Թզենի սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Համամելածաղկավորներ
Ընտանիք Թթազգիներ
Ցեղ Թզենի
Տեսակ Թզենի սովորական
Լատիներեն անվանում
Ficus carica


Թզենի սովորական (լատին․՝ Ficus carica), թթազգիների ընտանիքի թզենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ ծառ է՝ մինչև 12 մ բարձրությամբ և հաստ, թույլ ճյուղավորված բնով, տարածված և թեքությամբ դեպի վեր ուղղված ճյուղերով, որոնք առաջացնում են գնդաձև, ձվաձև կամ հովանոցաձև սաղարթ։ Երիտասարդ ընձյուղների կեղևը մազմզուկապատ է, ավելի ուշ՝ ստանում է գորշամոխրավուն գունավորում և ճաքճքվում է։

Գագաթնային բողբոջները ձվաձև են, նուրբ և երկար սրածայր, 2—3 ծածկող թեփուկներով, 1 սմ երկարությամբ։ Կողմնային բողբոջները կլորավուն են կամ հակառակ-ձվաձև, մինչև 0,5 սմ երկարությամբ, ծածկված բազմաթիվ ցողուններով։

Տերևադասավորությունը հերթադիր է։ Տերևաթիթեղը վերևից կոշտ-կնճռոտ է, մուգ կանաչ, ներքևից՝ աղվամազապատ, մոխրականաչավուն, կլորավուն կամ լայն-ձվաձև, կազմված 3 — 5, երբեմն՝ 7 թաթանման բլթակներից։ Երբեմն ամբողջական է, 8-15 (33) սմ երկարությամբ և 6 —12 սմ լայնությամբ, հաճախ սրտանման հիմքով։ Տերևակիցը շուտ է թափվում։ Տերևները սովորաբար բացվում են ապրիլին, աշնանը երկար են պահում կանաչ գույնը և տերևաթափից առաջ (նոյեմբերին) ստանում են բաց դեղնավուն գունավորում։

Երկտուն ծառ է։ Ծաղկաբույլերը տանձանման են, վերևից անցքով, որը ծածկված է թեփուկով։ Պտուղները տանձաձև են կամ կլորավուն, սև կամ դեղնականաչավուն, քաղցր ու հյութալի։

Տարածվածություն խմբագրել

Թուզը hին աշխարհում ամենատարածված ու շատ գործածվող պտուղներից մեկն է եղել։ Նրա պտուղներն ու տերևները պատկերվել են հին քաղաքների ու որմնանախշերի վրա։

Տարածված է Կովկասում, Միջերկրական ծովի ափերում, Փոքր Ասիայում, Միջին Ասիայում, Աֆղանստանում, Հնդկաստանում։ Հայաստանում հանդիպում է Զանգեզուրում, Մեղրիում, Նոյեմբերյանում, Շամշադինում, Իջևանում, Թումանյանում, հիմնականում ցածրադիր վայրերում, գետահովիտներում։ Վայրիացած է, անտառներում չի հանդիպում։ Ապրում է 150—200 տարի։ Ջերմասեր բույս է. ցրտահարվում է 20°C-ից ցածր ջերմաստիճանների դեպքում։

Հողի նկատմամբ պահանջկոտ չէ. աճում է ամենուրեք։ Չորադիմացկուն և երաշտադիմացկուն է։ Լուսասեր է։ Մեծ քանակությամբ արմատային և բնային մացառներ է տալիս, որի շնորհիվ միանգամայն պիտանի է թեք լանջերի, ձորակների, լիցքերի ամրացման համար։

Կիրառություն խմբագրել

Թզենու պտուղներն ունեն բուժիչ հատկություն, չորացրած վիճակում ստամոքսը և աղիքները թուլացնում են։ Թարմ պտուղների հյութով կատարած ողողումը և թրջոցը օգնում է կրծքային և կոկորդային հիվանդությունների դեպքում, փափկացնում է ուռուցքները ու հասունացնում թարախապալարները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (159-160)։