Թեոդորա (Թեոփիլոսի կինը)

Թեոդորա (հուն.` Θεοδώρα, որը նշանակում է «Աստծո պարգև», մոտ 815, Պափլոգոնիա, Բյուզանդական կայսրություն - 867, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Բյուզանդիայի հայազգի կայսրուհի (842-856), Ամորիական արքայատոհմի պատկերամարտիկ կայսր Թեոփիլոսի կինն էր (829-842թթ.) և Միքայել III-ի (842-867թթ.) մայրը։ Որպես որդու խնամակալ (ռեգենտ), գահակալել է 842-856 թվականներին։ Պատկերապաշտությունը վերականգնելու համար, քրիստոնեական եկեղեցու կողմից դասվել է Սրբերի կարգը։ Երանելի Թեոդորայի հիշատակը ուղղափառ եկեղեցում նշվում է փետրվարի 24-ին, իսկ կաթոլիկ եկեղեցում` փետրվարի 11-ին։

Թեոդորա
հուն․՝ Θεοδώρα
Դիմանկար
Ծնվել էմոտ 815
ԾննդավայրՊափլոգոնիա, Բյուզանդական կայսրություն
Մահացել է867
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
ԳերեզմանMetropolitan church of Panagia Spilaeotissa
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
Կրոնքրիստոնեա[1]
Մասնագիտությունմիանձնուհի
ԱմուսինԹեոփիլոս[2]
Ծնողներհայր՝ Մարինոս Մամիկոնյան[3][4], մայր՝ Թեոկտիստե Ֆլորինա[3][4]
Զբաղեցրած պաշտոններByzantine empress? և գահի խնամակալ
ԵրեխաներՄիքայել III, Մարիա և Anastasia?
 Empress Theodora (9th century) Վիքիպահեստում

Ծագում

խմբագրել

Թեոդորան ծնվել է մոտավորապես 815 թվականին[5], Փոքր Ասիայում գտնվող Պափլագոնիա պատմական մարզում, հայկական ծագում ունեցող ընտանիքում[6][7][8][9][10]։ Համաձայն Նիկողայոս Ադոնցի, նրանց ընտանիքը սերում էր Մամիկոնյանների նախարարական տոհմից[11]։ Նրա ծնողները պատկերապաշտության կողմնակիցներ էին և իրենց դստերը դաստիարակել էին աստվածավախության մթնոլորտում, որի պատճառով, հետագայում, կայսրական պալատում նա ստիպված էր բավականին անհարմարություններ զգալ։

Թեոփիլոս կայսեր խորթ մոր ցուցումով, կայսրության ամենագեղեցիկ աղջիկների դիտումների ընթացքում, Թեոփիլոսը ընտրել էր Թեոդորային։ Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել 831 թվականին, Կոստանդնուպոլսի Սուրբ Ստեփանոս եկեղեցում։ Ամուսնությունից հետո, Թեոդորայի քույրերը նույնպես ամուսնացան կայսրական աստիճանավորների հետ, իսկ եղբայրները` Պետրոնիոսն ու Վարդասը` կայսրական արքունիքում արագորեն պաշտոններ ստացան։

Թեոդորան և Թեոփիլոսը ունեցել են հինգ դուստր և երկու որդի` Կոնստանտինն ու Միքայելը։ Վերջինս 842 թվականին դարձավ կայսր[12]։

Գաղտնի պատկերապաշտություն

խմբագրել

Թեոդորայի գալուստով, կայսրական ընտանիքում գաղտնի պատկերապաշտություն հայտնվեց։ Նրա ամուսինը` Թեոփիլոսը, շարունակում էր իր հոր` Միքայել II-ի քաղաքականությունը և մոլի պատկերամարտիկ էր։ Թեոդորան, չնայած փորձում էր օգնել իր կողմնակիցներին, սակայն ստիպված էր ամուսնուց և պալատականներից թաքցնել սրբապատկերները։ Նա դրանք թաքցնում էր իր հագուստի տակ կամ ապարանքի իր առանձնամասում գտնվող բազմաթիվ սնդուկների մեջ։ Նույնիսկ եղել է դեպք, երբ պալատական ծաղրածուն նկատել է Թեոդորային` սրբապատկերի առջև աղոթելիս և այդ մասին ակնարկել կայսրին։ Սակայն Թեոդորան կարողացել է համոզել ամուսնուն, որ այդպիսի բան չի եղել։ Իր շատախոսության համար, ծաղրածուն Թեոդորայի կողմից հետագայում ենթարկվել է մարմնական պատժի։

