Բացել գլխավոր ցանկը

Էրմիտաժ (Ամստերդամ)

թանգարան Ամստերդամում
Թանգարանի մուտքը
Առաջին հարկի նախագիծը
Թանգարանի ամենամեծ երկու դահլիճներից մեկը` Կայսերականը
Տեսարան բակից ու մանկական բաժնից

Էրմիտաժ Ամստերդամում (հոլ.՝ Hermitage Amsterdam) կամ` Էրմիտաժ Ամստելի վրա (հոլ.՝ Hermitage aan de Amstel), թանգարան և ցուցահանդես Ամստերդամում, Ամստել գետի վրա: Թանգարանը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասնաճյուղն է: Նախ 2004 թվականի փետրվարից տեղակայված է եղել փոքրիկ շենքում, Նիուվե-Հերեգրախտ ջրանցքի վրա, սակայն 2007-2009 թվականներին տեղի ունեցած վերակառուցումներից հետո թանգարանն զբաղեցրել է Ամստելհոֆի ամբողջ շենքը[1]. Թանգարանն ամբողջությամբ վերակառուցվել ու պաշտոնապես բացվել է 2009 թվականի հունիսի 19-ին թագուհի Բեատրիսի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից[2][3]: 2009 թվականի հունիսի 20-ից թանգարանը բաց է հանրության համար:

Ստեղծման պատմությունԽմբագրել

Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի հսկայական հավաքածուն ֆինանսապես աջակցելու համար տարբեր երկներում բացվել են էրմիտաժի մի քանի մասնաճյուղեր: Լոնդոնից և Լաս Վեգասից հետո ընտրվել է Ամստերդամը: Այս ընտրությունը միանգամայն տրամաբանական է, քանի որ Սանկտ Պետերբուրգի հիմնադիր Պետրոս Առաջին կայսրը եղել էր Ամստերդամում և սիրում էր Նիդեռլանդները, իսկ 19-րդ դարում նիդեռլանդյան ապագա արքա Վիլհելմ 2-րդն ամուսնացել է Պավել Առաջին աղջկա` Աննայի հետ: Ամստերդամի Էրմիտաժն այսօր զբաղեցնում է 4000 քմ ցուցահանդեսային տարածք, սակայն չունի սեփական հավաքածուն, և թանգարանի համադրությունները կազմվում են միայն Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի պահեստային ցուցանմուշներից: Թանգարանում կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ, որոնք կարող են տևել 4 ամսից մինչև 2 տարի: Ամստերդամում Էրմիտաժ ստեղծելու նախաձեռնողն ու թանգարանի տնօրեն Էրնստ Վենն է (հոլ.՝ Ernst W. Veen): Յուրաքանչյուր վաճառված տոմսից մեկ եվրոն փոխանցվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժին: Բացումից հետո մուտքի տոմսն արժե 15 եվրո:

ԱմստելհոֆԽմբագրել

Թանգարանը գտնվում է «Ամստելհոֆ» շենքում, որը գտնվում է Ամստել գետի վրա, Նիուվե-Հերենգրախտ և Նիուվե-Քեյզերսգրախտ ջրանքների միջև: Դասական ոճով նախագծված շենքը կառուցվել է 1681 թվականին, որպես ծերանոց: Շենքն քառակուսի կառույց է, որն ունի ընդարձակ ներքին բակ: 1999 թվականին շենքը ճանաչվել է ոչ համապատասխան ծերանոցի շինության ժամանակակից չափանիշներին, և հաստատությունը տեղափոխվել է այլ վայր: Ծերանոցի վերջին բնակիչները տեղափոխվել են նոր բնակավայր 2007 թվականի մարտին և 2007 թվականի մարտից մինչև 2009 թվականի հունիս շենքը վերակառուցվել է որպես թանգարան ըստ Հանս վան Հեսվեյկի նախագծի: Որոշ տարածքներ, օրինակ, եկեղեցին, ադմինիստրատիվ սենյակներն ու խոհանոցը պահպանվել են, իսկ շենքի ճակատը վերականգնվել է: Փոքրիկ, մութ բնակելի սենյակներն ու նեղ միջանցքները փոխարինվել են ընդարձակ ցուցասրահներով` բնական լուսավորությամբ: Այդ ամենին գումարվել են ժամանակակից թանգարանի ենթակառուցվածքները` ուսումնական կենտրոն, լսարաններ, երկու թանգարանային խանութներ և «Նեվա» ռեստորանը` ճեմուղով: Շենքի մեծ հատված նվիրված է մանկական բաժնին: Ամբողջ շինարարությունն արժեցել է 40 միլիոն եվրո: Այս վերակառուցումը, ի տարբերություն Ամստերդամի շատ այլ մեծ նախագծերի, տեղավորվել է նախնական բյուջեի ու նշված վերջնաժամկետի մեջ:

