Ի՞նչ է ճշմարտությունը (նկար, Գե)

««Ի՞նչ է ճշմարտությունը» Քրիստոս և Պիղատոս», ռուս գեղանկարիչ Նիկոլայ Նիկոլայևիչ Գեի՝ 1890 թվականին նկարված նկարը։ Դասվում է նկարչի ուշ աշխատանքների շարքին, հանդիսանում է 1880-ականներից 1890-ականներին ստեղծված «կրքոտ շրջապտույտի» մաս։ Նույն տարում՝ 1890 թվականին, Պավել Տրետյակովի կողմից ձեռք է բերվել և մինչ օրս ցուցադրվում է Տրետյակովյան ազգային պատկերասրահում (դահլիճ № 31)[1]։

Ի՞նչ է ճշմարտությունը
տեսակգեղանկար
նկարիչՆիկոլայ Գե
տարի1890
ժանրպատմական գեղանկարչություն և հոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 What is true? (Nikolay Ge) Վիքիպահեստում

Նկարի սյուժե խմբագրել

Նկարը ստեղծվել է Ավետարանի հայտնի սյուժեով։ Այն պատկերում է Պիղատոս Պոնտացուն, որը կանգնած է Հուդեայի իշխանությունը զավթելու մեջ մեղադրվող Հիսուս Քրիստոսի առաջ։ Նկարի անվանումը (Ի՞նչ է ճշմարտությունը) ըստ Հովհաննեսի գրված Ավետարանից աֆորիզմ է։

  Այդժամ Պիղատոսը դարձյալ մտավ պրետորիա, և կանչեց Հիսուսին, և ասաց Նրան․ «Դու Հուդեայի Արքա՞ն ես» […]

Հիսուսը պատասխանեց․ «Իմ Արքայությունը այս ամբողջ աշխարհից չէ, եթե այս ամբողջ աշխարհից լիներ Իմ Արքայությունը, իմ ծառաները կաշխատեին Ինձ համար, որ Ես Հուդեային հավատարիմ չլինեի, բայց այժմ Իմ Արքայությունը այստեղից չէ»։

Պիղատոսն ասաց նրան․ «Այսպիսով, Դու Արքա՞ ես»։

Հիսուսը պատասխանեց․ «Դու ասում ես, որ Ես Արքա եմ»։ Ես ծնվել և աշխարհ եմ եկել, որպեսզի փաստեմ ճշմարտության մասին, նրանք, ովքեր ճշմարիտ են, լսում են Իմ ձայնը։

Պիղատոսն ասաց Նրան․ «Ի՞նչ է ճշմարտությունը», և դա ասելով նա դուրս եկավ Հուդեացիների մոտ և ասաց նրանց․ ես Նրա մեջ ոչ մի մեղք չեմ տեսնում։
- Ավետարան ըստ Հովհաննեսի, 18։ 33, 36-38
 

Այսպես՝ Գեի նկարը պատկերում է այն պահը, երբ Պիղատոսը մինչ պրետորիան լքելը Հիսուսին հարց է տալիս՝ այդ պահին մնալով առանց պատասխանի, չնայած Հիսուսի հետևորդներին այդ հարցի պատասխանը արդեն հայտնի էր․ «Ես եմ ճանապարհը, և ճշմարտությունը, և կյանքը»։

