Թոնիր

հայկական խոհանոցում օգտագործվող սովորաբար գետնափոր, կավե պատերով գլանաձև վառարան

Թոնիր, կավե պատերով գլանաձև վառարան, սովորաբար գետնափոր։ Վերևի մասում նեղ է, միջնամասում ՝ ուռուցիկ, ներքևում ՝ լայն։ Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Փոքր Ասիայում, Պարսկաստանում, Հնդկաստանում, Հունաստանում և այլուր։

Թոնիր
ՎայրՃապոնիա, Ուզբեկստան, Հնդկաստան, Թուրքմենստան, Տաջիկստան, Ռուսաստան, Ղրղզստան, Հայաստան և Ադրբեջան
Մասն էթուրքական խոհանոց
Թոնիր

Հայաստանում թոնիրի վաղ շրջանի նմուշներ են հայտնաբերվել Լճաշենի բրոնզեդարյան դամբարաններում, Արտաշատում (հացթուխի և երկաթագործի թոնիրներ), Դվինում և այլ հնավայրերում։ Ամենատարածված տեսակը ունի 40-60 սմ տրամագիծ, 1,2-1,5 մ խորություն։ Օգտագործվում է հաց (լավաշ, բոքոն և այլն) թխելու, կերակուր եփելու, կաթնամթերք պատրաստելու, գլխատունը տաքացնելու համար։ Թաղվել է գլխատան կենտրոնում կամ առանձին կառույցում (թոնրատուն), որի առաստաղին բացված երդիկի միջոցով ծուխը հեռացել է։ Խոնավությունից զերծ պահելու նպատակով թոնիրը երբեմն թաղվել է տան հատակից 40-60 սմ բարձր թմբի մեջ՝ թոնրի շուրթերը թմբին հավասար։ Ջերմությունը երկար պահպանելու համար թոնիրը երբեմն պատվում է 20-25 սմ հաստությամբ աղի կամ ավազի շերտով։ Օդի հոսքն ապահովելու և կրակը բորբոքելու նպատակով թոնրի ներքևի մասից խողովակներով կամ սալաքարերով պատրաստված 1,5-3 մ երկարությամբ օդամուղը թեքությամբ դուրս է բերվում գետնի մակերես։ Թոնիրները ծածկվել են կավե կամ թիթեղյա կափարիչներով։ Դրանց նախշազարդ նմուշներ գտնվել են Դվինում։

Հասարակական հացթուխների թոնիրները թեք վիճակով կանգնեցվել են գետնին, և հացթուխը կանգնում էր ցածր շուրթի մոտ։ Որոշ վայրերում պատրաստում են թոնիրին կից տախտակապատ փոս, որի մեջ կանգնած ավելի հեշտությամբ են հաց թխում։ Հայաստանի շատ շրջաններում թոնիրը և դրա պարագաները (խաչերկաթ, անթեղ, ակութ և այլն) համարվել են պաշտամունքի առարկաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 200