ՑուցահանդեսներԽմբագրել

Մինչև 2009 թվականի հունվար Ամստել գետի վրա էր գտնվում 19-րդ դարի Ամստելհոֆ կառույցը: Վեց սրահներում 2004 թվականից անց էին կացվում ոչ մեծ հնգամսյա ցուցահանդեսներ, որոնց ցուցանմուշները բերվում էին Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժից: Անց են կացվել «Հունական ոսկի», «Նիկոլայ և Ալեքսանդրա» «18-րդ դարի վենետիկյան գեղանկարչություն», «Մունետիկների գանձերը. Բյուզանդիա-Երուսաղեմ», «Պարսկական արվեստ ու մշակույթ», «Սանկտ Պետերբուրգի կոլեկցիոներները» ցուցահանդեսները:

Անցկացված ցուցահանդեսներԽմբագրել

Թանգարանի առաջին ամբողջական ցուցադրությունը կոչվում էր «Ռուսական կայսերական պալատ»: Այն ցուցադրում էր գտածոների մեծ համալիր, որոնցով իրենց սիրում էին շրջապատել նախկին ռուսական կայսրերը: Դրանց մեջ էին մտնում դիմանկարներ, տոնական ու ամենօրյա զգեստներ ու համազգեստներ, կիրառական արվեստի օրինակներ ու ոսկերչական զարդարանքներ: Ցուցահանդեսին ներկայացված էին նաև պատմական փաստաթղթեր, այնպիսիք, ինչպիսիք են Ձմեռային պալատի տեսքը պատկերող լուսանկարներ 1917 թվականի հոկտեմբերին բոլշևիկների գրավումից հետո, Նիկոլայ Երկրորդի թագադրման նկարներ, Մինիստերական պալատի թղթեր և այլն: Հետագա ցուցահանդեսներն սկսվել են 2010 թվականից: Երկրորդ ցուցահանդեսը, որն անց է կացվել 2010 թվականի մարտ-սեպտեմբեր ամիսներին, կոչվում էր «Մատիսից Մալևիչին. ժամանակակից արվեստի պիոներներն Էրմիտաժի հավաքածուից» և կազմված է եղել Պետերբուրգի Էրմիտաժից ընտրված 75 կտավներից: Այնուհետև տեղի են ունեցել հետևյալ ցուցադրությունները.

  • Ալեքսանդր Մեծ, 2010, սեպտեմբեր-2011, մարտ,
  • Ուղղափառ եկեղեցու արվեստը, 2011, մարտ-սեպտեմբեր,
  • Ռուբենս, 2011, սեպտեմբեր-2012, մարտ:

Էրմիտաժ թանգարանը ժամանակակից ԱմստերդամումԽմբագրել

Թանգարանային Ամստերդամն իր դիրքերը մեծապես թուլացրել է 21-րդ դարի սկզբին: Ամստերդամի քաղաքային թանգարանի և նավատորմի թանգարանի երկարատև վերակառուցումները, Պետական թանգարանի սահմանափակ ցուցադրությունները քաղաքը պակաս գրավիչ էին դարձրել զբոսաշրջիկների համար: 2009 թվականին ճգնաժամի պատճառով Ամստերդամ այցելող զբոսաշրջիկների թիվը պակասել էր 15 %-ով: Ամստերդամի Էրմիտաժը նպատակ ուներ դառնալ հակառակ գործընթացի սկիզբ: Կարճաժամկետ ցուցադրությունները հնարավոր են դարձնում նույն մարդու` կարճ ժամանակամիջոցում մի քանի անգամ այցելությունը թանգարան: Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին երկրորդ ցուցահանդեսի կատալոգի նախաբանում նշել է.

  Գտնվելով Եվրոպայի սրտում, այլ մեծ թանգարանների ու մշակութային կենտրոնների կողքին, Էրմիտաժն Ամստելի վրա կարողացել է իր տեղը գրավել Եվրոպայի մշակութային ու թանգարանային կյանքում: Թանգարանի մուտքի մոտ գոյացող հերթերը պատմում են թանգարանի հաջողության մասին:  


ՊատկերասրահԽմբագրել


Ամստելհոֆ


Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Amstelhof, van verpleeghuis tot museum Hermitage Amsterdam. Auteurs: Nelleke Noordervliet, Carina van Aartsen, Jan Tromp, Hans Ibelings. Uitgave: Hermitage Amsterdam, juni 2009. ISBN 978-90-78653-09-7
  • Առաջին ցուցահանդեսի կատալոգ (անգլ.) = At the Russian Court. Palace and Protocol in the 19th Century. — 1-e. — Hermitage Amsterdam, 2009. — 336 с. — ISBN 978-90-78654-14-1
  • Երկրորդ ցուցահանդեսի կատալոգ (անգլ.) = Matisse to Malevich. Pioneers of Modern Art from the Hermitage / Albert Kostenevich. — 1-e. — Museumshop Hermitage Amsterdam, 2010. — 288 с. — ISBN 978-90-78653-18-9
  • Երրորդ ցուցահանդեսի կատալոգ (անգլ.) = The Immortal Alexander the Great. The Myth. The Reality. His Journey. His Legacy. — 1-e. — Museumshop Hermitage Amsterdam, 2010. — 310 с. — ISBN 978-90-78653-226
  • Չորրորդ ցուցահանդեսի կատալոգ (անգլ.) = Splendour and Glory. Art of Russian Orthodox Church. — 1-e. — Museumshop Hermitage Amsterdam, 2011. — 248 с. — ISBN 978-90-78653-25-7

ԾանոթագրություններԽմբագրել