Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թրիալեթ (այլ կիրառումներ)

Թրիալեթ, հնագիտական հուշարձանների խումբ Վրաստանում, նախկին Ծալկայի շրջանում։ 1936-1940 թվականներին և 1947-1948 թվականներին պեղել է Վրաստանի պետական թանգարանի արշավախումբը՝ Բ. Ա. Կուֆտինի ղեկավարությամբ։ Հայտնաբերվել են ուշ քարի դարից մինչև վաղ միջնադարի հուշարձաններ։ Առավել ուշագրավ է միջին բրոնզի դարի (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ) մշակույթը։ Դամբարանաբլուրներում (երբեմն՝ մոտ 100մ տրամագծով) պեղվել են քարակույտով կամ հողաթմբով ծածկված անհատական թաղումներ։ Որոշ մեծ դամբարանախցեր կառուցապատված են սալաքարերով և հիշեցնում են թաղումնային սրահներ (մինչև 175 մ2 տարածքով)։ Թրիալեթում մեծ մասամբ դիակիզել են։ Թաղել են փայտե պատգարակների, երբեմն՝ քառանիվ սայլերի վրա։ Գտնվել են կիսաթանկարժեք քարերով զարդարված ոսկե և ծիսական տեսարաններով արծաթե գավաթ, պղնձե, բրոնզե, կավե, քարե կենցաղային առարկաներ։ Թրիալեթի դամբարանաբլուրների մշակույթը մոտ է Սևանի ավազանի (Լճաշեն և այլն), Լոռու (Կիրովականի դամբարանաբլուր) մշակույթներին, ընդհանուր գծեր ունի համապատասխան ժամանակաշրջանի առաջավորասիական մշակույթի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 227 CC-BY-SA-icon-80x15.png