Ժողովրդավարացման ալիքների տեսություն

Ժողովրդավարացման ալիքների տեսություն, քաղաքագիտական տեսություն, որը բացատրում է ժողովրդավարության տարածման պարբերափուլերը և տարածման ուղղությունները: Համաձայն տեսության, ժողովրդավարության տարածումը տեղի է ունեցել ալիքների տեսքով, որոնք ներառել են աշխարհագրական տարբեր տարածություններ: Ժողովրդավարության յուրաքանչյուր ալիք, բացի երրորդ ալիքից, ունեցել է նաև ռեվերս (հակադարձ) ալիք:

Ժողովրդավարացման ալիքների ընդհանուր բնութագիրըԽմբագրել

Ժամանակակից ժողովրդավարությունների ձևավորումն ու զարգացումը տեղի է ունեցել անհավասարաչափ՝ երկրից երկիր: Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են ժողովրդավարացման երեք ալիքներ, որոնցից յուրաքանչյուրը բնորոշվում է իրեն բնորոշ պատմական պայմաններով, առանձնահատկություններով, որոշ երկրներում ժողովրդավարության ամրապնդման, իսկ մյուսներում էլ՝ անհաջողության պատճառներով: Հետազոտողները ոչ միանշանակորեն են նշում դեմոկրատիզացիայի ալիքների պատմական սահմանները, ինչպես նաև ժողովրդավարության կայացման հաջող և անհաջող փորձերը: Դա բացատրվում է մի շարք հանգամանքներով՝ տարբեր երկրներում ժողովրդավարության սահմանման կոնցեպտուալ տարբերություններով, դեմոկրատական զարգացման տարբեր ինդիկատորներով, դեմոկրատական գործընթացների ինտենսիվության մասին առկա տարբեր պատկերացումներով և այլն: Վերը նշվածը վերաբերում է ժողովրդավարացման, ոչ միայն, առաջին և երկրորդ, այլև երրորդ ալիքին:

Ժողովրդավարացման ալիքներԽմբագրել

Ժողովրդավարացման առաջին երկար ալիքը սկսվել է 1828 թվականին և ավարտվել 1926 թվականին: Առաջին ալիքի սկսվելուն նպաստել են ամերիկյան և ֆրանսիական հեղափոխությունները, «նահանգ- պետությունների» առաջացումը, ինչպես նաև բրիտանական դոմինիոնների ժողովրդավարացումը: Առաջին ալիքը բերեց 29 դեմոկրատիաների ի հայտ գալուն, որոնք բնութագրվում են պառլամենտարիզմով, կուսակցական համակարգով և լայն ընտրական իրավունքով: Ալիքին բնորոշ հատկանիշներ են՝ արական բնակչության 50%-ը պետք է ունենա ընտրական իրավունք, իշխանությունները պետք է ընտրվեն ազատ և արդար ընտրությունների արդյունքում:

Ժողովրդավարացման առաջին ռեվերս ալիքը տեղի է ունեցել 1922- 1942 թվականներին: Ռեվերսի ալիքի առաջացումը պայմանավորված էր ֆաշիզմի առաջացմամբ, ինչպես նաև որոշ երկրներում ամբողջատիրական համակարգի ներդրմամբ, հատկապես ԽՍՀՄ առաջացումը:

Ժողովրդավարացման երկրորդ կարճ ալիքը սկսվել է 1943 թվականին և ավարտվել 1962 թվականին: Ալիքի ձևավորումը պայմանավորված էր ֆաշիստական կարգի տապալմամբ, ինչպես նաև տարածվող հակագաղութատիրական շարժմամբ: 1960-ական թվականներին դեմոկրատական երկրների ճամբարին միացան շուրջ 36 երկրներ: Հատկանշական էր հատկապես դեմոկրատական ինստիտուտների ստեղծումը Արևմտյան Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Ճապոնիայում և Կորեայում: Դեմոկրատական վարչակարգին վերադարձավ Ուրուգվայը: Սկսվեց Աֆրիկայի ժողովրդավարացումը, որոնցից առաջինը դարձավ Նիգերիան:

Երկրորդ ռեվերս ալիքը տեղի է ունեցել 1958-1975 թվականներին: Ռեվերսի ալիքի ընթացքում գրեթե ողջ Լատինական Ամերիկայում հաստատվեց ավտորիտար վարչակարգ: Նախկին ժողովրդավարական որոշ երկրներ վերադարձան ավտորիտար վարչակարգի: Աֆրիկյան նորանկախ երկրներում նույնպես հաստատվեցին ավտորիտար վարչակարգեր, բացառությամբ Բոթսվանայում:

Ժողովրդավարացման երրորդ ալիքը սկսվել է 1974 թվականի ապրիլի 25-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում սկսված հեղափոխությամբ, որի արդյունքում Պորտուգալիայում տապալվեց Անտոնիո դի Օլիվեյրա Սալազարի գլխավորած ավտորիտար վարչակարգը: Ալիքն այնուհետ տարածվեց դեպի Իսպանիա, Հունաստան,Լատինական Ամերիկայի երկրներ (Հոնդուրաս, Դոմինիկյան Հանրապետություն, Պերու), Ասիայի որոշ երկրներ, հատկապես Թուրքիա, Ֆիլիպիններ, Հարավային Կորեա և վերջապես Արևելյան Եվրոպա (Հունգարիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, Բուլղարիա, ԽՍՀՄ)[1]:

