Թուրք-պարսկական պատերազմ (1775-1776)

(1775-1776)

Թուրք-պարսկական պատերազմ, 1775-1776 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Միջագետքի տարածքում՝ սուլթանական Թուրքիայի և շահական Իրանի միջև[2]։ Թուրք-պարսկական եզակի պատերազմներից էր, որը չի մղվել Հայկական լեռնաշխարհի տարածքում։

Թուրք-պարսկական պատերազմ
1775-1776
Թուրք-պարսկական պատերազմներ

Իրանի շահ Քարիմ խան Զանդը և օսմանյան սուլթանի դեսպան Վեհբի Էֆենդին
Թվական 1775-1776
Վայր Միջագետք
Պատճառ Գերիշխանություն Պարսից ծոցում[1]
Արդյունք Իրանի հաղթանակ
Տարածքային
փոփոխություններ
Բասրայի գրավում երեք տարով
Հակառակորդներ
ԻրանՇահական Պարսկաստան
ԻրանԱրդալանի վիլայեթ
Օսմանյան կայսրությունՕսմանյան կայսրություն
Օսմանյան կայսրությունՄամլուքյան Իրաք
Հրամանատարներ
ԻրանՔարիմ խան Զանդ
ԻրանՍադեղ խան Զանդ
ԻրանԽոսրով խան Բոզորգ
Օսմանյան կայսրությունԱբդուլ Համիդ I
Օսմանյան կայսրությունՍուլեյման ալ-Ջալիլի

Պատերազմի պատճառը Պարսից ծոցում գերիշխանության հասնելն էր։ Սեֆյան տերության թուլացումից անկումից հետո Պարսկաստանում ստեղծվել էր երկիշխանություն։ Նադիր շահը հիմնել էր թյուրքալեզու Աֆշարիների դինաստիան (1736-1796), որի իշխանությունն իր մահից հետո տարածվում էր հյուսիսային նահանգների վրա (մայրաքաղաք՝ Մաշհադ)։ Դրան հակառակ՝ հարավում իշխանությունը գրավել էր քրդական Զանդերի դինաստիան (1751-1796), որի մայրաքաղաքն էր Շիրազը։ Նախկին մայրաքաղաք Սպահանում շարունակում էին ձևականորեն իշխել Սեֆյանները՝ Իսմայիլ III-ը (1752-1761) և Սոլթան Մոհամմադը (1786)։ Արևմտյան նահանգներում ձևավորվել էր Իրանից ինքնուրույն մի պետություն՝ Դուրանի կայսրությունը։ Նշվածներից առավել զորեղ էին Զանդերը, որոնք կարողացան համախմբել Իրանի տարածքների մեծ մասը և նույնիսկ հարձակվել Օսմանյան կայսրության վրա[3]։ Նրանք ցանկանում էին վերջ տալ թուրքերի գերիշխանությանը Պարսից ծոցում և վերահսկել անգլիացիների ու պորտուգալացիների կողմից կատարվող «հնդկական առևտուրը»[Ն 1]: Պատերազմին եվրոպական պետությունները չեն միջամտել՝ Ամերիկայի անկախության պատերազմի պատճառով[Ն 2]:

Պատերազմի առիթը եղել է Զանդերի դինաստիայի հիմնադիր Քարիմ խան Զանդի (1751-1779) եղբոր՝ Սադեղի կողմից Բասրայի պաշարումը[4]։ Ցանկանալով հետ նվաճել Միջագետքը՝ Իրանի շահը հենվել էր տեղացի քրդերի վրա, ինքնին լինելով քուրդ։ Փոխհամագործակցության նեցուկը եղել է Արդալանի քրդական իշխանությունը[5]։ Օսմանյան կայսրության իշխանությունը հենված էր մամլուքների վրա, որոնք այդ ժամանակ իշխել են Միջագետքում (1704-1831)։ Նրանք իրենց կառավարումը հաստատել են Մոսուլի, Բաղդադի և Բասրայի վիլայեթներում[6]։ Տարածաշրջանը թուրքերին էր անցել հերթական թուրք-պարսկական պատերազմից (1623-1639) հետո, ամրագրվել Ղասրե Շիրինի հաշտությամբ։

