Իմաստաբանություն (լեզվաբանություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իմաստաբանություն (այլ կիրառումներ)

Իմաստաբանություն, սեմանտիկա, նշանակաբանություն (հուն․՝ σημανξίκός - նշանակվող), լեզվաբանության բաժին, զբաղվում է լեզվական տարբեր միավորների (ձևույթների, բառերի, քերականական ձևերի և այլն) իմաստների ուսումնասիրությամբ։ Այս իմաստով օգտագործվում է նաև «սեմասիոլոգիա» տերմինը։ Իմաստաբանությունը իբրև լեզվաբանության առանձին բնագավառ հանդես է եկել 19-րդ դարում և երկար ժամանակ սահմանափակվել է բառերի իմաստների ոլորտով։ Այժմ էլ մաստաբանությունը ամենից ավելի ուսումնասիրում է բառիմաստները, դրանց զարգացումն ու փոփոխությունները, կատարում են բառերի դասակարգում ըստ իմաստի, ինչպես և իմաստի ու ձևի փոխհարաբերության՝ տարբերելով հոմանիշ (այդ թվում նույնանիշ և համանիշ), հականիշ, բազմիմաստ, համանուն բառերը։ Ձևաբանության և շարահյուսության մեջ նույնպես կատարվում է հոմանիշ, համանուն, բազմիմաստ քերականական ձևերի և շարահյուսական միավորների տարբերակում։ Զանազանում են համաժամանակյա իմաստաբանություն, որն ուսումնասիրում է մի լեզվի զարգացման սահմանափակ ժամանակահատվածի (սովորաբար՝ ժամանակակից) միավորների իմաստները, և տարժամանակյա (պատմական) իմաստաբանության, որն ուսումնասիրում է մի լեզվի միավորների իմաստային զարգացումը, փոփոխությունները պատմական ավելի մեծ ժամանակաշրջանում։

Երբեմն տարբերում են ստատիկ կամ նկարագրական իմաստաբանություն, որն ուսումնասիրում է լեզվի պատմության որևէ ժամանակահատվածի բառիմաստները, և պատմական կամ էվոլյուցիոն իմաստաբանություն, որն ուսումնասիրում է բառիմաստի պատմական զարգացումը, բառերի իմաստային զարգացումը։ Իմաստանաբանության սկզբնավորումը կապվում է գերմանական բանասեր Կարլ Քրիստիան Ռայզիգի անվան հետ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 118։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմաստաբանություն (լեզվաբանություն)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։