Ժան-Բատիստ Վանմուր
Ժան-Բատիստ Վանմուր (ֆր.՝ Jean Baptiste Vanmour, հունվարի 9, 1671[1][2][3][…], Վալանսեն, Նոր, Նոր-Պա-դը-Կալե, Ֆրանսիա - հունվարի 22, 1737[1][2][3][…], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), ֆլամանդական, ֆրանսիական նկարիչ, հայտնի է Օսմանյան կայսրության կյանքի տարբեր ոլորտների մասին իր մանրամասն նկարագրություններով Կակաչի դարաշրջանում, սուլթան Ահմեդ III-ի իշխանության օրոք։
Ժան-Բատիստ Վանմուր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1671[1][2][3][…] |
Ծննդավայր | Վալանսեն, Նոր, Նոր-Պա-դը-Կալե, Ֆրանսիա |
Վախճանվել է | հունվարի 22, 1737[1][2][3][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Հյուսիսային Նիդերլանդներ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | օրիենտալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | An Embassy Building in Pera?, The Grand Vizier Crossing the Atmeydanı (Horse Square)? և Dervishes Sharing a Meal? |
Jean Baptiste Vanmour Վիքիպահեստում |
Կյանք
խմբագրելԺան-Բատիստ Վանմուրն արմատներով Ֆրանսիայի ֆլամանդական Վալանսիեն քաղաքից էր, որն այդ ժամանակ պատկանում էր Իսպանական Նիդերլանդներին։ Սակայն նրա ծննդից մի քանի տարի անց՝ 1678 թվականին քաղաքը մտավ Ֆրանսիայի կազմի մեջ։ Նա արվեստի հետ սկսեց ծանոթանալ Ժաք-Ալբեր Ժերոնի արվեստանոցում։ Շուտով նրա աշխատանքները գրավեցին պետական գործիչ և արիստոկրատ մարկիզ Շարլ դը Ֆերիոյի ուշադրությունը։ Դը Ֆերիոն 1699 թվականին նշանակվեց Ֆրանսիայի դեսպանը Օսմանյան կայսրությունում, և նոր պաշտոնը ստանձնելու համար Ստամբուլ ուղևորվելիս մարկիզն իրեն ուղեկից վերցրեց Վանմուրին։ Այնտեղ էր, որ Դը Ֆերիոն Վանմուրին հանձնարարեց յուղաներկով ստեղծել տեղաբնակների հարյուր դիմանկար։ Երբ 1711 թվականին Դը Ֆերիոն վերադարձավ Ֆրանսիա, Վանմուրը շարունակեց իր աշխատանքը Կոստանդնուպոլսում՝ ծառայելով ուրիշ պաշտոնյաների։ Հարյուր փորագրանկաների շարքը Վանմուրը ստեղծեց դիմանկարներից հետո։ Դրանք հրապարակեց Լը Հայը 1714 թվականին՝ «Տպավորությունների ժողովածու, որը ներկայացնում է Լևանտի տարբեր ազգերին» խորագրով։ Գիրքը մեծ արձագանք գտավ Արևմտյան Եվրոպայի երկրներում և տպագրվեց ավելի քան հինգ լեզվով։ Ժողովածուի լայն տարածումն ու հանրության կողմից ջերմ ընդունելությունը հանգեցրին Վանմուրի ճանաչմանը որպես նկարիչ։ Սուլթանի ընդունելությունները պատկերելը դարձավ Վանմուրի մասնագիտությունը։ Իր կտավներում նա միայն պետք է փոխեր միջավայրը և դեմքերը։ Իր պարտականություններն ամբողջությամբ կատարելու համար Վանմուրն աշխատում էր օգնականների հետ։ 1725 թվականին Ֆրանսիայի կառավարությունը Վանմուրին շնորհում է Լևանտի պալատական նկարչի տիտղոսը, որով ցույց էր տալիս Վանմուրի և Լևանտի կարևորությունն իր համար։ 1727 թվականին Հոլանդիայի դեսպան Կորնելիս Կալկենը Վանմուրին խնդրեց կտավի վրա պատկերել իր ընդունելությունը սուլթան Ահմեդ III-ի մոտ։ Վանմուրին թույլատրվեց ներկա լինել