Ժորա Օհանջանյան

հայ հասարակական գործիչ
(Վերահղված է Ժ. Օհանջանյանից)

Ժորա Գրիգորի Օհանջանյան (ծ. դեկտեմբերի 22, 1942, գ. Նորագյուղ (ԼՂՀ Ասկերանի շրջան), հայ ճարտարագետ, բարեգործ։ Երևանի Մաշտոցի շրջգործկոմին կից Հադրութին օգնություն հանձնաժողովի (1988–1990 թթ.), Արցախ հայրենակցական միության վարչության (1989 թվականից) անդամ, միաժամանակ՝ Խաչեն (1992–1995 թթ.) և Շիրակ-Արցախ (1992–1996 թթ.) բարեգործական միությունների հիմնադիր-նախագահ։

Ժորա Օհանջանյան
Դիմանկար
Ղարաբաղյան շարժման մասնակից
Ծնվել էԴեկտեմբեր 22, 1942
ԾննդավայրՆորագյուղ, ԼՂՀ
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունհասարակական գործիչ

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1965 թ.)։ 1965–1991 թվականներին աշխատել է ՀԽՍՀ թեթև, տրանսպորտի նախարարությունների համակարգում, Երևանի պոլիտեխնիկական, Մոսկվայի էլեկտրատեխնիկական (Երևանի մասնաճյուղ) գիտահետազոտական ինստիտուտներում՝ գիտաշխատող, Երևանի քաղաքային, ապա Մաշտոցի շրջանային խորհուրդների գործկոմներում՝ վարչության պետ, շրջգործկոմի նախագահի տեղակալ, 1991 թվականից՝ Հայռուսնավթգազ շինմոնտաժային տրեստի վարչության պետ։

1988–1994 թթ.-ին համակարգել է երևանաբնակ արցախցիների հայրենակցական միությունների (Դիզակ Շահումյան-Գետաշեն և այլն) ստեղծած կամավորական ջոկատների սպառազինության և գործուղման, պատերազմական շրջաններից 200 երեխաների ՀՀ տեղափոխման ու տեղավորման աշխատանքները։ Արցախ է առաքել մեծ քանակի սննդամթերք, վառելանյութ։ Զինադադարից հետո Ասկերանում հիմնել է շինտրեստ և վերականգնել ռմբահարված բնակելի շենքեր, դպրոցներ, բուժկետեր և այլն։ 1997 թվականին Լեհաստանում հիմնադրել է աղետի գոտուց, Սումգայիթից և Ադրբեջանի հայաբնակ այլ շրջաններից Լեհաստանում ապաստանած հայկական համայնքների միացյալ ընկերակցություն և մինչև 1999 թվականը զբաղվել նրանց աշխատանքի տեղավորման և հայրենիք վերադարձնելու խնդիրներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 699։