Վրաց մարզպանություն, Սասանյան Իրանի գերիշխանության ենթակա առանձնահատուկ վարչական միավոր (428-646)։ Հիմնականում ընդգրկում էր Վիրքը և Մեծ Հայքի Գուգարք նահանգը։ Մարզպանին նշանակում էր պարսից շահը, սակայն Վիրքի թագավորի գոյության պայմաններում նրա իշխանությունը հաճախ ձևական էր։ Մեծ էր նաև վրաց պատրիարքի ազդեցությունը[1]։ Մարզպանության կենտրոնը սկզբում Մցխեթ քաղաքն էր, ապա՝ Տփղիսը (Թբիլիսի)[Ն 1]։

Վրաց մարզպանություն
 Վիրք 428 - 642 Վրաց իշխանություն 
Քարտեզ


(Հայկական, Վրաց և Աղվանից մարզպանությունները 6-րդ դարում)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մցխեթ, Տփղիս
Մակերես մոտ 22.000 քառ. կմ
Մակերես մոտ 6.000 քառ. կմ
Լեզու Վրացերեն
Ազգություն Վրացիներ, հայեր
Կրոն Քրիստոնեություն
Իշխանություն
Պետական կարգ Մարզպանություն
Պատմություն
- Վարդանանց պատերազմ 450-451
- Վահանանց պատերազմ 481-484
- Կարմիր Վարդանի ապստամբություն 571-572
- Հայաստանի երկրորդ բաժանում 591

580 թվականից, երբ մահանում է Վիրքի արքա Բակուր III-ը, պարսից Որմիզդ Դ շահը (578-590) վերացնում է Վիրքի թագավորությունը, և մարզպանին տալիս է կառավարման լիակատար իրավունքներ[2]։ 591 թվականի Հայաստանի երկրորդ բաժանումումից հետո նախկին մարզպանության տարածքի հիմնական մասը անցնում է Բյուզանդական կայսրությանը, և մարզպանի իշխանությունը սահմանափակվում է Տփղիսի շրջակայքով[3]։

642 թվականին Նեհավենդի ճակատամարտում արաբական զորքերը պարտության են մատնում պարսիկներին, և Սասանյան Պարսկաստանը կործանվում է։ Վրաստանի կառավարումը ժամանակավորապես անցնում է Վրաց իշխանին՝ Բյուզանդիայի վերահսկողության ներքո։ Արաբական արշավանքների արդյունքում ստեղծվում է Տփղիսի ամիրայությունը՝ Արմինիա կուսակալության կազմում[4]։

Մարզպանության հիմնադրում խմբագրել

Մարզպանական Վրաստանը, ի տարբերություն Հայկական մարզպանության, ձևական կառույց էր։ Եթե 428 թվականին Մեծ Հայքում գահընկեց էր արվել վերջին թագավոր Արտաշես Դ-ն (423-428), և դրանով ավարտվում է Արշակունիների թագավորությունը[5], ապա Վիրքում դեռ շարունակում էին կառավարել թագավորները։ Այն արտոնյալ կարգավիճակով ինքնավար վարչաքաղաքական միավոր էր, որտեղ պահպանվել էին վրացի ազնվականության հոգևորականության ավանդական իրավունքներն ու արտոնությունները, պաշտոնակալությունները, զորաբանակը, հարկային համակարգը և այլն։

Վրաց մարզպանությունը ի տարբերություն Վիրքի՝ ունեցել էր նաև տարածքային աճ՝ նրան բռնակցվել էր Մեծ Հայքի նահանգներից Գուգարքը։ 440-ական թվականներից Պարսից արքունիքը որդեգրեց մարզպանական Վրաստանի, Հայաստանի ու Աղվանքի պետական ինքնավարությունը վերացնելու և դրանք պարսկական նահանգի վերածելու քաղաքականություն։ Քրիստոնեադավան այդ երկրները պետք էր վերջնականապես կտրել Բյուզանդական կայսրությունից։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր տարածել զրադաշտականությունը[6]։

Վարդանանց պատերազմ խմբագրել

Զրադաշտականություն տարածելու նպատակով պարսից արքունիքը քայլ առ քայլ ծրագիր է մշակում։ Նախ՝ 447 թվականին, «աշխարհագիր» (մարդահամար և եկամուտների հաշվառում) կատարելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա Դենշապուհն ավելացնում է գանձվող հարկերը, սահմանափակում հոգևորականների իրավունքները։

 
սուրբ Շուշանիկ

Երկու տարի անց՝ 449 թվականին, Հազկերտ II-ը հատուկ հրովարտակով պահանջել է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն։ Ինչպես հայ նախարարները, այնպես էլ վրաց և աղվանից վերնախավը դեմ է արտահայտվում հրովարտակին։ Արդյունքում տեղի է ունենում Վարդանանց պատերազմը, և 451 թվականի Ավարայրի ճակատամարտում հայերից բացի մասնակցություն են ունենում նաև վրաց և աղվանից արքաների զորաբանակները։

Վիրքի կազմում գտնվող Գուգարաց բդեշխությունը վարում է պարսկամետ քաղաքականություն։ Քաղաքական նկատառումներով բդեշխ Վազգենը մերժում է քրիստոնեական հավատը, ընդունում զրադաշտականություն և ամուսնանում պարսկուհու հետ։ Նրա հետ ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկը հրաժարվում է կիսել ամուսնու հավատուրացությունը։ Բդեշխը Շուշանիկին տանջանքների է ենթարկում, սակայն Վարդան Մամիկոնյանի դուստրը մնում է անդրդվելի։ Շուշանիկի կրած չարչարանքները շարունակվում են վեց տարի, յոթերորդի սկզբին՝ 475 թվականին, նա մահանում է։

