Իդեալական ամուսինը

Օսկար Ուայլդի պիես

Իդեալական ամուսինը (անգլ.՝ An Ideal Husband), Օսկար Ուայլդի կատակերգություններից` գրված 1895 թվականին։ Գործողությունները ծավալվում են նենգաշորթման ու կոռուպցիայի շուրջ։ Բոլոր իրադարձությունները տեղի են ունենում 1890-ականների Լոնդոնում, գործողությունները զարգանում են 24 ժամվա ընթացքում[1]։

'
անգլ.՝ An Ideal Husband
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրկատակերգություն
Ձևպիես
ՀեղինակՕսկար Ուայլդ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1895
Հրատարակվել է1899
ՎիքիքաղվածքԻդեալական ամուսինը
 An Ideal Husband

Ստեղծման պատմություն և բեմադրություն խմբագրել

Օսկար Ուայլդն անձնական ու հասարակական կյանքում ազնվության մասին պատմող պիեսի վրա սկսել է աշխատել 1893 թվականի ամառվանից։ Նա ավարտել է աշխատանքը նույն տարվա ձմռանը։ Գրողն արդեն այդ ժամանակ ճանաչում ուներ։ Հասարակության մեջ մարդու դիրքը վտանգող շանտաժի թեման արդիական էր անձամբ իր համար։ Գրողը գիտեր իր ու մարքիզ Կուինսբերիի որդու միջև եղած ինտիմ հարաբերությունների, այսինքն` համասեռամոլության, մասին տարածվող շշուկների մասին։ Պիեսի շատ տողեր ընկալվում են որպես Ուայլդի մեկնաբանություններ այդ առթիվ։ «Վաղ թե ուշ-, գրում է Ուայլդը,- մենք պետք է հատուցենք մեր արարքների համար...»: Եվ ավելացնում է. «Մարդուն պետք չէ դատել միայն ըստ իր անցյալի»։

Նախ հեղինակը պիեսն ուղարկել է Garrick Theatre, որտեղ մերժում է ստացել։ Հաջորդ փորձը հաջողվեց. Հեյմարկետ թատրոնն ընդունեց ստեղծագործությունը։ Պիեսի` 1895 թվականի հունվարի 3-ին կայացած առաջնախաղը թատրոնին երբեմնի հաջողությունը վերադարձրեց։ Նույն տարվա ապրիլի Ուայլդը ձերբակալվեց «կոպիտ անպարկեշտության պատճառով». նրա անունն անհետացավ պիեսի ազդագրերից։ 124-րդ բեմադրությունից հետո պիեսը տեղափոխվեց Criterion Theatre, որտեղ ցուցադրվեց մինչև ապրիլի 27-ը։

Պիեսը հրատարակվեց 1899 թվականին։ Չէր խոսվում Ուայլդի` պիեսի հեղինակը լինելու փաստի մասին։ Տպագրված տարբերակն ինչ-որ չափով տարբերվում էր թատերականից, քանի որ Ուայլդը բազմաթիվ նոր ցուցումներ էր ավելացրել դերասանների համար և կրճատել էր որոշ տեսարաններ։

Գործող անձինք խմբագրել

  • Կոմս Կավերշեմ, Անգլիայի բարձրագույն մեդալի շքանշանակիր
  • Լորդ Արթուր Գորինգ, նրա որդին
  • Սըր Ռոբերտ Չիլտերն, բարոն, արտաքին գործերի նախարարի ընկերը
  • Վիկոնտ դե Նանժակ, Լոնդոնում ֆրանսիական դեսպանատան կցորդ
  • Պարոն Մոնֆորդ, սըր Ռոբերտ Չիլտերնի քարտուղարը
  • Մեյսոն, սըր Ռոբերտ Չիլտերնի պալատականը
  • Ֆիպպս, լորդ Գորինգի պալատականը
  • Ջեյմս, Չիլտերների սպասավոր
  • Հարոլդ Չիլտերների սպասավոր
  • Տիկին Չիլտերն, սըր Ռոբերտ Չիլտերնի կինը
  • Տիկին Մարկբի, Չիլտերների ընկերուհին
  • Կոմսուհի Բէզիլդոն, Չիլտերների ընկերուհին
  • Տիկին Մարչմոնտ, Չիլտերների ընկերուհին
  • Օրիորդ Մեյբլ Չիլտերն, սըր Ռոբերտ Չիլտերնի քույրը
  • Տիկին Չիվլի, շանտաժիստ, տիկին Չիլտերնի նախկին դասընկերուհին

