Շարմիլա Թագոր (հինդի` शर्मिला टैगोर, ամուսնական անունը` բեգում Այեշա Սուլթանա Պատաուդի, դեկտեմբերի 8, 1944(1944-12-08)[1], Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդիկ կինոդերասանուհի, նկարահանվել է մոտ 100 հինդի և բենգալերեն լեզուներով ֆիլմերում։ Հնդկաստանի Ազգային կինոմրցանակների և կանացի լավագույն դերի համար Filmfare Awards մրցանակի դափնեկիր։ Պարգևատրվել է Հնդկաստանի քաղաքացիական բարձրագույն Պադմա Բհուշան պարգևով և Ֆրանսիայի Արվեստների և գրականության բարձր աստիճանի շքանշանով։

Շարմիլա Թագոր
բենգալերեն՝ শর্মিলা ঠাকুর
Ծնվել էդեկտեմբերի 8, 1944(1944-12-08)[1] (79 տարեկան)
ԾննդավայրՀայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
ԿրթությունLoreto Convent, Asansol? և St. John's Diocesan Girls' Higher Secondary School?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասանուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ Gitindranath Tagore?, մայր՝ Ira Barua?
Ամուսին(ներ)Մանսուր Ալի Խան
Երեխա(ներ)Սաիֆ Ալի Խան, Սոհա Ալի Խան և Սաբա Ալի Խան
Պարգևներ և մրցանակներ

2004-2011 թվականներին Շարմիլա Թագորը հանդիսանում էր կինոցենզուրայի հարցերով Կենտրոնական հնդկական հանձնաժողովի նախագահը։ 2009 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում էր։ 2005 թվականին Շարմիլա Թագորը ընտրվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։

Կենսագրություն խմբագրել

Շարմիլա Թագորը ծնվել է բենգալյան բրահմանների ընտանիքում ` ներկայիս Անդհրա-Պրադեշ նահանգում։ Նրա պապը հայտնի նկարիչ Գագանենդրանաթ Թագորն էր։ Մայրը ուներ ասամյան արմատներ։ Շարմիլա Թագորի երկու ծնողներն էլ ծագում էին Թագոր ընտանիքից և ազգակցական կապ ունեին հնդիկ գրող և բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաբինդրանաթ Թագորի հետ։ Շարմիլան ուներ ևս երկու քույր։

Երբ Շարմիլան յոթ տարեկան էր, ծնողները նրան ուղարկել են Կալկաթայում ապրող պապի մոտ, որտեղ նա անց է կացրել իր մանկության մեծ մասը։ Նա սովորել է Սուրբ եպիսկոպոս Հովհաննու իգական միջնակարգ դպրոցում։ Սակայն երբ սկսեց նկարահանվել կինոյում, դպրոցի տնօրենը խնդրեց նրան լքել դպրոցը, որպեսզի նա վատ ազդեցություն չթողնի մյուս աշակերտուհիների վրա։ Այնուհետև նա տեղափոխվել է Ասանսոլի Լորետո վանական համալիրին կից դպրոց, սակայն դերասանական կարիերայի պատճառով ստիպված էր կրկին թողնել ուսումը։ Հետաքրքիրն այն է, որ այժմ Շարմիլա Թագորը հանդիսանում է Էդինբուրգի Նապիեր համալսարանի արվեստների պատվավոր դոկտոր։

Շարմիլա Թագորը առաջին անգամ էկրանին հայտնվեց 1959 թվականին՝ Սաթյաջիտ Ռայի «Ապուի աշխարհը» ֆիլմում։ Այդ ժամանակ նա ընդամենը 13 տարեկան էր։ Ռեժիսորը նրան հրավիրեց նկարահանվելու նաև իր հաջորդ՝ «Աստվածուհին» (1960 թ.) ֆիլմում, որտեղ նա խաղում էր երիտասարդ կնոջ դերը, ում ամուսնու հայրը հավատացրել էր, որ նա հանդիսանում է Կալի աստվածուհու երկրային մարմնացումը։

