Թուրհան սուլթան
Թուրհան Հաթիջե սուլթան (թուրքերեն՝ Turhan Hatice Sultan, 1627, Ռութենիա - օգոստոսի 4, 1683, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), օսմանյան սուլթան Իբրահիմ I-ի կինը՝ հասեկիի տիտղոսով, սուլթան Մեհմեդ IV-ի մայրը, Օսմանյան կայսրության վալիդե սուլթանը և ռեգենտը որդու կառավարման առաջին տարիներին․ կանանց սուլթանության ժամանակաշրջանի վերջին ներկայացուցիչը։
Թուրհան սուլթան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ստրուկ |
---|---|
Դավանանք | ուղղափառություն, քրիստոնեություն և սուննի իսլամ |
Ծննդյան օր | 1627 |
Ծննդավայր | Ռութենիա |
Վախճանի օր | օգոստոսի 4, 1683 |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Թաղված | Tomb of Turhan Hatice Sultan |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Զավակներ | Մուհամեդ Դ, Atike Sultan? և Ayşe Sultan? |
Կենսագրություն
խմբագրելԹուրհան Հաթիջե սուլթանը ծնվել է մոտավորապես 1627[1][2] կամ 1628 թվականին[3], ծննդյան անունը՝ Նադյա, ծագումով եղել է ռուս[1][4][5][6][7]։ Թաթարների արշավանքներից մեկի ժամանակ գերեվարվել է և վաճառվել ստրկության։ Մոտ 12[8]—14[4] տարեկանում Թուրհանը բերվել է Թոփքափը պալատ՝ որպես նվեր Ղրիմի խանի կողմից սուլթան Իբրահիմ I-ի մոր՝ Քյոսեմ սուլթանի համար[8][5]։ Էնթոնի Ալդերսոնը նշում է, որ Թուրհանը եղբայր է ունեցել՝ Յուսուֆ աղան, ով մահացել է 1689 թվականի հունվարին, սակայն հայտնի չէ, թե երբ և ինչպես է նա հայտնվել Ստամբուլում[9]։
Հասեկի և սուլթանի այրի
խմբագրելՔյոսեմը, կարծելով, որ հարեմում վատ ապագա է սպասվում աղջկան, նրան դաստիարակության է ուղարկում իր կրտսեր դստեր՝ Աթիկե սուլթանի պալատ[10][11]։ Աթիկեի պալատում աղջիկը համապատասխան կրթություն է ստացել և շուտով վերադարձել Թոփքափը, որտեղ դարձել է սուլթանի հարճը։ Գեղեցկությամբ ու խելքով աչքի ընկնող բաց շիկահեր, կապուտաչյա Թուրհանն արագ նվաճում է Իբրահիմ I-ի սիրտը[4] և հասեկիի տիտղոս է ստանում[3][1]։ 1642 թվականի հունվարի 2-ին Թուրհան Հաթիջեն ծնում է իր ավագ որդուն՝ ապագա սուլթան Մեհմեդ IV-ին[12]։ Թուրհանն ու Իբրահիմը նաև երկու դուստր են ունենում՝՝ Գևհերհան սուլթան և Աթիկե սուլթան[2]։ Փոքր հասակում մահացած երկրորդ որդու՝ Ահմեդի ծնվելուց կարճ ժամանակ անց Թուրհանը կորցրել է իր ազդեցությունը սուլթանի վրա[4]։ Իբրահիմի հոգեկան վիճակը, ինչպես նաև նրա կառավարման արդյունքը դարձած Օսմանյան պետության կրիտիկական վիճակը, սրընթաց վատանում է, և մինչև 1648 թվականը բոլոր պալատական խմբավորումները, ներառյալ սուլթանի մայրը, հանգում են նրան շուտափույթ տապալելու անհրաժեշտության համոզմունքին[13]։ 1648 թվականի օգոստոսի 8-ին սուլթանը տապալվում և մի քանի օր անց սպանվում է[14]։ Հսկայական երկրի ղեկավար է դառնում Թուրհանի 6-ամյա որդին՝ Մեհմեդը։ Մեհմեդի գահ բարձրանալուց հետո Թուրհանը պետք է ստանար վալիդեի տիտղոսը՝ իր բոլոր հասանելիք արտոնություններով, սակայն տարիքով պայմանավորված, Թուրհանն այդ պահին քսան տարեկանից էլ փոքր էր, և անփորձության պատճառով նա փոքրիկ սուլթանի տատիկ Քյոսեմ սուլթանի կողմից հեռացվում է իշխանությունից․ Քյոսեմն այդ ժամանակ հասցրել էր արդեն երկու անգամ վալիդե–ռեգենտ լինել[15][16]։