Պավել Ֆլորենսկին այսպես է մեկնաբանել Աստվածաշնչյան այդ հատվածը․

  Ճշմարտությունը հրեայի համար, իսկապես, «ճիշտ խոսքն» է, «հավատարմությունն է», «վստահելի խոստումն է» […] Ճշմարտությունը Աստծո անպատճառ ավետումն է, որն ապահովում է Աստծո անփոխարինելիությունն ու հավատարմությունը։ Ճշմարտությունը, հետևաբար, գոյաբանական հասկացություն չէ, ինչպես սլավոնացիների մոտ, և ոչ էլ իմացաբանական հասկացություն է, ինչպես հելլենների դեպքում, և ոչ էլ իրավական հասկացություն է, ինչպես հռոմեացիների մոտ, այլ պատմական, իսկ ավելի ճիշտ՝ եկեղեցական-պատմական, աստվածապետական […] «Ի՞նչ է ճշմարտությունը»,- հարցրեց Պիղատոսը Ճշմարտությանը։ Նա պատասխան չստացավ, չստացավ, քանի որ հարցը իզուր էր։ Կենդանի պատասխանը կանգնած էր նրա առջև, բայց Պիղատոսը Ճշմարտության մեջ չէր տեսնում նրա ճշմարտությունը։ Ենթադրենք, որ Աստված ոչ միայն իր լռությամբ, այլև խաղաղ բառերով պատասխաներ հռոմեացի կառավարչին․ «Ես եմ Ճշմարտությունը»։ Բայց նույնիսկ այդժամ հարցնողը կմնար առանց պատասխանի, քանի որ նա Ճշմարտությունը որպես ճշմարտություն ընդունել չգիտեր։  

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Գեի նկարում պատկերվածը լուրջ անհամապատասխանություններ ունի դրա ստեղծման ժամանակաշրջանում ընդունված թե՛ եկեղեցական, թե՛ գեղանկարչական մշակութային ավանդույթների հետ։ Հիմնական անհամապատասխանությունը նկարի ստվերային լուծումներն են։ Հիսուսը կանգնած է խուլ ստվերում։ Պիղատոսի ամուր կազմվածքը ողողված է արևի լույսով։ Նման լուծումը խախտում է ավանդական այն սզբունքը, համաձայն որի՝ լույսը նույնականացվում է բարու, իսկ խավարը՝ չարի հետ։

Մեկ այլ նորարարություն, որի պատճառով նկարը չընդունվեց, Քրիստոսի կերպարն էր։ Նա հակասեց Հիսուսին որպես հիասքանչ, ներքուստ և արտաքուստ անթերի մարդու կերպարանքով պատկերելու հին ավանդույթին։ Քրիստոսի սրբապատկերման կանոնները արդեն այն ժամանակ ոչ միշտ էին պահպանվում։ Բավական է հիշել Իվան Նիկոլաևիչ Կրամսկու «Քրիստոսն անապատում» (1872) պատկերը, բայց Գեն շատ ավելի հեռուն գնաց։ Հիսուսը պատկերված է տանջահար, ցածրահասակ, թուլակազմ։ Նրա դեմքը զուրկ է նշանակալիութունից։ Քրիստոսի նման կերպարը ոչ միայն դժգոհություն առաջացրեց Ռուսական ուղղափառ եկեղեցու սինոդում, այլև չընդունվեց մի շարք նկարիչների կողմից։

Նկարի պատմություն խմբագրել

Կտավը, որի վրա Գեն պատկերել է նկարը, նոր չի եղել։ «Ի՞նչ է ճշմարտությունը» նկարված է նկարչի մեկ այլ նկարի՝ «Գթասրտության» վրայից («Արդյո՞ք դա Քրիստոսը չէ»), որը նկարել է 1879 թվականին և 1880 թվականին ցուցադրել շրջիկ նկարչական ցուցահանդեսների ընկերության 8-րդ ցուցահանդեսում։

«Գթասրտության» վերաբերյալ հանրության արձագանքը և քննադատությունը ամբողջությամբ բացասական էին, և Գեն որոշեց նորից օգտագործել կտավը՝ նախորդ պատկերը նկարելով նոր գունային շերտով։ «Գթասրտությունից» մնացել են միայն նկարչի որդու կողմից 1903 թվականին արված լուսանկարներ, որոնք հրապարակվել են ամսագրում։ Կտավի վրա նախորդ նկարի առկայությունը հաստատվել է կտավի ռենտգենագրության ժամանակ՝ 2011 թվականին, երբ կտավը պատրաստվում էր Տրետյակովյան պատկերասրահում ցուցադրվելուն։ Բացի այդ, կտավի վրա հայտնաբերվել են մեկ այլ պատկերի հետքեր, որը կարող էր լինել «Խաչման» վաղ տարբերակներից մեկը։ Նախորդ պատկերի ուրվագծերը նկատելի են այժմյան նկարի վրա․ Պիղատոսի գլխից դեպի վերև և աջ հստակ երևում են հիշատակվող դեմքի ուրվագծերը։ Քրիստոսի այժմյան պատկերը «վերապատկերված է» «Գթասրտություն» նկարից լուսավոր զգեստով աղջկա կազմվածքից[2]։

