Ինուիտները 19-րդ դարում ևս հավատարիմ են մնացել ամռանը վրաններում, իսկ ձմռանը իգլուներում և կարմակներում ապրելու իրենց ավանդույթին։ Ինուիտների կացարանների մուտքերը ցածր էին, իսկ ներսից պատերը բարձր էին։ Այդպիսով կացարանի բնակիչները պաշտպանված էին դրսի ցուրտ քամուց։ Աղջիկ երեխաները փոքր հասակից սովորում էին գործել։ Չուգաչ ժողովուրդը կարծում էր, որ գործել կարելի է միայն աշնանը, քանի որ արևի ճառագայթները աշնանը խճճվում էին գործելու թելերի միջև, և այդպիսով ձմեռը ավելի ուշ էր գալիս[14]։

Ինուիտները հայտնագործել էին ձմեռային հագուստ, որի վրա չկային անցքեր։ Այդպիսի հագուստը ապահովում էր մարմնի տաքությունը ցուրտ եղանակին։ Նրանք այն պատրաստում էին հիմնականում կենդանիների, մասնավորապես փոկերի, կանադական եղջերուի և բևեռային արջի կաշվից։ Հագուստը լայն էր կարված և երկշերտ էր։ Ամռանը կրում էին հագուստի միայն մեկ շերտը։

Քոչվոր կյանքը 20-րդ դարի առաջին կեսին խմբագրել

Շատ ծերեր, ովքեր 60 և ավելի տարեկան են, հիշում են այն ժամանակները, երբ ինուիտները վարում էին քոչվոր կյանք։ Կախված սեզոնից՝ նրանք հետևում էին կենդանիների տեղաշարժմանը՝ նրանց որսալու համար։ Այդ պատճառով նրանք հաճախ ստիպված էին լինում թողնել իրենց բնակավայրերը, և այդ ավանդույթը փոխանցվում էր սերնդեսերունդ։ 20-րդ դարի սկզբին դեռ շատ ինուիտներ ամռանն ապրում էին վրաններում։ Վերջիններիս ինտերիերը կազմված էր ետին մասին, որն օգտագործվում էր քնելու համար և առջևի մասից, որն օգտագործվում էր որպես խոհանոց։ Կանայք քնում էին յուղե լամպի և խոհանոցային պարագաների կողքին, քանի որ նրանց պարտականությունն էր ճաշեր և հագուստ պատրաստել։ Տղամարդիկ քնում էին որսորդական պարագաների և զենքի կողքին։

Ամռան ամիսներին ինուիտները ճամբարը տեղափոխում էին գետաբերաններ, քանի որ այնտեղ հեշտ էր որսալ արկտիկական կարմրախայտին։

Ձմռանը ինուիտները ապրում էին իգլուներում, որոնք կառուցվում էին առանձին կամ էլ միացված էին թունելներով։ Դրանց կառուցման համար անհրաժեշտ էր ձյուն։ Իգլուների ինտերիերը նման էր վրանների ինտերիերին։ Ցրտից պաշտպանվելու համար անկողնու տարածքը ձյան միջոցով բարձրացված էր հատակից։

Որոշ ընտանիքներ, որոնք ցանկանում էին ապրել մշտական վրաններում, կացարաններ էին կառուցում քարից, կետոսկրից, մորթուց և ճիմից։ Այդ կացարանները կոչվում էին կարմակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Area of residence - Inuit Nunangat
  2. «Map of Inuit Nunangat». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Israel, Mark. «Eskimo». Alt-usage-english.org. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  4. Mailhot, Jose (1978). «L'etymologie de "esquimau" revue et corrigée». Etudes/Inuit/Studies. 2 (. 2).
  5. «Cree Mailing List Digest November 1997». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  6. Goddard, Ives (1984). Handbook of North American Indians, Vol. 5 (Arctic). Smithsonian Institution. ISBN 978-0-16-004580-6.
  7. Kaplan, Lawrence. "Inuit or Eskimo: Which name to use?" Արխիվացված 2016-08-18 Wayback Machine Alaskan Native Language Center, UFA. Retrieved 27 Nov 2013.
  8. «Setting the Record Straight About Native Languages: What Does "Eskimo" Mean In Cree?». Native-languages.org. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  9. Eskimo Արխիվացված 2001-04-12 Wayback Machine, American Heritage Dictionary of the English Language: Fourth Edition, 2000
  10. Historical Dictionary of the Inuit By Pamela R. Stern. Books.google.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  11. The American Heritage Dictionary of the English Language: Fourth Edition Արխիվացված 2001-04-12 Wayback Machine
  12. Robert Peroni and Birgit Veith. «Ostgroenland-Hilfe Project». Ostgroenland-hilfe.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  13. Igloo (originally iglu) can refer to any kind of house, although it is usually used to refer to domed snow dwellings. Definition
  14. Frederic V. Grunfeld (Ed.), Oker: Spiele der Welt II. (in German) Fischer, Frankfurt/M 1984. 3-596-23075-6