Իրենց հորից գաղտնի, պատկերապաշտությունը սովորել էին նաև Թեոդորայի երեխաները, ովքեր հաճախ էին լինում իրենց մայրական տատի մոտ։ Մի անգամ Թեոդորայի դուստրերից մեկը հորը պատմել էր, որ տատը սնդուկում պահում է «գեղեցիկ տիկնիկներ» և դրանք հպելով իրենց ճակատին, խնդրում է, որ համբուրեն։ Կայսրը սակայն չպատժեց տատին, բայց արգելեց երեխաներին նրա մոտ տանել։ Պատմաբանները նշում են, որ կայսրի ողջ շրջապատը հակված էր պատկերապաշտության կողմը, որի մասին գիտեր նաև նա, սակայն ցույց չէր տալիս։

Թեոդորայի ռեգենտությունը

խմբագրել

Իր մահվան մահճում Թեոփիլոսը Թեոդորային հռչակեց իր երկամյա որդու խնամակալ և նրանից պահանջեց երդվել, որ հավատարիմ կմնա իր կողմից տարվող քաղաքականությանը և տարակուսանքի մեջ չի գցի իր ուսուցչին` Կոստանդնուպոլսի պատրիարք Հովհանին[13] (Հովհաննես VII Քերական, ի դեպ նույնպես հայազգի)։

842 թվականի հունվարի 20-ին, Թեոփիլոսի մահից հետո, Թեոդորան դարձավ անչափահաս միապետի խնամակալը։ Այդ ժամանակահատվածում Թեոդորայի հետ կայսրությունը կառավարում էր նաև Խորհուրդը, որի մեջ մտնում էին լոգոթետ Թեոկտիստոսը, Թեոդորայի եղբայր Վարդասը և նրա մորեղբայր մագիստրոս Մանուելը, ովքեր նույնպես պատկերապաշտության կողմնակիցներ էին։

Ռեգենտության տարիներին Թեոդորան կայսրության կառավարման ընթացքում, հասավ լուրջ հաջողությունների` տանելով մի շարք ռազմական հաղթանակներ արաբների նկատմամբ, Հելլադայում (Հունաստան) ճնշեց սլավոնների ապստամբությունը, միսիոներական գործունեություն ծավալեց խազարների և բուլղարների միջավայրում։ Նրա օրոք Բյուզանդիայի ֆինանսական դրությունը բարելավվել էր։

Թեոդորայի կառավարման շրջանում, իր արտացոլումն է գտել բուլղարական Բորիս I (Բոգորիս) արքայի ասպատակությունը, որին, ըստ բյուզանդական պատմիչների, Թեոդորան հղել է հետևյալ ուղերձը. «Եթե դու հաղթանակ տանես կնոջ նկատմամբ, քո փառքը ոչինչ չի արժենա, բայց եթե քեզ պարտության մատնի կինը, դու ծաղրանքի կենթարկվես ամբողջ աշխարհում»[10]։ Այս ուղերձի բառերը կրում են լեգենդար բնույթ, որոնք կրկնում էին ամազոնուհիների բառերը «Ալեքսանդր Մեծի պատմությունը» հունական վեպից։ Ռազմական անհաջողություններից հետո, 860-ական թվականների սկզբին, Բորիսը որոշում կայացրեց իր ժողովրդի հետ միասին ընդունել քրիստոնեություն և կնքվեց Միքայել անունով` ի պատիվ Թեոդորայի որդու[14]։ Ըստ Թեոֆան Շարունակողի, Բուլղարիայի քրիստոնեականացման գործում ` անձամբ Թեոդորան ունեցել է մեծ դերակատարում։