սուլթանի պալատում՝ ընդունելության արարողության ընթացքում՝ ուղեկցելով դեսպանին և նրա շքախմբին։ Այդպիսով, նա քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում դեսպանների ընդունելության արձանագրություններին ու կարգին։ Երբ Կալկենը նշանակվեց Հոլանդիայի դեսպանը Դրեզդենում, իր հետ տարավ Ժան-Բատիստ Վանմուրի պատկերած բազմաթիվ նկարներ։ 1762 թվականին ամուրի մնացած Կալկենի կամքով արգելվեց նրա ունեցվածքը ժառանգած հարազատներին վաճառել այդ նկարները։ Դրանք այժմ գտնվում են Ամստերդամում՝ Նիդերլանդների պետական թանգարանում։
Կան տեղեկություններ, որ Վանմուրը թաղված է Թուրքիայի Բեյօղլու շրջանի Հիսուսյան միաբանության Սենթ Լուիս եկեղեցու գերեզմանատանը՝ Բարոն դը Սալանյաքի կողքին։
Օրիենտալիզմը և Վանմուրը
խմբագրելՈւշ միջնադարի հայկական թեման պատկերող գործերի գերակշիռ մասը ստեղծվել է օրիենտալիզմի ժանրում։ Օրիենտալիզմը (լատիներեն Orient՝ «արևելք» բառից) 18-20-րդ դարերի եվրոպական և ամերիկյան արվեստի առանձնահատուկ ուղղություններից է, որը ռոմանտիզմին հատուկ ոճական ձևերով տվյալ դարաշրջանի արևմտյան մարդուն ներկայացնում էր Արևելքի երկրների շունչը, մշակույթը, ավանդույթները և արևելյան մարդուն։ Օրիենտալիզմի հիմնական աշխարհագրական օբյեկտը Օսմանյան կայսրությունն էր՝ իր բազմազգ բնակչությամբ ու մշակույթներով։ Այդ ժանրի ծագումը սովորաբար կապում են մի կողմից 18-րդ դարի վերջին Եվրոպայում սկսված քաղաքակրթական բուռն փոփոխությունների ու զարգացման, մյուս կողմից՝ Օսմանյան կայսրության անկման հետ։ Այլ խոսքով՝ կտրուկ աճում է եվրոպացիների հետաքրքրությունը արդեն թուլացող, սակայն ճոխ ու հաճույքապաշտական (հեդոնիստական) կերպար ունեցող օսմանյան ներքին կյանքի նկատմամբ։ Այս իմաստով օրիենտալիզմը նաև յուրահատուկ էկզոտիկայի լույսի ներքո ներկայացնում էր Արևելքի տարբեր ժողովուրդներին բնորոշ ազգագրական տարրերը, կենցաղը և սովորույթները։ Այն ըստ էության կոչված էր փոխանցելու այս կամ այն մշակույթի գեղեցկությունը։ Թեև օրիենտալիստ նկարիչներն իրենց աշխատանքներում առավելապես անդրադարձել են բուն արևելյան՝ իսլամական մշակույթին ու կենցաղին, սակայն նրանք չեն շրջանցել նաև հայերին։ Թերևս հենց արևելյան յուրահատուկ գեղեցկությունն ու նուրբ էկզոտիկան հաղորդելու միտումն էր, որ օրիենտալիստներն իրենց գործերում պատկերել են գրեթե բացառապես հայուհիների։ Օրիենտալիզմի առաջին ներկայացուցիչներից մեկն էլ հենց Ժան-Բատիստ Վանմուրն էր, որ իր կտավներում Արևելքի ժողովուրդների շարքում ներկայացրել է նաև հայկական կենցաղն ու ավանդույթները։
Հայկական կենցաղը Վանմուրի կտավներում
