Թովմաս Խոջամալյան

հայ պատմիչ, հասարակական-քաղաքական գործիչ
(Վերահղված է Թ. Խոջամալյանից)

Թովմաս Խոջամալյան, Նոր Ջուղայեցի (մոտ 1720[1][2], Նոր Ջուղա[1][2] - 1780[1][2], Ագրա[1][2]), հայ պատմիչ, հասարակական-քաղաքական գործիչ։

Թովմաս Խոջամալյան
Ծնվել էմոտ 1720[1][2]
ԾննդավայրՆոր Ջուղա[1][2]
Մահացել է1780[1][2]
Մահվան վայրԱգրա[1][2]
ԳերեզմանԴելի[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, հասարակական գործիչ, քաղաքական գործիչ և վաճառական

Կենսագրություն խմբագրել

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական առևտրական դպրոցում։ Հետագայում տեղափոխվել է Հնդկաստան, ուսումնասիրել ծովագնացություն և դարձել նավապետ։ Զբաղվել է առևտրով՝ դառնալով հնդկահայ խոշոր վաճառականներից մեկը։ Տիրապետել է պարսկերեն, հինդի և անգլերեն լեզուներին։ Եռանդորեն մասնակցել է հնդկահայ հասարակական-քաղաքական ու հոգևոր-մշակութային կյանքին։ Սերտ կապեր է ունեցել Բենգալիայի (որտեղ հավանաբար եղել է Խոջամալյանի մշտական բնակության վայրը) և Մեծ Մողոլների արքունի բարձրաստիճան անձանց հետ։ Անձամբ ճանաչել է անգլիական գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի ազատագրական կռիվների (1760 - 1964)՝ հնդիկ ու հայ որոշ ղեկավար մասնակիցների (Միր Կասում-Ալի, Գորգին-խան և այլն)։ Որպես հնդկահայ համայնքի ներկայացուցիչ՝ մեկնել է Լոնդոն և անգլիական կառավարությանը բողոք ներկայացրել ընդդեմ Արևելա-հնդկական ընկերության ու Բենգալիայի գենենալ-նահանգապետ Վանսիթարտի (Վենստադ, 1760 - 1764)՝ հայ վաճառականների նկատմամբ նրանց ապօրինի գործողությունների և բռնությունների համար։ Մի քանի տարի մնալով Լոնդոնում՝ բազմիցս հանդես է եկել անգլիական պառլամենտում, հաղթահարել անգլիացիների կողմնապահությունը, շահել դատը և ստացել հնդկահայերի պահանջը՝ 500 000 դահեկանը։ Այնուհետև վերադարձել է Հնդկաստան և 1768 թվականին գրել «Պատմություն Հնդկաց» աշխատությունը։ Խոջամալյանի հետագա գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Թաղվել է Դելիի հայկական հին գերեզմանատանը, ուր այժմ էլ կանգուն է Խոջամալյանի հուշարձան-շիրիմը։

Աշխատություններ խմբագրել

Խոջամալյանի աշխատությունն ընդգրկում է XIV դարի սկզբից մինչև 1764 թվականի միջև ընկած ժամանակաշրջանի Հնդկաստանի աշխարհագրության, տնտեսության, չափ ու կշիռների, քաղաքական անցքերի, կրոնի, Մալաբարի քրիստոնյաների, հնդկահայ համայնքի, հնդիկ ժողովրդի ազատագրական պայքարի, դրանում հայերի մասնակցության ու խաղացած դերի և այլ հարցերի համառոտակի շարադրանքը՝ շուրջ 455 տարվա պատմություն։ Հին շրջանի պատմությունը շարադրելիս Խոջամալյանն օգտվել է Մեծ Մողոլների մայրաքաղաք էլաբազի (Ալահաբադ) արքունի դիվանի նյութերից, իսկ ուշ շրջանի համար՝ օգտագործել դեպքերի մասնակիցների, ականատեսների տեղեկությունները և զանազան փաստաթղթեր։ Ենթադրվում է, որ օգտագործել է նաև ծովային քարտեզներ ու ատլասներ։ Աշխատության բնագիրը մեզ չի հասել։ Առայժմ հայտնի միակ ընդօրինակությունը (1821) պահպանվում է Հնդկաստանում՝ հայկական ձեռագրերի՝ Սպահանի հավաքածուում։ Երկը բաղկացած է երկու մասից, բայց հրատարակվել է միայն երկրորդը (առաջինից առանձին գլուխներ լույս են տեսել 1822 թվականին, Կալկաթայում՝ «Շտեմարան» ամսագրում)։ Այն տպագրվել է նաև ռուս. (Aбрамян P. A., Aрмянские источники XVIII века об Индии, E., 1968)։ Խոջամալյանի երկը պատմագիտական զգալի արժեք ունի։ Այն առանձնապես կարևոր աղբյուր է Հնդկաստանի գաղութացման, հնդիկ ժողովրդի ազատագրական պայքարի, դրանում հայերի մասնակցության մասին անգլիական աղբյուրների, միտումնավոր խեղաթյուրումների և միակողմանիության բացահայտման, ինչպես նաև Մալաբարի քրիստոնյաների և հնդկահայ գաղութի պատմության ուսումնասիրման համար։

Գրականություն խմբագրել

  • Պատմութիւն Հնդկաց, մաս 2, Կալկաթա, 1849
  • Լեո, Երկ. ժող., հ. 3, գիրք 2, Ե., 1973

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թովմաս Խոջամալյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 75