Պատմաբանները նշում են, որ Թեոդորայի վրա մեծ ազդեցություն ուներ լոգոթետ Թեոկտիստոսը[15]։ Վերջինս ձեռք էր բերել կայսրական ապարանքում ապրելու իրավունք, որը առիթ էր հանդիսացել կայսրուհու նկատմամբ նրա նկրտումների մասին ասեկոսեների։ Թեոդորան նույնիսկ մտածում էր նրա հետ ամուսնանալու կամ իր դուստրերից մեկին նրան կնության տալու մասին։ Իսկ նրան լիարժեք իշխանություն տալու համար, Թեոդորան պատրաստ էր Իրինա կայսրուհու օրինակով` կուրացնել նույնիսկ իր որդուն։

Պատկերապաշտության վերականգնումը

խմբագրել

Թեոդորայի կողմից պատկերապաշտությունը վերականգնվեց անմիջապես ամուսնու մահից հետո։ Թեոփիլոս կայսեր մահվան քառասուն օրը լրանալուց հետո, Կոստանդնուպոլսում հրավիրվեց եկեղեցական ժողով։ Պատկերապաշտությունը վերականգնելու համար հարկավոր էր փոխել պատկերամարտության ջատագով, պատրիարք Հովհաննես VII-ին։ Մանուելի խորհրդով, Թեոդորան նամակ ուղարկեց պատրիարքին` խնդրելով թողնել պատրիարքական աթոռը։ Հովհաննեսը խորհելու ժամանակ խնդրեց, որից հետո դանակով իր որովայնին վնասվածքներ առաջացրեց, հայտարարելով, որ Թեոդորայի սուրհանդակը փորձել է իրեն սպանել։ Սակայն այդ ամենը շուտով բացահայտվեց և նա մեղավոր ճանաչվեց, քանի որ այդ արարքով նա ցանկանում էր հասարակության շրջանում հուզումներ առաջացնել։ Ինքնասպանություն կատարելու մեղադրանքով պատրիարքը գահընկեց արվեց և հեռացվեց եկեղեցուց։ Նոր պատրիարք ընտրվեց Մեֆոդի I-ը, ով բավականին տուժվել էր պատկերամարտիկների կողմից։ Եկեղեցուց քշվեցին բոլոր պատկերամարտիկները, նրանց փոխարինեցին` նախկինում եկեղեցուց հեռացված պատկերապաշտության կողմնակիցները։

Թեոդորան խնդրեց պատրիարքին, չբանադրել իր հանգուցյալ ամուսնուն և թողություն տալ նրա մեղքերին, սակայն պատրիարքը հրաժարվեց, պատճառաբանելով, որ եկեղեցին իրավունք ունի ներել միայն կենդանի մարդկանց մեղքերը` ովքեր մեղանչում են, իսկ մահացու մեղք գործած հանգուցյալի համար իրենք ոչինչ չեն կարող անել։ Այդ ժամանակ Թեոդորան պատմեց, որ մահվանից առաջ կայսրը մեղանչել է իր կատարած մեղքերի համար և համբուրել իր կողմից բերված սրբապատկերը։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ Թեոդորան պարզապես ստել է, քանի որ սիրում էր ամուսնուն, իսկ որոշներն էլ կարծում են, որ դա շատ հավանական է և հնարավոր է, որ Թեոփիլոսի վերջին շնչում, Թեոդորան նրա շուրթերին մոտեցրած լինի սրբապատկեր` հետևելով իր կրոնական համոզմունքներին։ Լսելով Թեոդորային, եկեղեցական ժողովը որոշում կայացրեց մեկ շաբաթվա ընթացքում, մայրաքաղաքի բոլոր եկեղեցիներում աղոթել հանգուցյալ կայսրի հոգու փրկության համար։

Թեոդորան հալածանքներ է իրականացրել պատկերապաշտության հակառակորդների նկատմամբ։ Պավլիկյաններին նա առաջարկել էր ընտրել մահը կամ պետք է ընդունեն ուղղափառությունը։ Երբ նրանք հրաժարվել էին ուղղափառությունը ընդունել, Թեոդորան պատժիչ զորախմբեր էր ուղարկել նրանց դեմ։ Պավլիկյանների հալածանքները սկսվել էին դեռ Թեոդորայի իշխանության գալուց շատ առաջ և նրանց շարժումը վերացավ միայն Թեոդորայի իշխանությունից շատ տարիներ հետո` 872 թվականին։