Ամբիցիոզ Թուրհանը հրաժարվում է հանձնվել առանց մարտի։ Երեք տարվա ընթացքում, որ Քյոսեմն անցկացնում է իշխանության ղեկին, Թուրհանը հասցնում է ձեռք բերել բազմաթիվ կողմնակիցներ, որոնց թվում՝ սև ներքինիների առաջնորդն ու մեծ վեզիրը․ այնուամենայնիվ, Քյոսեմի կողքին շարունակում էին մնալ ենիչերիները։ Չնայած նրան, որ Քյոսեմն արդյունավետորեն կատարում էր վալիդե–ռեգենտի պարտականությունները, ժողովրդի մեջ հուզումներ են սկսվում երկրի քաղաքականության վրա ենիչերիների մեծ ազդեցության պատճառով[17]։
1651 թվականի սկզբին Թուրհանին հայտնի է դառնում, որ ենիչերիները, Քյոսեմ սուլթանի համաձայնությամբ, ծրագրում են թունավորել Մեհմեդ IV-ին և գահին նստեցնել նրա մեկ այլ թոռանը՝ շեհզադե Սուլեյմանին, ում մայրը՝ Սալիհա Դիլաշուբ սուլթանը Թուրհանից ավելի մեղմ էր թվում նրան։ Այդ ծրագրերը փոխանցվել էին ավագ վալիդեի աղախիններից մեկի՝ Թուրհան Մելիքե խաթունի կողմից, ով, պարզվեց, կրկնակի գործակալ էր։ 1651 թվականի սեպտեմբերի 2-ի գիշերը Քյոսեմ սուլթանը խեղդամահ է արվում Թուրհանի կողմնակիցների կողմից, թեև հաստատապես հայտնի չէ, թե արդյո՞ք սպանությունը ծրագրված էր և կատարվել է Մեհմեդ IV–ի մոր անմիջական հրամանով[18][7][17]։
Վալիդե-ռեգենտ
խմբագրելԻր գլխավոր մրցակցի մահից հետո Թուրհանը ստանում է վալիդեի տիտղոսը և դառնում է ռեգենտ, իսկ պալատում առաջ են մղվում նրա կողմնակիցները, որոնցից գլխավորը Սուլեյման աղան էր՝ Թուրհան սուլթանի ավագ սև ներքինին։ Առաջին հերթին Թուրհանը, պալատական ներքինիների աջակցությամբ, իշխանությունից հեռացնում է բոլոր վիզիրեներին՝ ենիչերիների դրածոններին։ Մեծ վեզիր Սիյավուշ փաշան անցնում է Թուրհանի կողմը[7][18], շեյխ ուլ-իսլամի պաշտոնը զբաղեցնում Է Աբուսայիդ էֆենդին, ով նույնպես սուլթանի մոր կողմնակիցն էր։ Ենիչերիների առաջնորդները՝ Կարա Չավուշ Մուստաֆա-աղայի գլխավորությամբ, որոնք ղեկավարել էին սուլթան Մեհմեդ IV-ի և նրա մոր դեմ կազմակերպված դավադրությունը, մարզպետներ են նշանակվում հեռավոր նահանգներում և շուտով սպանվում սուլթանի հրամանով, իսկ նրանց հսկայական ունեցվածքը բռնագրավվում է։ Շուտով նոր մեծ վեզիր է նշանակվում տարեց և կամազուրկ Գյուրջյու Մեհմեդ փաշան[19]։
Թուրհանը, ունենալով լիակատար իշխանություն, միևնույն ժամանակ երկրի կառավարումից չի հեռացրել որդուն. նրան հաջողվել է Մեհմեդի հետ ստեղծել արդյունավետ կառավարչական տանդեմ, որը թույլ է տվել երիտասարդ սուլթանին ձեռք բերել անհրաժեշտ փորձ դեռևս մինչև չափահաս դառնալը։ Իշխանության նման խելամիտ բաժանման համար Մեհմեդը սիրել և խորապես հարգել է մորը իր ամբողջ կյանքում։ Իր անփորձության պատճառով Թուրհանն ապավինում էր կառավարության մյուս անդամներին, առաջին հերթին՝ մեծ վեզիրին, որը նրա՝ քաղաքական հարցերով խորհրդատուն էր[20]։
