Ընդհանուր բարօրություն

Ընդհանուր բարօրությունը տերմին է, որը կարող է վերաբերել մի քանի տարբեր հասկացությունների։ Իր ամենատարածված իմաստով ընդհանուր բարօրությունն այն առանձնահատուկ «բարօրությունն» է, որը հասանելի և շահեկան է որևէ կոնկրետ համայնքի բոլոր անդամներին կամ նրանց մեծ մասին։ Այսպես է լայն իմաստով սահմանվում ընդհանուր բարօրությունը նաև փիլիսոփայության, էթիկայի և քաղաքագիտության մեջ։

Այդուհանդերձ, յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակի համար ընդհանուր բարօրության խիստ սահմանում չկա։ Բարօրությունը, որն առկա է Ա և Բ անձանց միջև, կարող է նույնը չլինել Ա և Գ անձանց միջև։ Այսպիսով, ընդհանուր բարօրությունը կարող է հաճախ փոփոխվել, թեև կան որոշակի բաներ, որոնք կենսական են ողջ մնալու համար՝ սնունդը, ջուրը և կացարանը, որոնք միշտ բարիք են բոլոր մարդկանց համար։

Ընդհանուր բարօրությունը հաճախ դիտվում է որպես օգտապաշտական (utilitarian) իդեալ՝ հանդես գալով որպես «ամենամեծ հնարավոր բարօրությունը ամենամեծ հնարավոր թվով անհատների համար»։ Լավագույն դեպքում «ամենամեծ հնարավոր թվով անհատներ» արտահայտությունը կարող է նշանակել բոլոր զգացող արարածները։ Ընդհանուր բարօրության այս սահմանումը ներկայանում է որպես մի որակ, որը կարող է փոխարկվել կամ հանգել հասարակության անհատ անդամների բոլոր մասնավոր շահերի ընդհանուր գումարին և հավասարարժեք է նրանց։

Ընդհանուր բարօրության մեկ այլ սահմանում՝ որպես պետության գերագույն նպատակ, պահանջում է ընդունել հասարակությունում անհատի հիմնական իրավունքը, այն է՝ սեփական կյանքն ազատորեն, պատասխանատու գործողություններով, առաքինության ձգտումով և բարոյականության նորմերին համապատասխան ձևավորելու յուրաքանչյուրի իրավունքը։ Այդ դեպքում ընդհանուր բարօրությունը հասարակական կյանքի պայմանների այն ընդհանուր գումարն է, որը հնարավորություն է տալիս մարդկանց ավելի հեշտ ու անմիջականորեն հասնելու դրանց։ Պետության ինքնիշխանության նպատակը նման պայմաններ ստեղծելու միջոցների ազատ ընտրությունն է։ Ոմանք էլ, մասնավորապես՝ Ջոն Ռոլսը, տարբերակում է Բարօրությունը, որն ակտիվորեն ստեղծում է ավելի լավ աշխարհ՝ անկախ նրանից, թե ինչպես է այն սահմանվում, և Արդարությունը, որը ստեղծում է արդար, ազատական հասարակական ենթակառուցվածք, որը հնարավորություն է տալիս ձգտել առաքինության, սակայն չի սահմանում, թե իրականում է ինչ է ընդհանուր բարօրությունը։

Ոմանք պնդում են, թե ընդհանուր բարօրությանն աջակցելը ժողովրդավարության (քաղաքագիտության ոլորտում) և սոցիալիզմի (տնտեսագիտության ոլորտում) նպատակն է։

Կաթոլիկական հասարակական ուսմունքԽմբագրել

Ընդհանուր բարօրությունը Կաթոլիկական հասարակական ուսմունքի կենտրոնական հասկացությունն է։ Այդ ուսմունքը սկզբնավորվել է հիմնադիր փաստաթղթով՝ Rerum Novarum-ով, որը Լեո XIII Հռոմի պապի կոնդակն է՝ արձակված 1891 թվականին ընդդեմ, մի կողմից՝ չմիջամտող կապիտալիզմի, մյուս կողմից՝ կոմունիզմի։ Իր այդ նամակում Լեո XIII պապը երաշխավորում է մասնավոր սեփականության իրավունքը՝ միաժամանակ պնդելով պետության դերը կենսական եկամուտ ապահովելու գործում։ Արտադրության միջոցները պապը համարում է մասնավոր սեփականություն, որը կարիք ունի պետության պաշտպանության, և միաժամանակ ընդհանուր բարօրության չափում, որը կարիք է ունի պետական կարգավորման։

