Էքստրեմալ ցուրտ ձմեռներ Հայաստանում

Էքստրեմալ ցուրտ ձմեռներ Հայաստանում, տարվա ցուրտ կեսին, հատկապես դեկտեմբեր-փետրվար ամիսներին պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման հետ օդի ամսական միջին ջերմաստիճանը կարող է նորմայից ցածր լինել 5 °C և պակաս, հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է նվազել -25...-30 °C, իսկ լեռնային շրջաններում -30...-35 °C, առանձին դեպքերում մինչև -40 °C, որը կայուն անտիցիկլոնի հաստատման դեպքում կարող է պահպանվել օրեր և շաբաթներ, իսկ առանձին տարիներին նույնիսկ ամիսներ։ Այն ձմեռները, որոնց ընթացքում լինում է նման ցածր ջերմային ֆոն, կամ օդի ջերմաստիճանը 10 օր շարունակ չի բարձրանում -20 °C-ից, համարվում են էքստրեմալ ցուրտ։ Հայաստանում՝ Հայպետհիդրոմետի կողմից 1922 թվականից կատարված դիտարկումները ցույց են տվել, որ էքստրեմալ ցուրտ ձմեռներ են դիտվել 1933, 1941, 1948, 1949, 1950, 1953, 1957, 1964, 1969, 1970, 1972, 1976, 1977, 1982, 1983, 1984, 1987, 1993, 1997, 2002, 2007, 2008, 2013 և 2017 թվականներին։ Հայաստանում էքստրեմալ ցուրտ ձմեռներ են ձևավորում հետևյալ օդերևութաբանական և սինօպտիկական երևույթները՝ Կարայի անտիցիկլոն, Տեղական անտիցիկլոն, Սիբիրական անտիցիկլոն և Սկանդինավյան անտիցիկլոն[1]։ Էքստրեմալ ցուրտ ջերմային ֆոնի ձևավորման գործում մեծ է նաև կայուն ձնածածկույթի դերը, որը նպաստում է օդի լրացուցիչ ռադիացիոն սառեցմանը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում ձմռան ընթացքում դիտվող էքստրեմալ ցածր ջերմաստիճաններով օրերի թիվը ժամանակի ընթացքում սկսած 1933 թվականից նվազել է։ Օրինակ՝ 1936 թվականին -20 °C ջերմաստիճանով օրերի թիվը Ամասիա օդերևութաբանական կայանում կազմել է մոտավորապես 10, իսկ 2010 թվականի տվյալներով նման ցածր ջերմաստիճանով օրերի թիվը եղել է 5-6 օր։

Սկանդինավյան անտիցիկլոն խմբագրել

Էքստրեմալ ցածր ջերմային ֆոն Հայաստանի տարածքում ձևավորվում է Սկանդինավյան անտիցիկլոնի ներխուժման դեպքում։ Հզոր անտիցիկլոնի կատարը Սկանդինավյան թերակղզուց տարածվում է դեպի հարավ-արևելք՝ Արևելյան Եվրոպա, այստեղից տարածվում Փոքր Ասիա։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի եվրոպական մասը զբաղեցված է լինում ցիկլոնային դաշտով, ինչը նպաստում է ցուրտ օդի ներթափանցմանը հարավային Կովկաս։ Ցուրտ մթնոլորտային ճակատը անցնում է կատարի առաջնային մասով, իսկ ցուրտ օդի ներխուժումը Հայաստան տեղի է ունենում Փոքր Ասիայի և Սև ծովի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սուրենյան Գ. Հ. Խոյեցյան Ա. Վ. Էքստրեմալ ցածր և բարձր ջերմաստիճանների առաջացման սինօպտիկական պայմանները ՀՀ-ում ՀՀ ԳԱԱ տեղեկագիր։ Գիտություններ երկրի մասին։