Սյուժե խմբագրել

Պիեսի գործողությունները սկսվում են սըր Ռոբերտ Չիլտերնի տանը հրավիրված ճաշի ժամանակ։ Համայնքների պալատի պատվավոր անդամ սըր Ռոբերտը և իր կինը, տիկին Չիլտերնը, ընդունում են հյուրերի, որոնց մեջ է լորդ Գորինգը (Չիլտերն ամուսինների մտերիմը, ամուրի), Ռոբերտի քույր Մեյբլի Չիլտերն և այլ անվանի հյուրեր։ Երեկոյի ընթացում տիկին Չիվլին, ով դպրոցական տարիներից տիկին Չիլտերնի ախոյանն է եղել, սպառնում է սըր Ռոբերտին` հիշեցնելով նրա մասնակցությունը Սուեզի ջրանցքի վաճառքի հետ կապված մեքենայություններին։ Պարզվում է, որ տիկին Չիվլիի հանգուցյալ սիրեկան բարոն Արնհեյմը տարիներ առաջ համոզել է սըր Ռոբերտին վաճառել իրեն պետական գաղտնիքը (արդյունքում` Արնհեյմը Սուեզի ջրանցքի բաժնեմասերը գնել է երեք օր ավելի շուտ, քան դա ծրագրում էր անել բրիտանական կառավարությունը)։ Սըր Ռոբերտն այդ ժամանակ մի ամբողջ կարողություն է «աշխատում» (110,000 ֆունտ) անօրինակ գործարքից, և տիկին Չիվլին այս ամեն ապացույցն ունի իր ձեռքում, ինչն է հենց Ռոբերտի նամակը։ Վախենալով կորցնել ընտանիքն ու կարիերան` սըր Ռոբերտը ենթարկվում է նրա պահանջներին[2]։ Երբ տիկին Չիվլին ակնարկներով հաղորդում է տիկին Չիլտերնին շանտաժի որոշ հանգամանքներ, վերջինս, բարոյական հստակ սկզբունքների տեր մարդ լինելով և չիմանալով ամուսնու անցյալը, պնդում է, որ Ռոբերտը հրաժարվի իր տված խոստումից։ Տիկին Չիլտերնի համար իր ամուսնությունը հիմնված է «իդեալական տղամարդու» գաղափարի վրա. ըստ նրա, իր ամուսինն իդեալական է, ում հետ նա կարող է իրեն վստահ զգալ և՛ անձնական, և՛ հասարակական կյանքում։ Եվ Ռոբերտի որոշումները պետք է անթերի լինեն։ Առաջին գործողության վերջում Մեյբլն ու լորդ Գորինգը ադամանդե զարդ են գտնում, որը վերջինս տարիներ առաջ մեկին էր նվիրել։ Գորինգը վերցնում է զարդն ու խնդրում Մեյբլին հաղորդել իրեն,ե թե որևէ մեկը հարցնի դրա մասին։ Երկրորդ գործողության մեջ (կրկին` սըր Ռոբերտի տանը) լորդ Գորինգը կոչ է անում սըր Ռոբերտին չենթարկվել տիկին Չիվլիի սպառնալիքներին և կնոջը ճշմարտությունը պատմել։ Նա նաև խոստովանում է, որ մի ժամանակ նշանադրված է եղել տիկին Չիվլիի հետ։ Խոսակցության ավարտին Գորինգը սիրախաղ է սկսում Մեյբլի հետ։ Այնուհետև տիկին Չիլտերնի հետ խոսակցության ժամանակ խորհուրդ է տալիս նրան առավել ճկուն լինել բարոյական հարցերում և ավելի ներողամիտ լինել ամուսնում հանդեպ։ Հենց այն պահին, երբ Գորինգը դուրս է գալիս տնից, հանկարծակի հայտնվում է տիկին Չիվլին և իր զարդն է փնտրում։ Բարկանալով իր սըր Ռոբերտի մերժումից` նա առաջ է անցնում վերջինիցս ու տիկին Չիտլերնին պատմում է մեքենայության մասին։ Կինը հրաժարվում է հասկանալ ու ներել իր ամուսնուն։

