Ինդետերմինիզմ (լատ.՝ in - ժխտական մասնիկ և դետերմինիզմ), փիլիսոփայական սկզբունք, որով ժխտվում է երևույթների օբյեկտիվ պատճառական կապը կամ այդ կապի համընդհանրությունը։ Ինդետերմինիզմի գաղափարի ծագումը կապված է մարդու կամքի օբյեկտիվ պայմանավորվածության բացահայտման դժվարությունների հետ։ 19-20-րդ դարերում հասարակական կյանքի երևույթների ինդետերմինիստական բացատրությունը պայմանավորված է մի կողմից՝ բուրժական աշխարհայացքում անկումային տրամադրությունների ուժեղացմամբ, որը հանգեցնում է հասարակական երևույթների օրինաչափ կապի ժխտմանը (վոլյունտարիզմ), մյուս կողմից՝ այն բանի գիտակցմամբ, որ մեխանիստական-դետերմինիստական սկզբունքի տարածումը հասարակական երևույթների վրա աղճատում է դրանց բուն էությունը։

20-րդ դարի սկզբին քվանտային մեխանիկայի հայտնագործությունների, մասնավորապես անորոշությունների առնչությունների մեկնաբանման հետ կապված ինդետերմինիզմը աշխուժանում է։ Ինդետերմինիզմի հաղթահարման համար անհրաժեշտ է բացահայտել դասական դետերմինիզմի սահմանափակությունները, պատճառականության և անհրաժեշտության ու պատահականության դիալեկտիկան՝ հիմք ընդունելով վիճակագրական օրինաչափությունների օբյեկտիվ բնույթը։ «Ինդետերմինիզմ» տերմինը երբեմն օգտագործվում է նաև «հավանականային» իմաստով, նշելու համար ոչ-միարժեք պատճառական կապերը։ Այս դեպքում միարժեք պատճառական կապի ժխտումը անվանվում է ադետերմինիզմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 333 CC-BY-SA-icon-80x15.png