«Թատերական Լոռի» փառատոն, միջազգային թատերական փառատոն։ 1986 թվականից փառատոնն անցկացվել է յուրաքանչյուր տարի, իսկ 1993 թվականից սկսած՝ երկու տարին մեկ անգամ՝ զույգ տարեթվերին։ Մրցութային է։

Փառատոնի մշտական աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի թատերական գործիչների միությունը, Ալավերդու համայնքապետարանը, «Վալլեքս» ընկերությունների խումբը, «Հրատ» մշակութային հասարակական կազմակերպությունը[1]։

ՊատմությունԽմբագրել

Փառատոնի ստեղծման գաղափարը ծնվել է 1979 թվականի նոյեմբերին` Ակներ գյուղում: 1979-1980 թվականներին Թումանյանի ժողովրդական թատրոնի ռեժիսոր Ռուբեն Հակոբյանի նախաձեռնությամբ Ակներ գյուղում անցկացվում էին «Թատերական շաբաթներ», որոնց մասնակցում էին Ակների և Հագվու ինքնագործ, Թումանյանի, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի, Նոյեմբերյանի Այրում ավանի պահածոյագործների ժողովրդական թատրոնները, Արթիկի շրջանային մշակույթի տան մանկապատանեկան թատրոնը: Մեկնարկելով որպես ինքնագործ թատրոնների ամենամյա ստուգատես՝ 1980-ականներից այն դարձավ ժողովրդական թատրոնների փառատոն։

1983 թվականից փառատոնն անցկացվել է Ալավերդի քաղաքում և ստացել «Թատերական Լոռի» անվանումը։ Նպատակն էր համախմբել Հայաստանի և ԽՍՀՄ հանրապետությունների մարզերում և շրջաններում բնակվող պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ թատերական ոլորտում ստեղծագործող մարդկանց[2]:

1986 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի նախաձեռնությամբ փառատոնի կազմակերպմանը միացավ Հայաստանի թատերական ընկերությունը, իսկ հաջորդ տարվանից փառատոնը դարձավ համամիութենական: Խորհրդային տարիներին փորձ արվեց ընդլայնել փառատոնի աշխարահագրությունը, և մեկական անգամ այն անցկացվեց Սպիտակում և Վանաձորում:

Սկզբնական շրջանում փառատոնի կազմակերպիչը Ալավերդու քաղաքային խորհրդի մշակույթի բաժինն էր՝ ի դեմս բաժնի վարիչ Վալերի Պարանյանի, ապա Թումանյանի շրջխորհուրդը և Հայաստանի թատերական ընկերության Կիրովականի բաժանմունքը։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի ջանքերով փառատոնը դարձավ հանրապետական և ստացավ Հայաստանի թատերական գործիչների միության ֆինանսական աջակցությունը։

1989 թվականից փառատոնի կազմակերպիչն ու տնօրենը Հրաչյա Պապինյանն է:

2012 թվականից «Թատերական Լոռի» փառատոնը հատեց Ալավերդու սահմանները՝ ստանալով միջազգային փառատոնի կարգավիճակ։ Փառատոնի ծրագրի մեջ ընդգրկվեցին նաև Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքները, հրավիրվեցին թատերական կոլեկտիվներ աշխարհի տարբեր երկրներից։

2014 թվականից փառատոնի ծրագրով անցկացվում են «Ռուսական թատրոնի օրեր», որին մասնակցում են ռուսական թատերական կոլեկտիվներ Ռուսաստանի Դաշնությունից և ԱՊՀ երկներից, Վրաստանից, ինչպես նաև Երևանի թատրոնները՝ ռուսալեզու ներկայացումներով։

Փառատոնի նպատակներԽմբագրել

«Թատերական Լոռի» միջազգային փառատոնն ուղղված է հետևյալ նպատակների իրականացմանը․

  • մայրաքաղաքում մշակութային կյանքի գերկենտրոնացվածության բեռնաթափում,
  • մարզաբնակների մշակութային պահանջմունքների բավարարում,
  • Հայաստանի մշակութային գործընթացներում մարզաբնակների ընդգրկվածության ավելացում,
  • մայրաքաղաք-մարզեր, Հայաստան-արտերկիր միջմշակութային կապերի ամրապնդում, փոխգործակցության խթանում,
  • մարզերում գործող թատերական գործիչների մասնագիտական որակների զարգացում, փորձի փոխանակում։

2012 թվականից «Թատերական Լոռին» ձեռնարկել է բեմարվեստի ականավոր գործիչների և համազգային կարևորության հոբելյանների նշանավորումը. 21-րդ փառատոնը նվիրված էր Հայաստանի ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի 75, 22-րդը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի 85, 23-րդը՝ Հայաստանի երրորդ հանրապետության հռչակման 25, իսկ 24-րդը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակներին։

Թատերական Լոռի 2014Խմբագրել

2014 թվականի հոկտեմբեր ամսին անցկացվել է թվով 22-րդ, իսկ միջազգային կարգավիճակով` 4-րդ փառատոնը, որը նվիրվել է Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին[3]։ Փառատոնը անցկացվել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում։ Մասնակցել է 25 (26[4]) թատերախումբ Հայաստանից, Վրաստանից, Արցախից և Ռուսաստանից՝ ավելի քան երեք տասնյակ բազմաժանր ներկայացումներով[5]։

Թատերական Լոռի 2016Խմբագրել

«Թատերական Լոռի» միջազգային 23-րդ փառատոնն անցկացվել է 2016 թվականի հոկտեմբերի 4-14-ը։ Մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ճապոնիայի, Իրանի թատերական կոլեկտիվները՝ ավելի քան 30 ներկայացումներով[6]։

Թատերական Լոռի 2018Խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 24-հոկտեմբերի 5-ը անցկացվել է «Թատերական Լոռի» միջազգային 24-րդ փառատոնը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։ Փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել Դսեղում՝ Թումանյանի տուն-թանգարանի բակում, ապա շարունակվել Սանահինի կամրջի մոտ, իսկ երեկոյան Ալավերդու մշակույթի կենտրոնում հանդես է եկել Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոնը՝ «Հեքիաթներ» ներկայացմամբ։

Փառատոնի առաջին օրը նշանավորվել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի բակում հուշասյան բացման արարողությամբ[2]։

Փառատոնի օրերին ներկայացումներից զատ ճանաչված դերասանների և ռեժիսորների մասնակցությամբ կազմակերպվել են հանդիպումներ տարբեր կրթական հաստատություններում, ինչպես նաև տեղի են ունեցել ճանաչված արվեստագետների՝ Հակոբ Ազիզյանի, Յուրի Երզնկյանի, Երվանդ Ղազանչյանի, Վլադիմիր Մսրյանի մեծարման երեկոներ:

2018 թվականին «Թատերական Լոռի» փառատոնին մասնակցել է 21 թատերախումբ՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Ճապոնիայից և առաջին անգամ՝ Ֆրանսիայից: Տևել է 11 օր և մրցութային չի եղել[2]։

Թատերական Լոռի և Աբելյանական փառատոն 2019Խմբագրել

2019 թվականին Թատերական Լոռի և Աբելյանական փառատոները միավորվեցին՝ առանցքում ունենալով Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը։ Փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Վանաձորում։ Կտևի մինչև հոկտեմբերի 5-ը[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել