Թիթեղյա թմբուկ (ֆիլմ)
Թիթեղյա թմբուկ (գերմ.՝ Die Blechtrommel), գերմանացի կինոռեժիսոր Ֆոլկեր Շլյոնդորֆի կողմից 1979 թվականին նկարահանված գեղարվեստական կինոնկար: Այն նկարահանվել է Գյունտեր Գրասի համանուն վեպի մոտիվներով: Չնայած ժամանակին կինոնկարը մեծ աղմուկ էր բարձրացրել, այնուամենայնիվ այժմ այն համարվում է գերմանական նոր ալիքի ամենանշանավոր ֆիլմերից մեկը՝ կինեմատոգրաֆի պատմության ընթացքում: Արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին և «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն օտարալեզու կինոնկար:
ՍյուժենԽմբագրել
Ֆիլմի գործողություններն հիմնականում ընթանում են Լեհաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Կաշուբիայի Դանցիգ (այժմ Գդանսկ) քաղաքում: Գլխավոր հերոսի՝ Օսկարի մայրը, Ագնեսը, ծագումով կաշուբների էթնիկ ցեղից էր և պատանեկության տարիներից սիրահարված էր իր քեռորդուն՝ Յան Բրոնսկուն, սակայն ամուսնացել էր գերմանացի խոհարար Ալֆրեդ Մացերատի հետ: Երբ ծնվում է Օսկարը, ոչ ոք հաստատ չգիտեր, թե այդ երկուսից ում որդին է նա:
1927 թվականին, երբ Օսկարը երեք տարեկան էր, նրան նվիրում են խաղալիք թմբուկ, որից նա երբեք չէր բաժանվում: Հաճախ երբ թմբուկը կոտրվում էր, ապա հրեա Մարկուսի խանութից գնում էին նորը: Այդ նույն տարիքում, տեսնելով մեծերի անհրապույր աշխարհը, Օսկարը որոշում է երբեք չմեծանալ: Մտնելով նկուղ, նա դիտավորյալ ցած է ընկնում աստիճաններից, որից հետո դադարում է մեծանալ: Ագնեսը մեղադրում է ամուսնուն՝ նկուղի դուռը բաց թողնելու համար: Շուտով Օսկարի մոտ նկատվում է ևս մեկ յուրահատկություն՝ երբ նա ճչում է, նրա ձայնից ապակիները փշրվում են:
Օսկարի մանկության տարիներին երկրում թափ է առնում Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը: Տեղի շատ բնակիչներ այնքան էլ գոհ չէին կուսակցությունից, իսկ Ալֆրեդ Մացերատը անդամագրվում է կուսակցությանը և Բեթհովենի նկարի փոխարեն, դաշնամուրի մոտ փակցնում է ֆյուրերի լուսանկարը:
Շուտով Ագնեսը հղիանում է (հավանաբար Յանից) և գնում է եկեղեցի՝ մեղքերը քավելու: Հղիության մասին նա ոչ մեկին չի պատմում և չի ցանկանում երեխա ունենալ: Ծովի ափին, երբ Ագնեսը, Յանն ու Ալֆրեդը՝ Օսկարի հետ միասին զբոսնում էին, տեսնում են, թե ինչպես է մի մարդ օձաձկներ բռնում, որպես խայծ օգտագործելով գլխատված ձիու գլուխը: Ագնեսի ինքնազգացողությունը վատանում է, սակայն Ալֆրեդը գնում է մի քանի օձաձուկ և տանը ճաշ պատրաստում: Ագնեսը սկզբում հրաժարվում է դրանք ուտել, սակայն հետո սկսում է ուտել: Դրանից հետո նա մշտապես ձուկ էր ուտում և շուտով մահանում է:
1939 թվականին սկսվում են հրեական ջարդերը, որի ժամանակ սպանում են նաև խանութպան Մարկուսին: Սեպտեմբերի 1-ին, Դանցիգի փոստատանը աշխատող լեհերը, որոնց թվում էր նաև Յանը՝ Օսկարի հետ միասին, փակվում են փոստատան ներսում և պաշտպանվում գերմանացիներից: Սակայն գերմանացիները բացի Օսկարից, բոլորին սպանում են:
Որոշ ժամանակ անց Ալֆրեդը խանութում որպես օգնական է վերցնում երիտասարդ աղջկա՝ Մարիային, ով շուտով դառնում է նրա սիրուհին, իսկ հետո նաև կինը: Այդ ժամանակ Օսկարը 16 տարեկան էր: Նա նույնպես սիրային կապի մեջ է մտնում Մարիայի հետ: Երբ Մարիան երեխա է ունենում, Օսկարը ներքուստ համոզված էր, որ դա իր որդին է:
Շուտով Օսկարը հանդիպում է լիլիպուտ Բեբրային, ում հետ նա ծանոթ էր դեռևս մանկությունից, երբ հանդիպել էր կրկեսային ներկայացման ժամանակ: Բեբրան առաջարկում է Օսկարին՝ միանալ իրենց խմբին և հյուրախաղերով մեկնել Ֆրանսիա, որտեղ նա կարող է ներկայացնել ձայնով ապակի կոտրելու իր ունակությունը: Օսկարն ընդունում է առաջարկը և հյուրախաղերի ժամանակ մտերմանում լիլիպուտ Ռոզվիտայի հետ: Երբ Ֆրանսիա են մտնում դաշնակիցների զորքերը, թատերախումբը հապճեպորեն հեռանում է, սակայն Ռոզվիտան զոհվում է ռմբակոծությունից:
Օսկարը վերադառնում է հայրենի քաղաք, սակայն շուտով քաղաք են մտնում խորհրդային զորքերը: Ալֆրեդը փորձում է կուլ տալ ՆՍԳԲԿ կրծքանշանը, սակայն սպազմ է ունենում և խորհրդային զինվորը սպանում է նրան: Ալֆրեդի հուղարկավորության ժամանակ Օսկարն արդեն 20 տարեկան էր և որոշում է կայացնում կրկին մեծանալ: Նա թմբուկը նետում է գերեզմանահորի մեջ: Մարիայի որդին, ով խաղում էր այնտեղ, քար է նետում, որը դիպչում է Օսկարի գլխին և վերջինս վայր է ընկնում ու սկսում մեծանալ: Շուտով Օսկարն ու Մարիան, որդու հետ լքում են Դանցիգը և փախստականների հետ միասին շարժվում դեպի արևմուտք: Քաղաքում մնում է միայն Օսկարի տատիկը:
Դերասանական կազմԽմբագրել
Դերակատար | Կերպար |
---|---|
Դավիդ Բեննենտ | Օսկար |
Անգելա Վինկլեր | Ագնես, Օսկարի մայրը |
Բերտա Դրևս | Աննա, Օսկարի տատը |
Մարիո Ադորֆ | Ալֆրեդ Մացերատ |
Դանիել Օլբրիխսկի | Յան Բրոնսկի |
Կատարինա Տալբախ | Մարիա |
Շառլ Ազնավուր | Սիգիզմունդ Մարկուս |
Տինա Էնգել | Աննա, Օսկարի տատը երիտասարդ տարիքում |
Ֆրից Հակլ | Բեբրա |
Մարիելլա Օլիվերի | Ռոզվիտա |
Նկարահանող խումբԽմբագրել
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Ժան-Կլոդ Կարիեր, Գյունտեր Գրաս, Ֆոլկեր Շլյոնդորֆ | սցենարիստ |
Ֆոլկեր Շլյոնդորֆ | ռեժիսոր |
Իգոր Լյուտեր | օպերատոր |
Մորիս Ժար | կոմպոզիտոր |
Մրցանակներ և պարգևներԽմբագրել
- 1979 թվականին արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին:
- 1979 թվականին արժանացել է «Ոսկե թաս» մրցանակին, որպես լավագույն գերմանական ֆիլմ:
- 1980 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի, որպես լավագույն օտարալեզու ֆիլմ:
- 1980 թվականին արժանացել է Լոս-Անջելեսյան կինոքննադատների միության մրցանակին:
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Ֆիլմի նկարահանումների ժամանակ, 16-ամյա Օսկարի դերակատար Դավիդ Բեննենտը իրականում 11 տարեկան էր և ֆիլմում սեքսով էր զբաղվում նույնպես 16-ամյա Մարիայի դերակատար Կատարինա Տալբախի հետ, ով իրականում այդ ժամանակ 24 տարեկան էր: Այս հանգամանքը քննադատների կողմից բուռն քննարկումների առիթ էր հանդիսացել:
- 1997 թվականին, ամերիկյան ֆունդամենտալիստական կրոնական կազմակերպությունը Օկլահոմայում հայտարարել է, որ կինոնկարը հանդիսանում է «մանկական պոռնոգրաֆիա»: Դա հանգեցրեց դատական հայցերի և իրավապահների կողմից տեսաժապավենների առգրավման: Սակայն արդյունքում կինոնկարն արդարացվեց[9][10]:
- 1980 թվականին գրաքննության կողմից ֆիլմն արգելվել է նաև Կանադայի Օնտարիո նահանգում: Կրկին նշվել էր, որ ֆիլմը «մանկական պոռնոգրաֆիա» է[11]:
- Ռուսաստանում մինչև 18 տարեկան հանդիսատեսներին, ֆիլմի դիտումն արգելված է[12]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 3,0 3,1 Unifrance — 1949.
- ↑ Academy Awards Database
- ↑ 5,0 5,1 5,2 Moeller H., Lellis G. Volker Schlöndorff's Cinema: Adaptation, Politics and the "Movie-Appropriate" — Southern Illinois University Press, 2002. — P. 164. — ISBN 0-8093-2451-2
- ↑ Moeller H., Lellis G. Volker Schlöndorff's Cinema: Adaptation, Politics and the "Movie-Appropriate" — Southern Illinois University Press, 2002. — P. 170. — ISBN 0-8093-2451-2
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Grass G. Die Blechtrommel (գերմ.) — 1959.
- ↑ Metzler Film Lexikon (գերմ.) / Hrsg.: M. Töteberg — Springer Science+Business Media, 2005. — S. 84. — ISBN 978-3-476-02068-0 — doi:10.1007/978-3-476-05260-5
- ↑ «The "Tin Drum" Controversy - Nonfiction by Daryl Lease»։ eclectica.org։ Վերցված է նոյեմբերի 17, 2015
- ↑ «248 F3d 1214 Michael Camfield v. City of Oklahoma City Britt High Se Kim Bill Citty Gregory a Taylor Matt French Robert Macy Sam Gonzales - OpenJurist»։ openjurist.org։ Վերցված է նոյեմբերի 17, 2015
- ↑ «The Current: Whole Show Blow-by-Blow»։ CBC Radio։ 2004-04-19։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 7, 2004-ին
- ↑ ««Жестяной барабан» на сайте Минкультуры России»։ Министерство культуры Российской Федерации։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին։ Վերցված է 2010-06-29