Թեք աշտարակ (լեհ.՝ Krzywa Wieża), միջնադարյան աշտարակ Լեհաստանի Թորուն քաղաքի Հին քաղաքում։ Հայտնի է իր զգալի թեքությամբ՝ ուղղահայաց գծից մոտ մոտ 1.46 մ։

Թեք աշտարակ
Տեսակաշտարակ և inclined tower?
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունԹորուն
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված է13-րդ դար
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Վիսլայի ափին կանգնած աշտարակը կառուցվել է 12-րդ դարի երկրորդ կեսին։ Այդ ժամանակ այն համարվել է քաղաքային պատի մի մասը և պաշտպանական նշանակություն է ունեցել։ 18-րդ դարում էականորեն վերակռուցվել է։ Այսպես, նախապես եղած երեք պատերին ավելացվել է չորրորդը։ Փոխվել է նաև նրա նշանակությունը. աշտարակը վերափոխվել է կանանց համար նախատեսված բանտի[2]։

19-րդ դարում աշտարակը կիրառվել է տարբեր նշանակություններով՝ դարբնոց, զինագործ վարպետի կացարան, ուղղակի բնակարան։ 20-րդ դարում այնտեղ գործել են տարբեր կազմակերպություններ, որոնք կապված են եղել մշակույթին, ինչպես նաև սրճարան ու հուշանվերների խանութ[2]։

2008 թվականին կատարվել է աշտարակի վերանորոգում։ Աշխատանքների ընթացքում քիվերին բացահայտվել են որմնանկարներ, որոնք պահպանել են իրենց նախնական գույները[3]։ Վերանորոգման ընթացքում ամբողջովին աշտարակի ինտերիերը։

Ներկայումս աշտարակը գտնվում է Թորունի մշակույթի բաժնի վերահսկողության տակ[4]։ Այն բաց է այցելությունների համար. այցելուները կարող են դուրս գալ դիտահրապարակ, որտեղից Վիսլայի ափի գեղեցիկ տեսարան է բացվում, կարող են նաև ձեռք բերել հուշանվերներ, դնել հուշակնիք[5]։ Փողոցը, որտեղ գտնվում է աշտարակը, կոչվում է Թեք աշտարակի տակ (լեհ.՝ Pod Krzywą Wieżą):

Նկարագրություն խմբագրել

 
Տեսքը հարավային կողմից

Աշտարակը կառուցված է կարմիր աղյուսից։ Կարմիր աղյուսից է նաև կառուցված քաղաքային պատերի մի մասը։ Սկզբնական շրջանում աշտարակը թեք չի եղել. ժամանակի ընթացքում այն զգալի թեքվել է ուղղահայաց գծից։ Դա տեղի է ունեցել ավազակավային հիմքի պատճառով[2]։ Թեքությունը կազմում է 5° 13' 15", այսինքն 1,46 մ ընդհանուր 15 մ բարձրության պայմաններում[4][6]։ Հետաքրքիր է, որ այն ավելի մեծ է, քան Պիզայի հայտնի աշտարակի թեքությունը, որն ընդամենը 3,97° է[7]։

Լեգենդներ խմբագրել

Թեք աշտարակի հետ բազմաթիվ լեգենդներ են կապված։ Առավել տարածում ունեցողներից մեկը պատմում է Տևտոնական օրդենի ասպետի մասին, որի համար ոչ մի սուրբ բան չի եղել, և որն անընդհատ չարագործություններ է արել քաղաքում[8]։ Թորունի բնակիչները վեջապես էլ չեն դիմանում. նրանք ասպետին կապում ու զնդան են նետում։ Ասպետը զնդանում անընդհատ աղոթում է, ներողություն խնդրում գործած չարիքների համար ու խոստանում ուղղվել։ Ի վերջո բուրգոմիստրը խղճում է ասպետին ու քաղաքացիներին պատվիրում բաց թողնել նրան։ Սակայն վերջիններս չէին ցանկանում ասպետին բաց թողնել առանց ապաշխարելու և պահանջում են, որ նույնքան թեք աշտարակ կառուցի, որքան իր մեղքերն են։ Ասպետն անցնում է աշխատանքի, սակայն մեկ ամսվա ընթացքում նրան հաջողվում է կառուցել ընդամենը մեկ մետրից ոչ ավել։ Այսպես նա աշխատում է 15 ամիս և պատրաստում 15-մետրանոց աշտարակ, իսկ թեքության ամեն աստիճանը խորհրդանշում էր նրա մի մեղքը։ Այդ ժամանակից ի վեր Թոսունի բնակիչները աշտարակի միջացով ստուգում են, թե որքան մաքուր է ամեն մեկի խիղճը։ Դրա համար անհրաժեշտ է մեջքով ամուր հպվել աշտարակի պատին, թևերն առաջ պարզել և մնալ այդ դիրքով՝ հաշվելով մինչև տասը։ Աշտարակի խիստ թեքության պատճառով այդ ամենն անելը բավական բարդ է[5]։ Նրանք, ում հաջողվում է դա կատարել, ստանում են վկայագիր, որը հավաստում է նրանց մաքուր խղճի մասին[4]։

Իրականում աշտարակը կառուցվել է քաղաքային պատերի հետ և նույն տեսքն է ունեցել, ինչ պատի մյուս աշտարակները։ Թեքումը կատարվել է ավելի ուշ, հնարավոր է արդեն 13-րդ դարում։ Անցյալում որոշ մարդիկ կարծում էին, որ աշտարակի թեքությունը Աստծո պատիժն է Կոպեռնիկոսի «սրբապիղծ բացահայտման» համար, որը ծնունդով Թորունից է եղել։ Այս կարծիքը հասել է մինչև Հռոմ և դարձել հիմնական պատճառներից մեկը, որ Կոպեռնիկոսի ստեղծագործություններն ընդգրկվեն եկեղեցու կողմից արգելված գրքերի ցանկում[9]։

Եվս մեկ լեգենդ է կապված աշտարակի թեքության հետ, որով բացատրվում է քաղաքի անվան առաջացումը։ Մի գեղեցիկ օր Վիսլան, հոսելով Թորունի մոտով, տեսնում է աշտարակը, որին ցանկանում է տիրել, ինչպես տիրում են գետերը։ Վիսլան մոտ է վազում աշտարակին և փորձում նրան պատմել այն մասին, ինչ տեսել ու լսել է օտար ափերում։ Սակայն աշտարակին հոգնեցնում է այդ շատախոսությունը, և գետն ու աշտարակը վիճում են։ Վիսլան սկսում է ավելի մոտ հոսել աշտարակին՝ սպառնալով ջնջել նրան։ Աշտարակը ստիպված շարժվում է քաղաքի կողմը, բայց շուտով հասկանում է, որ այլևս չի կարող երկար կանգնած մնալ։ Այդ ժամանակ նա աղոթում է, որ Վիսլան մոտ չհասնի իրեն, թե չէ ինքը կընկնի։ Դրան ի պատասխան՝ գետն ասում է «Դե՛, ընկի՛ր» (լեհ.՝ To ruń!): Մոտակայքով անցնող առևտրականները մտածում էին, թե որ սքանչելի քաղաքն է իրենց առջև։ Եվ հենց այդ պահին էլ լսվում է գետի ձայնը, և նրանք քարտեզի վրա տեղանքի անունը նշում են այդ կերպ՝ Թորուն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. register of objects of cultural heritage in Poland
  2. 2,0 2,1 2,2 «O Krzywej Wieży. Historia» (լեհերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. «Krzywa Wieża po remoncie - dla urzędników i turystów». Wyborcza.pl (լեհերեն). 22.07.2008. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Krzywa Wieża». Toruński serwis turystyczny (լեհերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 «Zwiedzanie. Atrakcje Krzywej Wieży» (լեհերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  6. «Najsłynniejsze krzywe budynki w świecie» (լեհերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
  7. «La torre di Pisa? Non è la più storta. Ecco la classifica dell'Economist». PisaToday (իտալերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. «Legendy» (լեհերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. «Krzywa Wieża». Toruń.pl (լեհերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.