Մեկ այլ կարևոր փաստաթուղթ է Veritatis Splendor-ը, որը Հովհաննես Պողոս Բ պապի կոնդակն է՝ արձակված 1993 թվականին ընդդեմ բարոյական նորմերի անկման ու քաղաքական կոռուպցիայի (տես 98-րդ պարբերությունը), որոնք անդրադառնում են միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։ Իր նամակում Հովհաննես Պողոս պապը ներկայացնում է այն հատկություններն ու առաքինությունները, որ պետք է ունենան քաղաքական առաջնորդները՝ ճշմարտացիություն, ազնվություն, արդարություն, չափավորություն և համերաշխություն (ինչպես ներկայացված է 98-100-րդ պարբերություններում)՝ հաշվի առնելով, որ ճշմարտությունը ներառում է ազնվությունը, բարի հավատն ու անկեղծությունը, ընդհանրապես, և համաձայնությունը փաստերի կամ իրականության հետ՝ մասնավորապես։ Նա պնդում է, որ բարոյական ճշմարտությունը ճանաչելի է, որ բարու կամ չարի ընտրությունն էապես անդրադառնում է Աստծո հետ մարդու հարաբերությունների վրա, և որ ազատությանն ու բարուն հետևելու միջև իրականում հակասություն չկա։

Ընդհանուր բարօրության հասկացությունն ամերիկյան քաղաքագիտության մեջԽմբագրել

Աստիճանաբար ավելի շատ առաջադեմ ամերիկացիներ են կիրառում ընդհանուր բարօրության լեզուն՝ առադեմ արժեքները բնութագրելու համար։ Որպես էթիկական ու բարոյական հրամայական՝ ընդհանուր բարօրությունը կենտրոնական տեղ է գրավում շատ կրոնական հավատքների սկզբունքներում և կարող է հակիրճ ներկայացվել աստվածաշնչյան ասույթով՝ «Վերաբերվեք ուրիշներին այնպես, ինչպես կուզենայիք, որ վերաբերվեին ձեզ»։ Ընդհանուր բարօրության էթիկական սահմանումն առաջինը տվել է Արիստոտելը, որին հաջորդել են Ավգուստին Հիպոնացին և Թովմա Աքվինացին, որոնք մշակել են այդ հասկացությունը ստանդարտ բարոյական աստվածաբանության շրջանակներում։

Արդի ամերիկյան քաղաքականության մեջ ընդհանուր բարօրության լեզուն ավելի ու ավելի շատ է կիրառվում առաջադեմ ձախ քաղաքական գործիչների կողմից։ Առաջինն այն բնութագրել են Մայքլ Թոմասկին «The American Prospect» ամսագրում և Ջոն Հալփինը (Ամերիկյան առաջադիմության կենտրոն)՝ նպաստելով ընդհանուր բարօրության քաղաքական ըմբռնման աճին։ «Take Back America Conference» կազմակերպությունը, «The Nation» ամսագիրը և Ռոքրիջի ինստիտուտը սահմանել են ընդհանուր բարօրությունը որպես առաջադեմ թեկնածուների հիմնական քաղաքական ուղերձ։ Վերջին շրջանում ընդհանուր բարօրության լեզուն օգտագործվում է քաղաքական գործիչների կողմից բացահայտ կրոնական համատեքստում, ինչպես, օրինակ՝ «Kansans for Faithful Citizenship» կազմակերպության պարագայում։ Բացի այդ, ոչ կուսակցական ջատագովական խմբերը, ինչպիսին է, օրինակ՝ «Common Good»-ը, պայքարում են հանուն ընդհանուր բարօրությանն աջակցող բարեփոխումների։

ԳրականությունԽմբագրել

  • В защиту общественных интересов : руководство для юристов и правозащитников / Под ред. Э. Рекоша, К. Бучко, В. Терзиевой, Д. Шабельникова; Пер. с англ. Д. Б. Шабельников ; Науч. ред. пер. Н. М. Кипнис. — М.: Юристъ, 2004. — 506 с. — ISBN 5-7975-0704-8