Ժողովրդավարացման երրորդ ալիքը և դրա առանձնահատկություններըԽմբագրել

Ժողովրդավարացման երրորդ ալիքի ուսումնասիրման ժամանակ կարևորվում են Սեմյուել Հանթինգտոնի «Դեմոկրատիզացիայի երրորդ ալիք» և «3-րդ ալիք: Դեմոկրատացումը 20-րդ դարում» աշխատությունները: Հանթինգթոնը առանձնացնում է ալիքին բնորոշ հետևյալ առանձնահատկությունները՝

  1. Անցումը ժողովրդավարության մի շարք երկրներում դիտարկվում է որպես գլոբալ պրոցես, այսինքն ժողովրդավարացման անցումային տարբեր փուլերի մեջ ոչ միայն կարելի է գտնել ընդհանրություններ, այլև դրանք դիտարկել որպես համաշխարհային քաղաքական գործընթացի մասնավոր դեպքեր: Սա նշանակում է, որ ժողովրդավարական անցումային գործընթացների վրա էական ազդեցություն են ունենում ոչ միայն պատմական, տնտեսական, սոցիալական, մշակութային պայմանները, այլև միջազգային գործոնը: Կարելի է ասել, որ ժողովրդավարացման երրորդ ալիքը ընդգրկում է նաև միջազգային հարաբերությունների ոլորտը:
  2. Հայեցակարգը դիտարկում է ժողովրդավարությունը որպես ինքնուրույն արժեք՝ չկապելով այն պրագմատիկ նպատակների հետ: Չնայած այն հանգամանքին, որ դեմոկրատական ինստիտուտների վրա շատ հաճախ դրվում է տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման հարցը, այնուամենայնիվ միտում կա ժողովրդավարությունը դիտարկել ոչ թե տվյալ իրավիճակում նախընտրելի ձև, այլ որպես պահանջմունք:
  3. Հայեցակարգը հիմնվում է բազմակարծության գաղափարի վրա: Այս առումով առաջանում է երկակի խնդիր. մի կողմից եվրոպական լիբերալիզմի պաշտպանությունը ու նորացումը, մյուս կողմից՝ դեմոկրատական կարգի մյուս ձևերի հանդեպ տոլերանտության ձևավորումը:
  4. 20-րդ դարի դարավերջի դեմոկրատացմամբ չի ավարտվում դեմոկրատիայի պատմությունը: Այս առումով հայեցակարգը հիմնվում է դեմոկրատական գործընթացի սինուսոիդային բնույթի վրա՝ չբացառելով երկրների հետադարձ շարժը:
  5. 3-րդ ալիքի հայեցակարգի հետազոտողների համար ինտելեկտուալ կարևոր հիմքը է օպտիմիզմը՝ տարբեր երկրներում դեմոկրատական շարժման անհաղթահարելիության համոզմունքը: Այսինքն, ոչ ժողովրդավարական որևէ գործոն կամ գործընթաց չի կարող շեղել ժողովրդավարական երկրներին՝ իրենց բռնած ուղուց:

Ժողովրդավարական ալիքների տեսության քննադատությունըԽմբագրել

Չնայած իր հիմնավորված լինելուն, տեսությունը ենթարկվում է լուրջ քննադատության: Քննադատությունների մեծ մասը ուղղված են շուկայի լիբերալիզացմանը: Գործնականում ավտորիտար վարչակարգերը չեն կարող ունենալ լիբերալ տնտեսություն, քանի որ այն կառավարում են ավտորիտար մեթոդներով: Բացի այդ, այն կառավարությունները, որոնք ունակ են իրականացնելու անհրաժեշտ փոփոխությունները, կորցնում են հասարակության հետագա դեմոկրատացման համար անհրաժեշտ իմպուլսը: Այն հանգեցնում է կարճաժամկետ հեռանկարների:

Ավտորիտար ուղղով տնտեսության լիբերալիզացման հաջողությունը, որպես կանոն, գնահատվում է Արևելյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի տրանսֆորմացիոն փուլում գտնվող երկրների օրինակով: Բացառված չէ, որ կարելի է հաջողությամբ իրականացնել շուկայական բարեփոխումներ, որոնք կարող են ուղեկցվել են ազատականացման և ժողովրդավարացման գործընթացներով:

Ֆիլիպ Շմիտտերը կարծում է, որ տրանսֆորմացիայի ամբողջական ցիկլի ոչ էֆֆեկտիվ իրականացման արդյունքում կարող են առաջանալ «հիբրիդային վարչակարգեր», որոնց բնորոշ են ավտորիտար և ժողովրդավարական կարգերին բնորոշ մի շարք հատկանիշներ: Առավել հավանական է, որ այդպիսի կարգեր կհաստատվեին հետկոմունիստական երկրներում, որոնք վերջնականապես չեն կարողացել ազատվել սոցիալիստական ժառանգությունից:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել