Ընտանի ոչխարի խառնածին նոր պոպուլյացիա

Ընտանի ոչխարի խառնածին նոր պոպուլյացիա, Հայաստանում առաջին անգամ 1980-ի վերջերին հայկական մուֆլոնի և ընտանի կորրիդել տիպի ոչխարի խաչասերումից ստացվել են խառնածին ոչխարներ (հեղինակ՝ Ա. Անտոնյան)։ Ներկայումս առկա է 60 գլուխ, որոնք պահպանվում են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և ՌԳԱ Մակաբուծաբանության ինստիտուտների համատեղ գիտափորձարարական կենտրոնում (Երևան)։ Խառնածինները մուֆլոնից (հայրական ձև) ժառանգել են ակտիվ վարքը, գլխի դիրքը, ոտքերի բարձր դրվածքը, սլացիկ իրանը, բնակլիմայական պայմաններին հարմարվածության կայուն ճկունությունը։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Խոյերի իրանի երկարությունը 85-100 սմ է, մաքիներինը՝ 7590 սմ, մնդավի բարձրությունը համապատասխանաբար՝ 80-95 սմ է. 70-85 սմ։ Խոյերի կենդանի զանգվածը 70-100 կգ է, մաքիներինը՝ 50-55 կգ։ Միջին բրդատվությունը 2-2, 5 կգ է, կաթնատվությունը՝ 40-60 կգ։

Կաթի հատկանիշներ խմբագրել

Կաթը հարուստ է ճարպով, սպիտակուցով և կաթնաշաքարով։

Մսի հատկանիշներ խմբագրել

Օրական միջին քաշաճով (մինչև 1 տարեկան) խառնածինների կենդանի զանգվածը գերակշռել է հայրական ձևին 80-85%-ով, մայրականին (ընտանի ոչխար)՝ 20-25%-ով։ Մաքուր ցեղերի գառների մսի մաքուր ելունքը (միսոսկրային հարաբերություն) 8 ամսականում կազմել է 78, 3-79, 5%, խառնածիններինը ՝ 81, 6%։ Խառնածիններն ունեն նուրբ, մուգ վարդագույն, սպիտակուցներով հարուստ, ճարպի ցածր պարունակությամբ, դյուրամարս և համեղ միս։ Օժտված են կերհատուցման բարձր ունակությամբ, կայուն ընտրասերման հատկանիշներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։