Շարմիլա Թագորի բարեկազմ արտաքինի և ոչ տիպիկ բենգալուհու տեսքի համար, շուտով նրան հրավիրեցին աշխատելու Բոլիվուդում։ 1964 թվականին նա նկարահանվեց «Քաշմիրի գեղեցկուհին» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Շամմի Կապուրը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և նա դարձավ ամենաշատ պահանջարկ ունեցող դերասանուհիներից մեկը։ Դրանից հետո նա նկարահանվեց «Փորձություն ժամանակի միջոցով» (1965 թ.) և «Անուպամա» (1966 թ.) ֆիլմերում։ Այդ տարիներին նա Բոմբեյի ամենազբաղված դերասանուհին էր և չնայած դրան, ժամանակ էր գտնում բենգալյան ֆիլմերի համար։

1967 թվականին Շարմիլա Թագորը նկարահանվել է «Երեկոն Փարիզում» կինոնկարում, որտեղ կատարում էր կրկնակի դեր։ Այս ֆիլմում Շարմիլա Թագորը հնդկական կինոյի առաջին դերասանուհիներից մեկն էր, որ էկրանին հայտնվեց լողազգեստով։ Լողազգեստով նա հայտնվեց նաև Filmfare ամսագրի կազմին։ Այն տարիներին դա Հնդկաստանում բավականին համարձակ քայլ էր։ Երբ ամսագիրը հանվեց վաճառքի, Շարմիլայի լուսանկարները իսկական իրարանցում առաջացրին։ Լուսանկարների հարցը քննարկվեց նույնիսկ Հնդկաստանի կառավարությունում։ Այդ հանգամանքը նրան ինչ որ չափով դարձրեց սեքս-խորհրդանիշ։

1969 թվականին Ռաջեշ Կհաննայի հետ նա նկարահանվեց «Հավատարմություն» ֆիլմում, իսկ 1972 թվականին «Անմահ սեր» կինոնկարում։ Հետագայում նրանց համագործակցությունը շարունակվեց «Ճանապարհորդություն» (1970 թ.), «Աստծուց բարձր» (1972 թ.) և «Քարը` սրտին» (1973 թ.) ֆիլմերում։ «Հավատարմություն» ֆիլմի համար նա ստացավ իր միակ Filmfare Awards մրցանակը։

Շարմիլա Թագորը նկարահանվել է բոլիվուդյան այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք էին Դհարմենդրան, Դիլիպ Կումարը և Շաշի Կապուրը։ 1975 թվականին նկարահանված «Ճանապարհորդություն դեպի անցյալ» («Եղանակ») ֆիլմի համար Շարմիլա Թագորը դարձավ Հնդկաստանի Ազգային կինոմրցանակի դափնեկիր։ 1979 թվականից հետո, երբ արդեն երեք երեխաների մայր էր, հազվադեպ էր նկարահանվում։ 1990-ական թվականներին հիմնականում խաղում էր երկրորդական դերեր։