խմբագրելԻր հարյուրավոր յուղանկարներում և փորագրանկարներում Վանմուրն անդրադարձել է նաև Օսմանյան կայսրությունում ապրող հայերի կյանքին։ Գեղանկարներից այսօր հայտնի են միայն չորսը։ Դրանցից մեկը ներկայացնում է «Հայկական հարսանիքը»։ Կտավում պատկերված է դեպի եկեղեցի շարժվող հարսանքավորների թափորը։ Առջևից գնում են նվագածուները։ Նրանցից հետո հանդիսավորապես քայլում են փեսացուն և թուրը ձեռքին մի երիտասարդ՝ «ազապբաշին»։ Նրանցից հետո գնում են փեսայի հայրը, քահանան և հարսանքավոր կանայք, որոնք ուղեկցում են հարսնացուին։ Վերջինիս հագին հարսանեկան կարմիր զգեստ է։ Հարսի և փեսայի առջևից քայլում են ձեռքին հարսանեկան մոմեր պահող հարսաքավորները։ Այս կտավը, ինչպես և մյուսները, ստեղծվել է 1720-ական թվականներին և գտնվում է Ամստերդամում՝ Նիդերլանդների պետական թանգարանում։
Հաջորդ կտավը կոչվում է «Հայերը թղթախաղ խաղալիս»։ Վանմուրը պատկերում է կանանց և տղամարդկանց՝ երեկոյան թղթախաղ խաղալիս։ Տիրում է ոչ պաշտոնական մթնոլորտ։ Վանմուրը պատկերում է հայ բարձրաշխարհիկ (ամենայն հավանականությամբ՝ ամիրայական) դասի առօրյա մի պատկեր։ Դիմագծերը զուսպ են պատկերված, փոխարենը ամենայն մանրամասնությամբ ներկայացված են հայերի հագուստն ու զարդարանքները։ Այս կտավը նույնպես գտնվում է Նիդերլանդների պետական թանգարանում։
Իր մյուս նկարներում ևս Վանմուրը մանրամասնորեն պատկերել է հայկական հագուստի առանձնահատկությունները, ինչպես օրինակ մորթյա բաճկոնները, որ սովորաբար կրել են հայ տղամարդիկ։
Մյուս կտավը կոչվում է «Զրույցը»։ Սրանում նկարիչը պատկերել է հայ տիկնանց և պարոններին՝ սուրճ ըմպելիս։ Օսմանյան ինտերիերին ու տղամարդու՝ ակնհայտորեն արևելյան հագուկապին կարծես հակադրված են հայուհիների առավել ազատ, առանձնահատուկ հայկական ոճի տարազները։ Կտավը հայտնի է նաև «Հայ կանայք ինտերիերում սուրճ ըմպելիս» վերնագրով և նույնպես պահպանվում է Նիդերլանդների պետական թանգարանում։
Չորրորդ կտավում Վանմուրը պատկերում է «Ասեղնագործող հայ կանանց»։ Այս կտավը գտնվում է Ստամբուլի թանգարաններից մեկում, որի տեղեկագրում բաց է թողնված «հայ» բառը և գրված է պարզապես «Ասեղնագործող կանայք»։ Այս կտավում ևս պատկերված են հայ կանայք օսմանյան ինտերիերում՝ իրենց բնորոշ վառ ու գունագեղ հագուստներով։
Պատկերասրահ
խմբագրել-
Թուրք սիրահարը վիրավորում է իր ձեռքը սիրած կնոջ առջև՝ ի նշան սիրո (1707 թ.):
-
Հայ ճարտարապետը (1707 թ.)
-
Կոստանդնուպոլսի նախկին ձիարշավարանը, որից ձախ երևում է Կապույտ մզկիթը:
-
Տեսարան սուլթանի հարեմից:
-
Ֆրանսիայի դեսպան վիկոնտ դ'Անդրեզեի ընդունելությունը սուլթան Ահմեդ III-ի մոտ:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean Baptiste Vanmour (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jean Baptiste Vanmour — 2009.
Արտաքին հղումներ
խմբագրել- Faroqhi, Suraiya. The Cambridge History of Turkey: The later Ottoman Empire, 1603-1839 Cambridge University Press. 2006. ISBN 978-0-521-62095-6
- Moronvalle, Jeff (2010). Le Recueil Ferriol (1714) and Turquerie Fashion. Dix-Huitième Siècle.
- https://www.rijksmuseum.nl/en/collection/SK-A-2001
- http://ankakh.com/article/32877/jan-babtist-vanmuri%D5%9D-haykakan-kyanqn-artatsvolvogh-ktavnyere(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Բատիստ Վանմուր» հոդվածին։ |