Թյուիլրի
Թյուիլրի (ֆր.՝ Tuileries), արքայական պալատ Ֆրանսիայում` Փարիզի կենտրոնում։ Լուվրի հետ կազմում է մեկ ընդհանուր համալիր։ Սկսած Լյուդովիկոս XVI-ից` եղել է ֆրանսիական միապետների հիմնական նստավայրը։ Պալատն այրվել է Փարիզի կոմունայի օրերին, ինչից հետո այլևս չի վերականգնվել։
Թյուիլրի պալատ | |
ֆր.՝ Tuileries | |
Տեղագրություն | Փարիզ |
Կառուցման ժամանակ | 1564–1860 |
Բարձրություն | |
---|---|
Տեխնիկական պարամետրներ | |
Ճարտարապետ | Ֆիլիբեր Դելորմ |
Թյուիլրի պալատը բաղկացած է եղել կենտրոնական` Ժամացույցի մասնաշենքից, որին միացված էին երկու թևերը` Մարսանը և Ֆլորան[1]։ Արևմտյան կողմից այն հարում էր Լուվրի բակին, սակայն ներկայումս նրա տեղում բաց տարածություն է։ Նրանով է սկսվում Փարիզի պատմական առանցքը։ Գլխավոր մուտքի առաջ եղել է Կարուզելի կամարը, որ խորհրդանշում էր Նապոլեոնի հաղթանակը։ Ներկայումս պալատի հիմնական մասի տեղում համանուն այգին է, իսկ պահպանված Մարսան և Ֆլորա բաժինները մտնում են Լուվրի համալիրի մեջ։
Կառուցում
խմբագրելՊալատի անվանումը ծագում է «կղմինդր» բառից (ֆր.՝ tuile), քանի որ միջնադարում այդ տեղանքից կավ են ստացել և կղմինդր պատրաստել։ Առանձին պալատ կառուցելու գաղափարը պատկանել է Եկատերինա Մեդիչիին, ով ցանկանում էր միշտ մոտ գտնվել իր որդիներին։ Վերածննդի ոճով պալատի կառուցումը 1564 թվականին հանձնարարվում է ճարտարապետ Ֆիլիբեր Դելորմին։
Մերձքաղաքային Վերսալի կառուցման ժամանակ այստեղ է հանգրվանել Լյուդովիկոս XIV-ը[2]։ Այդ ընթացքում պալատն ընդարձակվում է` անցումով կապվելով Լուվրին։ 1664-1670 թվականներին տարված այդ աշխատանքները ղեկավարել է ֆրանսիացի ճարտարապետ Լուի Լևոն։ Պալատի առջև փռվող կանոնավոր այգին նախագծել է Անդրե Լենոտրը։ Վերսալ տեղափոխվելուց հետո արքան Թյուիլրի էր գալիս միայն թատերական ներկայացումների համար[3]։ Ֆիլիպ II Օռլեանցու առաջարկով 1716-1722 թվականին այստեղ է ապրել մանկահասակ Լյուդովիկոս XV-ը։
Ֆրանսիական մեծ հեղափոխություն
խմբագրելԹյուիլրի պալատը կապված է Ֆրանսիական մեծ հեղափոխության կարևորագույն իրադարձությունների հետ[4]։ 1789 թվականին՝ բողոքի ալիքը սկսվելուն պես, Լյուդովիկոս XVI-ը իր կնոջ` Մարի Անտուանետ թագուհու հետ ստիպված լքում է ժողովրդին ատելի դարձած Վերսալի պալատը` հաստատվելով Թյուիլրիում. դա գործնականում տնային կալանք էր։
1791 թվականի հունիսին արքայական ընտանիքի` Վարեն փախչելու փորձը ձախողվում է; 1792 թվականի օգոստոսի 10-ին, գրավելով Թյուիլրի պալատը, Փարիզի ընդվզած բնակչությունը տապալում է միապետությունը։ Նոյեմբերին Կոնվենտը որոշում է ընդունում բացել «երկաթյա պահարանը», որտեղ պահվում էր արքայի գաղտնի նամակագրությունը։ Այդ թղթերի բացահայտումը արագացնում է տապալված արքայի մահապատիժը։
Թյուիլրի պալատական համալիրում իրենց տեղերն են զբաղեցնում Առաջին հանրապետության ներկայացուցչական մարմինները` Սահմանադրական ժողովը, Կոնվենտը և Հինգ հարյուրի խորհուրդը, սակայն 1798 թվականին վերջինս տեղափոխվում է Բուրբոնյան պալատ։
Պալատը Նապոլեոնի և նրա հետնորդների օրոք
խմբագրելՊալատի նոր ծաղկուն շրջանը սկսվում է Նապոլեոն Բոնապարտի` իշխանության գալուց հետո։ 1799 թվականին մտնելով Թյուիլրի՝ առաջին կոնսուլն այն հռչակում է իր պաշտոնական նստավայր` ձեռնամուխ լինելով հյուսիսային թևի կառուցմանը։ Ճարտարապետներ Շառլ Պերսիեին և Պիեռ Ֆոնտենին հանձնարարվում է վերափոխել հին ինտերիերը Առաջին կայսրության նոր ոճով, որ ստացել էր «ամպիր» անունը։ Կայսրուհի Մարիա-Լուիզա Ավստրիացու հարկաբաժինը ձևավորվում է նեոգրեկ նորաձև ոճով։ Գլխավոր մուտքի առաջ հաղթական կամար է կանգնեցվում։