Ընդհանուր առմամբ, Թուրհանի հաջող կառավարումը «մթագնվել» է երեք խնդիրներով՝ նավատորմի անմխիթար վիճակը, պատերազմը Կրետեում վենետիկցիների դեմ և ֆինանսական ճգնաժամը, որը պայմանավորված էր այս պատերազմի պահանջած մեծ ծախսերով։ Ճգնաժամը հաղթահարելու համար Թուրհանը մեծ վեզիրի պաշտոնում նշանակում է Թարխունջու Ահմեդ փաշային, ով երկրում մի շարք բարեփոխումներ իրականացրեց՝ կապված առաջին հերթին խիստ խնայողության հետ[21][22]։ Պարզվեց՝ բարեփոխումները ժողովրդի կողմից ընդունելի չէին․ մեկը մյուսին փոխարինած մեծ վեզիրիները անկարող էին կառավարել հսկայական կայսրությունը, և Թուրհանը սկսեց կորցնել իշխանությունը։ 1656 թվականի մարտի 1-ին սկսվում է ենիչերիների նոր ապստամբությունը, երկու օր անց ապստամբների առաջնորդներն ընդունում են սուլթան Մեհմեդին և նրանից պահանջում են մահապատժի ենթարկել 31 պալատական բարձր դիրք ունեցող անձանց՝ ներառյալ Թուրհան սուլթանին և գլխավոր սև ներքինիին։ Վախեցած սուլթանը, ողբալով, խնդրում է միայն խնայել իր մորը։ Ենիչերիները համաձայնում են դրան, և շուտով գլխավոր սև ներքինիի և գլխավոր սպիտակ ներքինիի մարմինները պալատի պատից նետվում են հենց պալատի մոտ հավաքված բազմության առաջ։ Ապստամբության ընթացքում սպանվում է նաև սուլթանի դայակը՝ Մելեք հաթունը, ով մեղադրվում էր Քյոսեմ սուլթանին դավաճանելու մեջ։ Թուրհան սուլթանի կողմնակիցների նկատմամբ ահաբեկչությունը շարունակվում է մի քանի շաբաթ։ Մեծ վեզիրի պաշտոնում ենիչերիները վերադարձնում են Սիյավուշ փաշային, ով մեկ ամիս անց մահանում է[23]։ Անիշխանությունը շարունակվում է գրեթե երկու ամիս, որից հետո սուլթանի խորհրդականը կարողանում է հակառակություն սերմանել ենիչերիների և օսմանյան հեծելազորի միջև։ Շուտով ենիչերիների հրամանատարը մահապատժի է ենթարկվում, իսկ իրենք էլ հանդարտվում են[24]։ 1656 թվականի սեպտեմբերի 15-ին մեծ վեզիրի պաշտոնում նշանակվում է Քյոպրյուլյու Մեհմեդ փաշան, ով ավելի լայն լիազորություններ է ստանում, քան իր նախորդները։ Այս նշանակումը վերջ դրեց կանանց կառավարմանը և նշանավորեց Քյոպրյուլյու դինաստիայի դարաշրջանի սկիզբը[25][26]։ Պատմաբան Մուստաֆա Նայիմայի պնդմամբ՝ հենց վալիդե սուլթան Թուրհանն ու նրա կողմնակիցները են մեծ վեզիրի պաշտոնում առաջարկել Քյոպրյուլյու Մեհմեդ փաշայի թեկնածությունը[27]։
Ռեգենտության ավարտ
խմբագրելՔանի որ պետության գործերով սկսում է զբաղվել մեծ վեզիր Քյոփրյուլյու Մեհմեդ փաշան[26], Թուրհանն ակտիվորեն զբաղվել է շինարարությամբ։ Վալիդեն իր առաջին նախագիծը սկսել է 1658 թվականին․ ի պատասխան 1655 թվականին Դարդանելի վենետիկյան շրջափակման, որն անհնար էր դարձրել որոշ ապրանքների (այդ թվում՝ մթերքների) մատակարարումը Ստամբուլ[28], Թուրհանը պատվիրել է նեղուցի մուտքի մոտ երկու ամրոցների կառուցումը, նախագիծ, որը դեռ Քյոսեմ սուլթանն էր ծրագրել։ Ամրոցները, մեկը եվրոպական, երկրորդը՝ ասիական կողմում, կառուցվել են 1661 թվականին և պահպանվել մինչև մեր օրերը[29]։ Այս նախագիծը Թուրհան Հաթիջեին դրեց այն նույն աստիճանին, ինչ Մեհմեդ Նվաճողին ու մյուս սուլթաններին, ովքեր նույն տարածաշրջանում ամրոցներ են կառուցել[30]։
