«Իմ սիրուն» (ֆր.՝ Ma Jolie), Պաբլո Պիկասոյի սինթետիկ կուբիզմի կտավներից, որը ստեղծվել է 1914 թվականին։ Գտնվում է Ինդիանապոլիսի արվեստի թանգարանում[2]։ «Իմ սիրուն»-ը ֆրանսիական հայտնի երգ է՝ հետևյալ կրկներգով. «Օ՜ Մանոն, ի՛մ սիրուն, իմ սիրտը քեզ ասում է բարև»[3]։ 20-րդ դարի ակզբին այս երգը հնչել է Փարիզի մյուզիք-հոլլերում։ Պիկասոյի այս կտավը կապվում է Եվա Գուելի անվան հետ, ում Պիկասոն քնքշորեն անվանում էր «Իմ սիրուն»։ Արտահայտելով իր սերը Եվա Գուելի հանդեպ՝ Պիկասոն իր կոմպոզիցիայում նշել է երգի անունը՝ շագանակագույն տառերով։ Կանաչ գույնով առանձնացված նոտաների ֆոնին նկարիչը պատկերել է միմյանց համընկնող երկրաչափական հարթությունները, շրջապատերը, աղեղներն ու գծերը, որոնցում նշմարվում են կիթառը, ֆլեյտերը, բաժակներն ու շշերը, որոնք ցուցադրվում են միաժամանակ տարբեր տեսանկյուններից։ Կիթառի ձախ կողմում շշի ֆոնին մուգ մոխրագույն գույնով ցուցադրվում է «Բաս» մակագրությամբ հարթ ուղղանկյուն առարկա։ Վերևի մասում պատկերվածը նման է կիթառի և ջութակի։ Հավանաբար դրանով նկարիչը ցանկացել է ցույց տալ շշի՝ երաժշտական գործիքի նմանությունը։ Կոմպոզիցիայի ստորին մասում դրված է խոշոր վերնագրով ծալված թերթ։ Տառերի վերևից կտրված մասը թույլ չի տալիս կարդալ բառը։ Պիկասոն օգտագործել է սահմանափակ գույներ, որպեսզի ուշադրություն հրավիրվի կտրտված և հատվածաբար ներկայացված առարկաներին։ Նկարը ստեղծումից անմիջապես հետո՝ 1914 թվականին, այն ձեռք է բերում նկարիչ Անրի Դանիել Կանվեյլերը։ 1961 թվականից կտավը գտնվում է Ինդիանապոլիսի արվեստի թանգարանի մշտական հավաքածուում։

«Իմ սիրուն»
ֆր.՝ Ma Jolie
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո[1]
տարի1914[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԻնդիանապոլիսի արվեստի թանգարան[1]
հավաքածուԻնդիանապոլիսի արվեստի թանգարան[1]
Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://collection.imamuseum.org/artwork/56853/
  2. «Ma Jolie. Pablo Picasso». IMA. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  3. «The Poetics of Indeterminacy». Books Google. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.