1830 և 1848 թվականների հեղափոխությունների ժամանակ ժողովուրդը գրոհով վերցնում է Թյուիլրի պալատը։ Տարիների հետ այն ավելի ու ավելի էր վերածվում միապետական կառավարման խորհրդանիշի։ Նապոլեոն III-ը, հետևելով կնոջը, ով տարված լինելով Մարի Անտուանետի կերպարով, նախընտրում էր Թյուիլրին, ևս գերադասեց Թյուիլրի պալատը։ Նրա օրոք վերջապես ավարտին է հասցվում Լուվրի ձախ թևի կառուցումը Ռիվոլի փողոցի երկարությամբ[5]։ 1860-ական թվականների վերջերին Լուվրը և Թյուիլրին մեկ ընդհանուր պալատական համալիր էին ներկայացնում։
Ոչնչացում
խմբագրել1871 թվականի մայիսի 23-ին Փարիզի կոմունարներն այրում են պալատը։ Այն հանգցնել հաջողվում է միայն երկու օր անց, երբ ողջ ինտերիերն արդեն այրվել էր։ Ի տարբերություն Լուվրի, որ նույնպես տուժել էր կրակից, Երրորդ հանրապետության կառավարությունը որոշում է չվերականգնել Փարիզի սրտում միապետության խորհրդանիշը` Թյուիլրին։
Ավերակներն այդպես մնում են 12 տարի, մինչև նրանց ճակատագիրը որոշվում է դատարանում։ Չնայած արվեստի գիտակների բողոքներին` 1882 թվականին խորհրդարանը որոշում է 33.000 ֆրանկ տրամադրել տարածքը պալատի ավերակներից մաքրելու համար։ Այդ աշխատանքները տևում են 1883 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին։ Պալատի որոշ հատվածներ օգտագործվում են Այաչչոյում գտնվող Լա Պունտա վիլլայի կառուցման համար։
Արդի ժամանակներ
խմբագրելՊալատից պահպանվել են Ֆլորա և Մարսան բաժինները, որոնք միացվել են Լուվրին։ Ֆլորա մասնաշենքը, որ գտնվում է Սենայի ափին, կառուցվել էր դեռևս Հենրի IV-ի օրոք և ամբողջովին վերաշինվել Նապոլեոն III-ի օրոք։ Հեղափոխության տարիներին այնտեղ էր իր նիստերն է անցկացրել Հասարակական փրկության կոմիտեն։ Մարսան հարկաբաժինը իր ներկայիս տեսքը ստացել է Բոնապարտների օրոք։
2003 թվականից սկսած` բանավեճեր են ընթանում Ժամացույցի մասնաշենքը վերականգնելու շուրջ, որպեսզի ընդարձակվեն Լուվրի ցուցասրահները և վերականգնվի քաղաքի պատմական առանցքը, որ ավանդաբար սկսվում էր Թյուիլրի պալատից, ոչ թե Լուվրից, ինչպես այժմ[6][7]։
Պատկերասրահ
խմբագրել-
Թյուիլրի և Լուվր պալատական համալիրները
-
Լյուդովիկոս XIV-ի սրահը
-
Մեծ աստիճաններ
-
Թյուիլրի պալատը մինչև 1871 թվականը. Թյուիլրիի այգիների տեսարան
-
Աթոռ, 1810
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Filon, Augustin (1920). Recollections of the Empress Eugénie. London: Cassell and Company, Ltd. pp. 61–74. Retrieved 4 July 2013
- ↑ Coeyman 1998, pp. 45–46.
- ↑ Hautecoeur 1927, pp. 123–142; Devêche 1981, pp. 9–13.
- ↑ O'Leary, Margaret R. "Tuileries Palace Attacked, August 10, 1792." Forging Freedom: The Life of Cerf Berr of Médelsheim. N.p.: n.p., n.d. 344. Print.
- ↑ Filon, Augustin (1920). Recollections of the Empress Eugénie. London: Cassell and Company, Ltd. pp. 107–108. Retrieved 4 July 2013.
- ↑ "Alain Boumier, président du Comité national pour la reconstruction des Tuileries, en chat sur L'Internaute" (in French). Linternaute.com. 2006-12-09.
- ↑ "Le Palais des Tuileries va-t-il renaître de ses cendres ?" [Will the Tuileries Palace Rise From Its Ashes?]. La Croix (in French). 14 September 2008. Archived from the original on 14 September 2008. Retrieved 1 July 2015.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թյուիլրիի այգու լուսանկարներ
- Ազգային կոմիտեն Թյուիլրի պալատում Արխիվացված 2011-07-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թյուիլրի» հոդվածին։ |