Իշխանությունից հրաժարումը

խմբագրել

Թեոդորայի որդին` երիտասարդ կայսր Միքայել III-ը, ուներ անզուսպ բնավորություն և ժամանակակիցների կողմից կնքվել էր «հարբեցող» մականունով։ Նա հաճախ էր օրգիաներ կազմակերպում, որտեղ ծաղրում էր պատրիարքին և եկեղեցական արարողակարգերը։ Նա գտնվում էր իր մորեղբոր` Վարդասի ազդեցության տակ և երբ 16 տարեկան էր, Վարդասը նրան խորհուրդ տվեց սպանել լոգոթետ Թեոկտիստոսին։ Դրանից հետո Թեոդորան պաշտոնապես թողեց ռեգենտությունը` տալով ողջ իշխանությունը որդուն։ Շատ չանցած, Թեոդորային և իր չորս չամուսնացած դուստրերին, եղբայրների և որդու հրամանով բռնի կերպով սափրեցին և ուղարկեցին վանք։ Այնտեղ, Վարդասի հսկողության ներքո, նա ապրում էր լռակյաց մասնավոր կյանքով։

Թեոդորան մահացել է 867 թվականի փետրվարի 11-ին[16]։ 1460 թվականին, Թեոդորայի մասունքները տեղափոխվել են Կորֆու կղզի[17], Կերկիրա, որտեղ պահվում են Մայր տաճարում[18]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://encyklopedia.pwn.pl/haslo/Teodora;3986452.html
  2. Феодора, супруга императора Феофила (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLIа. — С. 896.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 334.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 167—172. — ISBN 978-2-7018-0226-8
  5. Год рождения Феодоры оценивается по следующим соображениям: она не должна быть старше мужа и способна рожать детей в начале 830-х. Год рождения Феофила в 813 году получен на основании оценки Warren Treadgold. Некоторые историки считают, что Феофил родился ранее, ок. 805 года. См. Сенина Т. А. (монахиня Кассия). Диалог Феофила и Кассии: литературная выдумка или реальность?
  6. Продолжатель Феофана. Жизнеописания византийских царей. Книга III. Феофил.
  7. John H. Rosser. Historical Dictionary of Byzantium. — 2-е изд. — Scarecrow Press, 2011. — P. 199.
  8. Peter Charanis // The Armenians in the Byzantine Empire// Fundação Calouste Gulbenkian, 1963
  9. Острогорский Г. А // «History of the Byzantine state» // Rutgers University Press, 1969 г. — стр. 219(624) ISBN 0-8135-0599-2, 9780813505992
  10. 10,0 10,1 Продолжатель Феофана. Жизнеописания византийских царей. Книга IV. Михаил III
  11. Бартикян P. M. // Неизвестная армянская аристократическая фамилия на службе в Византии в IX—XI вв. // День, 1992. — Вып. 26: Византия и средневековый Крым. — стр. 83-91.

    После него на византийском троне мы встречаем армянку Феодору (842—856 гг.), которая, по предположению Н. Адонца, принадлежала к нахарарской семье Мамиконидов, её сына Михаила III (842—867 гг.).

  12. Фекла (831 г.), Анна (832 г.), Анастасия (833 г.), Константин (834 г.), Мария (835 г.), Пульхерия (836 г.), Михаил (840 г.): W. Treadgold, The Problem of the Marriage of the Emperor Theophilos // Greek, Roman and Byzantine Studies, 1975. Vol. 16. P. 333—341
  13. Шарль Диль Византийские портреты М., 1994 год.
  14. «Александр Шмеман, протопресвитер. Исторический путь Православия. Глава 5. Византия, часть 6». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.
  15. Сборник История Византии. Т. 2 // Академик Сказкин С. Д. (отв.редактор) — Москва: Наука, 1967 г.
  16. Святая царица Феодора
  17. Праведная царица Греческая Феодора
  18. Святая праведная Феодора(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդորա (Թեոփիլոսի կինը)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 171