Թամար Էշել (եբրայերեն՝ תמר אשל‎, հուլիսի 24, 1920(1920-07-24)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 24, 2022(2022-07-24), Երուսաղեմ), իսրայելցի նախկին դիվանագետ, քաղաքական գործիչ[2]։

Թամար Էշել
 
Կուսակցություն՝ Մաարախ
Կրթություն՝ Լոնդոնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և ակտիվիստ
Ծննդյան օր հուլիսի 24, 1920(1920-07-24)[1]
Ծննդավայր Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի օր հուլիսի 24, 2022(2022-07-24) (102 տարեկան)
Վախճանի վայր Երուսաղեմ
Քաղաքացիություն  Իսրայել

Կենսագրություն խմբագրել

Թամար Էշելը ծնվել է Լոնդոնում։ Թեև Թամարը ծնվել է Միացյալ Թագավորությունում, Իսրայելի արտաքին գործերի նախարար Մոշե Շարեթը հետագայում նրան գրանցել է որպես բնիկ իսրայելցի, քանի որ նրա ծնողները արտասահմանում էին որպես «պետության գործակալներ»։ Էշելի ծնողները Անգլիայում Հրեական գործակալության գաղտնի գործակալներ էին։ 1923 թվականին Էշելը նրանց հետ վերադարձել է Մանդատային Պաղեստին։ Նրա մայրը եղել է հայտնի Ֆեյնբերգ և Բելքինդ ընտանիքների անդամ և Ավշալոմ Ֆեյնբերգի քույրը։ Հայրը՝ տարածաշրջանի առաջին փաստաբան Զե’և Շոամը, սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում, որտեղ էլ հանդիպել է իր ապագա կնոջը՝ Զիլլա Ֆեյնբերգին։ Պաղեստին վերադառնալուց հետո նրանք բնակություն հաստատեցին Հայֆայում, որտեղ Էշելն ավարտել է Հրեական Ռեալի դպրոցը, այնուհետև Լոնդոնի համալսարանում ուսանել է արևելագիտություն[3]։

 
Թամար Էշելն Երուսաղեմում, 1977 թ.

Լոնդոնում գտնվելու տարիներին ակտիվ գործունեություն է ծավալել Հագանայի հետ, իսկ 1940-ական թվականներին գլխավորել է վերջինիս ներգաղթային գրասենյակը Ֆրանսիայում[3]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է բրիտանական բանակի կամավոր, նախ եղել է վարորդ, այնուհետև Մերձավոր Արևելքի ռազմական կրթական գրադարանների հաստատման ղեկավար։ Լոնդոնում և Եգիպտոսում եղել է Հաբոնիմ և Հե-Հալուց շարժումների խորհրդատու։ Բրիտանական բանակից դուրս գալուց հետո Երուսաղեմում դարձել է Հագանայի քաղաքական և ռազմական հետախուզության ծառայության սպա։

Դիվանագիտական և քաղաքական գործունեություն խմբագրել

1948 թվականին Իսրայելի պետության ստեղծվելուց հետո սկսել է աշխատել Երուսաղեմում` Արտաքին գործերի նախարարության համար։ Էշելը ներկայացրել է նախարարությունը Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակության կազմում և նրա անունից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վարչապետի գրասենյակում։ 1968 թվականին նախարարությունից պաշտոնաթողությունից հետո նրան շնորհվել է դեսպանի կոչում[3]։

1970-ական թվականներին Էշելը եղել է Երուսաղեմի քաղաքային խորհրդի անդամ և քաղաքապետ Տեդդի Կոլլեկի տեղակալը։ Նաև ղեկավարել է «Na'amat» կանանց կազմակերպությունը, նախքան Մաարախ կուսակցությամբ Քնեսեթում ընտրվելը։ 1981 թվականի ընտրություններում պահպանել է իր տեղը և պաշտոնավարել մինչև 1984 թվականի ընտրությունները։ Ակտիվ կերպով աշխատել է տնտեսության, ներքին քաղաքականության և պետական կոմիտեներում, զբաղվել Խորհրդային Միությունից և Եթովպիայից ներգաղթի հարցերով։ Շարունակել է արտերկրյա շրջագայությունները, դասախոսել Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և ավելի քիչ չափով, Լատինական Ամերիկայում։

Անձնական կյանք խմբագրել

1948 թվականին Թամարն ամուսնացել է տնտեսագետ Լիոնել Շվարցի (1912-1962) հետ։ 1949 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Յաիլը։ 1960 թվականին, առաջին ամուսնու հետ ամուսնալուծվելուց վեց տարի անց, նա ամուսնացել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության աշխատակից Արի Էշելի հետ։ Ամուսնու դստերը՝ Ռութին, համարում է նաև իրենը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 חה"כ תמר אשל (שוהם)Knesset.
  2. «סיפורה של עליה ד'». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Tamar Eshel | Jewish Women's Archive». jwa.org. Վերցված է 2018-12-05T11:00:04Z-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամար Էշել» հոդվածին։