Շուշանիկ իշխանուհու վարքը և այս իրադարձությունները տեղ են գտել վրացական բանահյուսության ստեղծագործություններից մեկում՝ Շուշանիկի վարք կամ «Սուրբ Շուշանիկ թագուհու նահատակությունը» (վրաց.՝ წამებაჲ წმიდისა შუშანიკისი დედოფლისაჲ, ծամեբայ ծմիդիսա շուշանիկիսի դեդոփլիսայ

Վահանանց պատերազմ խմբագրել

Վարդանանց պատերազմը որոշ ժամանակ կասեցրեց վրաց արքունիքի քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Երեք տասնամյակ անց պարսից շահ Պերոզը հայերին, վրացիներին ու աղվաններին կրոնափոխ անելու առաջարկով է հանդես գալիս։ Երեք ժողովուրդների ազնվական ու հոգևոր վերնախավը հրաժարվում է և ապստամբություն է բարձրացնում։

 
Վախթանգ Գորգասալի արձանը Թբիլիսիում

Վիրքում Վախթանգ Գորգասալ թագավորը 479 թվականին մայրաքաղաքը տեղափոխում է նորակառույց Թբիլիսի։ Ապա նա սպանել է տալիս ուրացող Վազգեն բդեշխին։ Նա պատերազմական գործողություններ է սկսում պարսկական զորավար Զարմիհր Հազարավուխտի զորքերի դեմ։ Վրաց թագավորը գաղտնի դեսպան էր ուղարկել Հայաստան՝ առաջարկելով ապստամբել Սասանյան տերության դեմ՝ խոստանալով առաջիկա պայքարում հոների եռանդուն օժանդակությունը։ 481 թվականին սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ սկսում է Վահանանց պատերազմը։

482 թվականին, ապստամբության ընթացքում, հայոց մարզպան Սահակ Բագրատունին և Վահան Մամիկոնյանը ամռանը նշանակալից բանակով շարժվեցին Վրաց մարզպանություն, որի կազմում գտնվում էր Վիրքի թագավորությունը[7]։

Վահանանց պատերազմի վերջում տեղի ունեցած հեփթաղների դեմ ճակատամարտում Պերոզ թագավորը սպանվում է, իսկ պարսկական զորքերը ծանր պարտություն են կրում։ Պարսից Շապուհ զորավարն իր բոլոր զորագնդերով արագ հեռացավ Պարսկաստան։ Նույնն արեցին Վրաց մարզպանությունում գտնվող Հազարավուխտի զորամասերը։ Նոր գահ բարձրացած Պերոզի եղբայր Վաղարշը հրաժարվում է Պերոզի կրոնական հալածանքների քաղաքականությունից և վերականգնում հպատակ ազգերի վստահությունը պարսկական իշխանությունների նկատմամբ։

Մարզպանության անկում խմբագրել

6-րդ դարում ավելի են հաճախանում Բյուզանդա-սասանյան պատերազմները՝ Մերձավոր Արևելքում գերիշխանության հասնելու նպատակով։ Վրաց իշխանների մեծամասնությունը կողմնորոշվում է դեպի քրիստոնյա Բյուզանդիա։ Հայերի հետ համագործակցելով՝ 571 թվականին Կարմիր Վարդանի գլխավորությամբ նրանք ապստամբում են պարսից իշխանության դեմ։

 
Բյուզանդա-սասանյան պատերազմներ

Վիրքի արքա Բակուր III-ի մահից հետո՝ 580 թվականին, պարսից Որմիզդ Դ շահը (578-590) վերացնում է Վիրքի թագավորությունը, և մարզպանին տալիս է կառավարման լիակատար իրավունքներ։

Բյուզանդա-պարսկական պատերազմում (572-591) հաղթելով՝ Բյուզանդիան նվաճում է նոր տարածքներ։ Հայաստանը երկրորդ անգամ է բաժանվում երկու կայսրությունների միջև։ Վիրքի արևմուտքը, Գուգարքը և Տայքը նույնպես անցնում են Բյուզանդիայի գերիշխանության տակ։ Վիրքի թագավորի ու մարզպանի իշխանությունը սահմանափակվում են Թբիլիսիի շուրջն ընկած տարածքով։

Սասանյան տիրապետությունը Վրաստանում թուլանում է 7-րդ դարում։ Արաբական արշավանքների արդյունքում Սասանյան Պարսկաստանը կործանվեց, և այն անցավ Վրաց իշխանի ղեկավարության տակ։ Նույն ժամանակահատվածում Վրաստանը ենթարկվում է արաբական տիրապետությանը, և 8-րդ դարում ստեղծվում է Տփղիսի ամիրայությունը։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Վիրքի թագավոր Վախթանգ Գորգասալը Թբիլիսին հիմնադրել է 479 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Азия на рубеже древности и средневековья. Закавказье в 4-6 вв.
  2. Martindale, John Robert (1992), The Prosopography of the Later Roman Empire, p. 169. Cambridge University Press, ISBN 0-521-07233-6.
  3. «Պարսկա-բյուզանդական քսանամյա պատերազմը և Հայաստանի 591թ. բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. Вачнадзе М., Гурули В., Бахтадзе М. История Грузии; Грузия в VII-VIII веках
  5. «Վռամշապուհի գահակալությունը։ Հայոց թագավորության թուլացումն ու անկումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. Вачнадзе М., Гурули В., Бахтадзе М. История Грузии; Грузия в V веке
  7. «Սուրբ Հովհաննես Ա Մանդակունի». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։