Թադևոս Զաքարյան

հայ բժիշկ, գրող, հասարակական, ազգային գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Թադևոս Հարությունի Զաքարյան (1862, Շամախի - 1918, Բաքու), հայ բժիշկ, գրող, հասարակական, ազգային գործիչ։

Թադևոս Զաքարյան
Ծնվել է1862
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1918
Մահվան վայրԲաքու, Բաքվի նահանգ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՌազմաբժշկական ակադեմիա
Մասնագիտությունբժիշկ, գրող և հասարակական գործիչ
Ռազմական ծառայությունՌուսական կայսերական բանակ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1862 թվականին Շամախիում։ Միջնակարգ կրթության ընթացքում կատարյալ ուսումնասիրել է հայոց լեզու և հայ ժողովրդի պատմություն։ Ավարտել է Ռազմաբժշկական ակադեմիան և ստացել բժշկի մասնագիտություն։ Ուսանողական տարիներին ընկերակցել է Հովհաննես Հովհաննիսյանի և Գարեգին Ենգիբարյանի հետ, որոնց հետ ամառները շրջել է Հայաստանի գավառներում՝ հայ գյուղացուն անմիջականորեն ծանոթանալու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով։ 1880-ական թվականներին այդ թեմաներով մի շարք հոդվածներ է տպագրել «Աղբիւր» հանդեսում։ Դեռևս ուսանողական տարիներից զբաղվել է գրական ու հասարակական աշխույժ գործունեությամբ։ Երկար տարիներ բժշկական, ազգագրական, բանասիրական, հրապարակախոսական արժեքավոր հոդվածներով աշխատակցել է Թիֆլիսի «Տարազ», «Մուրճ», «Մշակ», ինչպես նաև Երևանի «Պսակ», Էջմիածնի «Արարատ» և այլ պարբերականների՝ ստորագրելով «Զ.» կամ «Թ. Զ.» ծածկանուններով։

1917 թվականին եղել է Բաքվի Հայոց կուլտուրական միության բժշկական սեկցիայի ընդամենը 9 համար հրատարակած «Առողջ կեանք» ժողովրդական առողջապահիկ ամսագրի խմբագիր-հրատարակիչը։ Ամսագրի տպագրությունն իրականացվել է Բաքվի Երևանցյանի տպարանում։

Թադևոս Զաքարյանը մի քանի գրքերի ու թարգմանությունների հեղինակ է։ Որպես զինվորական բժիշկ ծառայել է Արդահանում, Ախալքալաքում, Բաթումում, Գորիում և ամենուր բարի հիշատակ է թողել։ Պետական բժշկական ծառայությունը թողնելուց հետո հաստատվել է Բաքվում, որտեղ եռանդուն մասնակցություն է ունեցել քաղաքի հասարակական կյանքին։ Եղել է Բաքվի հայոց միջնակարգ դպրոցների հոգաբարձության անդամ։ Ունեցել է բժշկապետի կոչում։

1918 թվականի սեպտեմբերյան կոտորածից հետո Ադրբեջանի թուրքա-թաթարական բռնակալ կառավարության հրամանով ձերբակալվել ու նետվել Բաքվի բանտը, որտեղ և բարբարոսական տանջանքներից նահատակվել է 56 տարեկանում։

Գրականություն խմբագրել

  • Բժ. Թադէոս Զաքարեան, «Տարազ», Թիֆլիս, 1919, թ. 9։
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Ա. հատոր, Դիւցազնամարտ, 1890-1914, Լոս Անճելըս, 1992։
  • Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանուններ, Երևան, 2002։
  • Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանուններ, Երևան, 2005։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադևոս Զաքարյան» հոդվածին։