Թուրհանն ամենամեծ ճանաչմանը հասավ՝ Ստամբուլում ավարտին հասցնելով Վալիդեի Նոր մզկիթի շինարարությունը։ Այս մզկիթը կառուցումը հետաքրքիր պատմություն ունի. Էմինյոնյուի մզկիթի առաջին քարը դրվել է դեռևս Սաֆիե սուլթանի՝ սուլթան Մեհմեդ IV-ի տատի տատի կողմից, 1597 թվականին, շինարարության համար Սաֆիեն ընտրել էր քաղաքի այն հատվածը, որտեղ ամենաքիչն էին ապրում մուսուլմանները, և ցանկացել էր «անհավատներին» ուղղել դեպի իսլամական հավատը[31][32]։ Սակայն 1603 թվականին սուլթան Մեհմեդ III-ի՝ Սաֆիեի որդու մահը կանգնեցրել է մզկիթի շինարարությունը, որը վերսկսվել է միայն կես դար անց։ 1660 թվականին այն հրապարակը, որտեղ գտնվում էր կիսակառույց մզկիթը, տուժել Է հրդեհից[33]։ Հրդեհը Թուրհանի ուշադրությունը բևեռում է նաև մզկիթի վրա, որի շինարարությունը նրա հրամանով ավարտվել է 1665 թվականին։ Մզկիթից բացի համալիրի մաս են կազմում նաև միապետական տաղավարը, տարրական դպրոցը, հասարակական շատրվանը, համեմունքների շուկան և Թուրհան սուլթանի մեծ դամբարանը[34][31]։ Համալիրը կնոջ կողմից կառուցված առաջին կայսերական մզկիթի փառք է վաստակել[34]։
Թուրհանը դարձել է կանանց սուլթանության վերջին ներկայացուցիչը՝ վալիդե-ռեգենտը մանկահասակ որդու օրոք[35]։ Նա ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ և ժողովրդի մեջ հայտնի է եղել որպես աղքատների հովանավոր։ Թուրհան Հաթիջե սուլթանը մահացել է հուլիսի 5-ին[36] 1682[2] կամ 1683[36] թվականի, Էդիրնեում[1] և թաղվել է Վալիդեի Նոր մզկիթի՝ իր սեփական դամբարանում, ուր ավելի ուշ թաղվել են նաև իր որդին և այլ ժառանգներ[37]։
Մշակույթում
խմբագրելԹուրհանը թուրքական «Մահպեյքեր» (2010) ֆիլմի կերպարներից մեկն է. Թուրհանի դերը կատարել է Բաշակ Պարլակը[38]։ Նա նաև հայտնվում է թուրքական «Հոյակապ Դար. Քյոսեմ սուլթան» հեռուստատեսային շարքի երկրորդ սեզոնի վերջում․ դերը կատարում է Հանդե Դողանդեմիրը։
Թուրհանը ուկրաինացի լրագրող Ալեքսանդրա Շուտկոյի «Հաթիջե Թուրհան» վեպի գլխավոր հերոսուհին է[39]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Sakaoğlu, 2008, էջ 245
- ↑ 2,0 2,1 2,2 Alderson, 1956, table XXXVII
- ↑ 3,0 3,1 Adıvar, Hasan, 2009, էջ 227
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Barzilai-Lumbroso, 2008, էջ 206
- ↑ 5,0 5,1 Baer, 2011, էջ 35
- ↑ Cooke, Göknar, Parker, 2008, էջ 214
- ↑ 7,0 7,1 7,2 Carsten, 1961, էջ 505
- ↑ 8,0 8,1 Thys-Şenocak, 2006, էջ 17
- ↑ Alderson, 1956, table XXXVII (прим. 6)
- ↑ Peirce, 1993, էջ 236
- ↑ Thys-Şenocak, 2006, էջ 18
- ↑ Thys-Şenocak, 2006, էջ 25
- ↑ Кэролайн Финкель, 2012, էջ 322
- ↑ Thys-Şenocak, 2006, էջ 26
- ↑ Кэролайн Финкель, 2012, էջ 325
- ↑ Peirce, 1993, էջ 250
- ↑ 17,0 17,1 Peirce, 1993, էջ 252
- ↑ 18,0 18,1 Кэролайн Финкель, 2012, էջ 333
- ↑ Кэролайн Финкель, 2012, էջ 335—336
- ↑ Peirce, 1993, էջ 253
- ↑ Кэролайн Финкель, 2012, էջ 337—338
- ↑ Carsten, 1961, էջեր 505—506
- ↑ Кэролайн Финкель, 2012, էջ 343—344
- ↑ Кэролайн Финкель, 2012, էջ 345
- ↑ Кэролайн Финкель, 2012, էջ 347