Նկարն առաջին անգամ հանրության դատին է հանձնվել շրջիկների ընկերության ցուցահանդեսին՝ 1890 թվականին։ Նկարը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել հասարակության շրջանում, և սուրբ սինոդի կարգադրությամբ հանվել է ցուցադրությունից։

Հետաքրքիր է Պավել Տրետյակովի կողմից նկարի գնման պատմությունը։ Նկարը նրան այնքան էլ դուր չի եկել, և այն ձեռք բերելու ցանկություն Տրետյակովը չի ունեցել։ Լև Տոլստոյը նրան կտրուկ բովանդակությամբ նամակ է գրել․ «Ստացվում է զարմանալի մի բան․ դուք ձեր կյանքը նվիրել եք արվեստի իրեր հավաքելուն, գեղանկարներին և հավաքել եք ամեն ինչ, որպեսզի հազարավոր ողորմելի կտավների մեջ բաց չթողնեք այն մեկը, որի համար արժեր հավաքել մնացած բոլորը։ Դուք լիքը գոմաղբ եք հավաքել, որպեսզի բաց չթողնեք մարգարիտը։ Եվ երբ ուղիղ գոմաղբի կողքին դրված է ակնհայտ մարգարիտը, դուք վերցնում եք ամեն ինչ, բացի դրանից։ Ինձ համար դա պարզապես անըմբռնելի է, ներեցեք ինձ, եթե վիրավորեցի ձեզ, և փորձեք ուղղել ձեր սխալը, եթե տեսնում եք այն, որպեսզի չխորտակեք ձեր բազմամյա գործը»։

Հարգելով Տոլստոյի կարծիքը՝ Տրետյակովն ամեն դեպքում գնել է Գեի ստեղծագործությունը։ Բայց նկարը միանգամից չի հայտնվել պատկերասրահում։ 1890-1891 թվականների ընթացքում այն ցուցադրվել է Եվրոպայում և Ամերիկայում[3], բայց այնտեղ հաջողություն չի ունեցել և անտարբերության է արժանացել։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ге Николай Николаевич — "Что есть истина?". Христос и Пилат». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 26.09.2012-ին.
  2. «Пропавшие картины» Николая Ге
  3. ։ Գեի «Ի՞նչ է ճշմարտությունը» նկարի վերաբերյալ 1891 թվականին Լ․ Տոլստոյը ամերիկացի հայտնի հրապարակախոս Ջորջ Կեննանին մի ծավալուն նամակ է ուղարկել։ Տոլստոյը նամակ է ուղարկել նաև Վենդել Հարրիսոնին՝ Վիլիամ Հարրիսոնի որդուն, որը սևամորթների և այլոց ազատության համար պայքար էր մղում։ Տե՛ս 1890 թ․-ի օգոստոսի 22-ին Լ․ Տոլստոյի նամակը Գե Ն․Ն․-ին․ «Ամերիկայից ոմանք պատասխանել են։ Ոմն Հարրիսթոն գրում է, որ նկարը հազիվ թե հաջողություն ունենա, քանի որ Վերեշագինին նկարների ցուցադրության ձախողումը հետ է մղել ռուսական նկարների նկատմամբ հետաքրքրվածությունը»։ Գեի «Ի՞նչ է ճշմարտությունը նկարը» Ամերիկա հասցնելու գործով զբաղվել է երդվյալ հավատարմատար Իլյինը, որն այդ գործի համար Տրետյակովից 2000 ռուբլի է ստացել։ Փաստացի, Իլյինը Բեռլինից Ամերիկա է հասել միայն 1890 թվականի դեկտեմբերին, — Примечание 2 к Толстой Л. Н. Письмо Третьякову П. М., 11 июня 1890 г.: («Я вчера увидал картину Ге...») // Л. Н. Толстой / АН СССР. Ин-т рус. лит. (Пушкин. Дом). — М.: Изд-во АН СССР, 1939. — Кн. II. — С. 253—254. — (Лит. наследство; Т. 37/38).

Գրականություն խմբագրել