Իգոր Դյակոնով
Իգոր Միխայլովիչ Դյակոնով (ռուս.՝ Игорь Михайлович Дьяконов, դեկտեմբերի 30 1914 (հունվարի 12 1915), Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 2, 1999[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս արևելագետ, հայագետ։ Պատմական գիտությունների դոկտորր (1960 թվական)։ Շուրջ 200 գիտական աշխատությունների հեղինակ։ Տիրապետել է մի քանի լեզուների։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1915 թվականի հունվարի 12-ին (30․12․1914), Պետրոգրադում։ Նրա մանկությունը և պատանեկությունը անցել են Նորվեգիայում, որտեղ հայրը Ռուսաստանի, իսկ ապա Խորհրդային Միության առևտրական ներկայացուցիչն էր։ 1932-1936 թվականներին ուսանել է Լենինգրադի պատմա-լեզվա-փիլիսոփայական ինստիտուտի նախ պատմական, իսկ ապա լեզվաբանական բաժնում։ 1938 ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը, 1937 թվականից մինչև 1959 թվականն աշխատել է Էրմիտաժում՝ ՀԻն Արևելքի բաժնում, իսկ 1954 թվականից եղել է ՍՍՏՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ավագ գիտաշխատող։ Զբաղվել է հին Առաջավոր Ասիայի երկրների և ժողովուրդների, այդ թվում՝ շումերների, բաբելացիների, ուրարտացիների, խուրրիների, խեթերի, մարրերի, պարթևների, հայերի սոցիալ-տնտեսական պատմության, մշակույթի և լեզվի հարցերով։
Գործունեություն
խմբագրելԶարգացրել ու հարստացրել է Հին Արևելքում ստրկատիրական հասարակարգի մասին սովետական գիտության առաջադրած տեսությունը։ Համակիր է Հին Արևելքի և Անտիկ աշխարհի պատմական ուղիների միասնության գաղափարին։ Առաջ է քաշելնոր տեսություն աֆրոասիական լեզուների հարազատության համակարգի մասին և համակողմաևիորեն ուսումնասիրել խուրրի-ուրարտակաև լեզվախումբը։ Հետազոտել ու հրապարակել է կավե սալիկների վրա եղած ուրարտական դժվարընթեռնելի սեպագիր վավերագրերը՝ էապես լրացնելով ուրարտերենի և նրա դպրության մասին գիտական պատկերացումները։ 1961 թվականին թարգմանել ու մեկնաբանել է «Գիլգամեշ» դյուցազներգությունը։ Հին Արևելքի պատմության ու մշակույթի ուսումնասիրման համար Դյակոնովի «Ասսուրաբաբելական աղբյուրները Ուրարտուի մասին» (1951) և «Բաբելոնի, Ասորեստանի ու Խեթական թագավորության օրենքները» (1952) թարգմանական ժողովածուները կարևոր ձեռնարկներ են համարվում։
1976 թվականին գրել է «Языки древней Передней Азии» գիրքը, որում շարադրված են Հին Առաջավոր Ասիայի բոլոր ոչ հնդեվրոպական լեզուների քերականությունները։
Իգոր Դյակոնովի աշխատանքի արդյունքն Է լեզվաբանության մեջ նոր ուղղության՝ համեմատական խուռի-ուրարտագիտության ստեղծումը։ Նշանակալի Է նրա ավանդը սեմա-քամյան (աֆրա-ասիական) լեզուների դասակարգման գործում, որն իր արտահայտությունն Է գտել «Afrasian Languages» (1988) գրքում։
Իգոր Դյակոնովի ղեկավարությամբ և գործուն մասնակցությամբ ստեղծվել են բազմաթիվ կոլեկտիվ աշխատություններ. «Закоы Вавилонии, Ассирии и Хеттского царства» (1952), « История древнего мира» (I-III, 1982), «История древнего Востока» (մաս I, 1983), «История древнего Востока» մատենաշարը, Երևանում հրատարակվող «Древний Восток» պարբերական ժողովածուն և շատ ուրիշներ։
Հայանվեր աշխատանքներ
խմբագրելԶբաղվել է նաև հայ ժողովրդի ծագման և կազմավորման խնդիրներով։ Ըստ Դյակոնովի, հայ ժողովուրդը կազմավորվել է Հայկական լեռնաշխարհի սահմաններում՝ բաղադրատարրեր ունենալով թե՛ մեծաքանակ տեղական ցեղերին ու ժողովուրդներին (խուրրի-ուրարտացիներ, խեթալուվիացի֊ներ)՝ իրենց մշակույթներով, լեզվական տարրերով ու մարդաբանական կերպարով և թե՛ եկվոր հնդեվրոպական, թրակա-փռյուգացիներին հարազատ արմենական ցեղերին, որոնք ներդրել են իրենց լեզուն որպես ապագա հայոց լեզվի կորիզ։ Դյակոնովը նպաստել է նաև Արտաշես Ա-ի արամեական արձանագրությունների ընթերցմանը։
1968 թվականին գրել է «Հայ ժողովրդի նախապատմությունը» (Предыстория армянского народа) գիրքը, որտեղ ցույց է տվել, որ հայ ժողովրդի բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է, որը խուռի-ուրարտական, խեթա-լուվական, հայկական և այլ հնդեվրոպական ցեղերի յուրատեսակ մի խառնարան էր։
Գրականություն
խմբագրել- Саркисян Г. X. Игорь Михайлович Дьяконов, в сб. Древний Восток, часть 2, 1976
Աղբյուրներ
խմբագրել- Մ. Լ. Խաչիկյան «Իգոր Միխայլովիչ Դյակոնով», Պատմաբանասիրական հանդես № 1, 1999, էջ 390-392
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Дьяконов Игорь Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 423)։ |