Երրորդ գործողության մեջ (լորդ Գորինգի տանը) լորդ Գորինգը տիկին Չիլտերնից վարդագույն թղթով օգնության խնդրանքի նամակ է ստանում, որը կարելի է նաև սիրային համարել։ Սըր Ռոբերտի այցելությունը, որ ընկերական աջակցություն էր փնտրում, շեղում է լորդ Գորինգին նամակից։ Այդ ընթացքում անսպասելիորեն հայտնվում է տիկին Չիվլին։ Պալատականը սխալմամբ նրան ընկալում է այն որպես այն տիկինը, ում սպասում է Գորինգը, և նրան ուղեկցում է դեպի հյուրասրահ։ Այստեղ էլ նա տեսնում է տիկին Չիլտերնի նամակը։ Սըր Ռոբերտը, տեսնելով տիկին Չիվլինն, կարծում է, որ նա և Գորինգն այժմ էլ սիրային կապի մեջ են, և դուրս է ձախչում տնից։

 
Լորդ Գորինգը տիկին Չիվլիին առերեսում է զարդի գողության փաստին. 1901 թվականին արված խմբագրման տարբերակից

Տիկին Չիվլին առաջարկություն է անում լորդ Գորինգին, վստահեցնում է, որ սիրում է նրան այնպես, ինչպես առաջ, և առաջարկում է սըր Ռոբերտի նամակը փոխանակել Գորինգի հետ ամուսնությամբ։ Գորինգը մեղադրում է տիկին Չիվլիիին սերը սովորական գործարքի առարկա դարձնելու և Չիլտերների ընտանիքը քանդելու համար։ Հետո նա տիկնոջն անսպասելիորեն ցույց է տալիս ադամանդյա զարդն, որպեսզի պարզի, թե ինչպես է այն հայտնվել նրա մոտ. պարզվում է, որ նա գողացել է այն լորդ Գորինգի բարեկամուհի Մերի Բիշկերից։ Ձերբակալությունից խուսափելու համար տիկին Չիվլին ստիպված է նամակը տալ Գորինգին։ Սակայն վրեժի ծարավ տիկին Չիվլին գողանում է լորդ Գորինգին ուղղված` տիկին Չիլտերնի նամակն ու մտադրվում է այն ուղարկել սըր Ռոբերտին։ Տիկին Չիվլին լքում է լորդ Գորինգի տունը փոթոթրկալից աղմուկով։

Գրովերն սկվերում տեղի ունեցող եզրափակիչ գործողությունը երջանիկ ավարտ է ունենում։ Լորդ Գորինգը Մեյբլին առաջարկում է իր ձեռքն ու սիրտը, և նա ընդունում է առաջարկը։ Չիլտերն ամուսինները պարզում են հարաբերություններն ու ի վերջո հաշտվում են։

Էկրանավորում խմբագրել

  • 1935, Գերմանիա, ռեժ.` Հերբերտ Զելպին
  • 1947, Մեծ Բրիտանիա, ռեժ.` Ալեքսանդր Կորդա
  • 1980, ԽՍՀՄ, ռեժ.` Վիկտոր Գեորգիև
  • 1998, Մեծ Բրիտանիա, ռեժ.` Վիլյամ Քարթլիջ
  • 1999, ԱՄՆ, ռեժ.` Օլիվեր Պարկեր

Ամբիցիոզ տիկին Չիվլիի դերը հետաքրքրել է թե՛ կինոյի, թե՛ թատրոնի շատ անվանի դերասանուհիների։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդեալական ամուսինը» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդեալական ամուսինը» հոդվածին։