Պատերազմն ավարտվել է 1776 թվականին՝ Պարսկաստանի հաղթանակով[7]։ Եփրատ և Տիգրիս գետերի միախառնման տեղում գտնվող Բասրա քաղաքը, որը կարևորագույն դերակատարություն ուներ Պարսից ծոցում կատարվող առևտրի հետ, անցավ Պարսկաստանին և մնաց նրա իշխանության տակ մինչև Քարիմ խան Զանդի մահը (1779)[8]։

Նախադրյալներ խմբագրել

Նադիր շահի իշխանության տարիներին (1736-1747) ասպարեզից դուրս էին եկել Սեֆյանները, իսկ սպանությունից հետո խիստ թուլացել էր սեփական՝ Աֆշարիների դինաստիան։ Օգտվելով դրանից՝ 1751 թվականին Քարիմ խան Զանդն իրեն հռչակում է Պարսկաստանի շահ։ Նա մի քանի տարվա ընթացքում նվաճում է Լոռեսթանը, Խուզեսթանը, Ֆարսը և իր նստավայր հռչակում Շիրազ քաղաքը։ Ընդլայնելով իր տիրույթները՝ նա ձևականորեն ճանաչում է Իսմայիլ III Սեֆիի իշխանությունը։ Նվաճողական քաղաքականության հետևանքով նա հիմնականում վերականգնել է Սեֆյան տերության սահմանները։

Միևնույն ժամանակ Օսմանյան կայսրությունը ստիպված էր պաշտպանել իր տիրույթները Ռուսաստանից և եվրոպական տերություններից։ Նոր էր ավարտվել ռուս-թուրքական պատերազմը (1768-1774), որում օսմանցիները կորցրին Ղրիմը և Հյուսիսային Կովկասը, երբ իսպանական ու իտալական զորքերը արշավեցին Ալժիրի դեմ (1775)։ Մուստաֆա III-ին (1757-1774) փոխարինելու էր եկել նոր գահ բարձրացած Աբդուլ Համիդ I-ը։ Նա ստիպված էր զբաղվել պետության սահմանների ամրացմամբ, որի համար խրախուսում էր ծայրագավառների կառավարիչներին։

Ռազմական գործողություններ խմբագրել

Քարիմ Խանը վերահսկողություն չուներ շիական սրբավայր Մաշհադում, որտեղ գտնվում էր իմամ Ռեզայի դամբարանը։ Բացի այդ, տարեցտարի ավելի վտանգավոր էր դառնում շիական մյուս սրբավայրեր՝ Քերբելա և Նաջաֆ այցելությունը, որոնք գտնվում էին օսմանահպատակ Իրաքում։ Դրան գումարվում է նաև Պարսից ծոցի համար մղվող տնտեսական մրցակցությունը։ Դեռ մեկ դար առաջ ծոցի՝ Հնդկական օվկիանոս գտնվող ճանապարհին՝ Ղեշմ կղզում, պորտուգալացիները բերդ էին կառուցել։