- ↑ 26,0 26,1 Peirce, 1993, էջեր 255—256
- ↑ Кэролайн Финкель, 2012, էջ 349
- ↑ Carsten, 1961, էջ 506
- ↑ Кэролайн Финкель, 2012, էջ 362—363
- ↑ Thys-Şenocak, 2006, էջ 109
- ↑ 31,0 31,1 Кэролайн Финкель, 2012, էջ 383
- ↑ Thys-Şenocak, 2006, էջ 186
- ↑ Thys-Şenocak, 2006, էջեր 195—196
- ↑ 34,0 34,1 Peirce, 1993, էջ 206
- ↑ Peirce, 1993, էջ 258
- ↑ 36,0 36,1 Süreyya, 1 Cild, 1996, s. 44
- ↑ Peirce, 1993, էջ 207
- ↑ Mahpeyker - Kösem Sultan (2010)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Шутко Олександра Євгеніївна Хатідже Турхан : Історичний роман : кн. 1 : Ковилі вітри не страшні. — Тернопіль: Богдан, 2017. — 416 с. — ISBN 978-966-10-4800-2
Գրականություն
խմբագրել- Финкель, Кэролайн История Османской империи: Видение Османа. — М.: АСТ; Астрель, 2012. — 829 с. — ISBN 978-5-17-043651-4
- Adıvar, Halide Edib; Hasan, Mushirul East Faces West: Impressions of a Turkish Writer in India. — Academy of Third World Studies, Jamia Millia Islamia, 2009. — P. 227. — 264 p. — ISBN 8189833510, 9788189833510
- Alderson, Anthony Dolphin The Structure of the Ottoman Dynasty. — Կաղապար:Oxf.: Clarendon Press, 1956.
- Baer, Marc David Honored by the Glory of Islam: Conversion and Conquest in Ottoman Europe. — USA: Oxford University Press, 2011. — 344 p. — ISBN 0199797838, 9780199797837
- Barzilai-Lumbroso, Ruth Turkish Men, Ottoman Women: Popular Turkish Historians and the Writing of Ottoman Women's History. — ProQuest, 2008. — P. 206—214. — 348 p. — ISBN 0549483551, 9780549483557Արխիվացված է Մարտ 6, 2016 Wayback Machine-ի միջոցով:
- Carsten, F. L. The New Cambridge Modern History. — CUP Archive, 1961. — Т. V. The Ascendancy of France, 1648-88. — P. 505—506. — 658 p. — ISBN 0521045444, 9780521045445
- Cooke, Miriam; Göknar, Erdağ M.; Parker, Grant Richard Mediterranean passages: readings from Dido to Derrida. — University of North Carolina Press, 2008. — P. 214. — 399 p. — ISBN 0807831832, 9780807831830
- Karaca, Filiz Turhan Sultan // Islam Ansiklopedisi. — İslâm Araştırmaları Merkezi, 2012. — Vol. 41. — P. 423—425.
- Peirce, Leslie P. The Imperial Harem: Women and Sovereignty in the Ottoman Empire. — Oxford: Oxford University Press, 1993. — 374 p. — ISBN 0195086775, 9780195086775
- Sakaoğlu, Necdet Bu mülkün kadın sultanları: Vâlide sultanlar, hâtunlar, hasekiler, kadınefendiler, sultanefendiler. — Oğlak Yayıncılık, 2008. — P. 245—249. — 574 p. — ISBN 9753296231, 9789753296236
- Süreyya Mehmed Bey Sicill-i Osmani / ed. Nuri Akbayar. — Istanbul: Tarih Vakfi Yurt Yayınlar, 1996. — Т. 1. — ISBN 975-333-049-5, 975-333-038-3
- Thys-Şenocak, Lucienne Ottoman Women Builders: The Architectural Patronage of Hadice Turhan Sultan. — Aldershot: Ashgate, 2006. — 326 p. — ISBN 0754633101, 9780754633105