Անձնական կյանքը խմբագրել

1969 թվականին Շարմիլա Թագորը ամուսնացել է Հնդկաստանի կրիկետի հավաքականի ավագ, Պատաուդիի նաբոբ Մանսուր Ալի Խանի հետ և ընդունել իսլամ ` վերցնելով Այեշա Սուլթանա անունը։ Ամուսնության ընթացքում ունեցել է երեք երեխա` դերասան Սաիֆ Ալի Խանը, ոսկյա զարդերի դիզայներ Սաբա Ալի Խանը և դերասանուհի Սոհա Ալի Խանը։ Շարմիլայի ամուսինը՝ Մանսուր Ալի Խանը մահացել է 2011 թվականին։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1959 Ապուի աշխարհը Apur Sansar Ապարնա
1960 Աստվածուհին Devi Դոյամոյի
1963 Վերջին նամակը Shesh Anka Սոմա
1964 Քաշմիրի գեղեցկուհին Kashmir Ki Kali Չամպա
1965 Փորձություն ժամանակի միջոցով Waqt Ռենու Կհաննա
1966 Հերոսը Nayak Ադիտի
1966 Ամպրոպաբեր ամպեր Sawan Ki Ghata Սիմա
1966 Անուպամա Anupama Ումա Շարմա
1966 Ամուսնու եղբայրը Devar Մադհումատի, Բանվարիյա
1967 Երեկոն Փարիզում An Evening in Paris Դիպա Մալիկ, Ռուպա Մալիկ (Սյուզի)
1967 Երես առ երես Aamne - Saamne Սապնա Մաթհուր, Սապնա Միտալ
1968 Իմ ամենասիրելի ընկերը Mere Hamdam Mere Dost Ամիտա
1968 Պատիվ և սեր Dil Aur Mohabbat Անուռադհա Վարմա
1969 Հավատարմություն Aradhana Վանդհանա Տրիպաթհի
1969 Կյանքի ճանապարհ Satyakam Ռանջանա
1969 Մտերիմ ընկերներ Pyasi Sham Մադհու
1969 Երազանք Talash Մադհու, Գաուրի
1969 Հավատա երազանքին Yakeen Ռիտա
1970 Օրեր և գիշերներ անտառում Aranyer Din Ratri Ապարնա
1970 Հաճելի ուղևորություն Suhana Safar Սապնա
1970 Ճանապարհորդություն Safar Նիլա
1971 Կրտսեր հարսնացուն Chhoti Bahu Ռադհա
1971 Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Seemabaddha Տուտուլ
1972 Անմահ սեր Amar Prem Պուշպա
1972 Սիրո պատմություն Dastaan Մինա
1972 Աստծուց բարձր Maalik Սավիտրի
1972 Ծաղկած այգի Yeh Gulistan Hamara Սու Ռենի
1973 Ռաջան և Ռանին Raja Rani Նիրմալա, Ռանի
1973 Քարը` սրտին Daag: A Poem of Love Սոնիա Կոհլի
1973 Եկ իմ գիրկը Aa Gale Lag Jaa Պրիտի
1974 Բացահայտում Avishkaar Մանսի
1974 Անամոթը Charitraheen Ռամա
1974 Սպիտակ աղավնին Shandaar Պրատիմա
1974 Արքայազնը և աղքատը Paap Aur Punya Ջուգնի
1975 Մոռացված կինը Khushboo Լակհի
1975 Փախստակը Faraar Մալա, Աշա
1975 Ճանապարհորդություն դեպի անցյալ (Եղանակ) Mausam Չանդա, Կաջլի
1975 Լռելյայն Chupke Chupke Սուլեկհա Չատուրվեդի
1976 Մեկը մյուսից լավն է Ek Se Badhkar Ek Ռեքհա
1977 Հրաժարում Tyaag Սունիտա
1977 Անպատկառը Besharam Ռինկու, Մոնիկա
1982 Կենվորը Namkeen Նիմկի
1983 Խոր վերք Gehri Chot: Urf - Door-Desh Շոբհա Կհաննա
1983 Երկրորդ հարսնացուն Doosri Dulhan -
1986 Սվատի Swati Շարդա
1986 Նյու-Դելի Թայմս New Delhi Times Նիշա
1991 Միսիսիպյան մասալա Mississippi Masala Կինու
1999 Ապստամբ հոգի Mann Դևի տատը
2003 Կրկին անտառում Abar Aranye Ապարնա Չատերջի
2003 Հայելին ճաքել է Shubho Mahurat Պադմինի Չոուդհարի
2005 Գտնել արդարություն Viruddh... Family Comes First Սումիտրա
2009 Անվերջ սպասում Antaheen Պիշիմա
2009 Լուսանկար` 8 x 10 8 x 10 Tasveer Սավիտրա
2009 Առավոտյան զբոսանք Morning Walk Նիլիմա
2009 Կյանքը շարունակվում է Life Goes On Մանջու Բաներջի
2010 Բաժանումից հետո Break Ke Baad Այեշա Խան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141316861 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.