Թեյմուրազ II (վրաց.՝ თეიმურაზ II, մոտ 1700–1762 թթ.), Կախեթի (1733–1744 թթ.), ապա Քարթլիի (1744 թ.-ից) թագավոր։ Օգտագործելով թուրք–իրանական հակասությունները, ձգտել է միավորել Քարթլին ու Կախեթը (որը 1744 թ.-ից կառավարում էր նրա որդին՝ Հերակլ II): Այդ պայքարում նա կողմնորոշվել է դեպի Ռուսաստանը։ 1761-ին Թեյմուրազը մեծ շքախմբով (որի մեջ եղել են նաև թիֆլիսաբնակ հայեր) ժամանել է Պետերբուրգ՝ Թուրքիայի դեմ Ռուսաստանի աջակցությունն ապահովելու խնդրանքով։ Հայ ժողովուրդը նույնպես որոշակի հույսեր է կապել Թեյմուրազ II-ի դիվանագիտական այդ առաքելության հետ. կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին ուղերձով դիմել է ռուսական կառավարությանը, խնդրելով ընդառաջել Թեյմուրազին, որը հետամուտ էր վրաց և հայ ժողովուրդների համար կենսական նշանակություն ունեցող խնդրի։ Պետերբուրգում Թեյմուրազի հետ սերտ կապ են հաստատել նաև հայ ազատագրական շարժման գործիչներ Հովհաննես Լազարյանը և Հովսեփ Էմինը։ Առաքելությունն ապարդյուն է անցել, քանի որ ռուսական կառավարությունը խուսափել է ռուս–թուրքական բարդություններից։ Թեյմուրազը մահացել է վերադարձի ճանապարհին, թաղվել Աստրախանում։
Махарадзе В. Г., Материалы по истории русско-грузинских отношений второй половины 18-ого в., ч. 2, Тб., 1968.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 168)։