Թորթումի գավառակ
Թորթում, գավառակ Արևմտյան Հայաստանում, գավառակ Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ Գտնվում էր Էրզրումի գավառի հյուսիսարևելյան մասում՝ Թորթում գետի վրա։ Կենտրոնը Թորթում ավանն էր։
Գավառակ | ||
---|---|---|
Թորթում | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Թորդոմ, Թորդում, Թորթոմ, Իշխանիսիտի ձոր, Տորտում | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 52 591 մարդ (1891) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), այլք | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | Թորթումցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Գավառակն իր տարածքով մոտավորապես համապատասխանում է Տայք աշխարհի Ազորդացփոր և Ոքաղե գավառներին։
ԱշխարհագրությունԽմբագրել
Գավառակը գտնվում էր Թորթում գետի ու նրա վտակների ճյուղավորումների ավազանում և սահմանափակված էր Կարգաբազար ու Սևրի լեռնաշղթաների միջև գտնվող Թորթումի գոգավորությունով, որն ուներ 70 կմ երկարություն և 12-35 կմ լայնություն։
Թորթումի տարածքը լեռնային է՝ շրջապատված անտառներով։ Թորթում գետի միջին հոսանքի շրջանում ժամանակին ձևավորվել է Թորթումի լիճը։ Լճակի հյուսիսում գետն արտահոսում է և գոյացնում է ջրվեժ։ Թորթումի ջրվեժն ունի 70 մետր բարձրություն, իսկ նրանից թափվող ջրի շառաչյունը լսելի է 20 կմ հեռավորության վրա։
ՊատմությունԽմբագրել
Թուրքիայի հայահալած քաղաքականությունից զերծ չի մնացել նաև Թորթումի գավառը։ XIX դարում գավառակի հայ բնակչության զգալի մասը իսլամ է ընդունել։ 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ գավառակը հայազրկվեց։
ԲնակչությունԽմբագրել
Ռուսական աղբյուրների համաձայն 1870-ական թվականներին Թորթումն ուներ 31 գյուղ՝ 16 722 բնակչով։ Ըստ Վ. Քիների 1891 թվականին ուներ 52 591 բնակիչ, որից 50 244-ը մուսուլմաններ։
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Հացահատիկի մշակություն գրեթե չկար, քանի որ տարածքը գրեթե զուրկ էր հարթ և ընդարձակ դաշտերից։ Ձորահովիտներում և նախալեռներում տարածված էր այգեգործությունն ու պտղաբուծությունը։ Մշակում էին տանձի և խնձորի (սպտիակ և կարմրավուն գույնի) ամենաընտիր տեսակները, բալ, կեռաս, ծիրան, դեղձ, սալոր, թութ, ընկույզ։ Մրգերի մեծամասնությունը վաճառվում էր գավառակի մեջ։
Մշակում էին նաև բրինձ և բամբակ։ Անասնապահները պահում էին մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Ըստ ոչ լրիվ տվյալների 1890-ական թվականներին գավառակն ուներ 21 618 խոշոր և 72 087 մանր եղջերավոր անասուններ։
Պար և Ռաբատ գյուղերում արդյունահանվում էր կերակրի աղ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Թորթումը հարուստ է պատմական հուշարձաններով, որոնցից ամենանշանավորը Թորթումի բերդն է։
Վարչական բաժանումԽմբագրել
1909 թվականին ուներ 13 նահիրե (գյուղախումբ)։ Գավառակն ուներ 73 գյուղ, որից 13-ը հայաբնակ էին։ 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրյակին գավառակն ուներ 11 հայաբնակ գյուղ՝ 3000 բնակչով։
Հայաբնակ գյուղերն էին.[1]
- Ապռնես
- Գորքեր
- Խախու
- Խոզբրիկ
- Կոչանս,
- Նորշոն
- Շիփեք
- Ռաբատ
- Վախիկանս
- Քարնկոս
- Քցխա
ԱղբյուրներԽմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 476
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 206)։ |