1775 թվականի ապրիլի 17-ին Իրանի շահի եղբայր Սադեղ խանը, 30 հազարանոց բանակով պաշարում է Պարսից ծոցի ափին գտնվող Բասրան[9]։ Նա աջակցություն է ստանում Բուշեհրի արաբներից։ Բասրայի ամրոցի հրամանատար Սուլեյման աղան դիմադրեց Սադեղ խանի զորքերին։ Շրջափակումը տևեց մեկ տարի։ Բասրացիներին օժանդակում էր նաև Օմանի սուլթանը։ Քաղաքի պաշարման լուրը Ստամբուլ էր հասել 1776 թվականի փետրվարին։ Սովի մատնվելով՝ բասրացիները 1776 թվականի ապրիլի 16-ին հանձնվեցին Սադեղ խանին։ Օսմանցիները հաշտություն խնդրեցին։ Բասրան կարճ ժամանակով անցավ Պարսկաստանին[10]։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Անտտիկ շրջանում սկզբնավորված ր միջնադարում մեծ ճանաչում բերած Մետաքսի մեծ ճանապարհը Հնդկաստանն ու Չինաստանը կապում էր եվրոպական երկրների հետ։ Այն ուներ ոչ միայն առևտրային, այլև մշակութային նշանակություն։ 15-րդ դարում օսմանցիների կողմից Կոստանդնուպոլսի գրավմամբ եվրոպացիների ուշադրությունը թեքվեց արևմուտք և հարավ՝ առևտրական նոր ճանապարհներ որոնելու նպատակով։ Սկսվեց աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանը, որի հետևանքով Իրանն ու Թուրքիան դուրս մնացին եվրոպական պետությունների ուշադրությունից։ Հնդկաստանում հասնելով գերիշխանության՝ բրիտանական «արևելահնդկական ընկերությունը» փորձում է Հնդկաստանի հետ առևտուրը կազմակերպել ոչ միայն Հնդկական և Ատլանտյան օվկիանոսների տարածքով, այլև Արաբական թերակղզով ու Հյուսիսային Աֆրիկայով։ Այդ ճանապարհին կարևոր էր Պարսից ծոցում գերիշխանության հասնելը, որը նոր թափ հաղորդեց Մերձավոր Արևելքում եվրոպական տերությունների վերադարձին։ Խաչակիրերի արշավանքներից հարյուրամյակներ անց Անգլիան և Ֆրանսիան մշակեցին արաբական երկրների նվաճման նոր ծրագրեր։
  2. 15-17-րդ դարերում հայտնաբերվել են Ամերիկա աշխարհամասը, Ավստրալիա մայրցամաքը, Խաղաղ օվկիանոսը՝ իր բազմաթիվ կղզիներով։ Եվրոպական տերությունները պայքար են մղել՝ նոր հողերին տիրանալու և գաղութատիրական կայսրություններ հիմնելու համար։ Բուն Եվրոպայի տարածքում իրավիճակը նույնպես լարված էր։ Այս ամենի հետևանքով տեղի է ունենում Յոթնամյա պատերազմը։ Թեև Անգլիան և իր դաշնակիցները հաղթանակ են տարել, սակայն իր ռազմական ծախսերը հատուցելու համար գաղութներին ստիպել է մեծ հարկեր վճարել։ Դրանից դժգոհ Նոր Անգլիայի 13 գաղութները պատերազմ են մղել անկախության համար, և աջակցություն ստացել Անգլիայի թշնամի Ֆրանսիայից։ Արդյունքում ստեղծվել է մի նոր պետություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Perry, John (1991). "The Zand dynasty". The Cambridge History of Iran, Vol. 7: From Nadir Shah to the Islamic Republic. Cambridge: Cambridge University Press. pp. 63–104. ISBN 9780521200950.
  2. Encyclopedia Iranica : "In 1775 the Wakil sent his brother (Moḥammad) Ṣādeq Khan to besiege Basra in Ottoman Iraq, which after a yearlong siege was taken and occupied until Karim Khan’s death in 1779"
  3. Dictionary of Battles and Sieges: A-E : page 113 : "Jealous of the Turkish port of Basra, Persian Regent Karim Khan sent a siege force under his brother Sadiq Khan. an Omani fleet broke the blocade but a relief force from Baghdad was repulsed and Governor Sulayman Aqa was finally starved into surrender"
  4. Fattah, Hala Mundhir (1997). The Politics of Regional Trade in Iraq, Arabia, and the Gulf: 1745-1900. SUNY Press. p. 34. ISBN 9781438402376.
  5. Oberling, P. "BANĪ ARDALĀN". Encyclopædia Iranica.
  6. The Rise and Fall of the Communist Party of Iraq, Tareq Y. Ismael, I. 1.
  7. Mohibbul Hasan, Waqai-i manazil-i Rum: Tipu Sultan's mission to Constantinople, (Aakar Books, 2005), 19.
  8. Dionisius A. Agius, In the Wake of the Dhow: The Arabian Gulf and Oman, (Ithaca Press, 2010), 15.
  9. Dina Rizk Khoury, State and Provincial Society in the Ottoman Empire: Mosul, 1540-1834, (Cambridge University Press, 2002), 47.
  10. 'Abd al-Hamid I, M. Cavid Baysun, The Encyclopaedia of Islam, Vol. I, ed. H.A.R. Gibb, J.H. Kramers, E. Levi-Provencal and J. Schacht, (Brill, 1986), 62.